Նախ փորձենք հասկանալ՝  ինչ ասել է հոգևոր կրթություն:

Հանրակրթության մասին օրենքի 5-րդ հոդվածում [1] շարադրված են հանարակրթության նպատակները և պետական քաղաքականության սկզբունքները: Ըստ այդ հոդվածի՝

1. Հանրակրթությունը նպատակաուղղված է յուրաքանչյուր սովորողի`

1) մտավոր, հոգևոր, ֆիզիկական և սոցիալական զարգացմանը։

Պետության համար սկզբունքային է նաև՝

1) հանրակրթության մարդասիրական բնույթը, ազգային և համամարդկային արժեքների, մարդու կյանքի ու առողջության, անհատի ազատ և համակողմանի զարգացման առաջնայնությունը, քաղաքացիական գիտակցության կարևորումը, անհատի և նրա իրավունքների ու ազատությունների նկատմամբ հարգանքը, արժանապատվությունը, հայրենասիրությունը, աշխատասիրությունը, պատասխանատվությունը, հանդուրժողականությունը, բնապահպանական աշխարհայացքի ձևավորումը:

«Հոգևոր կրթություն» արտահայտությունը, ըստ կրթական աստիճանների, կա նաև Հանրակրթության պետական  չափորոշչում՝ [2]։

Հանրակրթության միջնակարգ ծրագրի շրջանավարտի ուսումնառության ակնկալվող վերջարդյունքները՝

39) դրսևորի հարգալից և հոգատար վերաբերմունք ազգային և համաշխարհային արվեստի արժեքների նկատմամբ, ցուցաբերի մշակույթի իմացություն և դրա հետ հաղորդակցվելու ձգտում.

40) ներկայացնի հայ մշակույթի տեղն ու դերը համաշխարհային մշակույթում և համաշխարհային մշակույթի դերը համամարդկային արժեքների համատեքստում.

41) կարևորի իր՝ հայկական և համաշխարհային պատմամշակութային արժեքների ժառանգորդ լինելը և ցուցաբերի պատասխանատու վերաբերմունք դրանց պահպանման գործում.

45) ճանաչի և արժևորի իր ազգային մշակույթը, նյութական և ոչ նյութական ժառանգությունը, դրա առանձնահատկությունները և ներդրումը համաշխարհային մշակույթի մեջ.

«Միջին դպրոցի ծրագիրը [3] պետք է ներառի գիտելիքներ, պատկերացումներ` 11) ազգային­ հոգևոր ավանդույթների, տոների, բարոյական նորմերի և հիմնարար արժեքների, դրանց պահպանման ու շարունակականության ապահովման գործում ազգային և հոգևոր կառույցների, ինչպես նաև անհատների դերի մասին»։

Հոգևոր կրթության մասին հետաքրքիր ուսումնասիրություն ունի կատարած իմ գործընկեր Յուրա Գանջալյանը[4] Ըստ այդ ուսումնասիրության, աշխարհի տարբեր երկրներ կրոնականի փոխարեն իրականացնում են հոգևոր կրթություն՝ համապատասխան երաժշտությամբ, գրականությամբ, բարոյագիտական նորմերով: «Կրոնի մշակութային մարդաբանությունը վերաբերում է կրոնի մշակութային կողմին, որի առաջնահերթություններից են ծեսերը, հավատալիքները, կրոնական արվեստը, մշակույթի միջոցով ենթագիտակցական անվերապահ հավատի ստեղծումն ու պահպանումը: Կրոնական կրթության հենց այս ուղղությունն է իրականացվում մեր կրթահամալիրում, միայն մի տարբերությամբ. մեր կրթահամալիրում սա սովորելու համար ուսումնական առարկա չէ, սա մասնակցություն է Հայ առաքելական եկեղեցու ծեսերի, ծիսական պարերի ու երգերի, միջնադարյան շարականների ուսուցմանը, որոնք ամեն ուրբաթ առավոտյան ժամերգության ժամանակ իրականում կատարվում են Սուրբ Երրորդություն եկեղեցում: Այս ամենը սովորողների մոտ անվերապահ հավատ ու սեր է ձևավորում հոգևոր մշակույթի նկատմամբ, ինչը չէր կարող անել կրոնական կրթության առարկայական ուսուցումը»:

Ներկայացնենք հեղինակային կրթական ծրագրեր իրականացնող «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հոգևոր-մշակութային նախագծերից մեկը:

«Հոգևոր կրթություն» նախագիծ

Նկարագրություն

Հեղինակային կրթական ծրագրեր իրականացնող «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում իրականացվող հոգևոր-մշակութային նախագծերը կամ այն նախագծերը, որոնք ունեն նման բաղկացուցիչ, տարրալուծված են հանրակրթական  տարբեր առարկաներից (հայոց լեզու, գրականություն, մայրենի լեզու, երաժշտություն, հայ ժողովրդի պատմություն, հայրենագիտական ճամփորդություններ, ուխտագնացություններ) իրականացվող գործունեության ամենատարբեր ոլորտների մեջ և ներառված են կրթահամալիրի ուսումնական օրացույցում, որը հեղինակային կրթական ծրագրի կազմակերպման մեջ էական, կարգավորող դեր ունի։

Թեև «Հոգևոր կրթություն» արտահայտությունը օրենքում չկա, բայց կա «Հանրակրթությունը նպատակաուղղված է յուրաքանչյուր սովորողի՝ 1) մտավոր, հոգևոր, ֆիզիկական և սոցիալական զարգացմանը» (հոդված 5)։ Դա կա նաև չափորոշչում՝ ըստ կրթական աստիճանների։ Ավելին՝ Սուսան Մարկոսյանի բլոգում:

Նախագիծը կարող է իրականացվել որպես «Գրականություն» առարկայի բաղկացուցիչ կամ առանձին՝ «Հոգևոր կրթություն» պայմանական անվամբ:

Նախագծի իրականացման համար հիմք են հանդիսացել՝

Նպատակը

  • խթանել քրիստոնեական կրթությունը՝ զարգացնելով հետաքրքրությունը Աստվածաշնչի և աստվածաշնչյան նյութերի ընթերցանության նկատմամբ,
  • հնարավորինս հասնել քրիստոնեական ծեսերի բովանդակության ըմբռնմանը և յուրացմանը։

Խնդիրները

  • Նոր կտակարանի հատվածների ընթերցում-ձայնագրում,
  • Նարեկացու «Մատյան ողբերգության» հատվածների ընթերցում-ձայնագրում,
  • Դավթի սաղմոսների ընթերցում-ձայնագրում,
  • Հայ Առաքելական Եկեղեցու ծիսական տոների մշակույթին ծանոթացում։

Մասնակիցները՝

9-4 դասարանի նախագծային խումբ, 10-րդ դասարանի նախագծային խումբ, այլ ցանկացողներ

Աշխատակարգ

  • Հրավիրյալ մասնագետի հետ հանդիպումներ, զրույց-քննարկումներ,
  • Նորկտակարանային նյութերի ընթերցում-ձայնագրություններ,
  • Նարեկացու «Մատյան ողբերգության» հատվածների ընթերցում-ձայնագրություններ,
  • Դավթի սաղմոսների ընթերցում-ձայնագրություններ,
  • Ուխտագնացություններ։

Նախագծի ընթացքի լուսաբանումը՝ սովորողների ուսումնական բլոգներում:

Ուսումնական նյութերի թողարկումը՝ «Կանթեղ» հոգևոր-քրիստոնեական բլոգում (ենթանախագծի ղեկավար՝ Դավիթ Մուրադյան և ընկերներ, 9.4 դաս.):

Նախագծում օգտագործվող ուսումնական նյութեր

Ակնկալվող արդյունքներ՝

  • Հոգևոր զրույցների շարք սարկավագ Հովհաննես Մարտիրոսյանի հետ,
  • Հանդիպումների լուսաբանումներ,
  • «Կանթեղ» բլոգի պարբերական թողարկումներ,
  • էլեկտրոնային և աուդիո նյութերի փաթեթի ստեղծում,
  • Ուխտագնացություններ։

Արդյունքներ՝

«Հոգևոր կրթություն» նախագիծը իրականացվում է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում՝ որպես հեղինակային կրթական ծրագրի մի բաղադրիչ, որը միտված է փոխանցել ազգային հոգևոր արժեքներ՝ ձևավորելով պատասխանատու, գիտակից և բարոյական անհատ։ Այս նախագիծը, ըստ էության, ուղղված է ոչ միայն և ոչ այնքան գիտելիքի փոխանցմանը, այլև հոգևոր ու մշակութային արժեհամակարգի ձևավորմանը։

Այն ներառում է հոգևոր-մշակութային բովանդակությամբ մի շարք նախաձեռնություններ, որոնք ինտեգրված են հանրակրթական առարկաների ուսուցման գործընթացում, մասնավորապես՝ հայոց լեզու, գրականություն, երաժշտություն, պատմություն, հայրենագիտություն և ուխտագնացություններ։

Սպասված էր Քոլեջի ( Տաթև Բլեյան և ընկերներ) ուխտը Էջմիածին: Նրանք «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Քոլեջից քայլքով անցել են Փարաքար, Պտղունք, Մայիսյան գյուղերի երկրորդական ճանապարհներով՝ շրջանցելով հիմնական Երևան-Էջմիածին (H13) մայրուղին: Քայլքը իրականացվել է Տիգրան Զոհրաբյանի «Ուխտ դեպի Էջմիածին» նախագծով և նախապես ընտրված երթուղով: Խումբը քայլել է մոտ 16 կմ ճանապարհ՝ հասելով Մայր տաճար:

Մյուսը Ավագ դպրոցի՝ (Մարթա Ասատրյան և ընկերներ) ուխտագնացությունն էր Էջմիածին: Խումբը ուղեկցում էր սարկավագ Հովհաննեսը, ով մանրամասն ներկայացնում էր ուխտագնացության չորս կանգառների՝ Մայր տաճար, ս. Գայանե, ս. Շողակաթ, ս. Հռիփսիմե եկեղեցիների, դրանց կառուցման մասին հետաքրքիր պատմական դրվագներ:  Դժվար, եթե չասեմ՝ անհնար է այս նախագիծը պատկերացնել առանց սարկավագ Հովհաննես Մարտիրոսյանի, ում շնորհիվ վերոհիշյալ նախագիծը շունչ ու հոգի ստացավ և ծավալվեց: Նրա վարած հոգևոր զրույցները սովորողներին հնարավորություն տվեցին ծանոթանալու մեր ազգային հոգևոր ժառանգությանը: Սարկավագի վարած հոգևոր զրույցները համախմբում են սովորողների տարբեր խմբերի և ուսուցիչների, որոնք միասին ստեղծում են մի յուրահատուկ միջավայր՝  հոգևորի և ապրումի համար։

«Հոգևոր կրթություն» նախագիծը նպատակ ունի փոխանցել ազգային և համամարդկային արժեքներ՝ հիմնված քրիստոնեական հավատքի, մշակութային ժառանգության և հոգևոր դաստիարակության վրա։ Այն կարևորում է մարդու ներաշխարհի ձևավորումը՝ շեշտադրելով բարոյականությունն ու հոգևոր աճը։

Սա արվում է ոչ միայն տեսական, այլ նաև գործնական ձևերով. օրինակ՝ ուխտագնացություններ, գրավոր և բանավոր ընթերցումներ, ձայնագրություններ, լուսաբանումներ, բլոգային հրապարակումներ։

Սովորողների պատրաստած լուսաբանումները հրապարակվում են բլոգներում, իսկ էլեկտրոնային և աուդիո նյութերը՝ «Կանթեղ» հոգևոր-քրիստոնեական բլոգում:

«Հոգևոր կրթություն» ասելով՝ առաջին հերթին հասկանում ենք կրթություն, որը վերաբերում է ոչ միայն գիտելիքին, այլ նաև մարդու ներաշխարհին՝ հոգուն, զգացմունքներին, արժեհամակարգին, հավատքին, ինքնաճանաչողությանը։ Եվ ընդհանրապես, հոգևոր կրթություն ասվածը շատ ավելին է, քան մենք պատկերացնում ենք: Դա այն կրթությունն է, որն օգնում է մարդուն դառնալ ամբողջական, ձեռք բերել անձնական փորձառություն՝  հասկանալու համար ինքն իրեն, մարդկանց և աշխարհին:

Հոգևոր կրթությունն օգնում է մարդուն հասկանալ իրեն՝ իր ներաշխարհը, ներքին ձգտումները, զգացումները, սովորեցնում է տարբերել բարին ու չարը, զարգացնում է բարոյական կողմը, կապում է մարդուն իր արմատների հետ՝ ազգային, մշակութային, կրոնական, հոգ է տանում մարդու հոգու մասին, ինչպես ֆիզիկական կրթությունը՝ մարմնի։ Օրինակ, երբ սովորողը կարդում է Նարեկացի կամ Դավթի սաղմոսները, լսում հոգևոր երաժշտություն կամ մասնակցում ուխտագնացության, դա ոչ միայն տեղեկություն է, մի ինչ-որ գիտելիք կամ տեղեկատվություն, այլ նաև ապրում է և ապրումակցում։

Հոգևոր կրթությունը, ըստ էության, ձևավորում է մարդու ներքին լույսը՝ դարձնելով նրան ավելի զգայուն, խոհուն, հասկացող ու հարգալից՝  իր և ուրիշների նկատմամբ։

Եվ վերջում՝ այս ամենի արդյունքը չափելը, իրոք, դժվար է, սակայն պարզ է մի բան՝  հոգևոր կրթությունը կարողանում է դիպչել մարդու ներաշխարհին, հարստացնել հոգին և ձևավորել այն արժեքները, որոնք մեզ դարձնում են մարդ։

Նախագծի մասին պատմող տեսանյութ

Օգտագործված աղբյուրներ՝

[1] ՀՀ օրենքը Հանրակրթության մասին

[2] Հանրակրթության պետական չափորոշիչ

[3] Սուսան Մարկոսյան «Հոգևոր կրթություն»

[4] Յուրա Գանջալյան «Հոգևոր կամ կրոնական կրթություն. այլոց փորձի ուսումնասիրություն»

Տեսանյութը և հոդվածին կից լուսանկարը՝ Արմինե Թոփչյանի

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով