Հուլիսի 29-ից մինչև օգոստոսի 1-ը կրկին «Արտանիշ» լողափնյա ճամբարում էինք։ Արդեն 3-րդ անգամ եմ ճամբարում Արտանիշում։ Երեք ճամբարներն էլ տարբերվել են բովանդակությամբ և առօրյայով։ Յուրաքանչյուր հերթափոխի ժամանակ յուրովի էինք հաղթահարում մեր առջև դրված խնդիրները։
Բնականաբար ճամբարի գլխավոր բաղադրիչը լողն էր, լողուսուցումը…
ԱՒՆ-ի հետ հանդիպման ձևաչափն էլ փոխեցինք. մենք այցելեցինք իրենց աշխատավայր, ծանոթացանք փրկարարական աշխատանքներին, արագ արձագանքմանը։
Փորձեմ ներկայացնել այս ճամբարի մեր ձեռքբերումները, նորությունները, դիտարկումները…
Տիար Բլեյանի առաջարկներն ու դիտարկումները դարձան ճամբարականներիս համար յուրովի, այսպես ասած, քվեստ-առաջադրանք:
Մոտակա այգիները։ Մինչև ճամբար հասնելը կա երկու այգի։ Ավելի երկար ու տեսանելի էր ցանցով ցանկապատված այգին (մյուսը թիթեղապատ էր): Այգին պատկանում է Շողակաթ գյուղի նախկին գյուղապետ Սուլիկո Շուշանյանին (ավելի հստակ նրա որդուն): 4-5 տարվա այգի է։ Այգու մեծ մասը ծիրանենիներ են, կան նաև բալենի, կեռասենի, ընկուզենի և այլն։ Ծառերը նոր սերնդի կարճահասակ տեսակից են, որոնց խնամելը, բերքը հավաքելը բավականին հեշտ է։ Երկու անգամ այցելեցինք այգի։ Ոչ ոքի չգտանք։ Վերոհիշյալ տեղեկությունը մեզ պատմեց հովիվ Մարտիկը։ Քաջություն ունեցանք փորձելու ծիրանը, շաաաաատ համեղ էր։
Բարձունքի հաղթահարում։ Հաղթահարեցինք Արտանիշ լեռան ձախակողմյան երկրորդ թումբը և դիմավորեցինք մայրամուտը։ Բարձունքի հաղթահարման կարևոր հմտությունն ու ձեռքբերումը միմյանց օգնելն ու ընկերությունն է։ Ոգևորիչ ու հետաքրքիր էր։
Ճամբար հասանք մթով, լապտերներով։ Ճամբարում պարզվեց, որ լեռան վրա ենք թողել Արիանայի պայուսակը, որի մեջ կար երկու հեռախոս։ Այ, քեզ փորձություն…
Որոշեցինք առավոտյան 6-ին ես, Լիլիթը, Արիանան կրկին վերադառնալ բարձունք։ Գտանք։ Նստեցինք, լուսաբացը դիմավորեցինք, կերանք պայուսակի մեջ մնացած գաթան ու վերադարձանք։ Ճանապարհին էլ համտեսեցինք այգու համեղ ծիրանները։
Բարձունք անցած տարի հաղթահարել էինք երեք մեծերով (ես, Նունեն և Թեհմինեն, տիկին Գայանեն և իր հարսը մնացել էին ճամբարում’ սննդի կազմակերպման համար) և ճամբարականներով։ Արշավախումբը սովորաբար ունենում է գոնե երկու պատասխանատու’ առջևից և ետևից քայլող։ Այս անգամ բացակայում էր ետևից քայլողը, և ընկանք արկածի մեջ՝ երկու անգամ լեռը բարձրանալով։
Նոր բարձունք էլ հայտնաբերեցինք։ Արտանիշ և Շշասարի լեռների միջև է գտնվում Սևսար լեռը։ Կարելի է ներառել ճամբարային բարձունքի հաղթահարման նախագծում՝ որպես նոր բարձունք։
Ճամբարի ավանից դեպի Պորտ Այաս տանող արահետ։ Տիար Բլեյանի առաջարկով կապի մեջ ենք եղել Արայիկ Մարգարյանի հետ։ Հովիվ Մարտիկն էլ ասաց, որ կա ճանապարհ, որը հասնում է մինչև Արտանիշ գյուղ։ Հետախուզական խումբը կազմեցինք՝ հաշվի առնելով ճամբարականի երկար քայլելու կարողությունը։ 2,5 ժամ անընդմեջ քայլեցինք մոտ 3 կմ և անցանք ծովածոցի հակառակ կողմը։ Մատներով չափեցինք ու տեսնելով, որ մայրամուտը մոտ է, վերադարձանք ճամբար ժամը 10։10 :
Ճանապարհի ձախ կողմում տարբեր երկրաբանական նշանակության ժայռաբեկորներ և երկրաբանական մերկացումներ էին, իսկ աջում’ Սևանա լիճը: Պարբերաբար հայտնվում էինք կամարակապ թփերի արահետում։ Մեր հաշվարկով դեպի Պորտ Այաս 5-6 կմ է։ Եթե ետ վերադառնալու խնդիր չլիներ, կքայլեինք մինչև վերջ ։
Շարունակելով հագեցած ճամբարային բացահայտումների շարքը՝ մի նոր կանգառ էլ բացահայտեցինք, որը կարող է ընդգրկվել արտանիշյան լողափային ճամբարի նախագծերի կանգառներում։
«Արտանիշ 9» հնավայր։ Արտանիշ գյուղի արևմտյան եզրին են գտնվում Արտանիշի (մ.թ.ա. 2-րդ-1-ին հզմ.), իսկ հարավային մասում՝ «Դաշալեռ» (մ.թ.ա. 1-ին հզմ.) հսկա ամրոցները։ Արտանիշ-9 հնավայրի պեղումները (վերջերս նոր թափ են առել ու բավականին արժեքավոր գտածոներ են հայտնաբերել) անմիջական կապ ունեն ամրոցների հետ։
«Արտանիշ 9» հնավայրը գտնվում է Ճամբարակ համայնքի Շողակաթ և Արտանիշ բնակավայրերի միջակայքում, Կիլիկիա նավ չհասած՝ աջակողմյան ճանապարհին, փոքր բլրի վրա։ Մեր արշավախումբը կանգառ ունեցավ հնավայրում։
Հուսով եմ, որ մեր արշավախմբի բացահայտումները կլրացվեն, զարգացում կապրեն հաջորդ ճամբարային նախագծերում։
Ֆեյսբուքյան լրահոս՝