Հունվարյան Ազգագրության ստուգատեսի ծրագրի բովանդակությունը ենթադրում էր նաև ուսումնասիրություն, անդրադարձ տարածաշրջանի, հարևան երկրների, մասնավորապես՝ Իրանի  մշակույթին։ Ստուգատեսի համակարգող, երաժշտության դասավանդող Հասմիկ Մաթևոսյանի նախաձեռնությամբ  հյուրընկալեցինք ուսուցիչ, հոդվածագիր, խմբագիր, թարգմանիչ, լրագրող, գրող Ժորժ Աբրահամյանին։ Պարոն Աբրահամյանը ունեցավ բանախոսություն, ներկայացրեց իրանական մշակույթը, հայկական հետքը Իրանում։ Հանդիպմանը հաջորդեցին երկու աշխատարաններ՝ իրանական խոհանոցի և ասեղնագործության, որոնք էլ վարեց Նարինե Գրիգորյանը՝ Ժորժ Աբրահամյանի կինը: Իրանական մշակույթի մի ճյուղ էլ՝ «Իրանական մինիատյուրա»,  ներկայացրեց մեր պարսկահայ ծնող Մելանյա Թոմասը։ Այս հանդիպումների ու ստացած ինֆորմացիայի, փորձի կիրքը չէր մարել, երբ որպես շարունակություն, իրանական մշակույթի հանդեպ գնահատանք, Ժորժ Աբրահամյանի բարեխոսությամբ Թեհրանի զբոսաշրջության և հարակից ոլորտների ցուցահանդեսից (TITE) ստացանք պաշտոնական հրավեր։

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի աջակցությամբ Իրանում ենք։

Թե՛ իմ, թե՛ Հասմիկի առաջին այցն է Իրան, Թեհրան։ Ինչպես Ռումին կասեր. «Այն, ինչ փնտրում ես, փնտրում է նաև քեզ»… Այո՛, մենք շատ էինք ուզում լինել Իրանում։

Իրանը ես ճանաչում էի պոետներով՝ Ռումիով, Հաֆեզով, Ֆիրդուսով, ժամանակիցներից՝ Ռասուլ Յունան, Սառե Դասթառան, Շահաբ Մողառաբին, Աբաս Քիառոսթամի և այլն։ Երբ դասավանդում էի, ունեի թատրոնի ընտրությամբ գործունեություն․ իրանական պոեզիան միշտ ներկա էր գրական թատրոնի ծրագրում։ Որպես ուսուցիչ՝ ուզում էի, որ պոեզիայի միջոցով պատանիները ծանոթանային բնությունը, սերը, գեղեցիկը, մարդկային ցավը երգելու իրանական խորքային ու միաժամանակ պարզ լեզվին։ Բացի գրական նյութից, մյուս ոլորտը, որ ինձ համար դուռ էր եղել դեպի իրանական մշակույթ, կինոն էր․ ռեժիսորներ՝ Ջաֆար Փանահին, Ասղար Ֆարհադին, Մոհամմադ Ռասուլոֆը, Աբաս Քիառոստամին։ Իսկ արվեստագետներից անչափ սիրելի է նկարչուհի, վիդեոարտի, լուսանկարչության ոլորտում հայտնի Շիրին Նեշատը։

Օր առաջին

Եվ ահա Թեհրանում եմ։ Երկիր, որը ճանաչել եմ մի կողմից Հաֆեզի բանաստեղծությունների միջոցով, մյուս կողմից՝ Քիառոստամիի ֆիլմերի,  Նեշատի ստեղծած պատկերների․․․

Օդանավակայանում մեզ դիմավորեց հրավիրյալ կողմը՝ պարոն Ազիզմորադիի ներկայացուցչությամբ։ Ես ու Հասմիկը փափագում էինք, որ հենց հասնենք հյուրանոց, իրերը տեղավորելուց հետո կունենանք հնարավորություն երեկոյան Թեհրանը տեսնելու, զբոսնելու։ Ավա՜ղ, օդանավակայանից դեպի մեր «New Naderi» հյուրանոց ճանապարհը մի քանի ժամ տևեց. առաջին օրը Թեհրանը տեսանք միայն մեքենայի պատուհանից ։

Գիշերային Թեհրանը մեքենայի պատուհանից թվում էր հազար ու մի գիշերվա հեքիաթի պես: Լույսերը պարում էին քաղաքի երակներում, մինչ մենք սահում էինք դեպի  մեր առաջին պարսկական հանգրվանը: Քնել էր պետք, բայց ո՞վ կարող էր քնել, երբ արևելքի սիրտը բաբախում էր պատերից այն կողմ…

Օր երկրորդ

Արևածագը նոր էջ բացեց 7:30-ին…

Դամավանդի հպարտ գագաթը, ասես հսկա թագ՝ դրված Թեհրանի գլխին, դիմավորեց մեզ հյուսիսում:

Փառատոնը բացվեց ինչպես հին պարսկական մանրանկարի գիրք՝ էջ առ էջ բացահայտելով Իրանի գանձերը:

Ամեն տաղավար մի աշխարհ էր․ ներկայացված էին Իրանի տարբեր շրջաններ՝ իրենց արվեստներով, արհեստներով, ազգային նվագարաններով, ծեսերով։

Խեցեգործի մատները պատմում էին հազարամյա գունեղ պատմություններ կավի լեզվով, փայտագործի դուրը պարում էր փայտի երակների վրա, պղնձագործի մուրճը երգում էր հին մեղեդիներ, կաշվի վրա փորագրված նախշերը՝ արևելյան  առասպելներ, վարպետի ձեռքերում ծղոտը վերածվում էր ոսկե հրաշքների, գորգագործները հյուսում էին դրախտային պարտեզներ, ասեղնագործության մեջ պահված էր կանացի համբերության պոեզիան, վիտրաժների գույները պատմում էին լույսի ու ստվերի սիրո մասին, տիկնիկները կենդանանում էին՝ պատրաստ պատմելու իրենց հեքիաթները։ Յուրաքանչյուր շրջան ներկայանում էր որպես տուրիզմի բացառիկ գոտի՝ իր բոլոր առավելություններով։

Քանի որ փառատոնի առաջին օրն էր, ու ոչ բոլոր շրջաններն էին ներկայացված, մենք գնացինք ճաշելու, զբոսնելու։

Եվ ահա՛… Գոլեսթանի պալատը: Մամա՜ ջան․․․․ Գոլեսթա՛ն… Մարմարե գահը, զարմանալի վիտրաժները երգում էին գույների սիմֆոնիա, իսկ հախճապակյա սրահները… Դրանք ասես Ռումիի բանաստեղծությունների տեսողական թարգմանությունը լինեն։ Մարդ անբառ է մնում․ Գոլեսթանը տեսնել է պետք: Երեկոյան պարոն Ազիզմորադին  մեզ առաջնորդեց դեպի մի վայր, որը կրում էր «Բնության կամուրջ» անվանումը:

 Հերթական հրաշքը կնոջ ձեռամբ՝  երկաթե ժանյակ երկնքում: Կամուրջը նման էր հսկայական թռչունի, որը սավառնում է քաղաքի վրա։ Ներքևում Թեհրանի լույսերը վառվում ու հանգչում էին ինչպես աստղեր, որոնք երկնքից իջել ու հաստատվել էին երկրի վրա:  Հետաքրքիր զգացողություն էր․ կամուրջի վրա կանգնած զգում ես, թե ինչպես է այսօրվա  Իրանը գրկախառնվում իր հազարամյա պատմության հետ՝ կամուրջ անցյալի  և ներկայի միջև, արևելքի  եւ արևմուտքի միջև, երկրի և երկնքի միջև:

Օրն ավարտվեց, բայց հազար ու մի գաղտնիք դեռ սպասում էին մեզ առջևում… Ինչպես Հաֆեզն է ասում. «Եթե դու եկել ես այս այգին, մի՛ շտապիր, այստեղ ամեն ծաղիկ մի պատմություն ունի պատմելու»․․․

Օր երրորդ

Մեքենան շարժվեց դեպի հյուսիս։ Պատուհանից որսում էինք Թեհրանի գեղեցկությունը, որը պարզապես հոսում էր իր որմնանկարներով  հարուստ փողոցներով, անցումներով։ Մենք հանգրվանեցինք Իրանի Լորեստան նահանգի տաղավարում․ պարոն Ազիզմորադին հենց այդ շրջանից էր։ Ես ու Հասմիկը շրջում և հիանում էինք, մինչև կառավարության ներկայացուցիչները կայցելեին ցուցահանդես, տաղավար։ Իսկ երբ հնչեցին կոպալի, դափի ու զուռնայի հնչյունները… հայտնություն: Մեր հայկական «Տատիկ զալուր կմաղեր» ու «Ելնինք Էրիշտի վրեն»  երգերը հանկարծ գտան իրենց հեռավոր քույրերին պարսկական մեղեդիների մեջ:

Պաշտոնական մասը վերածվեց մշակութային կամուրջների կառուցման տոնակատարության:

ՀՀ-ն «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրով ներկայացավ։  Ես  իմ պատումում ներկայացրեցի մեր հնարավորությունները,  հետաքրքրությունները ու  ուրվագծեցի հնարավոր համագործակցությունը։ Ներկայացրեցի կրթահամալիրի օրացույցը, «Արվեստի փառատոնը», պարսկերեն լեզվի ակումբը-ընտրությամբ գործունեությունը, արվեստ-արհեստ բնագավառը, ինժիներատեխնիկական ստեղծագործությունը, կրթահամալիրի կրթական փոխանակումների միջազգային նախագծերը, Քոլեջի տուրիզմ մասնագիտությունը, արշավները, ճամփորդական նախագծերը, մեր փորձը։ Միանգամից հանդես եկա առաջարկներով՝ պարսկերեն լեզվի միջազգային օրը մայիսի 15-ն է, եւ այդ օրը կլինի մեր օրացույցում «Իրանական մշակույթի օրերի» ամփոփումը։ Մենք կարող ենք չորս օր անդրադառնալ իրանական մշակույթին՝ պոեզիա, գրականություն, պարսկական վիպերգեր, խոհանոց, տեխնոլոգիա-արվեստ, իսկ մայիսի 15-ին՝ պարսկերեն լեզվի օրը, համերգով կամփոփենք իրանական մշակույթի օրերը։ Խոսեցի, որ կարող ենք մեր կրթական փոխանակումների կացարանում ընդունել իրանցի վարպետներին, երկկողմանի ընդունելի ձեւաչափով և աշխատարանների միջոցով յուրացնել իրանական փորձը, ապա  միասնական հանդես գալ հաշվետու ցուցահանդես-տոնավաճառով։ Կարող ենք վարպետներին լրացուցիչ կազմակերպչական ճշտումներից հետո հրավիրել երևանյան տոնավաճառներին կամ միասին հանդես գալ մի տաղավարում։

Ներկայացումս արժանացավ ծափերի, ողջույնի։

— Հայաստանը երբեք էսպես լուրջ ու կառուցողական չի ներկայացել։ Փառատոնը ամենամյա է, և միշտ Հայաստանը հրավեր է ստացել, ներկայացել, բայց էսպես կառուցողական արձագանք չէինք գտել,- ասաց Լորեստան նահանգի «Տեխնոպարկի» տնօրեն, ներդրող պարոն Ամին Թահերի Գարավանդը։  

Այս խոսքերը հնչեցին որպես նոր սկիզբ  մշակութային, կրթական  և տեխնոլոգիական կամուրջների, որոնք կմիավորեն մեր ժողովուրդներին շատ ավելի ամուր, քան երբևէ: Մայիսի 15-ը՝ պարսկերեն լեզվի միջազգային օրը, դարձավ մեր համագործակցության խարիսխը:

Հաջորդիվ կրկին տարբեր պաշտոնյաներ ծանոթացան մեզ հետ, իսկ վերջին հանդիպումը ամենահուզիչն էր։ Իրանի մշակութային հուշարձանների պահպանության փոխնախարարի հետ հանդիպումը վերածվեց մի հուզիչ ճամփորդության դեպի մեր ժողովուրդների ընդհանուր հիշողությունների այգին:

Վերևում նշել էի, որ Լորեստան նահանգի տաղավարում մենք երաժշտական կատարումներում հարազատություն հայտնաբերեցինք, ահա՛, փոխնախարարը փաստեց, որ  նահանգում եղել է հայկական ներկայություն՝ տասնհինգ գյուղ։ Պատմեց, որ հայերը շատ սիրված են եղել, իսկ իրանցի տղամարդիկ հաճախ սիրահարվել են հայուհիներին, բայց քանի որ կրոնը թույլ չի տվել, հայերը իրենց դուստրերին կնության չեն տվել նրանց, իրանցիները այդ անպատասխան սիրո մասին բազում վիպերգեր են գրել։ Եվ փոխնախարարը մեկը երգեց մեզ համար, ու պահը լռեց․․․։ Ո՜վ կմտածեր, որ մեր նկատած երաժշտական նմանություններն այդքան խորն արմատներ ունեն: Փոխնախարարը նաև պատմեց՝ ինչպես է նահանգի հայկական գերեզմանոցը փրկել ոչնչացումից, ինչպես է կանգնել թրթուրավոր մեքենայի առաջ՝ պնդելով, որ չի վախենում, եթե պիտի ոչնչացնեն, ապա թող անցնեն իր վրայով։ Այդպես ոչ միայն փոխնախարարը փրկել է գերեզմանոցը, այլև՝ գրանցել Իրանի հուշարձանների ցանկում։ Էս հուզիչ պատմություններից հետո, ես՝ որպես հայ, շնորհակալություն հայտնեցի, ինչպես նաև խնդրեցի, որ  վիպերգերը մեզ փոխանցեն, ու մենք դրանք կներառենք մեր նախագծերում, և անպայման մայիսի 15-ին կհնչեն մեր ամփոփիչ համերգում։ Նաև հրավեր արեցի՝  ասելով, որ միասին կայցելենք մեր Լոռի՝ իբրև քույր մարզ։ Պարոն Ժորժը ևս առաջարկով հանդես եկավ, որ երկուստեք աշխատեն  մարզերը իրավական մասով «քույր» ճանաչելու մեջ։ Նորից ծափեր ու ողջույն։

Ես նաև պատմեցի Երևանում իրանական հետքի մասին՝ նշելով, որ ավելի հաճախ խոսում ենք միայն Կապույտ մզկիթի մասին, բայց Կոնդ թաղամասը հստակ վավերագրություն է իրանական հետքի, ներկայության մասին։ Խոսեցի Կոնդի մզկիթի մասին՝ պատմելով, որ մզկիթում մոնոներկայացում եմ բեմադրել։ Այս վկայությունը ևս ոգևորեց, իսկ պարոն Ժորժն ասաց, որ կաջակցի, որ Կապույտ մզկիթում էլ տարբեր մշակութային նախագծեր իրականացնենք, գրական ընթերցումներ, ցուցահանդեսներ, այլ…։

Հիշեցրեց Կապույտ մզկիթի պահպանության հերոսին, երբ 1920-ականներին խորհրդային իշխանությունը որոշում էր կայացրել կրոնական բոլոր կառույցները ոչնչացնելու մասին, և ինչպես Եղիշե Չարենցը, ում սիրելի վայրերից էր Կապույտ մզկիթը, ջանքեր գործադրեց ու փրկեց այն ոչնչացումից՝  վերածելով այն մտավորականների օազիսի։ Հիշեցրեց մզկիթի բակում նրա տնկած թթենու մասին, որը դարձել էր երևանցիների սիրելի տոներից մեկը՝ «Թթի տոն»․ Չարենցին հիշելու, գովերգելու տոն։ Նշեց, որ տոնը այլևս չի նշվում, բայց երևանցիները հիշում են այդ օրը ջերմությամբ։ Ի պատասխան այս հուզիչ պատումի՝ ես հանդես եկա առաջարկով, որ մենք տոնը կներառենք մեր օրացույցում և կվերականգնենք այն՝ վերստին կյանք տալով սիրելի ավանդույթին, որը նաև կմիավորի մեզ Չարենցի հետ։ Նոր կամուրջներ հին ավանդույթների վրա․․․

Հաջորդ հանդիպումն արդեն «Տեխնոպարկի» թիմի հետ էր, որտեղ ներկայացվեց հնարավոր գործընկերությունը, կրթահամալիրի ենթակառուցվածքները, Արատեսի դպրական կենտրոնը, ինչպես նաև՝ ինժիներատեխնիկական ստեղծագործության մեր լաբորատորիան։ Էստեղ ևս թիմը պատրաստ էր համագործակցել կրթական բաղադրիչով, ինչպես նաև՝ ծառայություն մատուցելու առաջարկով։ Ես խնդրեցի բոլոր առաջարկները փոխանցել, և մենք անպայման դրանք անարձագանք չենք թողնի։

Ավարտվեցին մեր պաշտոնական հանդիպումները,  և մենք շարժվեցինք հյուրանոց։

Օր չորրորդ

Առավոտյան պետք է այցելեինք Սուրբ Սարգիս եկեղեցի և հանդիպեինք հայ համայնքի վառ, կենսախինդ գորգագործ տիկին Ալիսին, ով ղեկավարում էր եկեղեցուն կից թանգարանը և պատկերասրահը։ Հյուրանոցից դեպի եկեղեցի, պատկերասրահ մի փողոց էր բաժանում։ Մեզ իր օգնությունը առաջարկեց պարոն Ազիզմուրադին և ուղեկցեց։ Անձրևային եղանակը արտացոլում էր մեր տրամադրությունը, քանի որ շատ սիրեցինք ու հուզական կապ ձևավորվեց Թեհրանի, Իրանի, իրանցիների հետ։ Այնքան ջերմություն ամբարեցինք և այնքան բան չհասցրեցինք տեսնել, որ մի տեսակ չէինք ուզում բաժանվել։

Մեզ իր պայծառ ժպիտով դիմավորեց տիկին Ալիսը և իր որդին՝ Ռազմիկը։ Առաջին իսկ վայրկյանից թվաց, թե տարիներ շարունակ ճանաչում ենք միմյանց․ այնպիսի՜ հարազատության զգացում էր, այնպիսի՜ ջերմություն։ Շրջեցինք թանգարանում, տպավորվեցինք հավաքածուով, հատկապես հայ թագուհիների, իշխանուհիների հանդերձներով, խոսեցինք հայ համայնքի, հայ համայնքի հայտնի մշակութային գործիչների մասին, ինչպես նաև տիկին Ալիսը պատմեց իր գործունեության, գալիք ցուցահանդեսների մասին։ Տիկին Ալիսի պատմություններն այնքան կենդանի էին, որ թվում էր՝ թանգարանում ներկա  կերպարները հիմա կզարթնեն իրենց դարավոր քնից:

Պայմանավորվեցինք նաև համատեղ ցուցադրություններ կազմակերպել, համագործակցել։ Հանկարծ պարոն Ազիզմորադին, ով ջերմությամբ լսում էր մեր զրույցը, հանդես եկավ գեղեցիկ ու անչափ հուզիչ առաջարկով, ասաց,  որ խորհրդով է եկել և շատ ուզում է, որ մեր գործընկերության նախահուշագիրը ստորագրենք հայոց եկեղեցում… Համագործակցության նախահուշագիրը հենց եկեղեցում ստորագրելու մասին նրա խորհուրդը դարձավ մեր հանդիպման պսակը:

Մտանք եկեղեցի, աղոթեցինք, հանդիպեցինք  տեր հորը, որից էլ  ստացանք օրհնություն։ Պարոն Ազիզմորադին խոնարհությամբ եկեղեցու սրահում սպասեց մեզ, ապա՝ ինչպես խորհուրդ էր արել, ստորագրեց փաստաթուղթը… Անասելի հուզիչ էր, կնքեցինք մի ուխտ՝ պահպանելու և զարգացնելու մեր ժողովուրդների միջև դարերով ձևավորված մշակութային կապերը:

Բաժանվեցինք տիկին Ալիսից, Ռազմիկից և գնացինք հյուրանոց։ Մի տեսակ տխրությամբ, բայց նաև նոր սկիզբի սպասումով ուղևորվեցինք օդանավակայան։ Քիչ էր մնում ուշանայինք թռիչքից, բայց էլի մեր հարեհաս պարոն Ազիզմորադին, մինչև վերջ հավատարիմ մնալով իր բարեկամական առաքելությանը, հասցրեց մեզ ճիշտ ժամանակին …Եվ ահա, նրան էլ հրաժեշտ տվեցինք։

 Թեհրանում անցկացրած այս երեք օրերը դարձան մի ամբողջ կյանք՝ լի հայկական և պարսկական մշակույթների նուրբ համադրությամբ, անկեղծ ժպիտներով, հոգատարությամբ և անսահման հյուրասիրությամբ: Հիմա ոչ միայն ջերմ հուշեր են, այլև վճռականություն՝ այս հանդիպումը վերածելու երկարատ և  պտղաբեր համագործակցության:

Համատեղ ցուցահանդեսները, մշակութային փոխանակումները  և ստեղծագործական նախագծերը սպասում են իրենց հերթին: Թեհրանյան այս գործուղումը դարձավ ոչ թե վերջակետ, այլ բազմակետ՝ խոստանալով նոր սկիզբ  և անսպասելի հայտնագործություններ:

Իհարկե այն չէր կայանա առանց Հասմիկ Մաթևոսյանի «Ազգագրության փառատոնի», առանց նրա եզակի ու բարեխիղճ ջանքերի, առանց պարոն Ժորժի բարյացակամության, նրա հետևողական, անհոգնել աջակցության և, իհարկե, առանց կրթահամալիրի վստահության, առանց «Արհեստակցական կազմակերպության»… Շնորհակալ եմ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով