Կրթահամալիրում հետազոտական վարժարանը և մասնագիտական ուսուցման քոլեջը լրացնում են իրար՝ ի շահ սովորողի մասնագիտական կողմնորոշման, ընտրության հնարավորության։
10-11-րդ, 12-րդ դասարանների կրթական ծրագրերը առանձնացված են։
12-րդ դասարաններում իրականացվող մեկամյա ծրագրով սովորողի անհատական ուսուցման, ինքնակրթության, հետազոտական աշխատանքի, լրացուցիչ կրթության կազմակերպումը․
- Ուսուցումը կազմակերպվում է սովորողի անհատական պլանով, որն ըստ ուսումնական շրջանների ներառում է ընդհանուր հանրակրթական դասընթացներ, սովորողի ընտրությամբ դասընթացներ, «Ցտեսություն» ուսումնական մոդուլի բաղադրիչներ, սովորողի ընտրությամբ կամ իր նախաձեռնությամբ մշակված նախագծեր, հետազոտական աշխատանքը, իր քննաշրջանը, լրացուցիչ կրթությունը։
- Սովորողը կարող է ընտրել հեռավար, առկա կամ համակցված ուսուցման ծրագիր. ընտրությունն արտահայտված է նրա անհատական պլանում։
- Սովորողի ուսումնական բլոգում արտացոլվում է նրա անհատական ուսումնական պլանը և կատարողականը։
- Ընդհանուր հանրակրթական դասընթացները, բացառությամբ սովորողի կողմից ընտրված առարկաների, մարզական ակումբի, ավարտվում են ուսումնական առաջին շրջանի վերջում։ Ընդհանուր հանրակրթական դասընթացներից տնային աշխատանքը սովորողի ընտրությամբ է։
- Ուսումնական երկրորդ՝ ճամբարային շրջանում սովորողն աշխատում է անհատական սովորող-սովորեցնող նախագծով, իր ընտրությամբ ներառվում է ճամբարային տարատարիք ջոկատներում սովորող-սովորեցնող նախագծով, կամավորական աշխատանքով։
- Սովորողի ընտրությամբ նախնական մասնագիտական ուսուցման կարճաժամկետ կրթական ծրագրով պետական որակավորումը իրականացվում է սահմանված կարգով։
- 12-րդ դասարանցիների հետազոտական աշխատանքի պաշտպանությունը կազմակերպվում է հունվար-փետրվար ամիսներին։
- Սովորողի ընտրությամբ շուրջտարյա նախագիծն իրականացվում է ամենամսյա հրապարակումներով։
- Ուսումնական պլանով որոշված «Ցտեսություն» մոդուլը ներառում է.
- համերգով, ծեսով ուսուցում. ավարտվում է անհատական, խմբային համերգներով, «Ցնծություն» տոնախմբությամբ.
- «Ցնծություն» տոնախմբության տեխնոլոգիական նախագծեր՝ զգեստների ստեղծման, սրահի ձևավորման, ծաղիկների-նվերների, այլ.
- արվեստանոցներում՝ գունանկար, գծանկար, քանդակ, ոսկեգործություն, ուսումնաարտադրական արհեստանոցներում՝ ինժեներական ստեղծագործության, սարքաշինական, խոհարական, խաղողի և գինու և այլ իրականացվող նախագծեր, որոնք ավարտվում են ցուցանհանդես-ցուցադրություն-ներկայացումներով.
- ուսումնական ժամերգություն.
- միջավայրի բարեկարգման նախագիծ, որ ավարտվում է նախագծի ներկայացում-փոխանցումով.
- կամավորական աշխատանքի արդյունքների ներկայացում-ամփոփում.
- սովորող-սովորեցնող նախագծերի ամփոփում.
- ճամփորդությունների, ճամբարների, ստեղծագործական հավաքների, ստուգատեսների մասնակցության, կամավորական աշխատանքի անհատական ցուցանիշների հանրայնացում.
- հայրենագիտական ճամփորդություններ, «Ցտեսություն» նախագծով հայրենագիտական ավարտական ճամփորդություն.
- «Ես եմ» անհատական աշխատանքների, մասնագիտական կողմնորոշման հանրայնացում։
«Ցտեսություն» մոդուլի առանձին բաղկացուցիչներին սովորողների մասնակցության տևողությունը և ժամկետները, ուսումնական խմբերը տարբերվում են ըստ սովորողների նախասիրության, պատրաստության, ուսուցման ձևի։
- Լրացուցիչ կրթությունը կազմակերպվում է կրթահամալիրում՝ վարժարանում, ուսումնական կենտրոնում, քոլեջում, ուղղված է սովորողի նախասիրության զարգացմանը, հայաստանյան, արտասահմանյան բուհի ընդունելության առարկայական պատրաստությանը, մասնագիտության (արհեստի) ուսուցմանը։
- Ուսումնական չորրորդ՝ քննական շրջանում սովորողը մասնակցում է քննությունների, վարժարան-ճամբարում իր ընտրությամբ ուսումնական գործունեության այլ ձևերի, լրացուցիչ կրթության նախագծերի։
- Կամավորական աշխատանքը սովորողի կողմից կրթահամալիրում՝ արհեստանոց-արվեստանոց-լաբորատորիաներում, շուրջտարյա նախագծերում մատուցվող ծառայություն է, որի բովանդակությունը և տևողությունը որոշվում է սովորողի և աշխատանքի պատվիրատուի համաձայնությամբ, վարժարանի ղեկավարի հաստատումով։ Սովորողը կամավորական աշխատանքը իր ընտրությամբ կարող է անել այլ կազմակերպությունում։
- Սովորողի ինքնակրթությունը խրախուսվում է անհատական խորհրդատվության կազմակերպմամբ, արդյունքների հանրայնացմամբ։
Սովորողն իր (սովորողների խմբի) նախաձեռնությամբ կարող է մշակել, հաստատման ներկայացնել, ուսումնական օրացույցում գրանցել, իրականացնել այլ նախագծեր։ - Գնահատումը կատարվում է կրեդիտային համակարգով՝ սահմանված կարգով։ 12-րդ դասարանի շրջանավարտի տարեկան գնահատանիշները նշանակվում են ուսումնական գործունեության արդյունքում հավաքած կրեդիտներով։ Կրեդիտ տրվում է սովորողի ուսումնական պլանով որոշված դասընթացների, սովորողի ուսումնական այլ գործունեությունների արդյունքների, այդ թվում՝ նախագծային, ստուգատեսների, ցուցահանդեսի, համերգի, փառատոների, ճամփորդությունների, ճամբարների, լրացուցիչ կրթության ծրագրերի։
- Կրթական ծրագիրն ավարտվում է ավարտական փաստաթղթով՝ պետական ավարտական կամ միասնական քննությունների արդյունքներով, ԿԳՄՍՆ սահմանած կարգով: