Կրթահամալիրում, որտեղ կենտրոնում իր հետաքրքրություններով, առանձնահատկություններով սովորողն է, ցանկացած աշխատանք, որը կապվում է երեխայի հետ, դառնում է ուսումնական և բացառում է լարումը։ Այսպիսի աշխատանք է նաև 4-րդ դասարանի ավարտական գիտելիքների ստուգումը։ Սա երկարաժամկետ աշխատանք է և երկու մասից է բաղկացած՝ ելքի ստուգատես, որը հեղինակային մանկավարժության բաղադրիչն է, և գիտելիքների ստուգում՝ պետական բաղադրիչ։ Մայիս ամսվա հեղինակային բաց հավաքի ողջ ընթացքը 4-րդ դասարաններում տրամադրվում է տարեվերջյան ելքի ստուգատեսին։ Սովորողները ուսումնական պլանով նախատեսված բոլոր դասընթացներից ներկայացնում են իրենց կարողությունները, հմտությունները և գիտելիքը։ Այս ներկայացումները որոշ դասընթացների դեպքում արտահայտվում են հաշվետվությունների տեսքով, իսկ մաթեմատիկա և մայրենի դասընթացների համար կազմակերպվում են ստուգատեսային աշխատանքներ։ Սա շատ կարևոր աշխատանք է սովորողների համար, որովհետև այս ընթացքում բացահայտում են, թե ինչ են արել, ինչ են բաց թողել, ինչ են կարողանում կատարել, ինչը` ոչ, արձանագրում են իրենց ձեռքբերումները, անհաջողությունները, ձևակերպում են իրենց ուսումնական հետագա անելիքները, նպատակները։ Երաժշտություն, տեխնոլոգիա և ֆիզկուլտուրա դասընթացների դեպքում Ելքի ստուգատեսները խմբային են: Երաժշտության ստուգատեսը կազմակերպվում է ամփոփիչ համերգների տեսքով, որտեղ սովորողները հանդես են գալիս իրենց սովորած երգերով և պարերով, տեխնոլոգիայի դեպքում ցուցահանդեսն է, որտեղ ներկայացվում են սովորողների տեխնոլոգիական հմտության արդյունքները, իսկ ֆիզկուլտուրայի դեպքում կազմակերպվում են մարզական սպորտլանդիաներ, ըստ նորմատիվների ստուգվում են սովորողների մարզական կարողությունները: Հայրենագիտության, բնագիտության և օտար լեզուների կարողություններն ամփոփվում են հաշվետվությունների միջոցով։ Այստեղ սովորողը ներկայացնում է, թե ինչ է սովորել տվյալ դասընթացից տարվա ընթացքում, ինչպես է սպասարկել իր բլոգի տվյալ առարկայի բաժինը, ինչ հաջողություններ, դժվարություններ կամ ձեռքբերումներ ունի… Մայրենիի ստուգատեսային առաջադրանքներն անդրադառնում են սովորողի գրավոր, բանավոր խոսքին, ստեղծագործական երևակայությանը, խմբով աշխատելու կարողությանը, մեդիահմտություններին։ Այսպես, սովորողները տարբեր աշխատանքների միջոցով ներկայացնում են իրենց գրավոր և բանավոր խոսքը, ուսումնասիրում են ընկերների, իրենց ուսուցիչների բլոգները, կարծիք գրում դրանց մասին։ Դա նրանց տալիս է հետազոտական, վերլուծական աշխատանք կատարելու հնարավորություն, բացի դրանից կարևոր է նաև կատարած ուսումնասիրությունն այնպես ընկերոջը ներկայացնել, որ նրան չնեղացնեն։ Մեկ այլ աշխատանք է տեսանյութի միջոցով որևէ թեմայի շուրջ խոսելը։ Սա թե՛ ստեղծագործական, թե՛ մեդիա, թե՛ բանավոր խոսքին ուղղված կարևոր հմտություններ է պահանջում։ Դասավանդողը ստուգատեսի առաջադրանքներում ներկայացնում է թեմաներ, բայց հնարավորություն է տալիս սովորողին առաջարկել սեփական թեման։ Հետաքրքիր է, որ սովորողների մեծ մասը ստուգատեսի ընթացքում ներկայացել էր իր առաջարկած թեմայով։
Մաթեմատիկայի ստուգատեսին, ինչպես և մայրենիի, կարևորվում են ստեղծագործական աշխատանքը, համագրծակցությունը, մեդիագիտելիքները, նշվածներից բացի կարևորվում են գործնական կարողությունները, մաթեմատիկական հաշվարկները, տրամաբանությունը։
Ուսումնական տարվա ընթացքում սովորողները մաթեմատիկայի դասընթացի ժամանակ օգտագործում են համակարգչային բազմաթիվ ծրագրեր, որոնց ներկայացումը ստուգատեսին կատարված աշխատանքի ամփոփում է։ Սովորողներն արձանագրում են, թե քանի ծրագիր գիտեն, և դրանք իրենց առջև ինչ հնարավորություններ են բացում։ Կարևոր են նաև գործնական չափումները, որոնք սովորողին հնարավորություն են տալիս կյանքում կիրառել մաթեմատիկական գիտելիքները, որովհետև շատ հաճախ մարդը կարող է անգիր իմանալ, թե ինչպես են մակերես հաշվում, բայց գործնականում չկարողանա իր սենյակի մակերեսը հաշվել։ Ելքի ստուգատեսն ավատվում է մայիսին, և հունիսին սովորողները մասնակցում են մայրենի և մաթեմատիկա առարկաների գիտելիքների ստուգմանը։ Կրթահամալիրում այս աշխատանքը կազմակերպվում է թվային տարբերակով։ Յուրաքանչյուր սովորող դպրոց է գալիս իր անհատական թվային գործիքով, տեղավորվում է իրեն հարմար սեղանի մոտ, պատրաստում գործիքը։ Առաջադրված 4 տարբերակներից սովորողներից որևէ մեկը վիճակահանությամբ ընտրում է տվյալ օրվա տարբերակը, որը ուղարկվում է սովորողների էլ․փոստերին։
Աշխատանքի ընթացքը ստուգման կազմակերպիչները ուղիղ եթերներով են լուսաբանում։ Այն սովորողները, ովքեր կրթական կարիք ունեն, աջակցություն են ստանում հատուկ մասնագետների կողմից։ Քանի որ կրթահամալիրում իրականացվում է հեռավար կրթություն, ապա գիտելիքների ստուգումը ևս հնարավոր է լինում առցանց կազմկերպել։ Սովորողների համար Teams հարթակում խումբ է բացվում, որի միջոցով կազմակերպիչը հետևում է աշխատանքի ընթացքին։ Գիտելիքների ստուգման ընթացքում կարևոր է նաև ծնողների զբաղվածության ապահովումը, որպեսզի նրանք չխանգարեն սովորողներին, ավելորդ լարում չստեղծեն։ Այս նպատակով դպրոցում նախատեսում ենք երաժշտական, տեխնոլոգիական պարապմունքներ։ Գիտելիքների ստուգումից հետո սովորողներին հաճելի զովացում է սպասում բացօթյա լողավազանում։
Ուսումնական և հետաքրքիր է նաև աշխատանքների ստուգման փուլը։ Նախ անհրաժեշտ է, որ աշխատանքն ավարտելուց հետո սովորողն այն իր բլոգում հրապարակի։ Ժամը 11։00-ից հետո, երբ բոլոր սովորողներն արդեն հանձնում են իրենց աշխատանքները, դասավանդողներն ուղարկում են ճիշտ տարբերակները, սխալները հաշվելու սկզբունքները, և սովորողներին առաջարկվում է ինքնուրույն ստուգել իրենց աշխատանքները, գնահատել և գնահատականն ուղարկել դասավանդողին։ Միայն դրանից հետո դասավանդողը սովորողներին ուղարկում են ստուգված աշխատանքերը և գնահատականները։ Պետք է հատուկ ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ արդյունքներն ուղարկվում են անհատապես, և յուրաքանչյուր սովորող տեսնում է միայն իր աշխատանքն ու դրա արդյունքը։
Այսպիսով, գիտելիքների ստուգման երկու փուլն էլ ուսումնական առումով կարևոր նշանակություն են ստանում և մայիսից հունիս ընկած ժամանակահատվածում դրանք սովորողին փոխանցում են բազմաթիվ հմտություններ, կարողություններ և խաղաղ պայմաններում գիտելիքի ներկայացման, ամփոփման հնարավորություն: