21-րդ դարի կրթական համակարգը պահանջում է ուսուցման այնպիսի ձևեր, որոնք միավորում են տեսությունը և գործնական փորձը։ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի քոլեջը հենց այդ ուղղությամբ է ձևավորել, զարգացրել իր կրթական մոդելը, որտեղ ստեղծվել է ստեղծագործական, փորձարարական միջավայր՝ միավորելով դասավանդողի և ուսանողի համագործակցային աշխատանքը: Կրթահամալիրը, քոլեջը ստեղծել են գործնական ուսուցման բազմաթիվ հարթակներ, որտեղ ձևավորվում են ուսանողների մասնագիտական հմտություններն ու կարողությունները, պատասխանատվության զգացումը, թիմային աշխատանքի կարողությունները և նորարարական մտածողությունը՝ կրթությունը դարձնելով կենդանի, գործնական և արդի աշխատաշուկային համահունչ։
2021-2025թթ. զարգացման ծրագրով պայմանավորված՝ Քոլեջը կիրառում է աշխատարանային ուսուցմամբ գործունեություն:
Աշխատարանը ուսումնական և ստեղծագործական միջավայր է, որտեղ ուսանողները գործնական աշխատանքների միջոցով յուրացնում են գիտելիքահեն հմտություններ և կարողություններ։ Այն միաժամանակ սովորելու, փորձարկելու և ստեղծելու տարածք է, որտեղ տեսական ուսուցումը փոխկապակցվում, միահյուսվում է իրական գործունեությանը:
Աշխատարանային գործունեությունը ուսուցման այն ձևն է, որի ընթացքում ուսանողը մասնակցում է իրական գործընթացների՝ վերլուծելով և ներկայացնելով իր աշխատանքի արդյունքը։ Այսպիսի ձևաչափը խրախուսում է հետազոտական մտածողությունը, ինքնուրույնությունն ու պատասխանատվությունը։
2025-2026 ուսումնական տարում քոլեջը ներդրեց դիմորդների՝ աշխատարանային գործունեությամբ ընդունելությունը՝ որպես նորարարական մոդել: Միաժամանակ ունենալով կրթական և մշակութային նրբերանգներ՝ այն նպաստում է ուսանողի մասնագիտական կողմնորոշմանը, նախաձեռնողականությանը և ինքնադրսևորմանը ստեղծագործ միջավայրում։
Աշխատարանը միավորում է նախագծային, արվեստանոցային և մեդիահեն մոտեցումները՝ ապահովելով դիմորդի ակտիվ մասնակցությունը ուսումնական գործընթացին։ Ըստ հաստատված կարգի՝ աշխատարանով ընդունելությունը նպատակաուղղված է դիմորդի մասնագիտական կողմնորոշմանը, անձնային ներուժի բացահայտմանը, հաղորդակցական և ստեղծարար կարողությունների զարգացմանը։
Քոլեջում ձևավորվել են մի շարք մասնագիտական աշխատարաններ՝ համապատասխան մասնագիտական ուղղություններով՝
- Հագուստի մոդելավորում և նախագծում,
- Համակարգչային գեղարվեստական նախագծում,
- Լուսանկարչական գործ,
- Զբոսաշրջություն,
- Գինեգործություն,
- Շուկայաբանություն,
- Հաշվողական տեխնիկայի միջոցների և համակարգչային ցանցերի տեխնիկական սպասարկում։
Յուրաքանչյուր աշխատարան կառուցված է նախագծային ուսուցման սկզբունքով. ուսանողը մշակում է գաղափար, ստեղծում նյութական կամ մեդիաարտադրանք և այն ներկայացնում հանրային դիտարկման։
Հագուստի մոդելավորման աշխատարանում ուսանողները մշակում են էսքիզներ և մոդելներ՝ ուսումնասիրելով ձևի և նյութի լեզուն։ Լուսանկարչական աշխատարանում դիմորդները պատմում են լույսով ու կադրով՝ դարձնելով լուսանկարը սեփական հայացքի, մտքի գրառման ձև։ Գինեգործության աշխատարանում ուսանողներն ուսումնասիրում են խաղողի տեսակներ, պատրաստում նմուշային գինի և այլն։
Աշխատարանը միաժամանակ ստեղծում է մեթոդական միջավայր՝ հիմնված նախագծային և խնդիրահեն ուսուցման վրա. ուսանողները մշակում են նախագծեր, որոնք ունեն իրական արդյունք՝ ցուցադրություն, արտադրանք, ֆիլմ, հանրային ներկայացում։ Այդ ճանապարհին ձևավորվում են ոչ միայն մասնագիտական հմտություններ, այլև հաղորդակցական, մեդիա, թվային և վերլուծական կարողություններ։ Օգտագործվում են ժամանակակից գործիքներ՝ բլոգավարություն, վիզուալ պատմություններ, բանավեճեր, վիրտուալ պորտֆոլիոներ, մեդիաարտադրանքներ։ Աշխատարանը բաց է ոլորտային մասնագետների հետ հանդիպումների, այցերի, համագործակցային նախագծերի համար, որոնք ուսուցումը տեղափոխում են կյանքի իրական դաշտ։
Գնահատումն այս համակարգում նպաստում է զարգացման գործընթացին։ Այն շարունակական է, բաց, անհատական։ Ուսանողը մասնակցում է ինքնագնահատման, խմբային քննարկումների, նախագծերի հանրային ներկայացման։ Գնահատվում է ոչ թե միայն արդյունքը, այլև ամբողջ ընթացքը՝ մտածողության զարգացումը, որոնման համառությունը, արագ կողմնորոշումը, տրամաբանական, թիմային մտածողությունը, ստեղծագործական մոտեցումը և այլն։
Դասավանդողները, դիմորդները, աշխատարանին մասնակցող ուսանողները միասին դիտարկում են ձեռքբերումներն ու բացերը՝ վերլուծելով ոչ միայն աշխատանքի արդյունքը, այլև սեփական աճը։ Այդ ամփոփումները վերածվում են ցուցահանդեսների, հանրային ելույթների՝ մեդիաամփոփումներով, որոնց ընթացքով դիմորդները ներկայացնում են իրենց աշխատանքը՝ որպես կրթական ճանապարհի արդյունք։ Յուրաքանչյուր աշխատարան ավարտվում է հետադարձ կապի վրա հիմնված վերլուծությամբ ու ամփոփմամբ։
Սեբաստացի կրթական մտածողությունը միշտ եղել է մարդակենտրոն։ Աշխատարանը դրա ամենատեսանելի արտահայտությունն է։ Այստեղ ուսանողը հայտնվում է իր իսկ կյանքի փորձի մեջ։ Նա դառնում է իր աշխատանքի, իր նախագծի և իր ուսումնառության համահեղինակը։ Այս մոտեցումն է, որ ձևավորում է մասնագիտական մտածողություն՝ տեխնիկական հմտության, գեղագիտական ճաշակի և բարոյական պատասխանատվության միասնությամբ։
Քոլեջի աշխատարանային մոդելը ներառում է Բլումի կրթական մտածողության աստիճանակարգի (Bloom’s Taxonomy) տրամաբանությունը՝ հիշել→հասկանալ →կիրառել→վերլուծել →գնահատել →ստեղծել բանաձևով: Ուսանողն անցնում է գիտելիքի յուրացումից դեպի ըմբռնում, կիրառում, վերլուծություն և ստեղծագործական ինքնադրսևորում։ Նման կերպ խրախուսվում է ուսանողի ակտիվ մտածողությունը, ինքնուրույնությունը և պատասխանատվությունը՝ վերածելով սովորելու գործընթացն ինքնաճանաչման ճանապարհի։ Այդ պատճառով էլ սեբաստացիական կրթությունը մշակույթ է, ոչ թե մեթոդ։
Վերջին տարում քոլեջում ձևավորված աշխատարանային համակարգը տվել է տեսանելի արդյունքներ․ բարձրացել են դիմորդների մասնագիտական կողմնորոշման ցուցիչը, ուսանողների մասնակցությունը նախագծային ուսուցման մեջ, ձևավորվել են նոր մասնագիտական կապեր համայնքների և կազմակերպությունների հետ, աճել է դիմորդների հետաքրքրությունը ստեղծագործ մասնագիտությունների նկատմամբ։ Սակայն համակարգը պահանջում է շարունակական զարգացում՝ նյութատեխնիկական բազայի պարբերական համալրում, նոր մեթոդական մոտեցումների մշակում, գնահատման ճկուն չափանիշների ներդրում։
Այսպիսով, աշխատարանը սեբաստացիական կրթության կենդանի մարմինն է։ Այն միավորում է ուսուցումն ու ստեղծագործությունը, հմտությունն ու արժեքը։ Աշխատարանը սովորեցնում է ոչ միայն մասնագիտություն, այլև վերաբերմունք կյանքի, աշխատանքի և մարդու հանդեպ։ Այստեղ ուսանողը դառնում է ոչ միայն մասնագետ, այլ ստեղծագործ անհատ, ով գիտի՝ սովորել նշանակում է գործել, իսկ գործել նշանակում է ստեղծել, արարել կյանքով։
Սեբաստացի լինելը հենց դա է՝ սովորել՝ ստեղծելով, գործել՝ սովորելով, ապրել՝ ստեղծագործելով։
