Մենթորի աշխատանքը 1-3-րդ դասարաններում աշխատող անգլերեն դասավանդողների հետ
«Իմացումի հրճվանք» է կոչվում կրթահամալիրի 1-3-րդ դասարանների կրթական ծրագիրը, որի հիմնական նպատակն է առաջին անգամ դպրոց ոտք դրած 5-6 տարեկան երեխաների մոտ սեր ձևավորել ուսման նկատմամբ: Նույն այդ ոգով է կազմված նաև ծրագրի անգլերենի դասընթացը:
Առաջին դասարանի դասընթացն իրենից ներկայացնում է միայն ներածական բանավոր խոսքի ուսուցանում՝ հիմնված տարբեր տեսանյութերի, երգերի, ոտանավորների, երկխոսությունների վրա:
Մենթոր ուսուցչի առաջարկով նոր ընդունված դասավանդողը կազմում է առաջիկա շաբաթվա ուսպարապմունքների պլանները՝ օգտագործելով դասընթացում ընդգրկված տեսանյութերը, երգերը, երկխոսությունները: Դասավանդողի հիմնական խնդիրը դասարանում ներկա բոլոր սովորողների ներգրավմամբ, սիրալիր մոտեցումով, բառերի ճիշտ արտասանությամբ, համբերատար կրկնություններով ուսպարապմունքի վարելն է: Հնարավոր է, որ դասարանում լինեն ուսուցանվող բառերն ու արտահայտությունները իրենց ծնողների շնորհիվ արդեն իմացող սովորողներ: Կարևոր է, որ դասավանդողը անընդհատ չհիմնվի նման սովորողների նախնական լեզվական կարողությունների վրա: Ուսպարապմունքի մեջ անխտիր կերպով ընդգրկվում են բոլոր սովորողները:
Շաբաթվա վերջին դասավանդողը հաշվետվություն է ներկայացնում ուսպարապմունքների արդյունքների մասին, իսկ ամսվա վերջին մենթոր ուսուցիչը մենթորական աշխատանքի մասին հաշվետվություն է ներկայացնում մենթորական լաբորատորիայի ղեկավարին:
Երկրորդ դասարանում սկսվում են տառուսուցումը և ընթերցումը: Սովորողները բանավոր ասում և ընթերցում են այն բառերը, արտահայտությունները և խոսքային նմուշները, որոնք սովորել են առաջին դասարանում: Որպես դասագիրք օգտագործվում է Աննա Գանջալյանի աուդիո գիրք–տետր–դասագիրքը, My First Steps in English՝ դասավանդողի համար իր մեթոդական ուղեցույցով:
Երկրորդ դասարանում ուսուցանվող թեմաներն են՝ «Անգլերենը մեր տանը», «Իմ ընկերը», «Իմ ընտանիքը»: Այս թեմաները ընդգրկված են գիրք-տետրում:
Դասավանդողին հանձնարարվում է ուսումնասիրել և՛ մեթոդական ուղեցույցը, և՛ ծրագրում նշված ուսուցչի գործառույթները: Շաբաթվա համար կազմած իր պլանում դասավանդողը նշում է այն նոր բառերը, արտահայտությունները և դրանցով կազմվող նախադասությունները, որոնք անհրաժեշտ են տվյալ թեմայի լուսաբանման և յուրացման համար: Դասավանդողը իր կատարած աշխատանքների արդյունքի մասին գրում է իր մենթոր ուսուցչին: Վերը նշված մեթոդական ուղեցույցում նկարագրված են տարբեր ուսումնական պարապմունքների պլանավորման ձևեր: Դասավանդողը ուսումնասիրում է դրանք և կազմում իրենը:
Մեթոդական ուղեցույցում նկարագրված է, թե ինչպես է ուսումնական թեման դառնում ընտանեկան նախագիծ:
Դասավանդողին առաջարկվում է ուսպարապմունքների պլանները այնպես կազմել, որ դրանք նույնպես դառնան ընտանեկան նախագծեր:
Երրորդ դասարանում խորհուրդ է տրվում օգտագործել Մարգարիտա Ապրեսյանի 3-րդ դասարանի համար գրված դասագիրքը, իսկ լեզվական նյութի յուրացման համար՝ «Round up starter»:
Լեզվական նյութը՝ քերականությունը, մատուցվում է որպես խոսք, արտահայտվելու ձև՝ առանց նշելու որևէ քերականական տերմին:
Երրորդ դասարանի ծրագրում նշված են 14 թեմաներ, որոնցով դասավանդողը պետք է աշխատի սովորողների հետ: Այդ 14 թեմաներից յուրաքանչյուրը մի կարճատև հաղորդակցական նախագիծ է համարվում:
Յուրաքանչյուր թեմայի վերաբերյալ դասավանդողը կազմում է ուսպարապմունքների պլաններ, որոնց մեջ նշվում են այն բառերը, բառակապակցությունները և խոսքային նմուշներն ու արտահայտությունները, որոնք բնորոշ են տվյալ թեմային:
Դասավանդողը թեմայի յուրացման ընթացքում իր աշխատանքային հաշվետվությունների մեջ նշում է այն լեզվական կարողությունները, որոնք սովորողները ձեռք են բերոլ այդ թեման յուրացնելիս: Այդ լեզվական կարողությունների նկարագիրը տրված է «Իմացումի հրճվանք» -ի անգլերենի ծրագրի «Գնահատում» բաժնում: Դրանք իրենց բնույթով լեզվական առաջին չափորոշչային կարողություններն են: Դասավանդողը պետք է իմանա, որ «Իմացումի հրճվանք» ծրագրով աշխատելիս որևէ թվանաշանային գնահատում չի կատարվում:
Դասավանդողի ՏՏ հմտությունները «Իմացումի հրճվանք» ծրագրով աշխատելիս.
- Աշխատել Paint համակարգչային ծրագրով
- Մոնտաժել սովորողների ուղարկած տեսանյութերը և հրապարակել դրանք YouTube-ում:
Աշխատանքը չորրորդ դասարանի դասավանդողի հետ
Չորրորդ դասարանի անգլերենի առարկայական ծրագիրը և գնահատումը 2025-2026 ուստարվա համար
Ծրագրում նշված ուսումնական թեմաների վերաբերյալ դասավանդողը կազմում է ուսպարապմունքների պլաններ, որտեղ երևում են բառային աշխատանքը, լեզվանյութը, թեմային վերաբերող երկխոսությունները, նկարագրական տեքստերը, տեքստերի վերաբերյալ հարցերը:
Ուսումնական թեմաները ամփոփվում են սովորողների ստեղծած տեսանյութերով, որոնք դասավանդողը մոնտաժում և հրապարակում է YouTube-ում:
Դասավանդողն իր կազմած ուսպարապմունքների պլանները, ուսումնական նյութերը, սովորողների ուղարկած և արդեն մոնտաժված և YouTube-ում հրապարակված տեսանյութերի հղումները ուղարկում է մենթոր ուսուցչին՝ որպես հաշվետվություն:
Դասավանդողը պետք է իմանա, որ սովորողների թվանշանային գնահատում չի արվում առաջին և երկրորդ ուսումնական շրջանների ընթացքում: Գնահատումը միայն ձևավորող է, որի բնութագրող կարողությունները ըստ լեզվական տարբեր բաղադրիչների տրված են 4-րդ դասարանի առարկայական ծրագրի վերջում:
Օգտագործվող դասագրքեր և ուսումնական կայքեր․
- Մարգարիտա Ապրեսյանի 4-րդ դասարանի դասագիրքը
- Round up 1-2
- Բրիտանական խորհրդի LearnEnglish Kids կայքը:
Աշխատանքը հինգերորդ դասարանի դասավանդողի հետ
5-րդ դասարանի անգլերենի առարկայական ծրագիրը և գնահատումը 2025-2026 ուսումնական տարվա համար
Մենթորի աշխատանքի բնույթը նույնն է, ինչ արվում է չորրորդ դասարանի դասավանդողի հետ: Ծրագրի վերջում տրված է նաև ձևավորող գնահատման բնութագրող կարողությունները ըստ լեզվական բաղադրիչների:
Աշխատանքը 6-րդ դասարանի դասավանդողի հետ
6-րդ դասարանների անգլերենի առարկայական ծրագիրը 2025-2026 ուստարվա համար
6-7-8-րդ դասարաններում դասավանդելիս անգլերեն դասավանդողներին խորհուրդ է տրվում օգտագործել Մատյուշկինա Գերկեի «Practical Grammar in Patterns» գործնական քերականության դասագիրքը, որը քերականությունը ուսուցանում է միայն խոսքային նմուշներով՝ առանց տեսական բացատրությունների: Օրինակ՝ 6-րդ դասարանում առաջին անգամ տեսնում ենք ածականների համեմատության աստիճանները, որի համար առաջարկվում են հետևյալ խոսքային նմուշները.
Model: Is Vanadzor smaller or bigger than Yerevan? (smaller)
Vanadzor is smaller than Yerevan
Model: Is the film as interesting as the book? (…more interesting than…)
Դասընթացների ծրագրերը Միջին դպրոցում
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր. 9-րդ դասարանի անգլերենի առարկայական ծրագիրը 2025-2026 ուստարվա համար
Դասընթացների ծրագրերը հետազոտական վարժարանում
Միջին և ավագ դպրոցներում աշխատել պատրաստվող դասավանդողներին մենթոր ուսուցիչը մանրամասն ներկայացնում է տարբեր տեսակների ուսումնական նախագծերի մշակման ձևերը:
Ուսումնական նախագիծ
Դասավանդողին հանձնարարվում է, նախ և առաջ, ուսումնասիրել «Ուսումնական նախագծին ներկայացվող պահանջները. մեթոդական մշակում» հրապարակումը:
Դասավանդողին է ներկայացվում ուսումնական նախագծի ամփոփ կառուցվածքը.
- Նախագծի վերնագիրը
- Նախագծի նպատակը իրական կյանքում հանդիպող մի խնդրի ձևակերպում է, որի լուծումը տալիս է նախագծի իրականացումը:
- Նախագծի իրականացման ժամկետները
- Մասնակիցները և աշխատանքի բաժանումը
- Նախագիծն իրականացնելու ընթացքում սովորողների կողմից ձեռք բերվող նպատակային գիտելիքները և հմտությունները
- Որոնողական, հետազոտական աշխատանքի նկարագրությունը
- Վերջնական արդյունքի (հոդված, պրեզենտացիա, տեսաֆիլմ, թարգմանություն, այլ) հանրային ներկայացում-պաշտպանություն
- Անդրադարձ. սովորողների, դասավանդողների, ծնողների, մասնախմբի, հրավիրյալ փորձագետների ամփոփում և գնահատում
Միջին դպրոցի 8-9-րդ և հետազոտական վարժարանի 10-11-12-րդ դասարաններում աշխատող դասավանդողին առաջարկվում է ուսումնասիրել և վերլուծել արդեն իրականացված հետևյալ նախագծերը.
- Սովորում ենք գրել – Յուրա Գանջալյան
- Բացահայտելով բնության հրաշալիքները – Նունե Այդինյան
Դասավանդողին առաջարկվում է կազմել մեկ կարճատև նախագիծ, մեկ միջին տևողությամբ և մեկ երկարատև նախագիծ՝ հաշվի առնելով նախագծի կառուցվածքին ներկայացվող պահանջները:
Կազմած նախագծերը ուղարկվում են մենթոր ուսուցչին: Նախագծերի իրականացման մասին պարբերաբար հաշվետվություններ են ուղարկվում մենթոր ուսուցչին:
Ուսումնական նյութերի ստեղծում
Դասավանդողին առաջարկվում է կարդալ, ուսումնասիրել «Անգլերեն դասավանդողի ուղեցույց. Անգլերենի ուսումնական նյութերի ստեղծումը միջին և ավագ դպրոցում սովորողների համար»
Դասավանդողին առաջարկվում է ուսումնասիրել հետևյալ ուսումնական նյութերը.
Դասավանդողին առաջարկվում է կազմել ուսումնական նյութեր՝ ըստ տվյալ դասարանի ուսումնական թեմաների: Կազմված ուսումնական նյութերը հրապարակվում են բլոգում և հղումները ուղարկվում են սովորողներին, մենթոր ուսուցչին: Ամսվա վերջին ստեղծված բոլոր ուսումնական նյութերի հղումները ընդգրկվում են դասավանդողի հաշվետվության մեջ:
Դասավանդողի բլոգում պետք է լինի «Ուսումնական նյութ» բաժինը:
Այլոց փորձի ուսումնասիրություն – հոդված
Անգլերեն դասավանդողի համար կարևոր է այլոց փորձի ուսումնասիրություն-հոդված գրելը: Նման հոդվածը ինքնին հետազոտական աշխատանք է դասավանդողի համար, որը երկու կարևոր նպատակ է հետապնդում՝
- Մասնագիտական զարգացում ինքնակրթության միջոցով
- Անգլերեն չիմացող այլ դասավանդողների համար մանկավարժական հայալեզու գրականության ստեղծում
Այլոց փորձի ուսումնասիրություն-հոդված գրելու քայլաշարերը.
ա) Թեմայի ընտրություն. դասավանդողին առաջարկվում է իրեն հետաքրքրող մանկավարժական մի թեմա ընտրել։
բ) Ենթադրենք դասավանդողին հետաքրքրում է այն հարցը, թե ինչպես բարձրացնել սովորողների անգլերեն սովորելու մոտիվացիան միջին և ավագ դպրոցներում: Այդ նպատակով առաջարկվում է Google-ի որոնման պատուհանում գրել «How to increase middle and high school learners’ intrinsic motivation to learn English – Ինչպե՞ս բարձրացնել սովորողների անգլերեն սովորելու ներքին մոտիվացիան միջին և ավագ դպրոցներում»:
գ) Համակարգչի էկրանին կհայտնվեն նման բովանդակությամբ հոդվածներ: Դասավանդողին առաջարկվում է կարդալ այդ հոդվածները և գրել դրանց կարճ անոտացիաները՝ այն ամենակարևոր մտքերը, որոնցով տվյալ հոդվածը տարբերվում է մյուսներից:
դ) Այդ կարճ անոտացիաները դասավանդողին հուշում են, թե ինչպես կարելի է սկսել, զարգացնել սկսած միտքը տարբեր հեղինակների տեսակետներով, որից հետո համադրել և համեմատել այդ տարբեր տեսակետները: Վերջում կարելի է գրել ամենաարդյունավետ աշխատանքային մեթոդների մասին՝ ինչպես նաև արտահայտել սեփական տեսակետը տվյալ հարցի նկատմամբ: Այս ամենից հետո կարելի է նույն հարցը ուղղել նաև նաև ChatGPT-ին: Ստացված պատասխանը համեմատել եզրափակիչ խոսքում գրվածի հետ: Մեծ բավականությամբ կարելի է նշել այն փաստը, որ մոտավորապես նույն մեթոդներն են համարվում ամենակարևորները և՛ սեփական ուսումնասիրությամբ լուսաբանվածները, և՛ արհեստական բանականության առաջարկածները: Հետաքրքիր կլինի նաև նշել այնպիսի առաջարկները, որոնք նշված չեն ընթերցված, ուսումնասիրված հոդվածներում: Ահա այս ձևով կստեղծվի այլոց փորձի ուսումնասիրություն-հոդվածը:
Մենթոր ուսուցիչը նաև ժամանակ է հատկացնում ներկա գտնվելու դասավանդողի 1-2 ուսպարապմունքներին, որպեսզի պարզի, թե որքանով է դասավանդողը կարողացել գործնականում կիրառել մենթոր ուսուցչի մեթոդական ցուցումները: