«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի բազմամասնագիտական թիմ

Ժամանակակից կրթական համակարգում դպրոցը համարվում է ոչ միայն գիտելիքի փոխանցման վայր, այլև կարևոր սոցիալիզացնող և զարգացնող միջավայր։ Դպրոցն այն վայրն է, որտեղ ձևավորվում են ընկերություններ, առաջին հաղթանակներն ու երբեմն նաև առաջին հիասթափությունները։ Այս համատեքստում դպրոցական հոգեբանի դերը հատկապես կարևոր է՝ ստեղծելու և պահպանելու հոգեբանորեն անվտանգ, աջակցող և զարգացնող միջավայր, որն ուղղված է ինչպես սովորողների, այնպես էլ ուսուցիչների և ծնողների բարեկեցությանը։ Հենց այստեղ է, որ հոգեբանը դառնում է անտեսանելի, բայց կարևոր ուղեկից։ Նա այն մարդն է, ում հետ սովորողը կարող է կիսվել իր վախերով, դասավանդողը՝ իր դժվարություններով, իսկ ծնողը՝ իր անհանգստություններով։
Հոգեբանի գործը բազմաշերտ է։ Երբեմն նա գնահատում է սովորողի խնդիրները, երբեմն խորհրդատու է ընտանիքի համար, երբեմն էլ կազմակերպում է խաղեր, որոնց միջոցով սովորողները սովորում են վստահել իրենց և մյուսներին։ Նա կանխում է բուլինգի դեպքերը, զարգացնում է սոցիալական հմտությունները և դառնում միջնորդ ծնողի, դասավանդողի ու սովորողի միջև։
Սոցիալ-հոգեբանական աջակցության համակարգված կազմակերպումը դպրոցում թույլ է տալիս կանխարգելել հնարավոր խնդիրները, նպաստել ներառական ու անհատական մոտեցումներին, ինչպես նաև ապահովել արդյունավետ համագործակցություն կրթական գործընթացի բոլոր մասնակիցների միջև։ Այս զեկույցը նպատակ ունի ներկայացնել դպրոցական հոգեբանի հիմնական գործառույթները, ինչպես նաև ամփոփել «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում իրականացվող փորձառությունը՝ որպես հաջողված գործնական մոդել։

Բանալի բառեր՝ սոցիալ-հոգեբանական աջակցություն, ծնողական հավաք, նախագծային ուսուցում, նախագծային աշխատանք հիպոթերապիա, ադապտիվ ֆուտբոլ, թերապևտիկ աշխատարան, մասնագիտական զարգացման սեմինար։

Սոցիալ-հոգեբանական աջակցությունը «Մխիթար  Սեբաստացի» կրթահամալիրում  ենթադրում է ապահովել սովորողների հոգեբանական և սոցիալական բարեկեցությունը։ Յուրաքանչյուր սովորող ունի ինքնատիպ բնավորություն, արժեքային համակարգ և զարգացման տեմպ։ Կրթահամալիրում կարևորվում է յուրաքանչյուր սովորողին ցուցաբերել անհատական մոտեցում։ Անհրաժեշտ է հաշվի առնել, որ սովորողների տարբերությունները տեսականորեն չեն սահմանափակվում միայն ինտելեկտով, այլև ներառում են հասարակական, հոգեբանական, մշակութային և սոցիալական առանձնահատկություններ․ այնպիսի մոտեցում, որը ներառում է տարբեր կրթական մեթոդներ, որոնք կօգնեն յուրաքանչյուր սովորողին  ձեռք բերել առավելագույնս հնարավոր արդյունքներ։
Հոգեբանական անվտանգության ապահովումը, հատկապես կրթական միջավայրում, կարևոր է այն պատճառով, որ սովորողները  պետք է զգան ապահովություն, որպեսզի արտահայտեն իրենց զգացումունքները/հույզերը, տեսակետները, կասկածները և մտահոգությունները: Բուլինգը և այլ տեսակի անհանդուրժողականությունը կանխելու համար կրթահամալիրի   մասնագիտական թիմը մշակում է նախագծեր։
Կրթահամալիրում սոցիալական հմտությունների զարգացումը առաջնային նպատակ է, քանի որ դրանք անմիջականորեն կապված են սովորողների ապագա անձնական ու մասնագիտական հաջողությունների հետ: Մենք օգնում ենք սովորողներին  յուրացնել թիմային աշխատանքի հմտություններ, կարծիքներ լսելու, հարգելու,  արտահայտելու, մտքեր փոխանակելու ունակություններ, ինչպես նաև ձևավորել հուզական իրավիճակներին առողջ արձագանքելու կարողություն: Սա կարևոր է հատկապես նրանց համար, ովքեր դեռ անցնում են ինքնագիտակցության և ինքնարժեքի ձևավորման փուլը:

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հոգեբանի հիմնական գործառույթները և առանձնահատկությունները

Կրթահամալիրում հոգեբանի հիմնական գործառույթներ են՝

  1. Ներառող
    Սովորողների ներառումը իրականացվում է ուսումնական գործունեության տարբեր ոլորտներում՝ դասապրոցեսում, նախագծային աշխատանքներում, ճամբարներում, ուսումնական ճամփորդություններում, միջոցառումներում, համերգներում։
  2. Վերլուծական-ախտորոշիչ
    Սովորողների հոգեբանական և սոցիալական կարիքների ուսումնասիրությունը կարևոր է կրթական միջավայրի առողջությունը գնահատելու և երեխայի իրական խնդիրները հասկանալու համար։ Սա թույլ է տալիս մշակել անհատական մոտեցումներ, կանխարգելել դժվարությունները և ապահովել համապատասխան աջակցություն։
  3. Խորհրդատվական
    Անհատական և խմբային խորհրդատվությունն ուղղված է թե՛ սովորողների, թե՛ նրանց ընտանիքների հոգեբանական աջակցությանը։ Խորհրդատվությունը օգնում է լուծել սոցիալական, էմոցիոնալ կամ ուսումնական խնդիրներ՝ ուժեղացնելով ուսուցչի, սովորողի և ծնողի համագործակցությունը։
    3. Կանխարգելիչ
    Բուլինգի, տրավմատիկ իրավիճակների և ուսումնական դժվարությունների կանխարգելումը առաջնային նշանակություն ունի։ Մեխանիզմները ներառում են վաղ հայտնաբերում, պարբերական աշխատանքներ սովորողների  հետ և ակտիվ միջամտություն՝ կանխելու սոցիալական և հոգեբանական խնդիրները։
    4. Զարգացնող
    Հոգեբանական խաղերի, թրեյնինգների և խմբային աշխատանքների միջոցով զարգանում են սովորողների  հուզական և սոցիալական հմտությունները։ Սա նպաստում է նրանց ինքնավստահության, հաղորդակցության և համագործակցության կարողությունների բարելավմանը։
    5. Միջնորդող
    Դասավանդող-սովորող-ծնող եռանկյունու հարաբերությունների հարթեցումը կարևոր է սովորողի  կրթության և բարեկեցության համար։ Միջնորդությունը օգնում է ավելի լավ կազմակերպել կողմերի համագործակցությունը՝ հնարավոր խնդիրների արագ լուծման և երեխայի զարգացման խթանման համար։

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում հոգեբանի աշխատանքն ունի առանձնահատկություններ՝ ելնելով կրթահամալիրի հեղինակային այլընտրանքային մոտեցումներից։ Այստեղ հոգեբանը ոչ միայն խորհրդատու է, այլև նախագծերի հեղինակ։
Նոր ուսումնական տարվա սկզբում մանկավարժական աշխատողների համար մշակվում են տարվա ընթացքում նախատեսվող նախագծեր, սեմինարներ, թերապևտիկ աշխատարաններ։ Նախագծերը իրականացվում են թե՛ անհատական, թե՛ խմբային։ Նախագծերը հրապարկվում են մասնագետների անհատական բլոգներում և բազմամասնագիտական աջակցության թիմի բլոգում։

Կրթահամալիրում սովորողի ներդաշնակ զարգացման և սոցիալական հմտությունների ձևավորման համար կրթահամալիրն առանձնանում է կրթական, զարգացնող միջավայրով, որից է ուսումնական Ագարակը։

Կենդանիների հետ շփում, կենդանիների խնամք։ Ագարակում  սովորողները հնարավորթյուն են ստանում շփվել տարբեր ընտանի կենդանիների հետ և խնամել նրանց։
Հիպոթերապիա։ Հիպոթերապիան, որ կիրառվում է երեխաների տարբեր հոգեբանական դժվարությունների կանխարգելման նպատակով, սովորողների կողմից ամենասիրելին է։ Երեխաները շփվում են ձիու հետ, շոյում, խնամում ու վարում, ինչը նպաստում է վախերի, զգայական, վարքային դժվարությունների հաղթահարմանը, շփման հմտությունների և ուշադրության կենտրոնացման բարելավմանը, ինչու չէ, նաև՝ կենդանու հանդեպ սիրո ու հոգատարության դրսևորմանը։ 

Ավելին՝ հիպոթերապիա․․․

Նախագծային ստացված ծրագրերից է ՈւԵՖԱ, Փլեյմեյքերս-ի կողմից տրամադրված ֆուտբոլային ծրագիրը՝ նախատեսված աղջիկների համար, որի նպատակն է ֆուտբոլային խաղերի միջոցով զարգացնել հուզական գրագիտությունը, աղջիկ մուլտհերոսների միջոցով փոխանցել այն արժեհամակարգը, որ աղջիկներն էլ կարող են լինել ուժեղ, պայքարող, դժվարություններ հաղթահարող, ինքնուրույն։

Ավելին՝

Անհատական նախագծերի օրինակ են ԿԱՊԿՈւ սովորողի հետ ուսումնական խաղերի ստեղծումը։

Ավելին՝

Խմբային նախագծերն իրականացվում են ուսումնական ճամբարների ընթացքում սովորողների ջոկատներում։

Համագործակցություն
Բազմամասնագիտական թիմի անդամներն ինժիներատեխնիկական լաբորատորայի հետ համագործակցության արդյունքում ստեղծում են զարգացնող խաղեր, որոնք կիրառվում են սովորողների հետ աշխատանքների ընթացքում։

Ավելին՝

Սովորողների այլընտրանքային զբաղվածության շրջանակում գործում է նաև դեռահասների համար նախատեսված հոգեբանի ակումբը, որտեղ սովորողները հնարավորություն ունեն ուսումնասիրել հոգեբանական տարբեր թեմաներ, կատարել թեստեր, խոսել իրենց խնդիրների մասին։

Ինքնազարգացման ևս կարևոր ու արդյունավետ միջոցներից է Ավագ դպրոցում հետազոտական աշխատանքների իրականացումը։ Սա հնարավորություն է սովորողների համար որևէ թեմայի շուրջ հետազոտական աշխատանք գրելու, զարգացնելու գիտական ձևով աշխատելու հմտությունները, որոնք սովորողին նախպատրաստում են ԲՈՒՀ-ական կրթական համակարգին։

Մանկավարժական շուրջտարյա դպրոց

Մասնագիտական զարգացման սեմինարներ

Մասնագիտական զարգացման սեմինարներ կազմակերպվում են ուսումնական շրջանների ընթացքում։ Սեմինարները նախատեսված են ՆՈւՀ-երի դաստիարակների, դասվարների, դասավանդողների, երկարացված օրվա կազմակերպիչների, ԿԱՊԿՈւ սովորողների ուղեկցողների համար։

Մանկավարժական ճամբար․ թերապևտիկ աշխատարան

Մանկավարժական ճամբարի ընթացքում կրթահամալիրի մանկավարժական աշխատողները մասնակցում են նախասիրությունների զարգացման ակումբների, տարաբնույթ աշխատարանների, որոնցից մեկը թերապևտիկ աշխատարանն է։ Աշխատարանների ընթացքում կատարվում են ինքնաճանաչմանն ուղղված տեխնիկաներ, լիցքաթափող վարժություններ, արտ-թերապևտիկ աշխատանքներ, հուզական և մասնագիտական այրումը կանխելու վարժություններ։

Ծնողական սեմինարներ
Ծնողական սեմինարները նպատակ ունեն ծնողներին ներկայացնելու սովորողների զարգացման տարիքային առանձնահատկությունները, տարիքային ճգնաժամերը, ուսումնական գործընթացում առկա դժվարությունների հաղթահարման ուղիները։ Սակայն ծնողական սեմինարներից բացի կրթահամալիրում ծնողները ստանում են անհատական խորհրդատվություն, ինչպես երեխայի զարգացման, այնպես էլ ծնողավարման հարցերի շուրջ։

Անդրադարձ կատարելով հեղինակային ծրագրի մեր փորձին՝ կարող ենք ասել, որ ժամանակակից աշխարհում՝ հատկապես կրթական ոլորտում, անփոխարինելի և նույնքան կարևոր է լավ կրթություն ստացած, փորձառու, ստեղծագործ, անվերջ զարգացող  հոգեբանի աշխատանքը, ով պատրաստ է անընդհատ ինքնակրթվելու և ավելի զարգացնելու իր մասնագիտական հմտությունները։
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրն, իր ներառող միջավայրով, հեղինակային կրթական ծրագրով, երեք տասնամյակից ավելի ստեղծում, կերտում է բարենպաստ պայմաններ նախադպրոցականների, կրտսեր դպրոցականների, դեռահասների  և պատանիների համար։
Ժամանակակից դպրոցի կրթական և դաստիարակչական միջավայրում դպրոցական հոգեբանի դերը կարևոր է՝ ապահովելու սովորողների հուզական բարեկեցությունը, սոցիալական ներառվածությունն ու զարգացման արդյունավետ աջակցությունը։
Հոգեբանի վերլուծական, կանխարգելիչ, զարգացնող, խորհրդատվական և միջնորդական գործառույթների արդյունավետ իրականացման արդյունքում հնարավոր է ձևավորել հոգեբանորեն ապահով և աջակցող կրթական մթնոլորտ, որը նպաստում է սովորողների ինքնաճանաչմանը, լիարժեք ներառմանը և բազմակողմանի զարգացմանը։
Բլեյան դպրոց հեղինակային ծրագիրն իր հնարավորություններով՝ կրթական բաց միջավայրով, ուսումնական զանազան կենտրոններով,  բազմամասնագիտական համագործակցությամբ,  նախագծային գործունեությամբ և ստեղծարար աշխատանքային մոդելներով զգալիորեն ընդլայնում են հոգեբանի մասնագիտական դաշտը՝ դարձնելով նրան կրթական փոփոխությունների նախաձեռնող և աջակից։
Այսպիսով, դպրոցական հոգեբանի համակարգված և ռազմավարական ներգրավվածությունը կրթության բոլոր մակարդակներում բարենպաստ հիմք է աշակերտակենտրոն և հոգեբանորեն առողջ դպրոց կառուցելու համար։

Հեղինակներ՝ Ամալյա Օհանյան, Սուսաննա Չալիկյան, Աղավնի Վանյան

Օգտագործված գրականություն

  1. Ադամյան Հ․ Ա․, Մանٳկյան Ա․ Տ․, Գարեգինյան Ա․ Ա․, Մարգարյան Լ․ Հ․, «Երեխաների հոգեսոցիալական տոկٳնٳթյան բարձրացٳմ» ձեռնարկ մանկավարժների և հոգեբանների համար․ — Եր․։ Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն, 2024․ — 220 էջ։
  2. Հանրակրթական ուսումնական հաստատության հոգեբանի պաշտոնային պարտականությունների և գործառույթների շրջանակներում իրականացվող աշխատանքների նկարագիր։ Ձեռնարկ հանրակրթական ուսումնական հաստատության հոգեբանների համար / Ավագյան Ա․ Մ․, Մանուկյան Ա․ Տ․ — Երևան։ Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն, 2025․- 128 էջ։
  3.  «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի բազմամասնագիտական աջակցության թիմի բլոգ

Հավելված

Նախագծեր

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով