Վերջին տարիներին շատ ենք խոսում ուսուցիչների վերապատրաստումների, մասնագիտական զարգացման սեմինարների և այլնի մասին։ Անընդհատ շեշտվում է՝ ուսուցիչը պետք է․․․, ուսուցիչը չգիտի․․․Շարունակական այս փնտրտուքները, ուսուցչի աշխատանքի թերագնահատումը, դրա ցածր վարկանիշը, ցածր աշխատավարձը հանգեցրել են նրան, որ տարեցտարի պակասում են ուսուցիչ աշխատել ցանկացողները, փաստացի, ուսուցիչների թիվը հանրապետությունում պակասել է. թվերը հայտնի են, հրապարակված։ Դպրոցներում բազմաթիվ են ուսուցիչների թափուր տեղերը, թափուր տեղերը լրացնելու համար տարբեր լուծումներ են առաջարկվում, փորձարկվում։ Սակայն փաստն այն է, որ խնդիրը տարեցտարի ավելի է խորանում՝ բազմաթիվ թափուր տեղեր, ուսուցիչների շարունակական դժգոհություն, ճնշվածություն։
Ուսուցիչների համար մշակվող ու յուրաքանչյուր տարի նորացվող վերապատրաստումները, կամավոր և պարտադիր ատեստավորումներն ակնկալվող արդյունքը չեն ունենում։ Ավելանում է ճնշումը, դժգոհությունը։ Այս տեքստում ուզում եմ առանձնացնել երկու հարց և խոսել դրանց մասին․
- ուսուցիչների կամավոր ատեստավորումը՝ որպես առարկայական գիտելիքի իմացություն,
- ուսուցիչների պարտադիր ատեստավորումը։
Կարևոր է հասկանալ, որ ուսուցչությունը մասնագիտություն է, և հենց այս առանցքային կետից էլ շարունակել հետագա քննարկումները։ Մեջբերեմ Հանրակրթության պետական չափորոշչի՝ հոդված 26-ի կետ 1-ը․
Ուսումնական հաստատության ուսուցիչ կարող է լինել այն անձը, որն ստացել է բարձրագույն կրթությամբ մանկավարժական համապատասխան որակավորում կամ ունի բարձրագույն կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում տվյալ առարկայի մանկավարժական (կամ ուսուցչական) գործունեության առնվազն հինգ տարվա աշխատանքային ստաժ:
Հարց է առաջանում, եթե անձը ստացել է բարձրագույն կրթություն, ունի համապատասխան բուհի կողմից տրված համապատասխան որակավորում, էլ ինչո՞ւ ենք առարկայական գիտելիքի իմացություն ստուգում։ Չե՞նք վստահում բուհին, ի՞նչ հիմնավորմամբ։ Եթե կարծում ենք, որ այստեղ բացթողումներ ունենք, անվստահություն կա, ինչո՞ւ չենք մշակում համապատասխան հայեցակարգ, բուհից պահանջում բաց ու թափանցիկ գործունեություն։ Բայց չվստահել, առարկայական գիտելիքի իմացություն ստուգել․․․Ի՞նչ է տալիս դա դպրոցին, երեխային․․․Ուսուցիչը պետք է ունենա մանկավարժական հմտություններ, որ կարողանա կոնկրետ ու արդյունավետ աշխատել երեխայի հետ, առարկայական խրթին բացառություններն այս դեպքում բացարձակապես պետք չեն։
Պարտադիր ատեստավորման տրամաբանությունն առավել ամբողջական է, նշված բաղադրիչների իմացությունը՝ կրթական օրենսդրություն, հոգեբանություն, մեթոդաբանություն, այլ, իրոք անհրաժեշտ իմացության նյութեր են։ Բայց ինչո՞ւ ենք այստեղ էլ ձախողում ու պատի բախվում։ Յուրաքանչյուր տարի կանգնում այն փաստի առաջ, որ սպասելիքները չեն արդարացել, փնտրվում են մեղավորներ՝ ուսուցիչ, վերապատրաստող կազմակերպություն, մասնագետ։
Այստեղ մի քանի առանցքային հարցադրում ունենք՝ բաց ենք թողնում ուսուցչի ինքնակրթվելու հնարավորությունը և կրթական միջավայրը՝ որպես ուսուցչի հմտությունների շարունակական զարգացման աշխատարան։
Շատ կարևոր է զարգացնել ուսուցչի ինքնակրթվելու հմտությունը, ցանկությունը՝ առաջարկելով որոշակի ուղղություններ։ Իրականում կրթության, շարունակական զարգացման կարևոր նախապայմաններից մեկը հենց ինքնակրթությունն է, եթե չկա այս հմտությունը, անընդհատ սովորելու ձգտումը ու հմտությունը, մնացյալն ավելորդ է։ Պետական հատկացումները պետք է ուղղել կոնկրետ ուսուցչին՝ ուսուցիչն իր հայեցողությամբ կարող է ծախսել հատկացված գումարը՝ ինքը կազմակերպելով իր վերապատրաստումները, շարունակական զարգացումը։
Հեղինակային կրթական ծրագիրը իր ուսուցչի համար ստեղծում է ինքնակրթվելու բաց միջավայր․ շարունակաբար ու հետևողականորեն խրախուսելով ինքնակրթությունը, անուղղակի փոխանցելով ինքնակրթվելու հմտություններ, ցույց տալով դրա օրինակը։
Կրթահամալիրը հենց լաբորատոր բաց միջավայր է, որտեղ շարունակական բնույթ է կրում ուսուցչի հմտությունների զարգացումը։ Կրթական միջավայրը՝ իր զարգացումներով, անընդհատ առաջ շարժվող-զարգացող պահանջներով, հենց ստեղծում է շարունակական վերապատրաստման, ինքնակրթության բաց միջավայր։
Մանկավարժի որակների շարունակական զարգացումը հեղինակային կրթական ծրագրում․
- մասնագիտական խմբերի ամենամսյա սեմինարներ, առցանց քննարկումներ,
- մանկավարժական ճամբարներին կազմակերպվող սեմինարներ, վերապատրաստումներ՝ ըստ ուսուցիչների ներկայացրած հայտերի, կարիքի, հեղինակային կրթական ծրագրի զարգացման ուղղությունների,
- սեմինարներ, վերապատրաստումներ կրթահամալիրից դուրս․ ըստ Մանկավարժության լաբորատորիայի, Մանկավարժության կենտրոնի, անհատ ուսուցչի ներկայացրած հայտերի,
- ուսումնասիրություններ, մեթոդական մշակումներ, մանկավարժական փորձի ներկայացում ,,Դպիր,, մանկավարժական ամսագրում,
- գրական ակումբի հավաքներ,
- մանկավարժական ակումբի հավաքներ,
- գրադարան, մեդիագրադարան,
- ինքնակրթություն։
Ճամբարները, ճամփորդությունները՝ որպես ինքնակրթության բաց միջավայրի ստեղծում․
- մուտքի ճամբարներ,
- լրացուցիչ կրթության լողափնյա ճամբարներ,
- աշխատանքային ճաամբարներ,
- ուսումնական ճամբարներ Արատեսում, Արտանիշում,
- գյուղական ճամբարներ,
- փառատոնային ճամբարներ,
- տեխնոլոգիական ճամբար,
- այլ։
Ուսուցիչների զարգացմանը, առողջությանն ուղղված ակումբներ․
- Գրական ակումբ՝ գրական տեքստերի քննարկումներ, ընթերցումներ, հանդիպումներ ժամանակակից գրողների հետ։
- Մանկավարժական ակումբ՝ ուսուցչական, ընտանեկան դպրոցների ուսուցիչ-ծնողների, կրթահամալիր դիմած-դիմող մասնագետների ներառում։
- Մանկավարժական աշխատողների քանդակագործական, թատրոնի, պարի, երգչախմբային ակումբների բաց գործունեություն։
- Թենիսի մանկավարժական ակումբ։
- Քանդակի ակումբ։
- Մարզասարքերի ակումբ։
- Կրթահամալիրի մասնաճյուղ-դպրոցների ակումբների, TV-ռադիո խմբագրությունների, այլ նախագծային խմբերի գործունեություն։
Մասնակցություն հանրապետական սեմինարների, գիտաժողովների, մրցույթների, վերապատրաստումների, միջազգային առցանց սեմինարների։
Կրթական միջավայրը հենց իրական լաբորատորիա է ուսուցչի մասնագիտական հմտությունների, փորձարկումների համար․ իր բաց միջավայրով՝ առկա և առցանց, որը խթանում է անընդհատ ստեղծագործող ու մտածող ուսուցչի կայացմանը։ Ուսուցիչ, որը չի վախենում իր գործը ներկայացնելուց, դրա մասին պատմելուց։ Ուսուցիչ, որը հրապարակումներ ունի ,,Դպիր,, մանկավարժական ամսագրում, որտեղ պատմում և զարգացնում է մանկավարժական իր փորձը, ծանոթանում այլոց փորձին։ Ուսուցիչ, ով սեմինարներին, ակումբային հավաքներին ներկայանում, խոսում, պաշտպանում է իր նախագիծը։
Հեղինակային կրթական ծրագրի օրացույցը՝ ամնամյա մանկավարժական բաց հավաքներով, դասավանդողների ճամբարներով, ստուգատեսներով, հենց այդ հմտությունների բացահայտմանն ու զարգացմանն է ուղղված։ Լավ փորձ է։ Հայաստանյան փորձ է։ Արժե լուրջ մոտենալ, անդրադառնալ։