Մայիսի 20-ը մեղուների միջազգային օրն է։ Օրն ընտրվել է ի հիշատակ մեղվաբույծ Անտոն Յանշայի ծննդյան օրվա, ով համարվում է ժամանակակից մեղվաբուծության հիմնադիրներից մեկը։

Մեղուները հայտնի են ծաղկաբույսերի փոշոտման մեջ իրենց կարևոր դերով, ինչպես նաև նրանով, որ տալիս են մեղր և մեղրամոմ։ Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) Գլխավոր ասամբլեան մեղուներին առանձին օր է նվիրել, որպեսզի բարձրացվի նրանց նշանակության մասին տեղեկացվածությունը։ Այս յուրօրինակ մեղրատու կենդանիների գոյությունը պահպանելու համար հարկավոր է ապահովել նրանց կենսամիջավայրի պահպանությունը:

Դեռ վաղնջական ժամանակներից մայր մեղուն ասոցացվել է մոր պաշտամունքի, պտղաբերության, իսկ մեղրը, մեղրամոմը` մաքրության, անարատության հետ: Մեղրն աստվածների կերակուր է համարվել: Ըստ ավանդության հայոց Տիր աստվածը սովորություն է ունեցել նստել Տիրկատար լեռան լանջին և ուտել հատուկ իր համար մեղուների պատրաստած մեղրը, որ պահվում էր մոտակա քարայրի տասը կարասների մեջ: «Սասնա ծռեր» էպոսում Դավիթը Իսմիլ խաթունի կուրծքը չի ընդունում․ նրան կերակրում են Սասունից բերված մեղրով ու կարագով․․․

Հայերի մեջ մեղրի, մեղրամոմի հետ կապված ծեսերը բազմազան են: Դրանք առկա են ամանորյա, ծաղկազարդի, կնունքի, հարսանիքի ու բազմաթիվ այլ ծեսերում:

Մեղրը մեծ տեղ է գրավում նաև հայերի սննդակարգում․ այն բուժիչ սննդամթերք է՝ միաժամանակ և′ սնունդ է, և′ քաղցր ու հականեխիչ դեղամիջոց: Մեղրը համարվում է նաև պասային ուտելիք, որն օգտագործում են պասուց քաղցրավենիք պատրաստելու համար: Այն հատկապես շատ են օգտագործում տոնածիսական անուշեղենի բաղադրության մեջ։

 «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի  Ուսումնական մեղվանոցի օրացույց-ով մայիսի 20-ը ևս նշված է՝ որպես մեղուների գովքի, պաշտպանության օր։ Եվ այդ օրը կրթահամալիրի 2-4 տարեկանների խնամքի ու զարգացման խմբերում ուղղակի չէր կարող անցնել սովորականի պես։ Հաշվի առնելով մեղուների դերն ու նշանակությունը բուսաբուծության, այգեգործության, բանջարաբուծության և գյուղատնտեսության այլ ճյուղերում ու կարևորելով մեղուների պաշտպանությունը բնության մեջ՝ նախակրթարանի բոլոր խմբերն այդ օրն իսկական «մեղվանոցի» են վերածվում։

Օրինակ` մեղու նկարելու համար ամենևին էլ պարտադիր չէ, որ թուղթ լինի․ սաներն իրենք էլ հենց կարող են դառնալ մեղվիկներ։ Տեսեք՝ ինչքան բան գիտեն մեղվի ու մեղրի մասին։ Պատմում են՝ ինչպես են տեղից տեղ թռչում, ծաղիկներից նեկտար հավաքում, ․խոսում են մեղրի ու դրա օգտակարության մասին։

Սաներին պատմում ենք մեղուների, նրանց աշխատասիրության, օգտակար մեղրի մասին․․․ Մեղուների պաշտպանության օրը կրթահամալիրի բոլոր պարտեզներում մեղվագովք է․ ասիկների, խաղիկների, երգերի միջոցով ներկայացնում են օրը՝ դառնալով իսկական տզզան մեղուներ։

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ուսումնական օրացույցով օգոստոս ամիսը նշանավորվում է «Մեղրաքամ»-ի ծեսով։ Բլեյան դպրոցում հեղինակային կրթական ծրագրի բաղկացուցիչ մասը հենց ծեսով ուսուցումն է։

Տեսեք՝ ինչպես են կրթահամալիրի տարատարիք ճամբարականները, դասավանդողներն ու այլ հյուրեր միասին Արատեսի դպրական կենտրոնի ուսումնական մեղվանոցում իրականացնում «Մեղրաքամ»-ի ծեսը։

Կրթահամալիրի նախակրթարաններում իրականացվող «Մեղրածես, մեղվագովք» նախագիծը ներառում է բազմաբնույթ և հետաքրքիր գործողություններ, որոնք ունեն ուսումնական և զվարճալի բնույթ։ Սեբաստացի պարտեզիկները, իհարկե, անմասն չէին կարող մնալ ծեսի շրջանակում իրականացվելիք աշխատանքներին։ Ծեսին ընդառաջ` 2-4 տարեկաններն իրականացրել են մեղրա-մեղվագովքի նախագծեր։ Ամառային լողափնյա տարածքը միանգամից վերածվեց մեղվանոցի՝ իր պզզան սաներով․ գովեցին մեղրն ու մեղուներին, չլմփացրին, ծափ-խաղեր խաղացին ու իսկական տոնի վերածեցին օրը։

Բլեյան պարտեզում ծեսի իրականացումը ունի ուսումնական բնույթ, որի բուն նպատակը ոչ թե ուղղակի սովորական ուսուցումն է, այլ միասին ապրելով կրթություն ստանալը՝ խաղով, երգով, պարով, ամենաանկեղծ զրույցներով, կարծիքների փոխանակմամբ, ավանդական և ոչ ավանդական տարրերով հագեցած․․․ Ահա՝ ինչպես են 5-6 տարեկանները միասին ու համախմբված, ազատ ու անկաշկանդ այլ ընթացք տալիս Ղ․ Աղայանի մանկական խաղիկներից մեկին․ միաժամանակ և՛ ուսուցանում են, և՛ երևակայում, և՛ հորինում, և՛ խաղում․․․

Ծեսի իրականացման գործընթացում կարևոր և բաղկացուցիչ մաս են կազմում ծեսի նախապատրաստական աշխատանքները, որոնց ընթացքում սանը մասնակցում է բազմաբնույթ ուսումնական գործընթացների, ինչն էլ նպաստում է սանի բազմակողմանի զարգացմանը։

Օրինակ՝ տեխնոլոգիական աշխատանքի և այլընտրանքային նկարչության միջոցով սաներն իրենց պատկերացրած փեթակն են ստանում՝ միաժամանական խաղում են, զվարճանում, տեսնում թիմային ու միասնական աշխատանքի կարևորությունն ու վերջնական արդյունքը։

Մեղվածեսի շրջանակում սաները համտեսում են մեղրը, ուսումնասիրում, իրենց համար նոր բացահայտումներ անում՝ հնարավորություն ունենալով զգացած ու ունեցած տպավորությունների մասին արտահայտվել ու պատմել։ Ու այս ամենն անընդհատ է․ սեբաստացի սանի համար ամեն օրը հայտնագործությունների անվերջ շղթա է, որով էլ ապրում է իմացումի ամենաիրական հրճվանքը:  

Ծեսի մասնակիցներն ինչպես նախապատրաստական, այնպես էլ իրականացման ընթացքում կիրառում են իրենց կարողությունները, հմտությունները, գիտելիքները: Այս փոքրիկ, բայց շատ աշխատասեր ու ժրաջան մեղվիկները միշտ պատրաստակամ են։ Բավական է որևէ գործունեության անուն տալ, ու վերջ՝ արդեն բոլորը կազմ ու պատրաստ կանգնած են։ Խոհանոցային գործունեությունները սաներին հնարավորություն են տալիս ուսումնասիրելու, հետազոտելու, կշռելու, չափելու, ստեղծագործելու, ամեն մեկը հնարավորություն է ունենում ինքնաարտահայտվելու ու իրեն դրսևորելու։

2-4 տարեկանների հետ երաժշտական ինքնաշեն նվագարանների ու շրխկանների պատրաստումը դարձել է առօրյա գործունեության մի մաս։ Մեղվագովքի շրջանակում նրանք պատրաստեցին ինքնաշեն շրխկաններ ամենասովորական իր-առարկաներից՝ հատիկեղենից, մի լավ շրխկացրին ու ստացան ռիթմիկա` միաժամանակ զարգացնելով մոտորիկան, լսածը կրկնօրինակելու, արագ կողմնորոշվելու կարողությունը, ամրապնդելով ռիթմի զգացողությունը և, որ ամենակարևորն է՝ այդ ամենը իրականացրին խաղով, հավեսով ու հրճվանք ապրելով։

Նկարել սիրում են բոլոր սաները, հատկապես, երբ դա արվում է այլընտրանքային ձևով։ 2-4 տարեկանները բացօթյա միջավայրում, իրար օգնելով, ստեղծագործելով, երևակայելով ու մեղուների մասին իրենց իմացածը միմյանց պատմելով` քարերի վրա նկարեցին իրենց պատկերացրած մեղվին՝ զարգացնելով երևակայությունը, ստեղծականությունը, ստեղծագործելու կարողությունը։

Մեղվագովքի, ծաղկագովքի ծեսը նշեցինք ժրաջան մեղուների մասին երգելով ու արտասանելով։ Հետևելով օրվա խորհրդին` սաներն էլ անմասն չմնացին. գովեցին և’ մեր աշխատասեր մեղուների «տեսքն» ու գույնը, և’ ամենաքաղցր մեղրի համն ու հոտը։

Մեղուներին նմանակող խաղեր

Բլեյան պարտեզում խմբային ու թիմային աշխատանքները առանձնահատուկ տեղ ունեն։ Կարևորելով միասին աշխատելու նշանակությունը` 2-4 տարեկանները մեղվածեսի շրջանակում խմբային մարզական խաղեր են կազմակերպել՝ ծաղկից ծաղիկ թռչելով ու նեկտար հավաքելով։

Համախմբված ուժերով փեթակ են կառուցել, ազգային խաղեր խաղացել…. Սաները խաղացին «Մեղուներ-ծաղիկներ» խաղը, գեղեցիկ ֆոտոշարք ունեցան քոլեջի բակում և բոլորով գովերգեցին ժրաջան մեղուներին։

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր հաճախող ամեն սանի հետ սեբաստացի է դառնում նաև ընտանքիը։ Սկզբում, երբ նոր են հաճախում պարտեզ, ծնողները (մեծմասամբ ոչ սեբաստացիներ) երբեմն զարմանում են «ծես» բառի վրա՝ պատկերացում չունենալով՝ ինչ է այն իրենից ներկայացնում, բայց շատ կարճ ժամանակ անց սանը, իր առօրյա գործունեությամբ կարողություններ և հմտություններ ձեռք բերելով ու փոխանցելով, ակամայից յուրացնում է ծեսը ու դառնում այն կրողը։ Բաց, թափանցիկ, ազատ միջավայրում նրանք խաղարկում են ծիսական գործողությունները՝ երգելով, պարելով, թռնոցիներով, բակային և ազգային խաղիկներով, ուտեստներով, այս ամենը տեղափոխում տուն՝ անմիջական մասնակիցը դարձնելով նաև ծնողին։

Տեսեք` ինչպես է 2.10 տարեկան Հայկը մայրիկին շատ լուրջ դեմքով ու հատուկ ոգևորությամբ պատմում մեղուների ու մեղրի մասին։

Նոր սեբաստացի է, բայց արդեն հասցրել է դառնալ ու նաև իր ընտանքին դարձնել մեր ծեսի կրողը։

Ահա այսպես էլ սեբաստացի պարտեզիկները մեղվատոնը վերածեցին իսկական ծեսի` երգելով, պարելով, նկարելով, հորինելով, երևակայելով, ստեղծագործելով, մեղրային ուտեստներով… Եվ, ուրիշ ո՞նց, եթե ոչ հենց այսպես էլ դառնում են ծեսի իրական կրողը, յուրացնողը, տարածողն ու փոխանցողը․․․

Մի քանի խորհուրդ՝ ինչ անել, եթե խայթել է մեղուն

  • Առաջին հերթին պետք է աշխատել այնպես անել, որ մեղուն ձեզ չխայթի:
  • Չի կարելի անցնել փեթակների առջևով:
  • Չի կարելի առանց մասնագետի մոտենալ փեթակներին:
  • Չի կարելի կտրուկ շարժումներ անել, վազել, գոռալ, եթե մեղուն մոտ է թռչում:
  • Չի կարելի առանց ցանցով գլխարկի, երկար տաբատի, երկարաթև վերնաշապիկի, փակ կոշիկների մտնել մեղվանոց:
  • Ծաղկավոր կամ վառ գունավոր նախշով հագուստն ավելի լավ է թողնել պահարանում: Նույնը վերաբերում է նաև դեղին զգեստներին, քանի որ դա մեղուների սիրելի գույնն է: Սպիտակ, կանաչ կամ բաց դարչնագույն հագուստն այդ առումով առավել անվտանգ է, քանի որ միջատներին չի գրավում:
  • Ձեր ձեռքին չպետք է քաղցրեղեն լինի, հատկապես հյութեր: Եթե քաղցրավենիքի մնացորդները կուտակվեն ձեր դեմքին կամ շրթունքների վրա, մեղուն կարող է մտնել ձեր բերանը, խայթել շրթունքները: Ծայրահեղ դեպքում շշի բերանը պետք է փակ պահել, որպեսզի միջատները մեջը չմտնեն:
  • Եթե մեղուն կամ կրետն, այնուամենայնիվ, ձեզ խայթել է, ապա անմիջապես դուրս քաշեք խայթը:
  • Եթե խայթը մնացել է մաշկի մեջ, ապա անհրաժեշտ է որքան հնարավոր է արագ և զգույշ հեռացնել այն, քանի որ դրա ծայրին գտնվող թույնով լի փոքրիկ պարկը շատ նուրբ է ու, հեշտությամբ պայթելով, թույնը կարող է անցնել արյան մեջ:
  • Աշխատեք գործել արագ և վճռական: Խայթը հանելուց հետո վերքը մաքրեք սպիրտով, մանրէասպան օճառով և մի քիչ «զելյոնկա» քսեք:
  • Եթե մեղվի խայթից ալերգիա ունեք, մի մտեք մեղվանոց, մի մոտեցեք ծաղկած ծառերի, մի մտեք դաշտ՝ ծաղիկների հետևից: Մեղրատու ծաղիկները առանց մեղուների չեն լինում:
  • Եթե մաշկի այդ հատվածը կարմրում է կամ ուռչում, ուրեմն ալերգիա է առաջացել: Առավել տագնապալի ախտանշաններ են ուժեղ սրտխփոցը, շնչահեղձությունն ու փայտացումը: Այս դեպքում անհրաժեշտ է անմիջապես շտապօգնություն կանչել:

Աղբյուրներ՝ 

  • Ա․ Գասպարյան-հոդված՝ «Մեղուն, մեղրը ու մեղրամոմը հայ ժողովրդական հավատալիքներում» 
  • «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Մեղվաբույծի բլոգ
  • «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի նախակրթարանի 2-4 տարեկանների խնամքի ու զարգացման խմբերի դաստիարակների ուսումնական նյութեր

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով