Մեր հեղինակային ծրագրում նախագծային աշխատանքը սովորողների ուսումնառության կազմակերպման հիմնական ձևերից մեկն է։
Չորրորդ դասարանում սովորողները 1-3-րդ դասարաններում իրականացվող ,,Իմացումի հրճվանք,, ծրագրից անցում են կատարում առարկայական ուսուցման։ Առարկայական ուսումնառության ձևաչափը շարունակում է խթանել սովորողների ինքնուրույնությունը, ինքնակազմակերպումը, պատասխանատվության զգացումը։
Հեղինակային ծրագրի միջավայրը, մանկավարժական-մեթոդական մոտեցումները, տարատեսակ ձևաչափերով պարապմունքները լրացնում, զարգացնում են այդ կարողություններն ու հմտությունները։
Կրթահամալիրի ուսումնական օրացույցում ընդգրկված նախագծերն ու նախաձեռնությունները թելադրում են այն բովանդակությունը, որի վրա կառուցվում է ուսումնական պարապմունքը, և դասավանդողի խնդիրն է դառնում ամեն անգամ նախագծի իրականացումը կազմակերպելու համար նոր, հետաքրքիր և չկրկնվող եղանակներ մտածել։
Նախագծերով ուսուցումը ուսումնական գործընթացն ավելի հետաքրքիր է դարձնում ոչ միայն սովորողի, այլ նաև դասավանդողի համար։ Նախագծերով ուսուցում կազմակերպելը առավել հետաքրքիր է, միևնույն ժամանակ այն պահանջում է բարեխիղճ պլանավորում և պատրաստություն։
Ոսումնական նախագծերում դրված ուսումնառության ընդհանուր խնդիրներն են․
- անհատական նախագիծ իրականացնելու կարողությունների ձևավորում-զարգացում,
- խմբային նախագիծ իրականացնելու կարողությունների ձևավորում-զարգացում,
- աշխատանքը ներկայացնելու կարողության ձևավորում-զարգացում,
- աշխատանքը գնահատելու կարողության ձևավորում-զարգացում։
Նախագծերն իրկանացնելիս լուծվում են նաև մայրենիի ծրագրում առկա՝ բանավոր և գրավոր խոսքի զարգացմանն ուղղված խնդիրները։
Սովորողների հետ նախագծերի քննարկումը նախագծային աշխատանքի կարևոր փուլերից է։
Նախագիծը սովորողների հետ քննարկելը կարևոր է, քանի որ սովորողը․
- մասնակից է դառնում աշխատանքի պլանավորմանը, հարցեր է տալիս, անում է առաջարկներ, որոշում է աշխատանքը կատարելու ժամանակացույցը,
- մասնակցելով նախագծի կազմմանը՝ կատարողից դառնում է պլանավորող, որոշող, պատասխանատու,
- սովորում է նախագիծ կազմել, հասկանալ աշխատանքի նպատակը, մշակել գործողություններ-քայլեր, աշխատանքի բաժանում անել ըստ ժամանակացույցի։
Տարվա ընթացքում իրականացրած նախագծերի թեմաները բխում էին ուսումնական օրացույցից (Կոմիտասյան օրեր, Թարգմանչաց տոն, Թումանյանական օրեր, Կարդում ենք Սահյան, Սեբաստացու օրեր, Իմ ընտանի կենդանին և այլն ․․․) , սակայն, բացի կոնկրետ-կարճաժամկետ նպատակից, պիտի լուծեինք նաև երկարաժամկետ, առարկայական և համընդհանուր խնդիրներ։
Այսպիսով, սովորողները պիտի ընտրեին կամ որոշեին թեման, և, քննարկելով, հետևելով միասնական ուղեցույցին, իրականացնեին նախագծային աշխատանքը։
Ուզում եմ ընդգծել, որ սովորողներին դուր է գալիս ընտրել-որոշել։ Ընտրելու հնարավորությունը նրանց դարձնում է ավելի պատասխանատու, իսկ դասավանդողին մնում է ընտրելու ցանկը այնպես մտածել, որ ցանկացած ընտրություն լինի նպատակային։
Իհարկե, անգամ ընտրելու հնարավորության դեպքում, լինում են սովորողներ, ովքեր առաջարկում են իրենց տարբերակը, և դա հրաշալի է․․․
Դասավանդողի խնդիրն է, որ նախագծային աշխատանքում լինի նաև ուղեցույց, որտեղ հստակ և մատչելի ձևակերպված կլինեն աշխատանքի խնդիրները, գործողությունները և ժամկետները, ակնկալվող արդյունքը։
Չորրորդ դասարանում առաջարկվող նախագծերից են․
- Կոմիտասյան օրեր
- Գրաբարի օրեր, Թարգմանչաց տոն
- Կրթահամալիրի տոն. Սեբաստացու օրեր
- Սահյանական օրեր
- Թումանյանական օրեր, գրքի տոն
- Բառարանային ֆլեշմոբ։ Մխիթար Սեբաստացու ծննդյան օրը
- Մարդը և կենդանիները
- Մեզ ծանոթ ու անծանոթ հայտնի մարդիկ
- Այլ
Օրինակ՝
,,Կոմիտասյան օրեր,,, ,,Թումանյանական օրեր,,, ,,Սահյանական օրեր,, նախագծերում ունենք շաբաթ, որի ընթացքում սովորողները պատրաստում են հեղինակի մասին տեղեկատվական նյութեր։ Այս տեսակի աշխատանքների համար տարեսկզբին սովորողների հետ միասին նախագծի ուղեցույց պատրաստեցինք, որը տարվա ընթացքում դարձավ շատ օգտակար նյութ։
Տեղեկատվական նյութ պատրաստելու ուղեցույց․
քայլ 1․ համացանցից հավաքել տեղեկություններ նյութի մասին ( 1-2 օր),
քայլ 2․ հավաքած տեղեկությունները ներկայացնել համառոտ ( 1-2 օր),
քայլ 3․ համառոտ տեղեկությունները դասավորել ըստ կարևորության, խմբավորել ըստ իմաստի ( 1 օր),
քայլ 4․ տեղեկությունները հրապարակել բլոգում, տեղադրել նաև P. Point ծրագրի մեջ, ապա ստացված սահիկաշարը հրապարակել բլոգում (1-2 օր),
քայլ 5․ համացանցից որոնել նկարներ ( 1 օր),
քայլ 6․ նկարները տեղադրել բլոգում կամ սահիկաշարի մեջ ( 1 օր),
քայլ 7․ պատրաստվել ներկայացնել նյութը ( 1-2 օր)։
Հետաքրքիր է հետևել սովորողներին՝ իրենց համար այդքան կարևոր, մեզ համար կարճատև և պարզ թվացող նախագիծը/աշխատանքը իրականացնելիս։
Օրինակներ՝
- Սառա Ղամբարյան․ Ավետիք Իսահակյանի մասին
- Մարի Շիրակյան․ Փաստեր Համո Սահյանի մասին
- Մարի Շիրակյան․ Փաստեր Կոմիտասի մասին
- Ստելլա Թոռչյան․ Տիգրան Համասյան
- Արեգ Ներսիսյան․ Համո Սահյանի մասին
- Եվա Հովհաննիսյան․ Բառարանային ֆլեշմոբ․ Սեբաստացիական բառարան
- Սառա Ղամբարյան․ Արամ Խաչատրյանի մասին
- Եվա Հովհաննիսյան․ Կոմիտաս
- Վահագն Յուրմուզյան․ Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի մասին
- Արեգ Ներսիսյան․ Տիգրան Մանսուրյանի մասին
- Արեգ Ներսիսյան․ Կոմիտասի մասին ռադիոլուր
- Մարիա Ջանազյան․ Փաստեր Պյոտր Չայկովսկու մասին
- Եվա Այվազյան․ Հովհաննես Այվազովսկու մասին
- Եվա Այվազյան․ Պյոտր Չայկովսկի
- Ստելլա Թոռչյան․ Վինսենթ Վան Գոգ
- Արեգ Սարգսյան, Տիգրան Մանսուրյանի մասին
Խմբային նախագծեր
Անհատական նախագծերից խմբային նախագծերին անցելը շատ սահուն ստացվեց։ Անհատական նախագծերի իրականացման վերջին՝ ներկայացման փուլում, սովորողները նկատեցին, որ ներկայացվող նյութերում շատ են կրկնությունները, և որոշեցինք, որ հաջորդ նմանատիպ նախագիծը կիրականացնեն խմբերով՝ ըստ հետաքրքությունների։
Իսկ միասին ինչ-որ բան անելը՝ աշխատանքը կիսելը, իրար օգնելը, իրար լսելը, համաձայնության գալը, հանդուրժողականությունը, իրար զիջելը, խմբի աշխատանքը չձախողելու պատասխանատվությունը, սկսած աշխատանքը ավարտին հասցնելը և աշխատանքի ընթացքում լուծվող մի շարք այլ խնդիրներ ձևավորում և զարգացնում են այն կարևոր հատկությունները, որոնք նպաստում են համագործակցային հարաբերությունների և անձնային որակների զարգացմանը։
Խմբային նախագծերը իրականացնելուց առաջ նույնպես միասին քննարկեցինք նախագծային աշխատանքի ուղեցույցը, որն այնքան էլ տարբեր չէ անհատական նախագծի ուղեցույցից։ Ուղեցույցում ավելացավ աշխատանքի բաժանումը։
Խմբով, խմբում աշխատելիս սովորողների մոտ զարգանում են հետևյալ կարողություններն ու հմտությունները․
- իրար լսելու, հասկանալու,
- իրար օգնելու,
- իրար ընդառաջելու,
- իրար համոզելու,
- աշխատանքը կիսելու,
- ժամանակը կառավարելու,
- աշխատանքը ավարտին հասցնելու,
- աշխատանքը միասին ներկայացնելու․․․
Խմբային աշխատանքներ
- Մեսրոպ Մաշտոց․ Միլենա Շահսավարի և ընկերներ․ պլանավորում
- Մեսրոպ Մաշտոց․ Միլենա Շահսավարի և ընկերներ․ արդյունք
- Կոմիտաս․ Արեգ Ներսիսյան և ընկերներ․ նախագիծ
Չորրորդ դասարանիցների համար սիրելի ու հետաքրքիր է խմբով աշխատելը․ իրար գովում են,, իրարից նեղանում-հաշտվում, իրար համոզում, իրար խրախուսում, իրարից սովորում ․․․ Արդյունքում ներկայացնում են ինձ/մեզ համար գուցե արդեն ծանոթ ու ոչ շատ հետաքրքիր, բայց իրենց համար սիրով պատրաստած աշխատանքը՝ միևնույն ժամանակ յուրացնելով, զարգացնելով խմբով, խմբում աշխատելու կարևոր կարողությունները, մշակելով ու հղկելով անձնային որակներ՝ նրբանկատություն, հոգատարություն, համբերատարություն, հանդուժողականություն․․․ Որակներ, որոնք այդքա՜ն կարևոր են մարդկանց հետ երջանիկ հաղորդակցվելու-ապրելու համար։