Կից ներկայացնում եմ EduArmenia 2024-ի համաժողովին ներկայացրած սահիկաշարը․․
Ամեն ինչ ավելի պարզ է դառնում, երբ հղում ես անում օրենքին․
Հեղինակային կրթական ծրագիր`այլընտրանքային կրթական ծրագրի (առարկայական ծրագրերի, ուսումնական պլանների, ուսուցման կազմակերպման ձևերի, միջոցների և մեթոդների բազմազանություն առաջարկող կրթական ծրագիր, որն ապահովում է հանրակրթության պետական չափորոշիչով սահմանված արդյունքները,) տեսակ, որը միջազգային չափանիշներով ճանաչված (վկայագրված) է որպես հեղինակային կամ ստեղծված, մշակված և ներդրված է մանկավարժական որոշակի համակազմի կամ կառավարման մարմնի (մարմինների) կողմից…

ՀՀ օրենք հանրակրթության մասին, հոդված 3․6-ա․ բ․

Օրենքով որոշված ունենք պետական ծրագիր և պետական հեղինակային ծրագիր՝ իր սահմանումներով։ Հայաստանյան կրթական աշխարհը հարուստ կլիներ հեղինակային ծրագրերի բազմազանությամբ, բայց այս պահին, ցավոք, ունենք միակը, որն իրականացվում է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում։ Որպես կրթական-կամուրջ, Բլեյան բաց ցանց՝ այն տարածվում է․․․
Ունեմ այսպիսի ցանկություն՝ հավաքել-առանձնացնել հեղինակայինը, փորձել ցույց տալ դրանք մանկավարժական լուծումներով, վերլուծություններով, մշակումներով․․․
Եվ այսպես՝ հեղինակայինը կրտսեր դպրոց-պարտեզում․ որպես հաստատություն այն հե՛նց հեղինակային է․․․Ըստ սեբաստացիական թվագրության՝ առաջին դպրոց-պարտեզը ստեղծվել է 1992թ․ Բ-4 թաղամասում, այժմ՝ Արևմտյան դպրոց-պարտեզ․

1Դպրոց-պարտեզ հաստատություն
2․Դպրոց-պարտեզի կառուցվածք

  • 2-5 տարեկանների խնամքի խմբեր
  • 5 տարեկանների իմացումի հրճվանք ծրագրի առաջին տարի
  • 1-3-րդ դասարաններ
  • 4-5-րդ դասարաններ
  • երկարացված օրվա ծրագիր
  • հեռավար ուսուցում

3Դպրոց-պարտեզի բաց միջավայր՝ մանկավարժական մեկնաբանությամբ։
2023-2024 ուսումնական տարում նախատեսվում է նաև փափուկ խմբասենյակի նոր մոդելը, որի վրա այս պահին աշխատում ենք:
2023թ․ Արևելյան դպրոցի մարզասրահ

4․Ուսուցումը դպրոց-պարտեզում
Անզանգ դպրոց

Երբ 20-25 րոպե կրթության պատվիրատուի հետ քայլում ես դպրոց-պարտեզում, հարցը չի ուշանում՝ զանգ չլսեցի՞նք․․․
Այո՛, զանգ չկա, զանգն էլ, բոլոր տեսակի պատերն էլ ավանդական դպրոցն իր հետ տարե՜լ է․․․
Հեղինակային կրթական ծրագրում բոլոր մշակումները՝ սկսած ամենափոքրից ամենամեծը, արվել են կյանքով՝ այսօրվա կյանքով, քայլ առ քայլ, առանց շտապելու։ Կրթությունը շտապել, հետ ընկնել չի սիրում, դրանց թվում է նաև զանգը․․․ Սկսենք դպրոց-պարտեզ հաստատության մոդելով, երբ 2-5 տարեկանների խմբում կա հանգստի ժամ, հետո՝ երբ ուսումնական ճամբարների ժամանակ փորձարկվեց անզանգ գործունեություն, սովորողներն էլ, դասավանդողներն էլ արձանագրեցին առավելությունը, ու անզանգ դպրոցը սկսեց իր գործունեությունը։ Կրթամալիրի բոլոր դպրոցներն աշխատում են միասնական աշխատաժամանակով ու ժամանակացույցով, իսկ որպես միասնական ժամացույց դարձավ կայքի ժամացույցը։ Ժամով աշխատանքը և՛ սովորողին, և՛ ծնողին, և՛ դասավանդողին ավելի կարգապահ է դարձնում, որն ազատ մարդու կարևոր ցուցանիշ է․․․
Ընդհանուր պարապմունքներ․ առավոտյան պարապմունք, ուրբաթ-համերգ, ուսումնական ժամերգություն․․․
Կրթահամալիրում ուսումնական օրն սկսվում է դպրոցական կանգառից, երբ սովորողը նստում է ուսումնական ավտոբուս, որտեղ իրեն սպասում են կրթահամալիրի տարբեր դպրոցների տարատարիք սովորողներ։ Տրանսպորտում լինելն էլ է ուսումնական աշխատանք․ ո՞ր փողոցներով են անցնում, քանի՞ հուշարձան տեսան, միասնական ընթերցումներ, երգերի ուսուցում, ծննդյան օրերի շնորհավորանքներ․․․Սոցիալական դաստիարակությունը, նոր չափորոշիչով՝ դիրքորոշում, խոսքով ու կանոններով չէ, այլ կյանքով, որտեղ ստեղծված է դրա միջավայրը․․․
Կրթահամալիրի միասնական կանգառում սովորողներն իջնում են, քայլքով, զրույցով, ուսուցիչների հետ կամ ուսուցչի հայացքի ուղեկցությամբ դեպի դպրոցներ քայլում, հիմա արդեն մեկ ուրիշ խմբով՝ մեկի համար ինքը պատասխանատու, մեկը՝ իր․․․
Այսպես քայլեցի՜ն, քայլեցի՜ն․․․ mskh-ի ժամացույցով՝ 09։00, կրթահամալիրի 7 դպրոց-ցանցի սրահներում, բակերում միաժամանակ սկսվում են առավոտյան ընդհանուր պարապմունքները, որին մասնակցում են դպրոցի բոլոր սովորողները, ուսուցիչները, նաև՝ աշխատանքի շտապող ծնողներ։ Բաց հրապարակ, որտեղ բոլորին միավորում են միասնական երգը, պարը, ընթերցումը․․․ Օրը միասին սկսելը` իրար բարևելը, միասին երգելը, կարևոր լուրեր փոխանակելը, ծննդյան շնորհավորանքները, առավոտյան դրական լիցքեր ու տրամադրություն են ապահովում, որը կարևոր է թե´ սովորողների, թե´ դասավանդողների, թե մասնակից ծնողների համար: Դժվար է պատկերացնել կամ գրել, թե ինչ է զգում 6-10 տարեկանը, երբ իր կողքին ոգևորված երգում է մայրիկը, ուսուցիչը, հայրիկը ղեկավարում է պարը կամ մարմնամարզությունը, սրան են ասում համակեցության մանկավարժություն, երբ երեխայի համար ստեղծված միջավայրում գոհ, ուրախ հայացքներ են․․․ Ընդհանուր պարապմունքի ծրագրի մշակումը ևս ուսումնական աշխատանք է, որը դասավանդողն ու սովորողները մշակում են ու հրապարակում։ Առավոտյան ընդհանուր պարապմունքի մշակումն էլ ուսումնական ճամբարային գործունեության ընթացքում մշակվեց, հետո բերվեց ուսումնական պլան ու դարձավ հեղինակային հանրակրթության բաղկացուցիչ։
Հեղինակային կրթական ծրագրում այս տարիների ընթացքում ընդհանուր պարապմունքի երկու-երեք տասնյակի հասնող ձևեր ու միջավայր է մշակվել, «դասարան»-ը դառնում է պայմանական, քանի որ օրվա ընթացքում, եթե մեկ սովորողի օրինակով նայեք, կարող ենք ասել-հաշվել, այսպես ասած, քանի դասարան ու ուսուցիչ է փոխում՝ տրանսպորտ-դասարան, քայլք-դասարան, ընդհանուր պարապմունք- դասարան, ընտրությամբ գործունեություն-դասարան, երկարացված օր-դասարան, կլոր սեղաններ, համերգային ծրագրեր, ճամփորդություններ․․․ Կարելի է անվերջ թվել, իսկ ուսումնական բաց, թափանցիկ միջավայրն իր ներսով ու դրսով ջնջել է բոլոր բաժանումներն ու պատերը, որոնք կարող են մարդուն մեկուսացնել կամ բաժանել, իսկ սա էլ բերում է նրան, որ բոլորը ճանաչում են բոլորին․․․
Ուրբաթ-համերգը՝ ընդհանուր պարապմունքի ձևերից մեկն է, որի օրն ու ժամը անփոփոխ են՝ յուրաքանչյուր ուրբաթ՝ 15։15, կրթահամալիրի Մարմարյա սրահ։ Սա արդեն կրթական ավազան է, որը լցվում է Արևելքից, Արևմուտքից, Հյուսիսից, Հարավից․․․Կրթահամալիրի դպրոցներն են, իսկ անվանումները աշխարհագրական խաղ է, որով սովորողները սովորում են աշխարհի չորս կողմերը։ Ամեն անգամ որևէ դպրոց համակարգում է ուրբաթ-համերգի ծրագիրը․․․
Քարե Քնքշանք, Երկի՛ր, Գաղտնարան
Գարուն խաղաղություն ուրբաթ-համերգ
Երաժշտական գունապնակ․
Արևելյան կողմն աշխարհի խաղաղություն թող ըլլա
Վարդատոն
Ախ, Գարուն է, գարուն է․․․ բացօթյա ուրբաթ-համերգ
Ծաղկած Արևելք կամ աշխարհաձոն

Ընդհանուր պարապմունքի հաջորդ ձևը ուսումնական ժամերգությունն է, որն իրականացվում է յուրաքանչյուր ուրբաթ՝ 09։00-ին, Ս․ Երրորդություն եկեղեցում, արդեն հոգևոր երգերի ու շարականների ընթերցմամբ։ Ուսուցման կազմակերպման հեղինակային այս ձևը պատասխանն է պետական ծրագրում Եկեղեցու պատմություն դասընթացին։ Կազմակեպման փոքր ազդեցություններ, որոնք դժվար էլ կլինի պատկերացնել և՛ սովորողի, և՛ դասավանդողի համար։ Ի՜նչ մշակութային հաճույք է միասին շարական կարդալը կամ հոգևոր երգեր երգելը, իսկ երաժշտության ուսուցչի կատարմամբ Պատարագից հատվածների կատարումը, պետք է խոստովանել, այլ է դարձնում բոլորիս․․Հայոց աշխարհում միշտ է եկեղեցին ուսումնական կենտրոն, դպրոց եղել։ Ինչպես Ուրբաթ-համերգը, Ուսումնական ժամերգությունն էլ ամեն շաբաթ կրթահամալիրի դպրոցներից մեկն է համակարգում, մասնակցում են Բլեյան ցանցի բոլոր դպրոցներից խմբեր, հյուրեր, ծնողներ․․․

Սովորողի ընտրությամբ գործունեություն
Հեղինակային կրթական ծրագրի մշակումների պսակը ուսումնական պլանն է, որն ամեն տարի փոփոխվում ու հաստատվում է կրթահամալիրի խորհրդի կողմից։ Ուսումնական պլանում ներառված է երեք բաղադրիչ՝ ընդհանուր կրթություն, սովորողի ընտրությամբ գործունեություն, լրացուցիչ կրթություն․․․(Ի դեպ, այս կազմակերպումը նոր պետական չափորոշիչներով արդեն կա)։
Ընտրությունը սկսվում է մարդու ծննդյան օրվանից, սկզբում՝ հայացքով, ձայնով, շարժումով․․․Հեղինակային կրթական ծրագրի ընտրությունն էլ սովորողինն է։ Ճիշտ է` ծնողն ընտրում է, բայց գործընթացը կազմակերպված է այնպես, որ սովորողի ընտրությունը լինի․․․ Շատ դեպքեր ենք ունեցել, երբ ծնողն ընտրել է դասվարին, բայց Մուտքի ճամբարից հետո սովորողն ընտրել է մյուսին, և ծնողն ընդունել է․․․Ընտրությունը մշակույթ է, որը մինչև վերջ պիտի անհատականացվի, ուսուցում, որի համար պիտի ստեղծել ընտրելու միջավայր, պայմաններ․․․
Սովորողի ընտրությամբ գործունեությունը կրթահամալիրում սկսվում է առաջին դասարանից։ 1-3-րդ դասարաններում շաբաթական 2-ական ժամով սովորողը տրված ցանկից առանձանցնում է իր նախասիրությունը, իհարկե, հնարավորություն ունի փոխելու տվյալ ուսումնական շրջանն ավարտելուց հետո․․․ Սովորողի ընտրությամբ գործունեությունը այն բազում կրթական արահետներն են, որ կարողանա բոլորով գնալ ու գտնել իրենը․․․4-5-րդ դասարաններում արդեն և՛ ժամերն են ավելանում, և՛ ցանկը, ու այսպես մինչև Ավագ դպրոց․․․ Այս ճանապարհին, այս ուսումնական փոքր ու մեծ արահետներով սովորողը գտնում ու ընտրում է իր մասնագիտությունը։
5․Ուսումնական օրացույց
Կրթահամալիրի ուսումնական օրացույցը Հեղինակային կրթական ծրագրի հիմնական գործիքներից է, որը կազմակերպում է ուսումնական կյանքը։ Յուրաքանչյուր ուսումնական տարվա համար նորացվում է ու հրապարակվում կայքում, որով ստեղծվում են կրթահամալիրյան նախագծերը, ծրագրերը․․․ Ինչպես սովորողի ու ընտանիքի, պետության, եկեղեցու կյանքում կան օրացույցներ, այդպես էլ ուսումնական օրացույցն է, որով կարգավորվում են կրթահամալիրի ամենամյա հավաքները, ստուգատեսները, ճամբարները, տոները, այլ ուսումնական նախագծերը՝ կրթահամալիրի սովորողների, նրանց ծնողների, ուսուցիչների համար կարևոր նույնքան, ինչքան իրենց հարազատ-բարեկամների համար կարևորված իրադարձությունները։ Դրանք կազմակերպում են իրականացվող հեղինակային կրթական ծրագրի առօրյան ամփոփելու, ինչպես նաև գնահատելու հնարավորություն են տալիս։
Ուսումնական օրացույցը հիշեցնում է կրթահամալիրի աշխատողներին, սովորողներին և ծնողներին մոտակա աշխատանքի մասին, ցույց է տալիս նախագծերի ավարտուն տեսքի բերելու ժամանակը, հնարավորություն է տալիս կրթահամալիրի գործընկերներին, բարեկամներին, հետաքրքրվողներին, ցանկացողներին մասնակից դառնալու մեր ուսումնական աշխատանքներին ու տոներին:
Ուսումնական օրացույցով որոշվածը միջացառումների պլան չէ, այլ անմիջապես կապվում է ուսումնական աշխատանքի հետ, դառնում ծրագիր, որին մասնակից են և՛ սովորողները, և դասավանդողները, և՛ ծնողները․․․
Կրթահամալիրի ուսումնական օրացույցի հիման վրա «Իմացումի հրճվանք» ծրագրի դասարանները, խմբերը, անհատները մշակում են իրենց ուսումնական օրացույցը, որտեղ նշում են արդեն հատուկ գործեր և ամսաթվեր, որոնք առնչվում են իրենց ուսումնական աշխատանքին։ Այդ ուսումնական օրացույցների ստեղծումը ևս ուսումնական աշխատանք է, որով զբաղվում են դրան առնչվողները՝ դասավանդողների խմբեր, սովորողներ։
6Երկարացված օր
Երկարացված օրվա ծրագիրը լրացուցիչ կրթություն է։ Պետական ծրագրի երկարօրյայի այլընտրանքն է՝ իր կազմակերպմամբ ու բովանդակությամբ։ Կրտեսր դպրոցում երկարացված օր ընտրում են որպես լրացուցիչ կրթություն, կնքում լրացուցիչ պայմանագիր։ Հանրակրթական պարապմունքներից հետո՝ 13։30-ից սկսվում է և 17։00 ավարտվում է երկարացված օրվա ծրագիրը, որը ղեկավարում է երկարացված օրվա կազմակերպիչը, որ ունի բլոգ և հրապարակում է շաբաթվա նախագծերը։ Երկարացված օրվա ծառայության ընթացքում սովորողը կարող է օգտվել կրթահամալիրում գործող ամենատարբեր լրացուցիչ կրթության պարապմունքներից։ Այսպիսի կազմակերպումը հեշտացնում է ընտանիքի, ծնողի գործը․ սովորողին ծնողը մի տեղից կամ մեկ ուսումնական հաստատությունից չի տեղափոխում այլ հաստատություն։ Սովորողը երկարացված օրվա ընթացքում օգտվում է իր նախասիրած լրացուցիչ կրթությունից՝ առանց ծնողի ֆիզիկական մասնակցության։ Կազմակերպիչն իր բլոգում ունի սովորողի երկարացված օրվա անհատական պլանը․ գիտի՝ որ ժամին է գնում, որ ժամին է վերադառնում։ Սովորողի անհատական աշխատակարգում ինքնակրթության աշխատանքի համար նախատեսվում է մինչև 45 րոպե աշխատանք, սովորողն ինքնուրույն կարող է շարունակել կիսատ թողած աշխատանքը։ Ծառայությունը ներառում է նաև որակյալ և մատչելի սնունդ, որի կազմակերպումը նույնպես հեղինակային է՝ ուսումնական։
Կազմակերպման մեջ սովորողների ընդգրկվածությունը լուծում է նաև անձի ձևավորման համար ոչ պակաս կարևորություն ունեցող խնդիրներ: Սովորողների մեծ խմբի ոչ միայն ուսումնական, այլև սոցիալական շփումը (միասին հանգստանալ, ճաշել, ֆիլմ դիտել, հասարակական նախագծեր անել և այլն) զարգացնում է համագործակցային և ապրումակցելու կարևոր հատկանիշներ, միասին ապրելու և միասնական գործ անելու հնարավորություն ընձեռում: 
7․Ընտանեկան դպրոցներ
Երեխայի առաջին դպրոցը ընտանեկանն է, որտեղ գործում է ավագների ու կրտսերների ներդաշնակ դպրոց, որտեղ սովորողների ու սովորեցնողների միություն է (թե ե՞րբ ու որտեղի՞ց առաջացավ միատարիք ուսուցումը)․․․ ՀՀ Հանրակրթության մասին օրենքը, լինելով հանրային, բաց է թողել ընտանեկան դպրոցների կարևորությունն երեխայի կրթության գործում, նախակրթարանն ու դպրոցը պիտի շարունակեն, լրացնեն ընտանեկան դպրոցների ցանցի համակարգումը։ Սա շատ հստակ ցույց տվեց թագավարակը (կորոնավիրուս), երբ սովորողը մեկուսացվեց տանը, պետական ծրագրի դեպքում դժվարությունները միանգամից երևացին, քանի որ ընտանեկան-հանրակրթական դպրոց-միությունը չկար․․․
Հեղինակային կրթական ծրագիրն իր բոլոր դրսևորումներում կարևորում է ընտանեկան դպրոցները՝ սկսած ընդունելությունից, երբ ընտանիքն է ընտրում ծրագիրը, այո՛, դառնում է նաև ծրագիր հեղինակ, քանի որ հեղինակային ծրագիրը հարգանքով կարևորում է ընտանեկան դպրոցի հեղինակների կրթական ծրագրերը, որոնք տարբեր դրսևորումներով արտացոլված են սովորողի(ների) գործունեության մեջ։ Այս կազմակերպումն էր, որ թագավարակը չշփոթեցրեց, չխառնեց հեղինակային կրթական ծրագրի կազմակերպումը ընտանեկան դպրոցներում, քանի որ այս փորձը սովորողը կիրառում է ուսումնական արձակուրդի, տարբեր պատճառով դպրոց չհաճախող, բայց ուսումնական գործընթացից դուրս չմնացած սովորողին, միշտ կարող է փոխվել կրթության կազմակերպման վայրը, դրանից չպետք է խառնվել․․․
Այս միությունը՝ ընտանեկան- հեղինակային հանրակրթական դպրոցների, նոր որակ ու կազմակերպում բերեց պարտադրված մեկուսացման օրերին։ Teams հարթակի ամենօրյա պարապմունքներն ու տեսադասերը, առցանց քննարկումները ընտանեկան դպրոցների իրական ցանց ստեղծեցին, կրթահամալիրի «Դպիր» մանկավարժական ամսագրում սկսվեցին ընտանեկան դպրոցների ղեկավարների մանկավարժական հրապարակումները։ Այս կազմակերպումը չընդհատվեց նաև ֆիզիկական միջավայրում, քանի որ դեռ ապրում էինք թագավարակի հետ, կան սովորողներ, որոնք տարբեր պատճառներով այսօր էլ շարունակում են իրենց կրթությունը ընտանեկան դպրոցներում՝ առաջադրանքները կա՛մ էլեկտոնային հասցեին են ստանում, կա՛մ ուսուցիչների բլոգներից են օգտվում․․․ Այսպես առաջացավ ընտանեկան դպրոցների ցանցը․․․
8․ Գնահատում
Երբ գնահատվելն ու խրախուսվելը մոռացության են տալիս գնահատանիշը
9․ Ընդունելություն․մուտքի ճամբարներ, հայտագրում
Առցանց հարցազրույց դպրոցի ղեկավարի հետ
10Ուրախ օտար լեզու
Կրտսեր դպրոցի 1-3-րդ դասարաններում երկու օտար լեզուների՝ ռուսերենի ու անգլերենի ուսուցումն ամենօրյա է՝ ներառված «Իմացումի հրճվանք» ծրագրում։ Թիմային աշխատանք է․ մասնագետ-ուսուցիչը աշխատում է դասվարի հետ, միասին են մշակում բանավոր ուրախ օտար լեզվի ծրագիրը։ Ընտրված խաղերի, երգերի ուսուցումը դյուրացնում է լեզվի ուսուցումը։ Օտար լեզու դասավանդողը խաղ-իրականության մեջ խոսում է միայն օտար լեզվով, իսկ արդեն 4-5-րդ դասարանում՝ էլեկտրոնային նամակագրությունն է դառնում օտար լեզվով․․․Օտար լեզուն մայրենին չէ, յուրացումն էլ անհատական է․․․
Եռալեզու մուլտշքերթ համերգ 2-րդ դասարանում

11․ Ուսումնական բլոգներ՝ սովորողի, դասավանդողի
Պետական ծրագրի տետրերին այլընտրանք է բլոգային ուսուցումը։ Եթե տետրը կարող է տեսնել երկու-երեք մարդ, ապա ուսումնական բլոգները, ինչպես բաց դպրոցն ու միջավայրը, բաց են, և կարող են տեսնել բոլորը․․․ 1-2-րդ դասարաններում դասվարների անհատական բլոգներում բոլոր սովորողներն ունեն իրենց էջերը, իսկ 3-րդ դասարանից սկսած սովորողն իր էջը տեղափոխում է անհատական բլոգ ու վարում է իր ուսումնական բլոգը, որտեղ ինքն է հեղինակը, իր ոճն է, իր նախասիրություններն են․․․

12․ Ընդհանուր ներառականությունը դպրոց-պարտեզում․
Կրթահամալիրի հեղինակային ծրագրում սովորում են և՛ հատուկ կարիքով սովորողներ, և՛ արտակարգ ունակությամբ սովորողներ, և՛ առանց վկայագրի, և՛ վկայագրով … Մի խոսքով՝ բոլորս ունենք կարիք ու հենց դրանով էլ առանձնահատուկ ենք, բայց կարևորը ներառված ենք մեկ տարածքում, որի միջավայրն անընդհատ հարմարեցվում է ընդհանուր ներառականությանը, որտեղ կդժվարանաս ջոկել-տարբերակել: Սա համարում եմ հեղինակային կրթական ծրագրի առավելությունը, եթե սովորողն ընդգծված կարիք չունի՝ չենք էլ կարող առանձնացնել, և լավ է, որ ոչ մի տեղ չենք առանձնացնում։ Կրթահամալիրն իր ստեղծման պահից իրականացրել է ներառական հանրակրթություն, երբ ընտանեկան դպրոցին էլ ցույց տրվեց, որ ընտանիքում էլ պիտի պահել այդ ներառականությունը։ Եթե ընտանիքում դպրոցահասակ երեխաներից մեկ կարիքով է՝ պետք է ընտրել նույն կրթական ծրագիրը, նույն դպրոցը․․․Սա ներառական հեղինակային հանրակրթության ամենակարևոր մանկավարժական լուծումներից է, որը կհաստատեն այն 100-ից ավելի ընտանիքները, որոնք ընտրեցին հեղինակայինը հենց այս պայմանով ․․․
13․Ուսումնական արձակուրդ․ շուրջտարյա դպրոց
Ուսուցման անընդհատությունը պահանջում է շուրջտարյա դպրոց․ միջավայրն է փոխվում, բայց շարունակում է ուսումնական մնալ։ Հեղինակային հանրակրթությունը մշակել է նաև ուսումնական արձակուրդը՝ աշնանային, ձմեռային, գարնանային, ամառային։ Մի դեպքում՝ ընտանեկան դպրոցն է, մեկ այլ դեպքում՝ արտագնա, վրանային ճամբարները, որոնց արդյունքները սովորողն ամփոփում է ուսումնական բլոգում։ Ամռանը կրթահամալիրի կրտսեր դպրոցները գործում են որպես լրացուցիչ կրթության ամառային լողափնյա ճամբարներ, որոնց մասնակցում են ոչ միայն սեբաստացիները, այլ նաև տարբեր պատճառներով Երևանում ապրող 6-10 տարեկանները։ Ամառային ճամբարները ուսուցման 5-րդ շրջանն են ոչ ֆորմալ կազմակերպմամբ։
14․ Երաժշտությունը դպրոց-պարտեզում
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում գործում է մի ծրագիր, որի հիմքում դրված է կոմիտասագետ, կոմպոզիտոր Արթուր Շահնազարյանի «ՀՀ «Մխիթար Սեբաստացի» կրթական համալիրի Երևանի հանրակրթական դպրոցի երաժշտության ծրագիր»-ը: Երաժշտական հանրակրթության փիլիսոփայություն, որը միշտ այլընտրանք է եղել պետական ծրագրին։ Երաժշտությունը համամարդկային լեզու է, որը թարգմանության կարիք չունի: Այս լեզվով են խոսում և հաղորդակցվում միմյանց հետ հազարավոր մարդիկ: Երաժշտությունը այն միակ համամարդկային լեզուն է, որը հասկանալի է բոլորին։ Հանրակրթական երաժշտությունը առարկա չէ, առանձնացված դասընթաց չէ, այլ՝ երաժշտության դասավանդումը սերտորեն կապված է հայոց լեզվի և գրականության հետ: Հեղինակային հանրակրթական երաժշտության ծրագրերի մի ամբողջ փաթեթ է այսօր մշակվել։ Հեղինակային կրթական ծրագրում բոլորն են երգում՝ և՛ սովորողը, և՛ դասավանդողը, և՛ ծնողը․․․
1-3-րդ դասարաններում դասվարն է իրականացնում երաժշտության պարապմունքը։ Դասվարը մասնակցում է երաժշտական սեմինարների, երգում է «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախմբում, վոկալ համույթում, որոնց երաժշտական ճաշակը, երգացանկը, խմբավարի հմտությունները տեղափոխում է դասարան, ու դասարանը դառնում է երգչախումբ՝ իր դասվար-խմբավարով։
15․ Ուսումնական ճամփորդություններ
Ուսումնական ճամփորդությունների կազմակերպումը շուրջտարյա է, որով լուծվում են ինքնակազմակերպման, ինքնուրույնության շատ-շատ խնդիրներ, որոնք դասարանային պայմաններում մի տեսակ արհեստական են։ Ուսումնական ճամփորդությունները 1-3-րդ դասարաններում «Իմացումի հրճվանք» դասընթացի ծրագրում են ներառված, իսկ 4-5-րդ դասարաններում՝ առարկայական դասընթացների ծրագրերում։ Ճամփորդելով ուսուցումը, հետազոտելը, ուսումնասիրությունը, հետո իրենց տեսածի, լսածի, ապրածի, սովորածի մասին պատումները տեսանյութերի, ռադիոնյութերի կամ պարզապես բլոգում ազատ շարադրանքի տեսքով։
Ուսումնական ճամփորդության ուղղություններ
-քայլք, բարձունքների հաղթահարում
-քաղաքի թանգարանները, համերգային դահլիճները, թատրոնները որպես հանրակրթության լաբորատորիաներ
-եռօրյա ճամբարներ, որը 3-րդ դասարանի ուսումնական պլանով են որոշված՝ մեկ եռօրյան ուսումնական պլանի պահանջ է
-գյուղական ճամբարներ
-Արատեսի դպրական կենտրոն
-Արտանիշի վրանային, լողափային ճամբար

Մի դպրոցի օրինակով ներկայացնում եմ տարվա ընթացքում իրականացրած ճամփորդությունները`

2022-2023 ուսումնական տարվա ուսումնական ճամփորդություններ
2023-2024 ուսումնական տարվա ուսումնական ճամփորդություններ
Վերջին տարիներին կրթահամալիրի հեղինակային ծրագրի ուսումնական ճամփորդություններ բաղադրիչը հեղինակային կրթական ծրագիր ընտրության բրենդ է դարձել հանրության համար, սա երևում է հեղինակային ծրագիրը ընտրողների քանակից, սրա ցուցանիշը սովորողներն են` պարտեզ — 303, 5 տարեկաններ — 141, 1-12-րդ դասարաններ- 2838, քոլեջ — 321՝ քաղաքի տարբեր ծայրերից, մոտակա մարզերից կրթահամալիր հաճախող տարատարիք սովորողները։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով