Կրթահամալիրի մանկավարժության լաբորատորիայի առաջարկով Եվրոպական և տարածաշրջանային օտար լեզուներ դասավանդողների մասնախումբը «Այլոց փորձի ուսումնասիրություն» նախագծի շրջանակում սկսել է ուսումնասիրել Հայաստանում գործող ոչ պետական այլընտրանքային կրթական ծառայություն իրականացնող դպրոցների մանկավարժական փորձը: Առաջինը Վալդորֆյան դպրոցի մասին  ուսումնասիրությունն էր, որը կատարեցին անգլերեն դասավանդողներ Մարիամ Առուշանյանը և Արմինե Խաչատրյանը: Մեր երկրորդ ընտրությունը Իրական դպրոցի մասին է:   

2016-ին հիմնադրված Իրական դպրոցը այլընտրանքային կրթական ծառայություն իրականացնող ոչ պետական ուսումնական հաստատություն է: Դպրոցի խորհրդանիշը նետ ու աղեղն է: Այս խորհրդանիշի իմաստն այն է, որ կրթությունն այստեղ անվրեպ իրականացվում է մի ուղղվածությամբ և ունի մի նշանակետ: Այդ նշանակետն է՝ Հայաստանի համար կրթել այնպիսի անձնավորություն, ով իր գիտելիքներով ու կարողություններով կարող է իրական ձևով նպաստել իր ընտանիքի և հայրենիքի բարգավաճմանը, հզորացմանն ու զարգացմանը:

Ի՞նչն է Իրական դպրոցի այլընտրանքը

Դպրոցի պատերին փակցված լուսանկարների բովանդակությունը, դասասենյակների դռների վրայի գրությունները, լաբորատորիաներում առկա տարբեր տեսակի գործիքները,  էլեկտրոնային սարքերը,  գրատախտակների վրա գրված ու դեռ չջնջված գրաբար նախադասությունները, դպրոցի ստեղծման ու արդեն իրականացրած իրական նախագծերի մասին  տնօրեն Վահագն Պողոսյանի մոտ 2,5 ժամ տևած ներկայացումը, դպրոցում տիրող աշխատանքային մթնոլորտը ժամը 16-ին, ամենը միասին անընդհատ հուշում էին, որ մենք միանգամայն այլ կարգի այլընտրանքային կրթական հաստատությունում ենք:

Իրական դպրոց ընդունվում են 9-րդ դասարանն ավարտած աշակերտները: Իրական դպրոցն իրականացնում է «Համակարգերի տեսություն» մասնագիտության քառամյա ուսումնական ծրագիր: Ուսումնական ծրագիրը հովանավորվում և իրականացվում է «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության» եւ «Ինստիգեյթ ուսումնական կենտրոն» հիմնադրամի կողմից: Դպրոցն առաջին հարկում է, իսկ դասավանդողների հիմնական աշխատանքը՝ վերևի հարկերում: Դասավանդողներն իջնում են առաջին հարկ՝ տեսությունը բացատրելու համար, իսկ սովորողները բարձրանում են վերև՝ գործնական աշխատանքներ և իրական նախագծեր կատարելու համար: 
Ուսումնառության առաջին տարին ներառում է հանրակրթական ավագ դպրոցի X-XII դասարանների ուսումնական ծրագիրը, ինչպես նաև ազգագրական պար, երգ, վայելչագրություն, դասական հայերենի ուղղագրություն, գրաբար, ծրագրավորման հիմունքներ։
        Թվում է, որ անհնար է մեկ ուսումնական տարվա ընթացքում սովորողը յուրացնի հանրակրթական ավագ դպրոցի X-XII դասարանների ուսումնական ծրագիրը, բայց տարբեր ուսումնական առարկաների ծրագրերի էական բեռնաթափումը և միայն նվազագույն չափորոշչային կարողությունների վրա կենտրոնանալը ու դրան էլ գումարած ազգագրական երգ ու պարի, ինչպես նաև՝ գրաբարի վրա հիմնված  ծրագրավորման հիմունքների ուսուցում-ուսումնառությունը լիովին բավարար է լինում, որպեսզի երկրորդ տարվանից արդեն սկսվի մասնագիտական ուսուցումը: Դպրոցն առանձնանում է մի շարք յուրահատուկ մոտեցումներով՝ ակադեմիական կրթության հետ զուգահեռ մեծ ուշադրություն է դարձվում սովորողների ընդհանուր, ներդաշնակ զարգացմանը։ Ուսումնական գործընթացում մեծ տեղ Է զբաղեցնում արվեստը՝ հատկապես երաժշտությունը, նկարչությունն ու կավագործությունը։ Սովորողները խորացված ուսումնասիրում են ռազմական արվեստ, առաջին բուժօգնություն, մասնակցում են ռազմամարզական ճամբարների։ Դպրոցի կարևորագույն առանձնահատկություններից է գրաբարի խորացված ուսումնասիրությունը։
         Երկրորդ տարվանից սկսած մասնագիտական ուսումնառության են անցնում միայն այն սովորողները, ովքեր կարողացել են առաջին տարվա ընթացքում դրական հանձնել X-XII դասարանների չափորոշչային նվազագույն գիտելիքներին և կարողություններին համապատասխան հանձնարարությունները:  
Ուսումնառության երկրորդ, երրորդ և չորրորդ տարիներին սովորողները ստանում են մասնագիտական կրթություն, որն իրականացվում է իրական նախագծերով և մասնագիտական դասընթացներով:
Իրական դպրոցի իրական նախագծերը

Դպրոցում մի ընդարձակ լաբորատորիա կա, որտեղ հավաքվում են տարբեր կազմակերպություններում օգտագործումից հանված ու այստեղ բերված էլեկտրոնային սարքեր և համակարգիչներ:

      Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը և Ինսթիգեյթ ուսումնական կենտրոնը Իրական դպրոցին պատվիրում են վերանորոգել այդ համակարգիչները և նվիրել գյուղական դպրոցներին: Եթե համակարգիչը հնարավոր չի լինում վերանորոգել, այն մասնատվում է, օգտագործվում են միայն կարևոր ու աշխատող մասերը: Իրական նախագծի արդյունքն այն է, որ հովանավոր կազմակերպությունը նախագծի մասնակիցներին՝ Իրական դպրոցին, վարձատրում է կատարած աշխատանքի համար, իսկ գյուղական դպրոցներն էլ անվճար համակարգիչներ են ունենում:

Սա դասասենյակի դռան վրայի գրությունն է:

Ի՞նչ դասընթացներ է յուրացնում «Համակարգերի տեսություն» մասնագիտության սովորողը.

  •  Արդյունաբերական վերահսկման ավտոմատացում (Industrial Control Automation)
  • Համակարգչային նախագծում (Computer Aided Design)
  • Նյութական հոսքերի պլանավորում (Logistics)
  • Համակարգերի ընդհանուր տեսություն (General Systems Theory)

    Գործունեության ի՞նչ հնարավորություններ են տրվում Իրական դպրոցի շրջանավարտներին

Իրական դպրոցի շրջանավարտներն ունեն մասնագիտական բավարար գիտելիքներ և կարողություններ «Համակարգերի տեսություն» մասնագիտական ոլորտում աշխատելու համար: Այդպիսի հնարավորություն նրանք ստանում են Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության և Ինսթիգեյթ ուսումնական կենտրոնի կողմից: Շրջանավարտները կարող են նաև իրենց ուսումը շարունակել Ճարտարագիտական համալսարանի համապատասխան ֆակուլտետում:

Իրական դպրոցի այս շրջանավարտներն աշխատում են իրենց հարազատ դպրոցում:

Դասասենյակ, որը զարմացրեց մեզ

Այդ դասասենյակի գրատախտակին կավիճով անգլերեն և գրաբար գրված ու կիսաջնջված մի նախադասություն կար, որը սլաքներով բաժանվում էր մի քանի բաղադրիչների: Հարցրինք Վահագն Պողոսյանին, թե ինչ է դա նշանակում: Նա պատասխանեց, որ ծրագրավորման հիմունքները դասավանդելիս շատ հարմար է օգտագործել գրաբարը: Այդ պատճառով էլ գրաբարի ուսուցումը կարևոր է համարվում Իրական դպրոցում: Նա ավելացրեց նաև, որ իրենց դպրոցում մաթեմատիկան գրաբարով է դասավանդվում: Մենք հակաճառեցինք նրան՝ «Ինչ հարկ կա բարդացնել առանց այն էլ բարդ ուսումնական առարկան»: Հետաքրքիր ու անսովոր էր նրա պատասխանը: Նա ասաց, որ իրենք մաթեմատիկան սովորեցնում են ապագայի լեզվով: Մենք բոլորս միշտ իմացել ենք, որ գրաբարը մեր անցյալի, մեր հին լեզուն է, որով գրել է Մեսրոպ Մաշտոցը, Խորենացին, Նարեկացին ու Մխիթարեան այրերը, իսկ ահա Իրական դպրոցի տնօրեն Վահագն Պողոսյանը այն կարծիքին է, որ գրաբարը մեր ապագայի լեզուն է, քանի որ  ծրագրավորումն ինքնին ապագա երևույթների հետ գործ ունի:: Նա ավելացրեց նաև, որ մեր երկրի համար իրապես պիտանի քաղաքացի կրթելու համար իրենք երբեք չեն ընտրում ամենահեշտ ճանապարհները: Տարբեր տեսակի դժվարություններ հաղթահարելով են սովորողները ձեռք բերում իրենց ապագա կյանքի համար անհրաժեշտ կարողությունները: Օրինակ՝ երբ նոր էր բացվել դպրոցը, և առաջին աշակերտներն էին ընդունվել, աթոռներ ու սեղաններ չկային: Հովանավոր կազմակերպությունները միտումնավոր չէին գնում դրանք: Իրական դպրոցում ամեն ինչ պետք է ստեղծեին սովորողները: Սովորողները որոշ ժամանակ հատակին էին նստում, մինչև որ սովորեցին սեփական ձեռքերով պատրաստել դպրոցին անհրաժեշտ կահույքը:

Իրական դպրոցի մասնաճյուղերը Հայաստանում

Բացի Երևանից (Ծարավ Աղբյուրի 134/1)՝ Իրական դպրոցներ կան նաև Վանաձորում, Գորիսում և Իջևանում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով