Իբրև սկիզբ՝

Վահագն Դավթյան բանաստեղծի ստեղծագործությամբ որպես ընթերցող՝ տարված եմ եղել դեռ ուսանող տարիներից։ Բայց այնպես է ստացվել, որ մանկավարժական իմ գործունեության  ընթացքում երբևէ չեմ անդրադարձել  սիրելի բանաստեղծի ստեղծագործությանը մինչև 2023 թվականը, երբ մայրենիի մասնախմբի կողմից  առաջարկվեց  մշակել «Կարդում ենք Վահագն Դավթյան» նախագիծը՝ մեր սովորողներին նրա ստեղծագործությունը ավելի մոտիկից ճանաչել  տալու նպատակով։ Նախագծի մշակման աշխատանքները հանձն առնելով՝ հասկացա, որ սպասված, ցանկալի առիթ է ինձ համար՝ ուսանողական տարիների խանդավառությամբ  իմ հիշողության անդաստանում նախ թարմացնելու մեծ բանաստեղծի պոեզիայի  իմացությունս, ապա վերընթերցելու, արդեն հետազոտող ուսուցչի հայացքով ուսումնասիրելու ու վերաիմաստավորելու բանաստեղծի գրական ստեղծագործությունը, ինչպես նաև  գրականագիտական ու հրապարակախոսական  հոդվածները, մի անգամ ևս թերթելու նրա մասին պատմող հուշերը, կենսագրական մանրամասները, դիտելու անկախության շրջանում նրա մասին ստեղծված տեսաֆիլմերը  և ընդհանրապես այն ամենը, ինչ առնչվում  էր Վահագն Դավթյան բանաստեղծի անվան հետ։ 

Այս հետազոտական որոնումների ու վերընթերցումների արդյունքում,  պետք է խոստովանեմ, որ մերօրյա իրականության «բարձունքից» այսօր  ավելի եմ կարևորում և վերաարժևորում մեծ բանաստեղծին։ Անցյալ դարի ողջ ընթացքում ստեղծելով իր գրական աշխարհը՝ բանաստեղծը հասցրել էր կերտել մնայուն, բարձր պոետական մշակույթ, որ կրում  է թե՛ մեր միջնադարյան քնարերգության խորությունը, թե՛ մեր արևմտահայ  գրականությանը բնորոշ շքեղությունն  ու հուզականությունը և թե՛ մեր արևելահայ պոեզիայի մաքրամաքուր վեհությունը։  

Նախագծի իրականացման քայլերը՝ 

 Նախագիծն իր աշխատանքային ուղղություններով ու բովանդակությամբ հարկ եմ համարել մշակել ըստ կրթական օղակների՝ Վ․Դավթյանը կրտսեր դպրոցում,  ապա նաև  միջին դպրոցում և ավագ դպրոցում։ Ըստ կրթական օղակների էլ՝ բանաստեղծի գրական հարուստ ժառանգությունից փորձել եմ առանձնացնել նրա՝ հայրենիքի, կորուսյալ բնօրրանի հանդեպ կարոտի, իր ժողովրդի պատմական անցյալին վերաբերող, խոհափիլիսոփայական, սիրային  քնարերգության այն նմուշները, որոնք համապատասխանում  են կրթահամալիրի տարատարիք սովորողների բնույթին ու տարիքային ընկալումներին։ 

Երբ «Կարդում ենք Վահագն Դավթյան»  նախագիծն արդեն պատրաստ էր, առաջնորդվելով կրթահամալիրի ուսումնական օրացույցով՝ այն  առաջարկեցի իրագործել 2023-2024 ուստարվա սեպտեմբեր ամսվա ընթացքում։  Իհարկե, նոր ուսումնական տարին սկսելու առանձնահատկություններից ելնելով՝ յուրաքանչյուր ուսուցիչ ազատորեն կարող էր տեղաշարժել ժամանակացույցը, կամ ավելի երկար ժամանակահատված հատկացնել իր իրականացնելիք նախագծին:  Ես ուսումնական տարվա հենց սկզբներին՝ սեպտեմբերի երկրորդ տասնօրյակին,  սկսեցի փորձարկել այն Քոլեջի անցյալ տարվա մեր առաջին  կուրսեցիների հետ։

Նախագծին անցումը այդ ժամանակահատվածում շատ սահուն ստացվեց․ դրան նախորդած «Հայրենիքիս» նախագծի ընթացքում մեր առաջին կուրսեցիներն արդեն հասցրել էին  ծանոթանալ Վահագն Դավթյանի  «Մի փոշոտ փափուկ ճամփա» բանաստեղծությանը, մի փոքր էլ տեղեկացված էին  բանաստեղծության հեղինակի կենսագրությանը, ուստի «Կարդում ենք Վահագն Դավթյան» նախագիծը գտավ իր սահուն շարունակությունը և փորձեց լրացնել այն բացը, որ կար մեր սովորողների մեջ Վահագն Դավթյանի պոեզիայի հանդեպ։ Սիրով պիտի փաստեմ նաև, որ այդ օրերին իմ գործընկեր Մարինե Ամիրջանյանը նույնպես փորձարկեց  «Վահագն Դավթյան 100» նախագիծը  կրթահամալիրի Արևելյան դպրոցի կրտսեր տարիքի մեր 5-րդ դասարանցիների հետ։

Նախագծի առաջին տարվա  փորձակումից ու արդյունքներից ոգևորված՝ այս ուսումնական տարվա սեպտեմբերից ևս Քոլեջի մեր առաջին կուրսեցիների հետ դարձյալ կարդում ենք Վահագն Դավթյան։ Վահագն Դավթյան են շարունակում կարդալ նաև Քոլեջի մեր երկրորդ  կուրսեցիները։

Շատ լայն է Դավթյան բանաստեղծի ստեղծագործության  աշխարհագրությունը։ Սակայն նրա պոեզիայի ամենաքնքուշ, ամենահուզառատ, սովորողի հոգին միանգամից ներթափանցող  թեման բանաստեղծի ծննդավայրին՝ Ոսկեգետակի ափին գտնվող Արաբկիր գյուղաքաղաքին ու իր մանկությանը վերաբերող բանաստեղծություններն  են, որոնցով էլ սովորաբար սկսում եմ նախագիծը՝ «Մի փոշոտ, փափուկ ճամփա» բանաստեղծությամբ անցում անելով  նրա  «Ծննդավայր» շարքի ստեղծագործություններին՝ «Թե հրաշքով ճամփաս տանի», «Առաջին անգամ աշխարհում տեսած», «Ջրհորը», «Ուռենու վրա լրած լուսնկան»  և այլ քերթվածների։ Սքանչելի գործեր են այս բանաստեղծությունները,  որոնք հրաշալի հնարավորություն են տալիս թե՛ դասավանդողին և թե՛ սովորողին  երկխոսություն, զրույց ծավալելու, անկեղծանալու, մտքերն ազատորեն գրավոր ու բանավոր շարադրելու, տխրելու և ուրախանալու․․․  Երբ օրեր առաջ 2-րդ կուրսեցիների հետ կարդում էինք Դավթյանի «Ռեքվիեմ»  պոեմը, այո՛, տխրելու պահերն ավելի շատ էին, հուզումը՝ նույնպես, գոնե ինձ համար։  Պիտի ասեմ, որ մեր  զրույցների, քննարկումների ընթացքում «հայտնաբերեցի», որ մայրենիի ուսուցիչը հաճախ է հայտնվում  մեկ աշխարհագրության, մեկ պատմության  ուսուցչի դերում, երբ անհրաժեշտություն է ծագում անդրադարձ անել 20-րդ դարասկզբի մեր ժողովրդի պատմության դժնդակ իրադարձություններին՝ առաջին  համաշխարհային պատերազմ, Հայոց ցեղասպանություն,  խորհրդային տարիներ։  Դե իսկ աշխարհագրական վայրերի, հայկական և օտար մի շարք տեղանունների  իմացությունը (Արաբկիր  գյուղաքաղաք, Եփրատ գետ, Արարատ լեռ, Մեծ Մասիս, Փոքր Մասիս, Դեր-Զոր, Սիրիա, Հալեպ, սիրիական անապատներ, Տրապիզոն, Բաթումի, Կրասնոդար, Արմավիր և այլն)՝ համապատասխան ավանդազրույցներով, ազգագրական տեղեկություններով  ու աշխարհագրական տվյալներով՝  դասը դարձնում են գունեղ, հարուստ ու առավել բովանդակալից։

Վահագն Դավթյան բանաստեղծին, նրա անցած ուղին, ստեղծագործությունը ավելի խորը ճանաչելու համար անպայման մեծ կարևորություն եմ տալիս համացանցում եղած, նրա մասին պատմող ֆիլմերի դիտմանն ու քննարկմանը։ Այդ առումով Քոլեջի վերնատունը շատ տրամադրող ու հարմարավետ միջավայր է ֆիլմերի դիտման համար ու նաև հնարավություն՝  դասարանական միջավայրը մի ուրիշ միջավայրով փոխարինելու համար։ Մի ուրիշ դեպքում միջավայրի փոփոխության հրաշալի վայր է նաև քոլեջի ներքին բակը՝ իր կանաչ, աչք շոյող  տարածքներով։

Նախագիծն իրականացնելիս շատ եմ կարևորում նաև բանաստեղծությունները բերանացի սովորելն ու հետո միասին, միաձայն  ասմունքելը։ Սովորողներին որպես օրինակ՝ միշտ բերում եմ մեր հարևան վրացիներին ու անընդհատ փաստում, թե ինչպես են մեր հարևանները միասին, միաձայն երգում իրենց երգերը, հավատացած եմ՝  նաև միասին կարդում իրենց բանաստեղծությունները։  Իսկ մենք միասնական  քանի՞ բանաստեղծություն կարող ենք իրար հետ կարդալ՝ մի «Ես իմ անուշ Հայաստանի», այն էլ ոչ մինչև վերջ, մեկ էլ  «Թմկաբերդի առում»-ի Նախերգանքը։ Քանի որ Քոլեջի սովորողների հիմնական կորիզը Երևանի և մայրաքաղաքի հարակից շրջանների հիմնական կրթություն ստացած սովորողներն են, ապա մեծ, անհոգնել աշխատանք է հարկավոր տանել այս ուղղությամբ։ Միասին, արտահայտիչ, հնչեղ ասմունքի փորձում ենք հասնել նաև մեր ամենօրյա  առավոտյան ընդհանուր պարապմունքների շնորհիվ։  Շատ տարիներ առաջ կրթահամալիրում լավ ավանդույթ կար․ դասը սկսում էինք որևէ բանաստեղծության ընթերցմամբ։ Այսօր էլ վերակենդանացնելով անցյալի մեր սիրուն   ավանդույթը՝ պարբերաբար միասին մեր սովորած բանաստեղծությունները կարդում ենք  դասարանում, իսկ եթե  ծննդյան տոն ենք ունենում, մեր ընկերոջն իբրև շնորհավորանք՝  նվիրում ենք մեր ընթերցումը։

 Նախագծին մասնակցելիս սովորողը կարդալուց, ուսումնասիրելուց, գիտելիքը յուրացնելուց, բերանացի սովորելուց զատ՝ պետք է ստեղծական աշխատանք իրականացնի, որոշակի արդյունք ստեղծի, որոնք սովորաբար պահանջում եմ գրողի մասին հուշերի, ստեղծագործական պատումների, վերլուծությունների և, իհարկե, տեսաֆիլմերի,  ձայնագրությունների տեսքով։ Վերջինները Քոլեջի սովորողների համար դժվար հաղթահարելի խնդիր է։ Սեպտեմբեր ամիսը ինքնին բարդ է մեդիակրթության ոլորտում առաջին քայլերն իրականացնող սովորողի համար։ Ու այդ ամենի կողքին նա պիտի մոնտաժ ծրագրով աշխատել սովորի, տարիքային բարդույթները հաղթահարելով՝ ինքն իրեն ձայնագրի, սահուն ընթերցմամբ  ձայնագրությունն իրականցնելուց հետո տեսանյութը ճաշակով ձևավորի, ապա հաստատի YouTub-ում։ Սրանք քայլեր են, որոնք անհոգնել պետք է բացատրվի, ցույց տրվի ու ավարտին հասցվի։ Երբ սովորողը տեսնում է, որ իր ուսուցիչը կարևորում է այդ աշխատանքը, ու նաև այդ աշխատանքով է ձևավորվում գրականության  իր ամենամսյա գնահատականը, կամաց-կամաց ներառվում է նմանատիպ աշխատանքներում։ 

Իբրև դասարանական աշխատանքի բաղկացուցիչ՝ շատ կարևոր եմ համարում նաև բանաստեղծական տեքստերի հետ իրականցվող լեզվագործունեությունը։ Նմանատիպ աշխատանքներում մի դեպքում դուրս ենք գրում անծանոթ  բառերը և բացատրում՝  էլեկտրոնային բառարանից օգտվելով, մի ուրիշ անգամ ստեղծագործությունից առանձնացնում ենք այն բառերը, որոնք հոմանիշներ ունեն, մի երրորդ դեպքում, եթե ստեղծագործության մեջ բարբառային բառերը շատ են, դուրս ենք գրում և լրացնում դրանց գրական համարժեքները։ Այսպիսի աշխատանքներ ենք առանձնացրել ու իրականացրել նաև Վահագն Դավթյան նախագծով։ Սովորողները սիրում են լեզվական այսպիսի աշխատանքները, իսկ ես կարևորում եմ այն, որ Քոլեջի նորեկ սովորողը ձեռք է բերում էլեկտրոնային բառարանից  օգտվելու անհրաժեշտ հմտություններ ու կարողություններ։ 

Նախագծի իրականացումը, ինչպես արդեն նշեցի վերը, անպայման դուրս է գալիս դասարանական աշխատանքների շրջանակից, և հաճախ հիմնական  ամփոփումն իրականացվում է Քոլեջի Գրական  խոսքի ակումբում՝ ամենամսյա ընթերցումների տեսքով։ Դրան, բնականաբար, թե՛ տանը, թե՛ դասարանում  նախորդում են նախապատրաստական մի քանի փուլեր։ Այս նախագծի ընթացքում էլ՝ ակումբի ընթերցումներից առաջ,  սովորողները տանն ընտրում են նախագծի ընթացքում կարդացած,  հավանած  բանաստեղծություններից գոնե մեկը, գեղեցիկ, արտահայտիչ կարդալ սովորում, ապա  կարդում, ընթերցողական շտկումներ ենք անում դասարանում, հետո նշանակված ժամին հանդիպում ենք Քոլեջի վերնատանը։ Գրական ակումբի վերջում միշտ սովորաբար ծրագրում ենք հեղինակի մեկ ստեղծագործության միասնական ընթերցում, այս տարի էլ ընտրությունը կանգ առավ Վահագն Դավթյանի «Թե հրաշքով ճամփաս տանի»՝ բոլորիս կողմից ամենասիրված բանաստեղծության վրա։

Գրական ակումբն իր ամենամսյա ընթերցումներին ունենում է իր հաղորդավարները, որոնք սովորաբար Քոլեջի  ավագ կուրսերի մեր ուսանողներն են լինում։ Ընթերցումների մասին հրավերը նախապես հրապարակվում է Քոլեջի կայքում։ Ահա անցյալ ուստարվա   «Գրական ակումբը կարդում է Վահագն Դավթյան» նախագիծը՝ իր  ամփոփիչ տեսանյութով, և այս տարվա Գրական ակումբի առաջին պարապմունքի նախագիծն ու տեսանյութը՝ նվիրված Վահագն Դավթյանին։

Որպես նախագծի ավարտի վերջին ակորդ՝ դավթյանական նախագիծն ամփոփում ենք ուսումնական ճամփորդությամբ․  անցալ տարի Մարինե Մկրտչյանի հետ մի քանի նախագծեր միավորելով՝ այցելեցինք հայոց մեծերի Պանթեոն ու Կոմտասի թանգարան-ինստիտուտ, արժանին մատուցեցինք մեր մեծերին  կոմիտասյան երգերի կատարումներով, դավթյանական ու իսահակյանական բանաստեղծությունների ընթերցումներով։ Հեղինակային կրթական ծրագրի 20-րդ աշնանային հոբելյանական հավաքի շրջանակում  այս տարի ևս, որպես ամփոփում  դավթյանական նախագծի, պատրաստվում ենք այցելել հայոց մեծերի Պանթեոն։ 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով