Երբ ասում ենք «որակի ապահովում», հաճախ առաջինը մտածում ենք փաստաթղթերի, հաշվետվությունների, ստուգումների մասին։ Բայց իրականում որակի ապահովումը կրթության մեջ մարդկանց մասին է՝ մեր ուսանողների, մեր դասավանդողների, մեր միջավայրի, մեր մտածողության։

2024 թվականի հունվար ամսից ես քոլեջի նորաստեղծ Որակի ապահովման կենտրոնի կազմում որպես որակի ապահովման մասնագետն եմ։ Իմ հիմնական աշխատանքային ուղղությունը մասնագիտական կրթական ծրագրերի (ՄԿԾ-ների) մշտադիտարկումն է։ Շատերի համար այս բառը կարող է հնչել արհեստական, իսկ գործունեությունը՝ ձևական, բայց իրականում դա քոլեջի ամենաառաջադեմ ու կարևոր գործիքն է՝ ուսուցման որակը չափելու և զարգացնելու համար։ Որպես քոլեջի որակի ապահովման կենտրոնի մասնագետ՝ իմ հիմնական առաքելությունն է ապահովել, որ յուրաքանչյուր մոդուլ, յուրաքանչյուր ուսումնական ծրագիր կառուցված լինի պահանջված որակին համապատասխան։

Իմ աշխատանքը ներառում է՝

• ՄԿԾ-ների մշտադիտարկման գործիքների մշակում և կիրառում,

• Ուսումնական պլանների և մոդուլների համապատասխան վերլուծություն,

•Դասավանդողների խորհրդատվություն մոդուլային ուսուցման, արդյունքահեն մոտեցման և գնահատման մեթոդների վերաբերյալ,

• Որակի ապահովման տարեկան ծրագրերի և հաշվետվությունների պատրաստում։

Իմ նոր պարտականություններն ինձ անչափ մոտիվացրին անընդհատ սովորելու, նոր գիտելիքներ ձեռք բերելու այս ասպարեզում, որն ինձ համար դեռ նոր է, բայց արդեն շատ սիրելի։

Վերջերս իմ մասնագիտական ​​կյանքում ևս մեկ կարևոր շրջադարձ տեղի ունեցավ, որը մեծապես փոխեց իմ պատկերացումները կրթության, դրա կազմակերպման, սկզբունքների և մոտեցումների վերաբերյալ։ Որակի ապահովման ազգային կենտրոնի կողմից հրավեր ստացա որպես փորձագետ միանալու Մեղրու պետական ​​քոլեջի ինստիտուցիոնալ հավատագրման փորձագիտական ​​խմբին։ Սիրով ընդունեցի առաջարկը, քանի որ արդեն ծանոթ էի հավատագրման գործընթացին, և այն ինձ շատ հետաքրքրել էր։ Այդ փորձառությունը ինձ սովորեցրեց ամենակարևորը՝ որակի ապահովումը սկսվում է ներսից։ Եթե ​​հաստատությունն ինքը չզգա իր զարգացման, բարելավման կարիքը, ոչ մի արտաքին գնահատում ոչինչ չի կարող փոխել։ Որպես փորձագետ՝ ես համոզվել եմ, որ ամենաարդյունավետ կրթական հաստատությունները հենց նրանք են, որոնք որակի ապահովումը դիտարկում են ոչ թե որպես ձևական պահանջ, այլ որպես զարգացման մշտական գործիք։ Ցանկացած կրթական հաստատության հաջողության գրավականն այն է, որ յուրաքանչյուր դասավանդող, ուսանող և վարչական աշխատակից գիտակցի՝ որակի ապահովումը բոլորի պատասխանատվությունն է։ Հավատարմագրումն ինձ համար ուղղակի ստուգման գործընթաց չէ. դա ինքնաճանաչման ճանապարհ է։ Երբ հաստատությունը սովորում է նայել իր ուժեղ և թույլ կողմերին և բացահայտել իր զարգացման ճանապարհը, դա արդեն իսկ հաղթանակ է։ Այս փորձն օգնեց ինձ քոլեջ վերադառնալ ոչ թե որպես վերահսկող, այլ որպես փոփոխության ուղեկից։

Այսօր քոլեջում մենք ձգտում ենք ձևավորել այնպիսի մի մշակույթ, որտեղ Որակի ապահովման կենտրոնը չի ընկալվում որպես առանձին բաժին, այլ՝ որպես կրթական կյանքի բաղկացուցիչ մաս։ Մենք ուզում ենք, որ յուրաքանչյուր դասավանդող իրեն զգա որակի ապահովման համար պատասխանատու, իսկ յուրաքանչյուր ուսանող՝ իր ուսուցման ակտիվ մասնակից։ Որակի ապահովման համակարգը մեզ սովորեցնում է ոչ թե պարզապես կատարել աշխատանք, այլ անել այն գիտակցված, պատասխանատու և հավատով։

Որակի ապահովումը քոլեջի գործունեության այն առանցքային ուղղությունն է, որը երաշխավորում է, որ կրթական գործընթացն իր ամբողջությամբ լինի արդյունքահեն, ուսանողակենտրոն և աշխատաշուկային պահանջներին համահունչ։

Այն ոչ թե ձևական գործընթաց է, այլ կրթական համակարգի սիրտը, որը միավորում է բոլոր դերակատարներին՝ դասավանդող, սովորող, վարչական անձնակազմ, ղեկավարություն, գործատուներ, ծնողներ և շրջանավարտներ։

Ինչու՞ է որակի ապահովումը կարևոր քոլեջի համար։

1. Ապահովում է կրթական ծրագրերի արդիականությունը։

Աշխատաշուկան արագ է փոխվում. նոր մասնագիտությունները ձևավորվում են, հները վերափոխվում են։

Որակի ապահովման համակարգը օգնում է հետևել փոփոխություններին՝ վերանայելով ՄԿԾ-ները և ապահովելով, որոնք դրանք լինեն համապատասխան ժամանակակից պահանջներին։ Օրինակ՝ շուկան պահանջում է թվային հմտություններ կամ հաճախորդամետ մտածողություն․ այդ պահանջները պետք է արտացոլվեն ծրագրերում, մոդուլներում և ուսուցման արդյունքներում։

Քոլեջի որակի կենտրոնը այս տարվանից ձեռնարկել է ՄԿԾ-ների մշտադիտարկման և բարելավման գործընթաց, որի ընթացքում պարբերաբար հանդիպում ենք մեր մշտական ​​գործատուների հետ՝ պարզելու աշխատաշուկայի ներկայիս պահանջները։ Այդ դիտարկումները պետք է մշակվեն և տեղ գտնեն քոլեջի հաջորդ ուստարվա կրթական ծրագրերում։

2. Բարձրացնում է ուսուցման և գնահատման արդյունավետությունը։

Որակի ապահովման միջոցով քոլեջը վերլուծում է՝

• Արդյո՞ք դասավանդման մեթոդները համապատասխանում են ուսանողների կարիքներին։

• Արդյո՞ք գնահատման ձևերը արդար և թափանցիկ են։

• Արդյո՞ք ուսուցում ենթադրում է ոչ միայն գիտելիք, այլ հմտություններ և կարողություններ։

Այս վերլուծության արդյունքով կարող ենք բարելավել ուսուցման մեթոդները, ներդնել նորարարական մոտեցումներ։

Այս ուսումնական տարվանից Որակի կենտրոնի նախաձեռնությամբ քոլեջում ներդրվեց կրեդիտային գնահատման համակարգը՝ գնահատումը ավելի անաչառ և համակարգված դարձնելու նպատակով։ Պարբերաբար ունենում ենք ներքին փորձի փոխանակման քննարկումներ ուսուցման նորագույն մեթոդների, մոտեցումների վերաբերյալ, մշակել ենք մոդուլների արդյունավետ դասավանդման ուղեցույց։

3. Օգնում է դասավանդողներին մասնագիտական ​​աճի մեջ։

Որակի ապահովման մշակույթը միայն ուսանողի համար չէ։ Այն դասախոսական մասնագիտական ​​զարգացման հիմնական միջավայրն է։ Այո, կարելի է մտածել, որ առանց որակի ապահովման էլ զարգանալ ցանկացող մարդը կգտնի դրա ճամապարհը, սակայն սովորաբար մարդիկ ձգտում են մնալ իրենց «կոմֆորտ զոնայում» և խուսափում են փոփոխություններից, իսկ որակի ապահովման համակարգված մեխանիզմը ստիպում է մարդուն շարունակաբար աճել։ Նաև շատ կարևոր է երբեմն կողքից նայել կատարած աշխատանքին ուրիշի աչքերով և նայել համակարգային և համակողմանի։ Մշտադիտարկման և հետադարձ կապի միջոցով դասավանդողը տեսնում է իր ուժեղ կողմերը և զարգացման կետերը, իսկ հետադարձ կապն ապահովում ենք անընդհատ կազմակերպվող հարցումների միջոցով։ Դրանց արդյունքները վերլուծվում և քննարկվում են դասավանդողների հետ։

4. Ապահովում է կառավարման թափանցիկություն և պատասխանատվություն։

Որակի ապահովման համակարգը քոլեջի ղեկավարությանը տալիս է հստակ պատկեր՝

• ի՞նչ են մտածում ուսանողները կրթության որակի մասին,

• ի՞նչ խնդիրներ են բարձրացնում գործատուները,

• ի՞նչ հաջողություններ կամ բացեր կան ուսուցման գործընթացում։

Այս տվյալների հիման վրա հնարավոր է կայացնել հիմնարար որոշումներ՝ պլանավորել փոփոխություններ, ներդնել նոր ծրագրեր, բարելավել ենթակառուցվածքները։ Այլ կերպ ասած՝ որակի ապահովումը քոլեջի «աչքերն ու ականջները», որոնք թույլ են տալիս տեսնել իրական պատկերը, ոչ թե ենթադրություններ անել։

5. Խթանում է ուսանողակենտրոն մշակույթը։

Որակի ապահովման առանցքում ուսանողն է։ Այն ապահովում է, որ ուսանողի ձայնը լսելի լինի՝ հարցաթերթիկների, քննարկումների, խորհրդատվական խմբերի միջոցով։ Ուսանողն այլևս կրթության պասիվ սպառողը չէ, այլ ակտիվ մասնակիցն է իր սեփական կրթական ուղին ձևավորելու գործում։ Այսպիսի մոտեցմամբ զարգանում են ինքնուրույնություն, պատասխանատվություն և նախաձեռնող մտածողություն՝ հենց այն հատկանիշները, որոնք պահանջում է ժամանակակից աշխատաշուկան։

Կարևոր եմ համարում նշել մի առանցքային հանգամանք. երբ մենք՝ որպես որակի ապահովման կենտրոնի համակարգողներ, վերլուծում ենք բոլոր այս տվյալները, ուսումնասիրություններ ենք անում, ոչ թե սխալներ ենք փնտրում, այլ հնարավորություններ, հնարավորություններ՝ ինչ-որ բան փոխելու, թարմացնելու, ավելի արդյունավետ դարձնելու համար։ Որակի կենտրոնը ոչ թե վերահսկող, այլ աջակցող կառույց է։

Որակի ապահովումը կրթության մեջ նման է շնչառությանը. այն անտեսանելի է, բայց առանց դրա ոչինչ չի գործում։ Եթե ​​մենք ուզում ենք, որ մեր ուսանողները դառնան մտածող, նախաձեռնող, պատասխանատու մասնագետներ, ապա մենք՝ որպես կրթական համայնք, պետք է ապրենք նույն սկզբունքով՝ շարունակաբար զարգանալով և բարելավելով։

Որակի ապահովումը պարզապես իմ աշխատանքային պարտականությունը չէ․ դա իմ հավատն է, որ յուրաքանչյուր կրթական հաստատություն կարող է դառնալ ավելի ուժեղ, երբ հավատում է որակի ուժին։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով