Հոկտեմբերի 18-ի մանկավարժական ակումբին ներկայացնում են Աշոտ Բլեյանը, Սուսան Մարկոսյանը։
Մանկավարժական ակումբին սեպտեմբերի 27-ին ներկայացրել ենք տեղեկանք Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի, կրթահամալիրում իրականացվող հեղինակային կրթական ծրագրի մասին։ Հեղինակային կրթական ծրագիրը 35 տարում ամբողջական ներառական է եղել և մնում, բլեյան դպրոցը բոլորինն է, այդ թվում՝ առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող և արտակարգ ընդունակություններ դրսևորած երեխաներինը։ Հոկտեմբերի 18-ի հավաքին ներկայացնում ենք ծրագրի՝ ուսումնական նախագծերով, ուսումնական օրացույցով կազմակերպման օրինակներ, կրթահամալիրի 35-ամյակի առիթով տոնական նոյեմբերին առաջարկվող բաց, մասնակիցների ընտրությամբ, շրջայցի ծրագրեր, պատրաստ ենք քննարկելու տեղեկանքի, նախագծերի վերաբերյալ հարցերը։
Ակումբի ուշադրությունը հրավիրում ենք նրան, որ չնայած օրենքով որոշված երաշխիքներին, 2009թ.-ից հետո չի ստեղծվել այլընտրանքային ծրագրով աշխատող նոր պետական հաստատություն, գործողներին չի միացել այլ հաստատություն։ Պետական ինստիտուտների և հասարակության ուշադրությունն այլընտրանքի ստեղծման, ընդարձակման մեխանիզմների վրա կենտրոնացած չէ։ Անհասկանալի մնաց, օրինակ, ինչու պատշաճ ընթացք չունեցավ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքում «Գագարին մոդելային նախագիծ» փորձարարական ծրագիրը, կամ ինչու պետության կողմից կառուցվող դպրոցների, կրթահամալիրների ցանկում այլընտրանքային կրթական ծրագիր իրականացնող դպրոց, նախադպրոցական հաստատություն, կրթահամալիր չի ներառվել։
Իսկ իրավական ակտերում ՀՀ օրենքով որոշված, օրենքով պաշտպանվող այլընտրանքային ծրագրերի անտեսումը խտրության է հանգեցնում կրթական ծրագրերի, նրանց աշխատողների, սովորողների միջև, առաջացնում է հակասություններ, լրացուցիչ պարտավորություններ սովորողների, մանկավարժական աշխատողների համար, այլընտրանքային կրթական ծրագրի զարգացման խոչընդոտներ է հարուցում։ Դրանցից առանձնացնում ենք.
- Հեղինակային կրթական ծրագրի (հիմնական և լրացուցիչ) մանկավարժական աշխատողի (այդ թվում՝ ուսուցչի, նախադպրոցական դաստիարարակի) ընդունելության, մասնագիտական զարգացման (անընդհատ կրթության), ուսուցիչների հերթական ատեստավորման, կամավոր ատեստավորման կարգեր։
- Սովորողների գնահատման, դասարանից դասարան փոխադրման, ավարտական քննությունների (այդ թվում՝ հեռավար սովորողների) կազմակերպման կարգեր։
- Սովորողների երկարօրյա ուսուցման կազմակերպում, լրացուցիչ կրթության, խմբակների, տնային աշխատանքի կազմակերպում։
- Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում այլընտրանքային ծրագրի (այդ թվում՝ նաև նախադպրոցական) գրանցում։
- Տեսչական ստուգումների ստուգաթերթեր։
- Դասագրքերի շրջանառու հիմնադրամի, պետության կողմից անվճար տրվող դասագրքերի համար հատկացվող միջոցների՝ ծրագրի համար նպատակային օգտագործման հնարավորություն։
- Մենթոր դպրոցների ընտրության և մենթորական աշխատանքի իրականացման կարգ։
- 2015թ.-ից Երևանի հարավարևմտյան զանգվածում գործող «Կրթական պարտեզ բնակելի արվարձանում» նախագծի իրականացման մեջ ՀՀ կառավարության, կրթության կառավարման լիազորված մարմնի, Երևանի քաղաքապետարանի ներգրավումը։
- 1989թ. նպատակային՝ հեղինակային կրթական ծրագրի իրականացման (մշակման, կազմակերպման, տարածման) համար ստեղծված կրթահամալիր փորձարարական-հետազոտական միավորման կանոնադրության հարգում։
Խնդիրների լուծումը, այլընտրանքային ծրագրերի պաշտպանվածությունն ապահովելը միավորող, դրա համար աշխատանքային հատուկ խմբերի ստեղծման արժանի աշխատանք է։ Առաջին փորձը կարող է լինել կրթության կառավարման տեղեկատվական համակարգում այլընտրանքային ծրագրի գրանցումը։