Հեղինակ՝ Ռեյմոնդ Սմալիիան
Թարգմանիչ՝ Գևորգ Հակոբյան

-Վաթսոն, միագույն խնդիրներ անվանում եմ հենց նոր դիտարկած խնդրի նմանները, այսինքն այն խնդիրները, որոնցում ոչ մի խաղաքար չի կարող սպիտակ վանդակից անցնել սև վանդակ կամ հակառակը։ Այսպիսի միագույնությունը երբեմն հանգեցնում է արտասովոր երևակայական իրավիճակների։
 Ահա մի դիրք, երբ ինքը հարցը կարող է շփոթմունք առաջացնել, տես նկարը՝

Այս պարտիայում ոչ մի խաղաքար սպիտակ դաշտից չի անցել սև դաշտ կամ հակառակը։

 Ավելին՝ սպիտակ արքան արել է տասնչորսից պակաս քայլ։ Ապացուցեք, որ տեղի է ունեցել զինվորի փոխարինում այլ խաղաքարով։

-Հոլմս, սա արդեն չափազանց է,-զարմանքից բերանս նույնիսկ բաց մնաց։

Հոլմսը գոհ էր իմ արձագանքից;

-Չէ, Վաթսոն, այս խնդիրն իսկապես լուծում ունի։

— Գոնե ինչ-որ բանալի տվեք լուծումը գտնելու համար,-խնդրեցի ես։

-Արդեն տվել եմ։

-Ե՞րբ,- հարցրի մտահոգված։

-Նախորդ խնդրում։ Հիշեք մեր զրույցն այն մասին, թե ինչ պատահեց ձիերին։

Մանրամասն չեմ պատմի մեր հետագա երկխոսությունը, ուղղակի կներկայացնեմ լուծումը, որը Հոլմսը ինձանից քաշեց սոկրատյան հարցերի միջոցով;

Չորս ձիերն էլ խփվել էին իրենց սկզբնական վանդակներում։

Ո՞ր խաղաքարերն են նրանց խփել։

Դժվար չէ որոշելը սպիտակ ձիերի և g8 վանդակում կանգնած սև ձիու համար։

Միակ դժվարությունը կապված է b8 վանդակի ձիու հետ։ Սպիտակ ո՞ր խաղաքարը կարող էր նրան վերցնել։ Չէր կարող լինել d1 դաշտի թագուհին, քանի որ այն քայլում է միայն սպիտակ վանդակներով։ Չի կարող լինել cl վանդակի փիղը, քանի որ b2 և d2 զինվորները չեն շարժվել։ Հասկանալի է, որ չէր կարող նաև fl վանդակի փիղը, քանի որ այն քայլում է միայն սպիտակ վանդակներով։ Հետևաբար, եթե b8 վանդակի ձիուն խփել է թագուհին կամ փիղը, նրանք պետք է ստացված լինեին անցողիկ զինվորի փոխակերպումով։ Եթե ձիուն զինվոր է խփել, այն պետք է փոխակերպվեր այլ խաղաքարով։ Ձիուն չէր կարող վերցնել նաև սպիտակ արքան, քանի որ արքային պետք կլիներ տասնչորսից ոչ պակաս քայլ անել վերադառնալու համար։ Եվ վերջապես չէր կարող խփվել սպիտակ ձիու կողմից, քանի որ ձիերն ընդհանրապես քայլ չեն արել։ Մնում է դիտարկել վերջին հնարավորությունը՝ նավակները։ Կարո՞ղ էր սև ձիուն խփել a1 վանդակի սպիտակ նավակը։ Սա խնդրի ամենահետաքրքիր մասն է։ Բանն այն է, որ նավակները, քանի որ նրանցից յուրաքանչյուրը կապված է որոշակի գույնի հետ, կարող են տեղաշարժվել միայն զույգ թվով վանդակներ առաջ, ետ կամ կողք։ Մասնավորապես, а1 և h1 վանդակների նավակները երբեք չեն կարող հայտնվել երկրորդ, չորրորդ, վեցերորդ կամ ութերորդ հորիզոնականներում։ Հետևաբար, եթե սև ձիուն խփել է նավակ, ուրեմն այն ստացվել է զինվորի փոխակերպումից։ Բոլոր հնարավորությունները սպառված են, և տեսնում ենք, որ նրանցից յուրաքանչյուրը ենթադրում է սպիտակ անցողիկ զինվորի փոխակերպումը ուրիշ խաղաքարի։

Խմբագիր՝ Մարինե Ամիրջանյան
Էջի նկարը՝ համացանցից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով