«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում գարնան գալուստը ազդարարվում է «Ձոն» տեխնոլոգիական հանրակրթական ստուգատեսով։ Ստուգատեսը արվեստներին, արհեստներին, գրականությանը, պատմությանը, նորագույն թվային տեխնոլոգիաներին, բնագիտական, էկոլոգիական և այլ բնագավառներին վերաբերվող նախագծերի մեկտեղումն է։
«Ձոն» ստուգատեսի ողջ ընթացքում կրթահամալիրում իրականացվում են յուրօրինակ համերգներ, ցուցահանդես-վաճառքներ, ազգային ծեսեր, սեմինարներ, երկրագիտական, պարտիզպուրակային և էկոլոգիական գործունեություն, որոնց միջոցով գովաբանվում է բնության զարթոնքը, աշխատանքը, սերը գեղեցիկի և բարու նկատմամբ։ «Ձոն» ստուգատեսի ամենավառ դրվագը, սակայն, մայրիկատոնն է, որն ուղված է մոր, կնոջ, քրոջ և տատիկների կերպարների մեծարմանը, հասարակության մեջ նրանց դերի իրազեկման և գնահատման բարձրացմանը։
Նախագծի ծնունդը
Արևմտյան դպրոց-պարտեզի 5-րդ դասարանցիները «Ձոն» տեխնոլոգիական հանրակրթական ստուգատեսին այս տարի մասնակցեցին «Հայոց Թագուհիները-Armenian queens» թարգմանչական նախագծով։ Նախագիծը լավ առիթ հանդիսացավ հետազոտական, ստեղծագործական, համագործակցային, թարգմանչական և մեդիա հմտությունների զարգացման համար, և այս հոդվածով ես ցանկանում եմ Ձեզ փոխանցել նախագծի իրականացման կախարդական մանրամասները։
Վաղ մանկության տարիքում յուրաքանչյուր աղջիկ իրեն պատկերացնում է հեքիաթային արքայադստեր դերում, փնտրում է կատարյալ կերպարներ և ձգտում է նմանվել նրանց։ Որպես աղջիկ երեխայի մայր և բազմաթիվ աղջիկ սովորողների ուսուցիչ՝ կարևորում եմ այդ փաստը և լուրջ մտահոգություններ ունեմ այն առումով, որ ժամանակակից մեդիա արտադրությունը և հատկապես հայրենական մեդիա դաշտը բարձր արժեքային համակարգով օժտված, օրինակելի կերպարներ չեն առաջարկում հասարակությանը։
Մեզ մնում է հաշտվել այն մտքի հետ, որ մեր աղջնակները որպես դաստիարակության մոդել ընդունում և կրկնօրինակում են սպառողական մտածողություն քարոզող դիսնեյյան արքայադուստրերին և թագուհիներին։ Մի՞թե մենք չենք կարող ժամանակակից հայ երեխաներին առաջարկել ավելի լավ այլընտրանք։
Հետազոտությունից դեպի գործողություն
Այս հարցի պատասխանը ինքս ինձ համար պարզելու նպատակով՝ որոշեցի փոքրիկ հետազոտություն անել և հասկացա, որ Հայոց պատմագրությունը շռայլ չի գտնվել հայոց թագուհիների մասին տեղեկատվության տրամադրման հարցում։ Եղած դրվագները, այնուամենայնիվ, թույլ են տալիս ենթադրել, որ հայկական իրականության մեջ եղել են բարձր արժեհամակարգով օժտված, զորեղ թագուհիներ, և նրանցից շատերի վառ կերպարները կարող են ժամանակակից հայ աղջնակների դաստիարակության համար որոշիչ մոդելներ հանդիսանալ։
Ամանորյա դիմակահանդեսի ընթացքում աղջիկ սովորողներիս հետ այս թեմայի մասին մտքերի փոխանակումը ցույց տվեց, որ գեղեցկուհի Բելը, արքայադուստր Սոֆիան, թագուհի Էլզան բնավ էլ ոգեշնչող կերպարներ չեն իրենց համար, և որ նրանք մեծ սիրով դիմակահանդեսին կներկայանային որևէ հայ թագուհու կերպարով։
Մեր երկխոսությունը բոլորիս բերեց քննարկումների դաշտ, որտեղ մենք հասկացանք, որ Հայոց թագուհիների մասին գրեթե ոչինչ չգիտենք, ուրեմն՝ պետք է իմանանք։ Այս ամենի արդյունքում ձևավորվեց և ձևակերպվեց «Հայոց Թագուհիները-Armenian queens» թարգմանչական նախագիծը։ Նախագիծը կենտրոնացավ թարգմանության շուրջ, որպեսզի տղաները նույնպես հետաքրքրություն և գործուն մասնակցություն ունենան դրանում։
Նախագծի իրականացումը
Նախագիծը սկսվեց հետազոտական փուլով․ ուսումնասիրվեցին «Վիքիպեդիա» ազատ հանրագիտարանի համապատասխան բաժնի նյութերը, սովորողները դիտեցին «Հայոց թագուհիներ․Նվիրյալներ» տեսաֆիլմը։
Թարգմանված նյութը մշակվեց միասնական աշխատանքի արդյունքում, քննարկվեցին պատրաստի նյութի ներկայացման տարբերակներ։ Հաշվի առնելով սովորողների մեդիա կարողությունները, հետաքրքությունները և մեծամասնության կարծիքը՝ որոշվեց, որ պատրաստի նյութը կներկայացվի մուլտիմեդիա ձևաչափով՝ արհեստական բանականության գործիքների կիրառմամբ։
Քանի որ արդեն համանման նախագծի փորձ ունեի, սովորողներին առաջարկեցի սովորել նոր գործիք և կիրառել արհեստական բանականության D-ID թվային հարթակը, որը թույլ է տալիս անգլերեն լեզվով համապատասխան նկարագրության միջոցով (Script) գեներացնել կերպար, ապա դրան հաղորդել շարժում և խոսք։
Ընտրված կերպարներ և նրանց պատմությունները
Սովորողների հետ միասին ընտրեցինք մի քանի կարևորագույն հայ թագուհիների, ովքեր Հայոց պատմության մեջ ունեցել են նշանակալից ազդեցություն։ Դրանք էին՝
- Աշխեն թագուհի՝ Տրդատ Գ թագավորի կինը, ով մեծ դեր է ունեցել քրիստոնեության ընդունման գործում,
- Փառանձեմ թագուհի՝ Արշակ II-ի կինը, ով հայտնի է եղել քաջությամբ և հայրենասիրությամբ,
- Զարմանդուխտ թագուհի՝ կառավարել է Հայաստանը Վահան Մամիկոնյանի հետ միասին Արշակ III-ի անչափահասության ժամանակ (387-389 թթ.),
- Խոսրովիդուխտ արքայադուստր ՝ Տիրան թագավորի քույրը, հայտնի է եղել իմաստությամբ և քաջությամբ,
- Կատրանիդե Բ թագուհի՝ Գագիկ Ա-ի կինը, հայտնի է եղել գեղեցկությամբ և խելացիությամբ,
- Զաբել թագուհի՝ Կիլիկիայի հայկական թագավորության միակ գահակալ թագուհին։
Տեխնոլոգիական լուծումներ
Սովորողներն օգտագործեցին D-ID արհեստական բանականության հարթակը ՝ավատարների և տեսանյութերի ստեղծման համար։ Այս արդիական թվային գործիքը թույլ տվեց ստեղծել համոզիչ ներկայացումներ, որոնցում թագուհիները անգլերեն լեզվով պատմում էին իրենց մասին:
Նախագծի ներկայացումը և արդյունքները
Սահմանված վերջնարդյունքը մարտահրավերային էր, բայց՝ իրագործելի։ Արևմտյան դպրոց պարտեզի 5.1 և 5.4 դասարանները լծվեցին գործի՝ ի ցույց դնելով իրենց ՏՀՏ հմտությունները և ստեղծագործական ողջ ներուժը։ Նպատակին հասնելու համար թիմային գործունեությունը որոշիչ նշանակություն ունեցավ, և սովորողները կարողացան տեղավորվել ժամանակի մեջ և ստանալ իրենց պատկերացրած վերջնարդյունքը։
Սովորողները ցուցաբերեցին բարձր պատասխանատվություն, քանի որ գիտակցում էին գործի կարևորությունը։ Նախագծի արդյունքը գոհացրեց նրանց, քանի որ կարողացան պատասխանել մեր հասարակության համար սովորական դարձած մի հռետորական «Դե՛, հիմա էս ա, ես ի՞նչ կարող եմ անել» հարցին և այլընտրանք առաջարկեցին Դիսնեյ թագուհիներին, դարձան ստեղծողներ և ոչ թե սպառողներ։
«Ձոն» ստուգատեսի շրջանակներում իրականացրած մեր նախագիծը մեծ հետաքրքրություն առաջացրեց: Անչափ ուրախացնող էր տեսնել, թե ինչպես ծնողներն ու մյուս ուսուցիչները ոգևորվեցին գաղափարով: Արևտյան դպրոցի իմ կոլեգաների հետ որոշեցինք հաջորդ անգամ նախագիծը իրականացնել եռալեզու՝ հայերեն-անգլերեն-ռուսերեն ձևաչափով, կիառել արհեստական բանականության նոր և բարելավված գործիքակազմ։
Նախագծի մասնակից սովորողների ոգևորությունը իմ մեջ մեծ հույսեր առաջացրեց , և ես համոզվեցի, որ ուսումնառության բովանդակության մեջ Հայոց թագուհիների կերպարների հաճախակի օգտագործումը, համերգների, հանդեսների ,դիմակահանդեսների և պարահանդեսների ժամանակ նրանց կերպարների մարմնավորման խրախուսումը կարող է մեծ արդյունքներ տալ, և Աշխեն, Կատրամիդե, Մարգարիտ, Թամար, Մարի, Սոֆի, Գայանե, Սյուզի, Աստղիկ և այլ հայ թագուհիները կարող են բարձր արժեհամակարգ թելադրել նոր սերնդի աղջիկներին ։ Այս ամենը, անշուշտ, լավ ազդեցություն կունենա նաև ուսումնառության մոտիվացիայի բարձրացման, ինքնաճանաչողության, ինքնահարգանքի, հասարակության մեջ կնոջ դերի գիտակցման առումներով։
Փորձի տարածում
Ուսուցիչների համար, ովքեր կցանկանան իրականացնել նմանատիպ նախագիծեր, կառաջարկեմ մի քանի գործնական խորհուրդ.
- Սկսե՛ք ուսումնասիրությունից, օգտագործե՛ք հասանելի առցանց աղբյուրները և գրքերը։
- Հաշվի՛ նստեք սովորողների առաջարկների հետ ,ներգրավե՛ք նրանց որոշումների կայացման գործընթացում, թո՛ւյլ տվեք , որ նրանք գիտակցեն գործի կարևորությունը և պատասխանատվության զգացում վերցնեն և՛ հաջողության , և՛ ձախողման դեպքում։
- Տեխնոլոգիաները ընտրելիս փորձե՛ք գտնել այնպիսիք, որոնք հասանելի են, անվճար կամ ունեն անվճար հնարավորություններ։
- Բաժանե՛ք սովորողներին խմբերի՝ հաշվի առնելով նրանց հետաքրքրությունները և ուժեղ կողմերը։Սա թույլ կտա զարգացնել թիմային աշխատանքի հմտությունները և զգալ համաստեղծության բերկրանքը։
- Կարևորե՛ք ոչ միայն վերջնարդյունքը, այլև գործընթացը, քանի որ հենց գործի ընթացքն է, որ հանգեցնում է անձնային աճի։
Եզրակացություն
Նման նախագծերը ոչ միայն զարգացնում են լեզվական և թվային հմտություններ, այլև խորացնում են սովորողների կապը մեր մշակութային ժառանգության հետ:
Այս նախագիծը ցույց տվեց, որ ժամանակակից տեխնոլոգիաները կարող են զորեղ գործիք դառնալ մեր պատմական և մշակութային ժառանգությունը վերակենդանացնելու և ժամանակակից սերունդներին հասանելի դարձնելու գործում: Հայոց թագուհիները, ովքեր երկար ժամանակ մնացել են պատմության ստվերում, այժմ կարող են դառնալ ոգեշնչման աղբյուր մեր երեխաների համար՝ շնորհիվ արհեստական բանականության և ստեղծագործական մոտեցման:
Հավատացած եմ, որ յուրաքանչյուր քայլ դեպի մեր մշակութային արմատների ճանաչումը քայլ է դեպի ինքնաճանաչողություն և ավելի պայծառ ապագա։
1st Team, Team Leader: Nune Harutyunyan
2nd Team, Team Leader: Anzhel Danielyan
3rd Team, Team Leader: Mari Lazyan
4th Team, Team Leader: Mari Maukyan
5th Team, Team Leader: Luse Derderyan
6th Team, Team Leader: Davit Karapetyan