Ուսուցիչների շարունակական մասնագիտական զարգացման և ատեստավորման հայեցակարգը և մեխանիզմները (քննարկում)
07.06.2024թ.
Ներկայացրել են Աշոտ Բլեյանը, Լուսինե Փաշայանը։
- Առաջարկ։
- «Ուսուցիչ կարող է լինել այն անձը, որն ստացել է բարձրագույն կրթությամբ մանկավարժական համապատասխան որակավորում կամ ունի բարձրագույն կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում տվյալ առարկայի մանկավարժական (կամ ուսուցչական) գործունեության առնվազն հինգ տարվա աշխատանքային ստաժ» Հանրակրթության մասին ՀՀ օրենք, հոդված 26, կետ 1։
Ընդգծենք՝ ուսուցիչը բարձրագույն կրթություն ունեցող անձ է։ Հանրակրթական ոլորտում ուսուցիչը ամենաթույլ մասնակիցն է, և ոլորտի զարգացմանը ամենաշատը խոչընդոտում է դա՝ ուսուցչի վախեցած, խեղճացած լինելը։
- «Ուսուցչի ատեստավորում` ուսուցչի գիտելիքների, աշխատանքային կարողությունների, հմտությունների՝ զբաղեցրած պաշտոնին համապատասխանության որոշման գործընթաց» (Հանրակրթության մասին ՀՀ օրենք, հոդված 3, կետ 14)։
Այստեղ արժե ավելացնել «ուսուցչի մասնագիտական զարգացման, հաջողությունների ամրագրում», որով հնարավոր կլինի փոխել ատեստավորման նկատմամբ ուսուցչի վերաբերմունը՝ իր գլխին կախված սրից այն դարձնելով օգնելու, հաջողությունները գրանցելու գործիք։ - Ուսուցիչն ատեստավորվում է վերջին երեք տարիների մասնագիտական գործունեության արդյունքով։ Թեև հանրակրթության մասին ՀՀ օրենքը (հոդված 26, 8ա կետ) թույլ է տալիս արդեն աշխատանքային երկրորդ տարում նշանակել ուուցչի հերթական ատեստավորումը, բայց, հիմնականում, մրցույթով ընդունված ուսուցչին ժամանակ է պետք իրեն դրսևորելու։
- Ուսուցչի առաջին ատեստավորումը նոր աշխատանքային վայրում կազմակերպում և իրականացնում է դպրոցը, քանի որ ուսուցիչ, լավ ուսուցիչ ունենալու հարցում ամենաշահագրգիռը դպրոցն է։
Երկու հերթական ատեստավորումների միջև ընկած ժամանակահատվածում կրթական գործի կազմակերպիչները պայմաններ են ստեղծում ուսուցչի մասնագիտական զարգացման համար։ - Մասնագիտական զարգացման գործում ուսուցիչը ամենաշահագրգիռն է։
- Ոսուցչի մասնագիտական զարգացման հիմնական ձևը ինքնակրթությունն է։ Դրա համար առաջին կարևոր վերապատրաստումը ՏՏ միջոցները կիրառելու կարողությանն է ուղղված՝ որպես ուսուցչի համար մասնագիտական գործունեության և մասնագիտական զարգացման գործիք։ Ուսումնական գործի կազմակերպիչները՝ սկսած նախարարից մինչև դպրոցի տնօրեն, իրենց հոգսը պետք է համարեն յուրաքանչյուր ուսուցչի թվային միջոցով և ինտերնետ կապով ապահովելը։
Եթե չենք վստահում ուսուցչին, ինչպես պետք է նա ապահովի հանրակրթության մասին օրենքով (հոդված 5, կետ 2,4) սահմանված սկզբունքը՝ «4) ուսումնական հաստատություններում ստեղծագործական աշխատանքի խթանումը, սովորողների վերլուծական, քննադատական մտածողության, գիտելիքների ինքնուրույն ձեռքբերման և կիրառման, տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործման ունակությունների զարգացման առաջնայնությունը»։ - Ուսուցչի վերապատրաստման դասընթացներ կազմակերպում են ոչ միայն կազմակերպությունները, այլ նաև առաջատար ուսուցիչները։ Ուսուցչի վերապատրաստման համար նախատեսված ծրագրերը, նյութերը, վերապատրաստողների տվյալները և ժամանակացույցը տեղադրված են համացանցում, մի հարթակում։ Վերապատրաստման ժամկետները կարող են տարբեր լինել, ուսումնական տարվա ընթացքում, դասընթացներն իրականացվեն նաև հեռավար, համակցված ձևաչափով։
- Ուսուցիչը, ըստ մասնագիտական չափանիշների գնահատելով իր կարիքը, հավաքում է անհրաժեշտ կրեդիտներ՝ ընտրելով վերապատրաստման դասընթացներ և (կամ) ինքնակրթությամբ վերապատրաստումը, որի ժամանակ նա, ուսումնասիրելով այդ նյութերը, նաև օգտվելով համացանցում առկա այլ նյութերից, կատարում է համապատասխան առաջադրանքները։
- Ոսուցչի մասնագիտական զարգացման հիմնական ձևը ինքնակրթությունն է։ Դրա համար առաջին կարևոր վերապատրաստումը ՏՏ միջոցները կիրառելու կարողությանն է ուղղված՝ որպես ուսուցչի համար մասնագիտական գործունեության և մասնագիտական զարգացման գործիք։ Ուսումնական գործի կազմակերպիչները՝ սկսած նախարարից մինչև դպրոցի տնօրեն, իրենց հոգսը պետք է համարեն յուրաքանչյուր ուսուցչի թվային միջոցով և ինտերնետ կապով ապահովելը։
Հերթական ատեստավորման ժամանակ ուսուցիչը ներկայացնում է վերջին երեք տարիների իր գործունեությունը և հավաքած կրեդիտները։ Հանձնաժողովը՝ ներկայացված նյութերի ուսումնասիրության արդյունքում, կարող է որոշում կայացնել ուսուցչին ատեստավորելու, տարակարգ շնորհելու մասին։
- Ուսուցչի վերապատրաստման համար նախատեսված գումարը պետք է անմիջապես տրվի ուսուցչին, և նա ինքը վճարի իր վերապատրաստման համար՝ առանց միջնորդի։ Ինքնակրթության դեպքում այդ գումարը կմնա ուսուցչին։
- Այլընտրանքային կրթական ծրագրերը կարող են ուսուցչի ատեստավորումը կազմակերպել այլ ընթացակարգերով՝ ապահովելով ուսուցչի մասնագիտական չափանիշները։
- Կրթահամալիրի փորձը
Շուրջտարյա մանկավարժական դպրոց
Հեղինակային կրթական ծրագրով ուսուցչի մասնագիտական զարգացման գործընթացը շարունակական բնույթ է կրում, կարիքի գնահատումը արվում է աշխատանքային բնականոն ընթացքին զուգահեռ։ Բացի ուսուցչի, անհատի՝ ինքնակրթվելու բազում հնարավորություններից, որոնք այսօր թույլ է տալիս համացանցը, կրթահամալիրում գործում է շուրջտարյա մանկավարժական դպրոց։
- Ուսումնական բլոգավարություն, ուսուցում անհատական բլոգներով։
- Մասնագիտական խմբի գործունեություն՝ էլեկտրոնային հարթակներում քննարկումներով, ամենամսյա սեմինարով։
- Մասնագիտական զարգացման ակումբներ, այդ թվում՝ մանկավարժական ակումբ (սկսնակ ուսուցիչների համար), գրական, «Մաթեմատիկա» ամսագրի, քանդակի, տեխնոլոգիական, մարզական։
- Մենտորական դպրոց. փորձառու ուսուցիչների որոշակի ժամկետով աշխատանքը սկսնակ ուսուցիչների հետ։
- Մանկավարժական աշնային, ձմեռային, գարնանային, հունիսյան, օգոստոսյան ճամբարներ՝ մասնագիտական զարգացման դասընթացներով, ըստ ուսուցիչների ներկայացրած հայտերի, պայմանավորված հեղինակային կրթական ծրագրի զարգացման պահանջներով, մանկավարժական ակումբների, մասնագիտական խմբերի ճամբարային հավաքներով, մարզական, մշակութային-ծիսական նախագծերով։
- Հեղինակային մանկավարժության լաբորատորիայում աշխատանք՝ ծրագրի ուսումնական նախագծի մշակում, լրամշակում։ Մեթոդական մշակումների, այլոց մանկավարժական փորձի ուսումնասիրություն, փորձի ներկայացում «Դպիր» մանկավարժական ամսագրում։
- Հետազոտական վարժարանի սովորողների հետազոտական աշխատանքի ղեկավարում։
- Սեմինարներ, վերապատրաստումներ կրթահամալիրից դուրս, ըստ անհատ ուսուցչի ընտրությամբ, մանկավարժության լաբորատորիայի, մանկավարժության կենտրոնի ուղղորդումով, նաև կրթահամալիրի, կրթահամալիրի աշխատողների արհեստակցական կազմակերպության դրամական աջակցությամբ։
Հեղինակային կրթական ծրագրի ուսուցչի կամավոր ատեստավորում
- Ատեստավորմամբ հաստատվում է, որ հայտատուն իր գործի հեղինակն է, հեղինակային կրթական ծրագրի զարգացման պատասխանատուն, ստեղծագործող, հետազոտող մասնագետ, որ անընդհատ զարգացնում է իր աշխատանքային կարողությունները, մանկավարժական հմտությունները, առարկայական գիտելիքները, մտահորիզոնը։
- Դիմելու ժամանակը որոշում է հայտատուն՝ հայտ ներկայացնելով կրթահամալիրի մասնաժողովին։
- Ատեստավորվող ուսուցիչն իր անհատական ուսումնական բլոգում բացում է բաժին՝ այնտեղ տեղադրելով ներկայացվող նյութերը։
- Մասնաժողովը դիտարկում է ներկայացված փաթեթը․ մասնաժողովի յուրաքանչյուր անդամ գրավոր ներկայացնում է իր դիտարկումները։
- Ատեստավորվող ուսուցիչը կազմակերպում է իր հայտի հանրային ներկայացում, որին մասնակցում են մասնաժողովի անդամները, դպրոցների ղեկավարները, ուսուցիչներ, այլ մասնագետներ, սովորողներ, ծնողներ։
Կամավոր ատեստավորման այս մոդելի հիմքում ուսուցչի՝ հետազոտական աշխատանք իրականացնելու հմտությունն է, դրա խրախուսումը, որը բխում է հեղինակային մանկավարժության զարգացման տեսլականից։ Սակայն այն կարող է կարևոր խթան, նյութ դառնալ Հայաստանի Հանրապետության կրթության մեթոդաբանության զարգացման համար։
07.06.2024թ.