Դեպի Ստամբուլ կրթական փոխանակման ծրագրերը կրթահամալիրում իրականացվում են դեռևս 2018 թվականից։ Այդ տարիներից ի վեր ունեցել ենք բազմաթիվ համագործակցություններ  հայկական տարբեր վարժարանների հետ՝ մի շարք ծրագրերի շրջանակում, օրինակ՝ «Կոմիտաս 150», «Կաղանդի ծես» և այլն։
2025 թվականի ուսումնական արձակուրդները դարձան լավագույն պահը այդ կապերն ու կապուրջները վերականգնելու և նորացնելու համար։

Պարզ է մի բան՝ Ստամբուլի հայկական համայնքը բավականին փակ է և արտաքին աշխարհի հետ շփումներում՝ զգուշավոր։ Ցանկացած համագործակցություն պահանջում է վստահություն և հստակ ձևակերպված նպատակներ, որպեսզի այնտեղի գործընկերներն իրենց երկրում խնդիրների առաջ չկանգնեն։

Այս անգամ համագործակցության գաղափարը ծնվեց Եսայան վարժարանի դասավանդողների կրթահամալիր այցից հետո։ Օտար լեզվի ուսուցիչ պարոն Մուրադը հաստատել էր  մասնագիտական արդյունավետ կապեր կրթահամալիրի դասավանդող  Իրինա Ապոյանի հետ, և հենց այդ համագործակցությունից էլ ձևավորվեց Ստամբուլում հանդիպելու առաջարկը։

Խմբի ձևավորումը և դժվարությունները

Ինչպես կրթահամալիրի մյուս ճամփորդական նախագծերի դեպքում, այս ծրագրի մասին տեղեկությունը ևս ուղարկվեց սովորողների էլեկտրոնային հասցեներին։ Խմբի կազմում ընդգրկվեցին նրանք, ովքեր հայտագրվել էին և ցանկություն հայտնել մասնակցելու նախագծին։ Պետք է նշել, որ Թուրքիան դեռևս ընկալվում է որպես «թշնամական» երկիր հայաստանյան հասարակության որոշ շրջանակներում, և այդ կարծրատիպը շատ ընտանիքների մոտ առաջացրեց անվստահություն, ինչն իր ազդեցությունն ունեցավ խմբի ձևավորման վրա։ Այնուամենայնիվ, շնորհակալություն այն ընտանիքներին, որոնք վստահեցին կրթահամալիրին և թույլ տվեցին իրենց երեխաներին մասնակցել այս կարևոր նախաձեռնությանը։

Կապերի և հետագա համագործակցությունների մասին

Ստամբուլում գործում են 17 հայկական վարժարաններ, որոնցից երեքը մենք այցելեցինք այս անգամ և ձեռք բերեցինք համագործակցության պայմանավորվածություններ։

Եսայան վարժարան – տնօրեն Դենչա Չինար

  • Այստեղ կազմակերպվեց հանդիպում հայկական բոլոր վարժարանների ներկայացուցիչների մասնակցությամբ, որտեղ ներկայացվեց կրթահամալիրի հեռավար ուսուցման ծրագիրը։ Նախատեսվում է կազմել ձևաթուղթ, որը Եսայան վարժարանը կփոխանցի այն սովորողներին, ովքեր ունեն հեռավար սովորելու կարիք։ Այնուհետև կիրականացվի ընդունելություն սահմանված կարգով։ Բացի այդ, նախատեսվում է Ստամբուլի և կրթահամալիրի հեռավար սովորողների հետ համատեղ հետազոտական աշխատանք, որը կղեկավարի Աննա Խաչատրյանը։
  • Նոյեմբերի 11-ին Դենչա Չինարը իր ընտանիքով կլինի Հայաստանում և կայցելի կրթահամալիր՝ ծրագրի մանրամասները քննարկելու նպատակով։ Նախատեսվում է նաև, որ մայիսի վերջին շաբաթվա ընթացքում Եսայան վարժարանի սովորողները կայցելեն Հայաստան և կմասնակցեն կրթահամալիրի ամառային ճամբարին։

Կեդրոնական ազգային վարժարան – տնօրեն Սիլվա Մարկոսյան

  • Այստեղ տեղի ունեցավ հանդիպում հոգաբարձուների խորհրդի նախագահի և անդամների հետ։ Քննարկվեց եռակողմ համագործակցային նախագիծ՝ կրթահամալիր-Կեդրոնական վարժարան-թուրքական վարժարան։ Նախատեսվում է կազմակերպել առցանց պարապմունքներ, որոնց շարունակությունը կլինի հանդիպումը Հայաստանում։

Դպրեվանք վարժարան – տնօրեն Սերկան Կիյիչի

  • Այստեղ մենք մասնակցեցինք ստեղծագործական աշխատանքների ներկայացմանը, որին ներգրավված էին Ստամբուլի հայկական վարժարանների սովորողները։ Նրանց աշխատանքները մեկնաբանեցին «Արաս» հրատարակչության խմբագիրն ու թարգմանիչը։
  • Դպրեվանքը բաց է համագործակցությունների համար՝ ուսուցիչների փոխայցելությունների, ծրագրերի փոխանակման և սովորողների կրթական փոխանակումների շրջանակում։

Պետք է փաստել, որ այս ճամփորդությունը արդյունավետ էր թե՛ ծանոթությունների, թե՛ համագործակցության հնարավորությունների ընդլայնման առումով։ Վարժարանների տնօրենները բաց էին երկխոսության և հետաքրքրված՝ համատեղ նախագծերի իրականացման հեռանկարով։

Նախագիծը որպես ճամփորդությամբ ուսուցում

Ցանկացած նոր վայրի բացահայտումը ուսուցում է։ Յուրաքանչյուր ճամփորդություն քեզ տալիս է մի բան՝ երբեմն գիտելիք, երբեմն զգացում, երբեմն էլ՝ մտորում։ Այլ բան է, թե ով ինչքան բան կվերցնի այդ փորձից, ինչ կընկալի և հետագայում ինչպես կդարձնի այն իր անձնական տեղեկույթը։ 

Ինչպես հայաստանյան ճամփորդությունները, այնպես էլ արտասահմանյան ուղևորությունները ունեն բազմաբովանդակ ծրագիր։ Հայաստանից դուրս ճամփորդությունների օրակարգը սովորաբար ավելի հագեցած է․ միշտ ուզում ես կարճ ժամանակում հասցնել հնարավորինս շատ բան տեսնել, զգալ ու հասկանալ։ Երբեմն մտածում ես՝ արդյո՞ք դա լավ է, թե ոչ, բայց այդ ցանկությունը բնական է․ նոր միջավայրում ամեն ինչ հետաքրքիր է թվում։

Դեպի Ստամբուլ իրականացված ճամփորդական ծրագիրը նույնպես բազմաշերտ էր՝ ներառելով ինչպես կրթական հաստատությունների հետ հանդիպումներ ու համագործակցութուններ, այնպես էլ ճանաչողական և մշակութային քայլքեր։ Ճամփորդությունը բաժանել էի  երկու հիմնական ուղղության՝ Սուլթանական Ստամբուլ և Հայկական հետքը։

«Հայկական հետքը» մեր ծրագրի ամենազգայական ու հուզիչ մասը դարձավ։ Այցելեցինք հայկական եկեղեցիներ, այցելեցինք Դուրյանի և Պալյանների գերեզմանները, ուսումնասիրեցինք հայ ճարտարապետների ստեղծած կառույցները՝ փորձելով զգալ նրանց ներկայությունը քաղաքի միջավայրում։ Այդ վայրերում կանգնելիս ավելի խորն ես գիտակցում, որ մշակույթը սահմաններ չունի․ այն ապրում է իր մարդկանց միջոցով, նույնիսկ եթե նրանք այլևս չեն շրջում այդ փողոցներով։

Միևնույն ժամանակ, յուրաքանչյուր նման ճանապարհորդություն դառնում է նաև ինքնաճանաչման գործընթաց։ Երբ հեռանում ես քո առօրյա միջավայրից, սկսում ես ուրիշ աչքերով դիտել ոչ միայն նոր քաղաքը, այլև ինքդ քեզ։ Ստամբուլում քայլելիս հաճախ էինք մեզ բռնում այն մտքի վրա, թե որքան մոտ ու միաժամանակ հեռու է մեզ այս քաղաքը։ Թվում էր՝ ամեն շենք,  ամեն փողոց ինչ-որ պատմություն ունի մեզ հետ կապված։

Սուլթանական Ստամբուլը բացվեց մեր առաջ իր շքեղությամբ ու բազմաշերտությամբ․ Այա Սոֆիա, Թոփքափը, Կապույտ մզկիթ, Դոլմաբահչե, Բոսֆորի կամուրջը՝ ամենուր անցյալի շունչն էր։ Բայց այս քաղաքը միայն պատմական հուշարձան չէ․ այն կենդանի, շնչող միջավայր է, որտեղ արևելքն ու արևմուտքը իրար են հանդիպում ամեն քայլափոխի։ Այդ բազմազանությունը սովորեցնում է հանդուրժել, հասկանալ տարբեր մշակույթներ, սովորել ընդունել։

Հայկական հետքը մեզ համար դարձավ ամենահուզիչ մասը։ Երբ կանգնում ես հայկական եկեղեցու բակում, լսում ղողանջը կամ տեսնում հայերեն արձանագրությունները հին պատերին՝ մի պահ զգում ես, որ պատմությունը շարունակվում է քո ներկայությամբ։ Այդ զգացողությունը դժվար է բառերով փոխանցել․ դա միաժամանակ հպարտություն է, ցավ և պատասխանատվություն՝ պահպանելու հիշողությունը, ինչն անում են  այնտեղ ապրող պոլսահայերը։

Այս ամենը ցույց տվեց, որ ճամփորդությունը միայն տեսարժան վայրեր այցելելը չէ։ Այն ուսուցում է՝ թե՛ գիտելիքով, թե՛ զգացումով։ Յուրաքանչյուր նոր վայրի հետ դու վերագնահատում ես քո արմատները, արժեքները և այն, թե ինչ ես ուզում բերել հետդ։

Եվ հենց դա է ճամփորդության ամենամեծ պարգևը՝ վերադառնալ ոչ միայն լուսանկարներով, այլ նոր մտածողությամբ, նոր տեսանկյունով ու նոր հարցերով, որոնց պատասխանները շարունակելու ես փնտրել՝ արդեն քո քաղաքում, քո իրականության մեջ։

Շատ կարևոր է, երբ որևէ երկիր ես գնում և ապրում ես այնտեղի բնակիչների նման՝ նստում ես մետրո, տրամվայ, ավտոբուս։ Սա հնարավորություն է տալիս ավելի լավ ճանաչելու երկիրը, տեսնելու առավելությունները։ Այդպիսի փորձառությունները թույլ են տալիս զգալ քաղաքի իրական տեմպը, մարդկանց առօրյան, նրանց վարքագիծը, ժպիտները, հոգնած հայացքները։ Երբ կանգնում ես նրանց կողքին հերթում, լսում խոսակցությունները, տեսնում փոքրիկ ժեստերը՝ սկսում ես հասկանալ քաղաքի հոգեբանությունը։

Ստամբուլում այդ զգացողությունը հատկապես ուժեղ էր։ Քաղաքը միշտ շարժման մեջ է․ տրամվայից մետրո անցնելիս լսում ես տարբեր լեզուներ, տեսնում բազմազգ մարդկանց, որոնք, այնուամենայնիվ, միասին կազմում են մեկ ամբողջություն։ Այդ բազմաձայնությունն ու համակեցությունը սովորեցնում են հանդուրժողականություն և հարմարվելու կարողություն։

Հենց հասարակական տրանսպորտում ենք հաճախ նկատում այն, ինչ գրքերում չես գտնի՝ քաղաքի զարկերակը։ Կարող ես տեսնել ուսանողի անհամբեր հայացքը, աշխատավորի հոգնած դեմքը, երաժիշտի ժպիտը։ Այդ փոքրիկ պահերն են, որ իրականացնում են ճանաչողությունը։ Դու դադարում ես լինել զբոսաշրջիկ և դառնում ես քաղաքի մի փոքր մասնիկ՝ թեկուզ մեկ օրով։

Այսպիսի փորձառությունները սովորեցնում են նաև համեստություն ու բաց լինել նորի հանդեպ։ Երբ ապրում ես այնպես, ինչպես տեղացիները, սկսում ես ավելի խորապես հասկանալ, թե ինչպես են ձևավորվում մարդկանց մտածելակերպն ու կյանքի արժեքները։ Սա ճամփորդությունը դարձնում է ոչ միայն հետաքրքիր, այլև ուսուցողական՝ օգնելով աճել որպես մարդ և քաղաքացի աշխարհի։

Դեպի Ստամբուլ ուսումնական ճամփորդությունը մեծ ազդեցություն ունեցավ սովորողների վրա՝ թե՛ ճանաչողական, թե՛ անձնային զարգացման տեսանկյունից։ Նախ և առաջ նրանք հնարավորություն ունեցան սեփական աչքերով տեսնելու Ստամբուլի պատմական ու մշակութային հարստությունը՝ այն կապելով իրենց ունեցած գիտելիքների հետ։ Ճանապարհորդությունը նպաստեց հայկական դպրոցների հետ համագործակցության ամրապնդմանը, որի ընթացքում սովորողները ծանոթացան իրենց հասակակիցների կյանքի ու կրթության առանձնահատկություններին։ Հանդիպումը Պոլսո հայոց պատրիարքի հետ տպավորիչ ու ներշնչող  էր։

Տարադրամի փոխանակման ու սեփական ծախսերի կառավարման գործընթացը նրանց սովորեցրեց պատասխանատվություն ու ֆինանսական գիտակցություն։ Նոր միջավայրում շփվելով՝ նրանք ձեռք բերեցին նոր ընկերներ և ընդլայնեցին իրենց աշխարհայացքը։ Ճամփորդությունը ձևավորեց հանդուրժողականություն, փոխադարձ հարգանք և մշակութային բազմազանության ընկալում։ Այն դարձավ նաև թիմային աշխատանքի, ընկերության ու համագործակցության հիանալի փորձ։ Վերջապես, Ստամբուլի այս ուղևորությունը սովորողների համար մնաց որպես հիշարժան փորձառություն, որը կոտրեց կարծրատիպերը  ու ձևավորեց հասուն մտածողություն աշխարհի հանդեպ։

Ինչ տվեց դեպի Ստամբուլ ճամփորդությունը 5 կետով

  1. Սովորողները բացահայտեցին Ստամբուլի պատմական, մշակութային և կրոնական հարստությունը՝ այն կապելով իրենց ուսումնասիրած թեմաների հետ։
  2. Ամրապնդվեցին հարաբերությունները Ստամբուլի հայկական վարժարանների հետ, ձևավորվեցին կրթական նոր նախագծերի հնարավորություններ։
  3. Տարադրամի փոխանակումը, ծախսերի պլանավորումը և ինքնուրույն որոշումներ կայացնելը սովորողների մոտ զարգացրին ինքնուրույնություն ու ֆինանսական գիտակցություն։
  4. Բազմազգ, բազմամշակույթ միջավայրում ապրելու փորձը սովորեցրեց հարգանք և հանդուրժողականություն։
  5. Ճամփորդությունը միավորեց սովորողներին, ձևավորեց համերաշխ, աջակցող մթնոլորտ։

Լուսաբանումներ

Ճամփորդության նախագիծը։

Նախապատրաստական աշխատանքները։

Այս փուլում աջակցության համար շնորհակալություն՝ Իրինա Ապոյանին, Մելինե Ֆարամազյանին և Նունե Մովսիսյանին

Ճամփորդական

Սովորողների պատումները (լրացվող)

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով