«Հայկական ժամանակի» պատվերով

Ուզում եմ խոսել տպագրի և մեդիագրի հանրակրթական` պետական թե մասնավոր, դպրոցների մասին։ Ի՞նչ են գրում, կարդում տպագրի դպրոցի սովորողը, ուսուցիչը: Սովորողի կարդացածը հիմնական, միջնակարգ կրթության առարկայական ծրագրերով որոշված պարտադիր ընթերցանության  նյութն է, որն արտացոլված է տվյալ առարկայի դասագրքում։ Դասագիրքը, որից այսօր միայն ծույլը չի դժգոհում, պետական թե դրա այլընտրանքի ձևով,  ներկայանում է որպես մեկ առարկա — մեկ գիրք։ Լավն է համարվում տպագրի այն դպրոցը, որ ապահովում է տրվածի յուրացումը (սերտումը), այն սովորողը` ով անգիր է անում: Այստեղից էլ` տպագրի (անգիրի, զուբրիտի) դպրոցի պահանջով ծնված առարկայական շտեմարանները` որպես միջին և ավագ դպրոցների դասագրքերի «համահավաք»։  Ի˜նչ տխուր է…

Ինչպե՞ս պիտի կարդա սովորողը տպագիր նյութը։ Մեթոդը, որն է առարկայական շտեմարանը, ապահովում է, որ սովորողը մտապահի և վերարտադրի նյութը թեսթերի պահանջներով առավելագույն միավոր հավաքելու համար: Զրո ընտրություն, նախաձեռնողականություն, ստեղծականություն և  անհատականացում. հիերարխիկ հնազանդություն, հնազանդություն և հնազանդություն։

Ի՞նչ պիտի կարդա-կարդում է այս դպրոցի ուսուցիչը: Լավագույն դեպքում` նույնը, սովորողից մի օր առաջ: Եվ վերջ: Ի՞նչ է գրում, թեմատիկ պլանավորումից, սովորողի տետրում կամ օրագրում (գործո՞ւմ են դրանք) անառարկելի ու կարճ (ստանդարտ) ցուցում-բողոք գրանցելուց բացի:

Ինչպե՞ս են ստուգում–վերահսկում ծնողը, ԿԳ նախարարը, պետական կառավարման այլ մարմինը, լայն հասարակությունը: Հավատում են ընթացիկ  կամ քննական գնահատականների՞ն, անցկացնում են միջանկյալ քննություննե՞ր, իրենց գիտելիքների հե՞տ են համեմատում իրենց ձեռքն ընկած սովորողի գիտելիքները….

Այսպիսով պետական հանրակրթական ծրագրի կազմակերպումը պահանջում է սոսկ վերարտադրություն` պարտադիր նյութի  (դասագրքի, շտեմարանի)։  Այստեղից` դաս-դասարանային կոչված մոդելը` որպես տպագիր դպրոցի ֆետիշ, որը հենց տպագրի դպրոցի  ռեպրեսիվ իրականության արտացոլումն է։ Ու սրա հետևանքով `սովորողազուրկ թանգարաններ, համերգային դահլիճներ, բնության ու պատմության հուշարձաններ,   տպագիր ու էլեկտրոնային գրադարաններ, խաղահրապարակներ, այգիներ, ոչ ֆորմալ ուսուցման դասընթացներ, փախուստ դպրոցական ֆիզիկական հասարակությունից դեպի վիրտուալ` օդնոկլասսիկ ու խաղեր, հասարակության մեջ փոխընբռնման պակաս։  Պարտադիր առաջադրանքներից բացի` ոչինչ: Սովորողի տնային և դասարանական պարտադիր աշխատանքի տետրերը սովորողին, առարկայի ուսուցչին և առավելագույնը` ծնողին ու տեսուչին են հասանելի. փակ տարածքներ են հասարակության համար:
Ինչի՞ վրա են ծախսվում սովորողի ուժը, ժամանակը, տաղանդը: Ի՞նչ հասարակական արժեքներ են արտադրում ամեն օր տնային, դասարանական աշխատանք կատարողները… Ի՞նչ է շրջանառվում` որպես ուսումնական գործունեություն։  Ամեն ինչ թողնվում է հետոյին. սովորիր՝ պետք կգա… սովորիր՝ վնաս չկա…. սովորելուց ի՞նչ վնաս: Իսկ հետո գալիս է մոռացումը ու դրանից բխող անզորությունը. իրականում անգիրի դպրոցը մոռացումի դպրոցն է։ Հասարակությունը, որ տպագրի (զուբրիտի) դպրոցի պատվիրատուն է, սրա դեմ, բնականաբար, կազմակերպված չի ընդվզում ու մեկ էլ հարայ-հրոցով հարձակվում է շտեմարանների վրա, որ հայոց լեզվով գրականության բեսթսելլերներն են դարձել և տպագրի դպրոցի վախճանը, նրա տապանաքարը։ 

Մենք` որպես փորձարարական-հետազոտական միավորում, կրթահամալիրի ստեղծմամբ հեղինակում ենք անգիրի դպրոցի այլընտրանքը` որպես ազատ անհատի և բաց հասարակության կրթական պատվեր, ստեղծողի և ստեղծական աշխատանքի դպրոց։ Այսօր նա «մեդիակրթություն» անունը ունի, մեդիագրի դպրոցն է, այլընտրանք տպագրի դպրոցին։ Եվ անընդհատ է ու մոբիլ այս բաց կրթության  պատվիրատուն անհատն է` սովորողն ու իր ծնողը, բաց հասարակությունը` ի դեմս ակտիվ անհատների, մեր գործընկերների,  և պետությունը` ի դեմս ԿԳ նախարարության, որ աջակցում է։  

Իսկ մեդիան, ստեղծականությունը, անհատի կրթական պատվերի կազմակերպումը  կարող են այլ դարձնել ուսուցումը` որպես բաց համակարգ: Դրանց շնորհիվ կարող ենք ունենալ, ունենք, կարդացող, գրող, մտածող, քննարկող սովորող և ուսուցիչ, ավելին՝ հասարակությունը կարող է մասնակցել նրանց քննարկմանը:

Ուսուցման մեջ նոր գործիքներ` թվային միջոցները, և դրանք ստեղծական ուսումնական աշխատանքում կիրառելու անհատական ազատություն. ահա և մեդիակրթությունը: Երբ ուսումնական բլոգը մտավ մեր հեղինակած հանրակթությունը, դարձավ դասվար-դաստիարակինը, նախադպրոցական խմբինը, 1-4-րդ դասարանինը,  բոլոր տարիքի անհատ սովորողներինը, ակումբինը, դարձավ ամսագիր, առցանց TV ու ռադիո, գրադարան, դարձավ առցանց քննարկում, շուրջտարյա մեդիաօլիմպիադա` որպես ուսումնական նախագծեր, դարձավ անընդհատ ուսուցման վայր` տանը թե դպրոցում… Տեքստը, այդ թվում`դասական ու ժամանակակից, հայտնի և անհայտ հեղինակի, այդ թվում` սովորողի, ուսուցչի հեղինակած, թարգմանած, նրա ընտրած, տեքստի քննարկումը, հեղինակի ասելիքի յուրացումը, մեկնաբանությունը դարձան առօրյա ուսումնական աշխատանք` բաց, ամենահաս, անընդհատ, ինտերակտիվ… Մեդիակրթությունը ոչնչացնում է դաս-դասարանային ֆետիշը, հանրակրթական տարածքը դարձնում ֆեյսբուքային։ Հիմա բլոգավար սովորողները և ուսուցիչներն ավելի ու ավելի շատ են թելադրում. ինձ համար` որպես տնօրենի, երբեք այսքան դժվար ու հետաքրքիր չի եղել։ Դժվար, որովհետև ֆիզիկական իմ ծանրաբեռնվածությանը, որպես կրթության կազմակերպիչ, անընդհատ ավելանում են հարյուրավոր բլոգերների տեքստերի ընթերցումը, դրա արձագանքը։ Չնայած այս խնդրի առաջ է կրթահամալիրի ամեն մի ուսուցիչ և սովորող, ավելի և ավելի մեծ թվով բարեխիղճ ծնողներ, որոնք պիտի ծանոթանան  ոչ միայն իրենց երեխայի բլոգին, այլ նաև նրա ընկերների, ուսուցիչների, դպրոցի, ակումբի։ Մեդիագրի մեր դպրոցի մեթոդը դառնում է ուսումնասիրությունը, ուսումնական պարապմունքի վայրեր են դառնում ոչ միայն կրթահամալիրի լաբորատոր-հետազոտական գործունեության միջավայրը, այլև երևանյան, հայաստանյան ու վիրտուալ  թանգարանները, համերգային դահլիճներն ու ցուցասրահները, հայրենագիտական, էկոլոգիական  ճամփորդության միջոցով ձեռք բերվող հայրենագիտությունը, ոչ ֆորմալ կրթության տարածքները, սովորողի` խրախուսվող ուսումնատենչությունը, նրա ինքնակրթության կազմակերպումը… Եվ սովորողի և ուսուցչի համատեղ բազմաբնույթ ուսումնական գործունեությամբ ձեռք է բերվում զորացող կարողություն, որն ի զորու է փոխել մարդու, հասարակության կյանքը։ Ինչի՞ համար է կրթությունը, եթե մարդուն չի դարձնում ավելի կարող, դրանով հայտնի։

Ես ուզում եմ ընդհատել խոսակցությունը, որովհետև ինչո՞ւ նոր տպագիր տեքստ ստեղծեմ` որպես պարտադիր ընթերցանության նյութ` փոխարինելով սովորող և ուսուցիչ բլոգերների, մեդիագիր տեքստերին։ Հեշտացնելու համար ձեր գործը  ես թողնում եմ իմ ընտրությամբ հղումներ, առաջարկում եմ ծանոթանալ ու շարունակել` ուզում եք թերթում, ուզում եք` մեդիայում։

12 thoughts on “Անգիրի դպրոցի մեր այլընտրանքը”
  1. Անգիրի դպրոցի մեր այլընտրանքը
    Սա այն կարևորագույն հոդվածներից է, որ պետք է կարդալ և խորությամբ ըմբռնել, հասկանալ: Երբ ես դեռ դպրոցական էի, այդ ժամանակվանից ի վեր և դրանից շատ տարիներ առաջ էլ խրախուսվել, բարձր է գնահատվել անգիր անելու մեթոդը, որը երբեք ընդունելի չէ: Ըստ իս՝ անգիր են անում միայն բանաստեղծությունները:
    Համաձայն եմ հոդվածում առկա մտքերին, դատողություններին: Նույն իրողությունն էլ համալսարաններում է կատարվում, որը ձանձրացնում է ուսանողներին և վախերի մեջ գցում՝ ցածր գնահատական չստանալու պատճառով:
    Իրականությունը սա է, որ դպրոցներում դասագիրքն անգիր անել են տալիս, որ աշակերտը գա վերարտադրի և ստանա գնահատական, ավագ դպրոցում սովորողները գնում են կրկնուսույցի մոտ, հայտնվում են շտեմարանների ճահիճներում և դուրս չեն գալիս, քանի որ դպրոցներում դասագործընթացի ժամանակ նորից ձեռքն են վերցնում անգիր անելու հաստափոր շտեմարանը: Եվ ուզում ես հարցնել, թե ո՛ւր պիտի հասնենք այս անգիր անելով, եթե վաղը չէ մյուս օրը աշակերտն անգիրը մոռանալու է:
    Հոդվածում ճիշտ հարցադրումներ են արված, որոնց կողքով անտարբեր չեմ կարող անցնել և նորից պետք է մեկնաբանություն թողնեմ: Ինչի՞ վրա են ծախսվում սովորողի ուժը, ժամանակը, տաղանդը: Պատասխանն ակնհայտ է, քանի որ տնային աշխատանքներն այնքան են զբաղեցնում և հոգնեցնում աշակերտներին, որ նրանք, դրանից դուրս, ուրիշ ոչ մի բան չեն կարողանում անել: Ու այսպես ամեն անգամ սովորողը պետք է կատարի առաջադրանքները վաղվա համար: Վա՜յ մեզ, վա՜յ մեզ, վա՜յ մեզ…
    Ցավն այն է, որ այս պարտադրված տնային աշխատանքներն այնքան շատ են լինում, որ սովորողը չի կարողանում հաճախել կողմնակի պարապմունքների, որոնք նրա հետաքրքրության շրջանակում են և տաղանդը բացահայտելու վայրերն են: Բերեմ իմ դպրոցական տարիների օրինակը: Ամեն օր գնում էի դասից տուն, սենյակում ժամերով կատարում էի տնային աշխատանքները, մինչև վերջացնում էի, արդեն օրն էլ էր վերջանում: C’est la vie…
    Ամփոփելով ասվածը՝ հավելեմ, որ կրթություն ստանալը պետք է լինի ազատ և որոնելու հնարավորություն տա, նաև ինքնակրթության դռները պետք է բացել և ուղղություն ցույց տալ սովորողներին: Ահա այստեղ նաև մեզ օգնության է գալիս մեդիակրթությունը և փոխում հասարակության կյանքը:

  2. Հոդվածում քննադատվում է ավանդական դպրոցական կրթությունը, որը հիմնականում կենտրոնանում է նյութի անգիրի վրա՝ սովորողին զրկելով ինքնուրույնությունից և ստեղծական մտածողությունից: Տպագրի դպրոցը (ավանդական դպրոցը) պահանջում է զուտ վերարտադրություն, որտեղ կարևոր է միայն գնահատականների ստացումը, իսկ գիտելիքն արագ մոռացվում է։ Այս մոտեցումը ստեղծում է խիստ հիերարխիկ և սահմանափակ միջավայր, որտեղ սովորողների մասնակցությունը կրթությանն ավարտվում է վերարտադրված դասագրքային նյութով։

    Մեդիագրի դպրոցը հակառակ մոտեցումն է, որը կենտրոնանում է ինքնուրույնության և ազատ արտահայտման վրա: Այս դպրոցում ուսումնառությունն ինտերակտիվ է և բաց, ներառում է թվային գործիքներ և բազմաբնույթ կրթական միջավայրեր, որոնք սովորողներին խրախուսում են գրել, քննարկել և ստեղծագործել: Բաց հասարակության համար հասանելի մեդիա-նյութերը, ինչպիսիք են ուսումնական բլոգերը և առցանց պլատֆորմները, դարձնում են կրթությունը կենսունակ և հագեցած՝ փոխելով կրթության նպատակը՝ այն դարձնելով ուղղված անհատական աճին և հասարակական ներգրավվածությանը:

    Այսպիսով, մեդիագրի դպրոցի մոդելը կրթությունն ամրապնդում է որպես շարունակական գործընթաց, որտեղ սովորողը դառնում է հասարակության ակտիվ մասնակից, ոչ թե պարզապես նյութ վերարտադրող։

  3. Ինչքան արդիական, նորովի և հետաքրքիր հոդված է։ Հոդվածը գրված տարիներ առաջ, սակայն այն կարծես նկարագրի այսօրվա օրը։ Մեր օրյա սովորողը կարծես բանտարկյալ լինի, ում փակում են չորս պատի մեջ ու ստիպում սովորել այն, ինչ իրենք են ուզում։ Իսկ ո՞վ պետք է իմանա, կամ ու՞մ է հետաքրքիր, թե ինչ է ուզում իմանալ, սովորել սովորողը։ Դատարկ ծրագրերը, դասագրքերը մտցրել են դպրոցներ, առանց իրենց հարցնելու սա պե՞տք է սովորողին, այն ի՞նչ կտա նրան, կամ ապագա ո՞վ կլինի նա, այդ ամենն իմանալուց հետո։ Շատ ծանր վիճակում է այժմյան կրթությունն ու դպրոցը, էլ ավելի տխուր է սովորողի ապագան․․․ Պարոն Բլեյանը իր հոդվածում բառացիորեն նկարագրել է ապագան, քանի գնում են ժամանակները, այնքան անգիրի մեթոդը դառնում է մոդայիկ, որը տանում է անդունդ։ Պետք է արթնանալ խորը քնից և լուրջ մտածել կրթության մասին։

    Մուտք գործելով կրթահամալիր, ես տեսա մի հրաշք մեթոդական համակարգ, որտեղ բարձր է պահվում սովորողի կարծիքը, սովորելու ցանկությունը, ամենակարևորը ի՞նչ սովորելու։ Շատ ուրախ կլինեմ, երբ տեսնեմ, որ շատ դպրոցների համար մեր կրթհամալիրի հեղինակային ծրագիրը դառնա օրինակ։

  4. Անգիրի դպրոցի մեր այլընտրանքը

    Հոդվածում ներկայացված է կրթության երկու տարբեր մոտեցումներ՝ «տպագրի դպրոցը» և «մեդիագրի դպրոցը»: «Տպագրի դպրոցը» նկարագրված է որպես ավանդական կրթական համակարգ, որտեղ շեշտը դրված է ստանդարտացված դասագրքերից անգիր սովորելու և վերարտադրման վրա։ Այս մոտեցումը նպաստում է հիերարխիկ կառուցվածքի և անգիրի մշակույթի ամրապնդմանը՝ վերացնելով ուսուցման ստեղծագործական, նախաձեռնողական ու անհատական բնույթը։ Արդյունքում, ուսուցումն իրականացվում է միայն կաշկանդված, սահմանափակ ձևով, իսկ սովորողները դառնում են պասիվ և հետազոտական միտք զարգացնելու հնարավորություն չեն ստանում։

    Մյուս կողմից, հոդվածում առաջարկվում է մեդիագրի դպրոցը՝ որպես այլընտրանք տպագրի դպրոցին։ Այս դպրոցը հիմնված է բաց համակարգի վրա, որտեղ ուսումնական գործընթացը իրականացվում է թվային միջոցներով ու մեդիակրթությամբ, ապահովելով ազատություն, ստեղծագործականություն և համագործակցություն։ Հեղինակը պնդում է, որ մեդիագրի դպրոցը նպաստում է անհատների զարգացմանը՝ հնարավորություն տալով նրանց գրել, կարդալ, քննարկել և ակտիվորեն մասնակցել ուսումնական գործընթացին։ Սովորողները և ուսուցիչները կիսում են իրենց աշխատանքը բլոգների, առցանց մեդիա օլիմպիադաների և այլ առցանց գործիքների միջոցով, որը նաև հնարավորություն է տալիս հասարակության լայն շերտերին ներգրավվել ուսումնական կյանքում։

    Հոդվածի առանցքային ուղերձն այն է, որ մեդիագրի դպրոցը նպաստում է սովորողների կարողությունների զարգացմանը՝ թույլ տալով նրանց լինել նախաձեռնող, ստեղծագործ և ակտիվ մասնակցողներ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով