Ներկայացվում է «Անվտանգ և ապահով կրթական միջավայր» խորագրով ուսուցչական համաժողովում։
Հարգելի՛ գործընկերներ, շնորհակալություն ներկայության և հետաքրքվածության համար։
Սիրով ներկայացնում ենք «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում պետական այլընտրանքային՝ հեղինակային ծրագրի մշակման, կազմակերպման, տարածման միջավայրի մոդելը, որը Աշոտ Բլեյանի և սեբաստացի կրթական համայնքի քառասուն տարիների մշակումների, փորձարարության, ջանադիր աշխատանքի արդյունքում է ստեղծվել։
Կրթական միջավայրին ներկայացվող գլխավոր պահանջը մեկն է՝ այն պիտի ծառայի ուսումնառության գործընթացի արդյունավետ կազմակերպմանը, խթանի թե՛ սովորողների, թե՛ ուսուցիչների աշխատանքը, միևնույն ժամանակ լինի անվտանգ, խնամված, հետաքրքիր։
Մինչև միջավայրի նկարագրությանն անցնելը, մեկ էջում ամփոփոփ ներկայացրել ենք կրթահամալիրի կառուցվածքը և կրթահամալիրում իրականացվող ծրագրերը։
- Նախադպրոցական կրթություն` 2-4 տարեկանների զարգացում,
- 5 տարեկանների ուսուցում,
- Հանրակրթություն. 1-12-րդ դասարաններ՝
- բազային կրթության 1-6-րդ դասարաններ, որոնք գործում են կրթահամալիրի Արևելյան, Արևմտյան, Հյուսիսային, Հարավային չորս դպրոց-պարտեզներում (ի դեպ, անուններն էլ պատահական չեն ընտրված․ այդպես սովորողները և ոչ միայն սովորողները կարողանում են կողմնորոշվել աշխարհի 4 կողմերը որոշելիս).
- տեխնոլոգիական կրթության 7-8—րդ դասարաններ Միջին դպրոցում,
- մասնագիտական կողմնորոշման մեկամյա ծրագրով 9-րդ դասարաններ Միջին դպրոցում․
- 9-րդ դասարանն ավարտած սովորողն իր ընտրոթյամբ ուսումնառությունը շարունակում է կրթահամալիրի հետազոտական վարժարանում կամ քոլեջում, կամ կրթահամալիրից դուրս։
- Միջին մասնագիտական, նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթություն՝ լիցենզավորված մասնագիտություններով․
- Լրացուցիչ կրթություն ուսումնական կենտրոններում՝ սովորողի ազատ ընտրությամբ։
7 ուսումնական հաստատություններից բացի, ամբողջական ծանրաբեռնվածությամբ բոլոր ծրագրերի ուսումնական պլաններին են սպասարկում կրթահամալիրի ուսումնական կենտրոնները, լաբորատորիաները, արվեստանոցները, արհեստանոցները, մարզասրահները, համերգասրահները։
Կրթական միջավայրը փոփոխվում, զարգանում է անընդհատ․ ոչ թե սովորողն ու ուսուցիչն են հարմարվում միջավայրին, այլ միջավայրն է անընդհատ հարմարեցվում կրթական գործընթացին։
Առհասարակ, երբ խոսում ենք մանկավարժության մասին, միշտ որպես գլխավոր անձ դիտարկում ենք սովորողներին, բայց ընդունենք նաև, որ դպրոցը ուսուցիչն է։ Ուսուցիչների շարունակական կրթությունն ու մասնագիտական զարգացումը բլեյան դպրոցում առաջնահերթություն են։
Այդ պատճառով մեր ներկայացման «Ներառական միջավայր բոլորի համար․ հանրային դպրոց» էջը երկու մասից է բաղկացած․
Ներառականությունը լայն իմաստով հնարավորություն տալն է․․․ Եվ կրթահամալիրում սովորելու, աշխատելու ցանկություն ունեցող յուրաքանչյուրին՝ սովորողին, թե մասնագետին տրվում է այդ հնարավորությունը։ Ընդունելությունը կրթահամալիրում բաց է թե՛ սովորողի համար, թե՛ աշխատողի համար։
Սովորողների ընդունելություն
- Սովորողների ընդունելությունն առանց ստուգումների, քննությունների և ընտրության այլ ձևերի է։ Սովորողը, ծնողն են ընտրում դպրոցը։ Իրենց ընտրությունը հաստատելու համար սովորողը, ծնողը անցնում են Մուտքի ճամբարով․ որը ըստ կրթական աստիճանների տևում է 3-ից մինչև 10 օր։ Բարձր դասարաններից սկսած՝ կրթահամալիր մուտքն ունենում է նաև արտագնա փուլ՝ եռօրյա ճամփորդություն։ Մուտքի ճամբարի նպատակն է, որ սովորողը և ծնողը հնարավորություն ունենան ծանոթանալու կրթական միջավայրին, ծրագրին, մանկավարժական մոտեցումներին, ապա որոշում կայացնեն․․․
- Քանի որ դպրոց ընդունելիս սովորողներին չենք ընտրում, կրթահամալիրում սովորում են տարբեր ընդունակություններ և նախասիրություններ ունեցող երեխաներ։ Կրթահամալիրում չկան գերազանցիկներ և ծույլիկեր․․․ Մեր մանկավարժության կարևոր առանցքը օգնելն է յուրաքանչյուր երեխայի՝ բացահայտելու իր նախասիրությունները և դրանք զարգացնելու։
- Կրթահամալիրի ստեղծման օրվանից այստեղ կրթությունը ներառական է։ 2025-2026 ուսումնական տարում կրթահամալիրում սովորում է 185 ԿԱՊԿՈւ երեխա։
- Հեռավար ուսուցման կազմակերպման կարգով՝ տարբեր պատճառներով Հայաստանից դուրս բնակվող սովորողը հնարավորություն ունի կրթական ծրագիրը կրթահամալիրի դպրոցում ստանալու անհրաժեշտ չափով, տևողությամբ։ 2025-2026 ուսումնական տարում ունենք 99 սովորող, որոնք ապրում են աշխարհի տարբեր մասերում։ Կարող ենք ասել, որ նաև ընտանիքն է սովորում․ ծնողների մի մեծ խումբ սովորողներից առավել են սպասում դասավանդողների հետ առցանց հանդիպումներին։
- Օտարազգի, օտարալեզու սովորողների ներառում․
Ներառական կրթություն ենք համարում նաև օտարալեզու երեխաների հետ աշխատանքը, որը, բնականաբար, դասավանդողներից նույնպես լրացուցիչ ջանք և հմտություններ է պահանջում ։ 2025-2026 ուստարում երկու տասնյակ սովորողներ ունենք, որոնց մայրենի լեզուն հայերենը չէ։ Նրանք սկզբում հաղորդակցվում են իրենց՝ ռուսերեն, չինարեն, անգլերեն պարսկերեն լեզուներով, բայց ամբողջական ներառման միջավայրում և ամենօրյա հաղորդակցության միջոցով, նրանք արագ են յուրացնում հայերենը, դարձնում այն իրենց ուսումնառության լեզուն։
Աշխատողների ընդունելություն
Ներառականության սկզբունքով է կազմակերպվում նաև աշխատողների ընդունելությունը։ Աշխատանքի ընդունելության կարգի համաձայն՝ կրթահամալիրում աշխատելու հայտ ներկայացրած մասնագետներն անցնում են ընդունելության երեք փուլերը՝ ծանոթություն կրթահամալիրին-վերապատրաստում, կամավորական աշխատանք, մուտքի ճամբար՝ երևանյան և ճամփորդական փուլերով։ Երեք փուլերից հետո և՛ մասնագետը, և՛ գործատուն որոշում են կայացնում։
Մենթորական աջակցություն
Նոր ընդունվող աշխատողը ստանում է մենթորական աջակցություն․ վերջինիս հետ ամենօրյա աշխատանք է տանում ավելի հմուտ գործընկերը։
Մանկավարժական շուրջտարյա դպրոց
Մասնագիտական խմբերով աշխատանքը կրթահամալիրում շուրջտարյա է։ Ուսուցիչն ունի հնարավորություն ծանոթանալու գործընկերների փորձին ոչ միայն բլոգային բաց համակարգի միջոցով, այլև դեմ առ դեմ հանդիպումների, քննարկումների, կլոր սեղանների, աշխատարանների ժամանակ։
Ինչպես սովորողների, այնպես էլ դասավանդողների դեպքում, մենք կարևորում ենք նախասիրությունների բացահայտումը, զարգացումը․ այդ նպատակով կրթահամալիրում գործում են մանկավարժական աշխատողների նախասիրությունների ակումբներ և ստեղծագործական խմբեր՝ ուսուցչական երգչախումբ, քանդակի ակումբ, գրական ակումբ, պարի համույթ, արշավականի ակումբ․․․
Ներառականությանն է ուղղված նաև դասավանդողի անհատական պլանով աշխատանքը՝ ֆիզիկական միջավայրում և հեռավար-առցանց աշխատանքի համադրումով։
