Ի՞նչ է պետք ուսումնական նախասիրությունների զարգացման դպրոցի սովորողին: Որպես սովորողների որոշակի գործունեության կազմակերպիչ` փորձում եմ հասկանալ: Ազատ ստեղծագործելու, դրսևորվելու պայմաններ, միջավայր:
Իսկ ի՞նչ բան է ուսումնական նախասիրությունը: Կրթվելու կամավոր գործընթաց, որը պահանջմունք է, ինքնադրսևորում, ինքնուսուցում` գուցե չգիտակցված, բայց ավելի կենսական ու խորքային:
Ինչպե՞ս խրախուսել ուսումնական նախասիրությունը, նպաստել զարգացմանը: Շենքային պայմանները, որքան էլ որ արդիականացված լինեն, սահմանափակում են, չեն կարող բավարարել ստեղծական ազատության պահանջներին: Միջին դպրոցում (7-9-րդ դասարաններ) ընտրությամբ (նախասիրության) գործունեության ցանկում կա ֆոտոակումբ, սակայն ոչ բոլոր լուսանկարել սիրողներն են ցանկանում ընդգրկվել, չնայած այս նախասիրությամբ սովորողների թիվը գնալով ավելանում է: Պատճառը, կարծում եմ, լուսանկարելու, ավելի ընդարձակ, անժամանակ-անսահմանափակ գործելու հնարավորության պակասն է:
Ֆոտոպլեները ուսումնական պարապմունքի կազմակերպման այլընտրանքային ձև է: Բաց, ազատ ստեղծագործական հավաք՝ կենդանի տարածության մեջ, անհատական-միավորող գործունեության հնարավորություն: Փաստ է. ֆոտոպլեներին մասնակցել ցանկացողների թիվը շատ ավելին է, սովորողներին այդ գործունեության մեջ ներառելու ճիգը՝ ավելի քիչ: Միջին դպրոցում ֆոտոպլեների երկու փորձ ենք ունեցել. առաջինը մեկօրյա ճամփորդությունն էր Ամբերդ , երկրորդը՝ քառօրյա կենսամշակութային արշավ Արցախ.
VIDEO
Ֆոտոպլեներ իրականացնելիս դիտարկում եմ. Սովորողների մոտ ձևավորվում-զարգանում են կարողություններ` ուշադրության, կենտրոնանալու, նկատել-տեսնելու, զգալու համագործակցելու, փորձի փոխանակման, միմյանց ուսուցանելու, սովորելու համեմատելու, քննադատելու, գնահատելու ինքնաճանաչման, աշխարհընկալման անձնային որակներ ձևավորելու ճաշակ ձևավորելու տեխնիկային ավելի լավ տիրապետելու, հնարավորությունները կիրառելու։ Ֆոտոպլեները տեսողության դաշտը բացող վարժություն է, որի արդյունքում լուսանկարների որակը բարձրանում է: Վերջին ամիսների ընթացքում կայքում, ենթակայքերում, բլոգներում հրապարակված լուսանկար-ֆոտոշարերի, դրանցով արված ֆիլմ-տեսնայութերի, հոլովակների գույների, պատկերների որակական փոփոխությունն ակնհայտ է: Խավար, անորոշ, թափթփված տեսարանների լուսանկարները փոխարինվում են անհատականացված դիմանկարներով, խոշոր պլանով ներկայացված մանր, բայց կարևոր մանրանկարներով, միտք փոխանցող պատկերներով: Լուսանկարող հեղինակների միջև մրցակցություն է նկատվում. նշաձողը բարձրացել է: Ֆոտոպլեներների արդյունքում ձևավորվել է ընտրությամբ գործունեություններից անկախ ակումբ, որտեղ կրթահամալիրի տարբեր դպրոցների սովորողներին միավորում է ճամփորդելու, լուսանկարելու, ճանաչել-իմանալու, տեսածը յուրովի մեկնաբանելու մղումը: Ի տարբերություն դասացուցակում գրանցված ընտրությամբ գործունեության պարապմունքի, այստեղ սովորողների հոսքն ակնհայտ է: Ֆոտոխցիկ ձեռքբերողների, հները նորով փոխարինողների թիվը նույնպես մեծանում է: Կարելի է ենթադրել, որ ուսուցման կազմակերպման այս ձևն իսկապես սովորող մարդուն է ուղղված, հետևաբար զարգացում կունենա: Չէի մտածել, բայց երևի հաջողություն է: Կարող եք գնահատել։Արարատ, Արարատյան դաշտավայր Մեզ ուղեկցում է Արփա գետը Շուշի ճամփորդությունից Շուշի…բաներ կան, որ պետք է նկատես Իմ Արցախ… բնությունով լի աշխարհ Երեկոյան զբոսանք հի՜ն Շուշիում Շուշի. օր առաջին, երկրորդ Ֆոտոպլեներ Շուշիում. մայիսի 1-4 Սիրելի Շուշիում ենք Արցախ ճամփորդությունից Շուշիի ցուցասրահն իր բակով Նիկոլայ Նիկողոսյանի ցուցահանդեսը Շուշիի նորաբաց պատկերասրահում Շուշիի նորաբաց պատկերասրահը….Նիկոլայ Նիկողոսյանի աշխատանքներով լի Սովորողները գրում են Լուսինե Մլքե-Գալստյան, 8-րդ դասարան Անկեղծ ասած՝ կյանքում պլեներների չէի մասնակցել, կամ մասնակցել եմ, չեմ իմացել: Առաջին ֆոտոպլեները Շուշիում էր: Ֆոտոպլեները ինձ շատ բան տվեց: Լուսանկարչի փորձ, հետո՝ արագություն: Հետաքրքիր էր, երբ մենք քայլում էինք Շուշիում և նկարում մարդկանց: Նկարելիս մարդիկ փախնում էին, իսկ երբ նկարում էի շուրջբոլորը թափված աղբը, նրանք ասում էին. «Էտ ի՞նչ ես նկարում, բնությունը նկարի». այդ պահին ես ուղղակի խճճվում էի. այնքան բնություն եմ նկարել, ես ուզում եմ պատմություն: Ինձ անհրաժեշտ է լինում խիզախել, վախս հաղթահարել, նկարել այն, ինչ ուզում եմ: Ֆոտոպլեների ժամանակ ուղղակի չես լուսանկարում, դու պատմություն ես ստեղծում: Այդ պատմությունը ստեղծել քեզ օգնում են ընկերներդ, միջավայրը… Պատմությունը սկսում ես առաջին քայլից, իսկ ավարտում, երբ ֆոտոխցիկիդ մարտկոցների լիցքավորումը ավարտվում է: Ֆոտոպլեները ինձ ինչ-որ նոր զգացողություներ է տալիս, ինչ-որ բան եմ սովորում, ինչ-որ բանի պատճառով ապշում եմ, անհանգստանում… բոլոր զգացողությունները ներկա են… այդպիսին է պլեները՝ ֆոտոպլեները:Նարե Ղալամքարյան, 8-րդ դասարան Ֆոտոխցիկը ինձ հնարավորություն է տալիս հավերժացնելու վայրկյաններ: Այն հնարավորություն է տալիս հիշելու: Շատ լավ ձև է ստեղծագործելու: Լուսանկարչությունը հանգստացնում է: Երբ գիտես, որ լուսանկարելու ես, սկսում ես ավելի ուշադիր նայել շուրջդ ու նկատել մանրուքներ: Մանրուքներ նկատելով՝ ավելի շատ բան ես իմանում, կյանքդ ավելի հետաքրքիր ես դարձնում: Կարող ես ինչ-որ գրություն տեսնել, գուցե՝ պատկեր: Օգտակար է, չէ՞: Լուսանկարչությունը օգնում է ճանաչել: Այն ստիպում է քեզ ճամփորդել, իսկ ճամփորդությունը ստիպում է լուսանկարել: Մենք շատ ենք ճամփորդում, ճամփորդելու ժամանակ լուսանկարում ենք: Հետո լուսանկարներին նայելով կարող ես նորից վերադառնալ նույն տեղն ու տեսնել այն, ինչ առաջ չէիր նկատել: Լուսանկարչությունը ստիպում է ՎԵՐԱԴԱՌՆԱԼ: Լուսանկարչությունը ուսումնական գործ է: Պատկերացրու՝ պատահմամբ նկարել ես ինչ-որ ամրոց: Հետո նկարը տեսնելիս մոտդ ցանկություն է առաջանում ուսումնասիրել այդ ամրոցը: Առաջին քայլը լինում է դրա մասին տեղեկություն հավաքելը, երկրորդը՝ գնալն ու անձամբ տեսնելը: Այսպիսով՝ ես ճանաչում եմ ևս մի ամրոց: Կարող է լինել նաև բույս, թռչուն, պարզապես շենք կամ արձան: Լուսանկարել շատ եմ սիրում, չնայած ինչ-որ խմբակ չեմ հաճախում: Լուսանկարելու համար պետք է ուղղակի ցանկություն: Ես երբեմն լուսանկարչության մասին դասեր եմ կարդում: Լուսանկարչությունը զբոսանքի տեսակ է: Մարդկության ստեղծած այս հրաշքի միջոցով կարող ես հավերժ պահպանել բնության ստեղծած հրաշքները…Դիանա Զիմենկո, 9-րդ դասարան Մայիսի 1- 4-ը Միջին դպրոցի հետ Շուշիում էինք: Ֆոտոպլեներ էինք իրականացնում: Այս օրերի ընթացքում անընդհատ լուսանկարում էի, ինքս ինձ փորձում: Շուշիում նկարելը ուղղակի հաճույք է. այնտեղ ամեն մի ծառի ճյուղը շատ տպավորիչ է, կարող ես առանձին-առանձին նկարել: Ֆոտոպլեներները նպաստեցին, որ ես ավելի հմուտ նկարեմ. հասկացել եմ լույսերի տակ նկարելու ձևերը, հնարավորությունները: Լուսանկարմամբ ավելի լուրջ զբաղվելու համար հաճախում եմ TV mskh ակումբ:Ռուբեն Եսայան, 7-րդ դասարան Ես իմ կյանքը առանց տեսախցիկի չեմ պատկերացնում: Դա միջոց է, որ կարող է քո տեսածը կրկնապատկել, պահել և հիշեցնել: Ֆոտոպլեներիներին հաճույքով եմ մասնակցում: Շատ եմ սիրում ֆոտոխցիկի նկարելու ձայնը: Չկա այդպիսի մարդ, ով ինձ կարող է խանգարել նկարելու ժամանակ: Լուսանկարելիս ինքս ինձ հետ եմ: Շուտով նոր, պրոֆեսիոնալ տեսախցիկ եմ նվեր ստանալու: Իմ դիմաց կբացվեն նոր հնարավորություներ: Նոր ֆոտոխցիկով արած լուսանկարներովս ընտանիքս կհպարտանա:
Գրառումների նավարկումը