Հեղինակ՝ Ռեյմոնդ Սմալիիան
Թարգմանիչ՝ Գևորգ Հակոբյան
Վերջին խնդիրը, որ այդ օրը Հոլմսն առաջարկեց ինձ, նույնպես միագույն էր։
-Վաթսոն, նախքան միագույնությունը մի կողմ թողնելը,- ասաց Հոլմսը,- ուզում եմ, որ մի խնդիր էլ դիտարկեք։ Այն յուրօրինակ է մի քանի տեսակետից։ Լուծումն ամենևին էլ «դժվար» չէ, հիմքում ընկած է միայն մեկ պարզ գաղափար։ Սակայն այդ գաղափարին հնարավոր չէ հանգել բանական որևէ բարդ պրոցեսի արդյունքում, նրան կարելի է հասնել միայն կռահողական միակ քայլով։

Տարակուսանքով հետևում էի, թե Հոլմսն ինչպես էր շարում հետևյալ դիրքը. տես նկարը։
Սպիտակ փիղը դրված էր e3 և e4 վանդակների սահմանագծին։ Դա համարելով անուշադրության արդյունք՝ պատրաստվում էի շարժել փիղը, բայց Հոլմսն ինձ կանգնեցրեց։
-Չէ, չէ, Վաթսոն։ Հենց այդտեղ է խնդիրը։ Ո՞ր դաշտում է փիղը կանգնած՝ e3, թե e4, , եթե այս պարտիան միագույն է;
Անհուսորեն հայացքս իջեցրի, իսկ Հոլմսը շարունակեց խոսել՝ ակնհայտորեն բավականություն ստանալով իր բառերից։
— Այս խնդիրը հիասքանչ է իր հաճելի վերացարկումով,-հիացմունքով ասաց նա։ Իհարկե, եթե Ձեզ ինչ-որ բանով օգնած կլինեմ, կարող եմ սպիտակ փիղը փոխարինել սևով։ Այդ տեղում կարող էր լինել զինվոր, նավակ կամ թագուհի, նշանակություն չունի։ Նշված վանդակները օգտագործելու փոխարեն,- շարունակեց նա աճող ոգևորությամբ,-խաղաքարը կարող էիր դնել ցանկացած երկու վանդակների սահմանագծին։ Փաստորեն, պարտադիր չէ, որ նրանք հարևան լինեն, միայն պետք է տարբեր գույների լինեն,-հաղթական ավելացրեց նա։ Նույնիսկ կարող էի դաշտից հեռացնել փիղը և խնդիրը այսպես վերաձևակերպել։ Այս միագույն պարտիայում կա՞ ուրիշ խաղաքար։ Ի՞նչ գույնի վանդակում է կանգնած։
Այս տեղեկությունը այնպես «օգնեց» ինձ, որ տրամադրությունս ավելի ընկավ։
— Ահա թե ինչ, Վաթսոն, — շարունակեց Հոլմսը մի քիչ չարաճճի տոնով, — փորձեմ հուշում տալ։ Փոքր ժամանակ ինչ-որ մեկն ինձ մի հեքիաթ է պատմել առյուծի և արջի մասին։ Նրանք կատաղի կռվում էին, մինչև որ միմյանց վերացրին։ Ի վերջո, մեկը մյուսին կերավ, և ոչինչ չմնաց;
-Սա հուշո՞ւմ է,-զարմացա ես։
Հոլմսը, որ հնարավոր է, չլսեց ասածս, շարունակեց խոսել։
-Չնայած այն ժամանակ տակավին երիտասարդ էի, բայց էներգիայի պահպանության օրենքի մասին իմ առօրյա գիտելիքները բավարար էին, որպեսզի հասկանայի իրավիճակի անհեթեթ լինելը։
-Սա էլ է հուշո՞ւմ, — կրկնեցի ես։
-Այո, Վաթսոն, եթե ճիշտ մոտենաք,- շարունակեց Հոլմսն անսովոր խանդավառությամբ։ — Մի՞թե չեք տեսնում, որ եթե փիղն այդ գույնի դաշտում չլիներ, նորից նույն անհնար իրավիճակը կլիներ։ Ենթադրենք, որ փիղը սպիտակ վանդակում է։ Այդ դեպքում սև վանդակներից մեկում գտնվող ո՞ր խաղաքարը պետք է խփած լիներ սև դաշտում գտնվող վերջին խաղաքարին։ Ակնհայտ է, որ ոչ սպիտակ արքան, ոչ էլ սպիտակ զինվորները, քանի որ նրանք իրենց տեղերից չեն շարժվել։ Հարցն այսպես պատկերացնենք։ Պատկերացրու սև վանդակներով քայլող սև խաղաքարերի և սև վանդակներով քայլող սպիտակ խաղաքարերի բանակները՝ այսպես ասած մեկը մյուսին «ոչնչացնող»։
Նրանցից գոնե մեկը պետք է կենդանի մնար։ Ո՞րը կլիներ այդ խաղաքարը։ Միայն փիղը։ Հետևաբար, փիղը կանգնած է սև վանդակում։
Ես զմայլված էի։
-Իսկապես, Հոլմս, ինձ առաջարկած խնդիրներից առավել գեղեցիկն էր։ Ո՞վ է այս գլուխգործոցի հեղինակը։
-Մորիարտին,-հետևեց շատ անսպասելի պատասխանը։
— Օ՜, տեր Աստված, ոչ, — շունչ քաշեցի ես։
-Այո, Վաթսոն։ Գիտեք, այնքան էլ զարմանալի չէ։ Այս խնդրին հատուկ է սատանայական պարզություն, ինչը բնորոշ է Մորիարտիին։
Մի քանի րոպե լռեցինք։ Հիշեցի այն վերջին դրամատիկ օրերը, որ ավարտվեցին Հոլմսի և Մորիարտիի մահացու պայքարով։ Հոլմսն ակնհայտորեն կարդում էր իմ մտքերը։
-Իհարկե, Վաթսոն, այնպես էր թվում, որ առյուծը և արջը մոտ են այն բանին, որ հոշոտեն միմյանց, և այդ ժամանակ ոչինչ չէր մնա․․․ Այնուամենայնիվ,- շարունակեց նա տարօրինակ ժպիտով,- պարզվեց, որ առյուծը ողջ մնաց։
Խմբագիր՝ Մարինե Ամիրջանյան
Էջի նկարը՝ համացանցից