Ծրագրի նպատակը
Հայրենագիտական ճամփորդությունները մեր ուսումնական գործընթացի կարևոր բաղկացուցիչն են: Հայրենագիտական ճամփորդություններ նախագծելիս սովորողները սիրով են ներգրավվում ուսումնական-հետազոտական աշխատանքներում: Նախագիծն սկսվում է դասարանից` սովորողների հետ քննարկմամբ: Հայրենագիտական ճամփորդությունների նպատակը հայրենիքը ճանաչելն է, ուսումնական-հետազոտական աշխատանքներ կատարելով այդ տարածքների մասին տեղեկատվություն ստանալը, էկոլոգիական խնդիրներ լուծելը: Հայրենագիտական ճամփորդությունների ընթացքում քայլարշավները, բարձունքներ հաղթահարելը երեխաների մոտ ձևավորվում են կամքի ուժ, դժվարությունները հաղթահարելու համառություն, փոխօգնության, միմյանց նկատմամբ հոգատարության կարևոր որակներ:
2011-2012 ուսումնական տարում՝ սեպտեմբերի 21-ին, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը իրագործեց մի նախագիծ, որը կոչվում էր «Մեր ծննդյան օրը՝ բարձունքին»:
Նախագիծն իր մեջ ներառում էր «Դասարան անիվների վրա» ծրագիրը, էկոլոգիական հանրօգուտ աշխատանք, ծանոթացում տարածքի խնդիրներին, ինչպես նաև նշված ժամանակացույցով մոտակա բարձունքի նվաճում: Ըստ ծրագրի՝ նույն ժամին 21 բարձունքներում սեբաստացիները պետք է ծածանեին ՀՀ պետական և «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի դրոշները:
Նախապատրաստական աշխատանքներ
Շաբաթներ առաջ սկսվեցին նախապատրաստական աշխատանքները: Քննարկումների արդյունքում որոշվեց գնալ սովորողներից մեկի ծննդավայրը` Կոտայքի մարզի Մեղրաձոր գյուղը: Գյուղը հայտնի էր գեղեցիկ բնաշխարհով ու բարձունքներով, սակայն, ցավոք սրտի, այդ մասին համացանցում շատ տեղեկություն չգտանք: Որոշեցինք ուսումնասիրությունը տեղում անել: Հրավիրեցինք նաև Medialab հայկական լրատվամիջոցի աշխատակիցներին, որոնք սիրով համաձայնեցին միանալ մեր` «Դասարան անիվների վրա» ծրագրի իրականացման աշխատանքներին: Մնում էր ստանալ դրոշներն ու համաձայնեցնել ժամանակացույցը: Ցուցակներում վերջնական ճշտումներն անելուց հետո` քսաներկու հոգիանոց մեր խումբը մեկնեց Մեղրաձոր գյուղ` գրավելու բարձունքը:
Իրականացում
Բարձունքը, որը պատրաստվում էինք նվաճել, գտնվում էր գյուղի մոտակայքում: Համացանցում չգտանք բարձունքի անունը: Մենք այն անվանեցինք Վանքասար: Ի դեպ, Վանքասարում է գտնվում Տրդատավանքը: Բարձրացանք 1200մ, ծածանեցինք ՀՀ պետական և «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի դրոշները, երգեցինք ՀՀ պետական հիմնը, կրթահամալիրի հիմնը՝ «Անդաստանը», «Ազգային օրհներգը», արտասանեցինք «Ես իմանուշ Հայաստանին»: Հետո բարձունքից բարի մաղթանքներ հնչեցրինք` նվիրված մեր ազատ, անկախ Հայաստանին: Բարձունքը գրավելուց հետո սկսեցինք զբաղվել տարածքի մաքրությամբ:
Գյուղ իջնելով՝ հյուրընկալվեցինք գյուղի միջնակարգ դպրոցում, որտեղ մեզ դիմավորեց դպրոցի տնօրենը: Ծանոթացրինք մեր նախագծին և նվիրեցինք մեզ հետ տարած գրքերը: Տնօրենը սիրով ընդունեց մեր նվերն ու խոստացավ հասցնել սովորողներին: Մեր երեխաների և տնօրենի միջև սկիզբ առավ հետաքրքիր և լուրջ զրույց: Հարցերը Մեղրաձորի և հարակից տարածքների մասին էին: Մենք ի սկզբանե շատ տեղեկություն չունեինք տեղանքի վերաբերյալ, այդ իսկ պատճառով սովորողները փորձեցին գյուղացիների միջոցով հավաքել այդ տեղեկությունը:
Անդրադարձ
«Մեր ծննդյան օրը՝ բարձունքին» նախագծի արդյունքում սովորողներն հաղթահարեցին 1200մ բարձրությամբ վերելք, ստացան տեղանքին վերաբերող գիտելիքներ, տեղեկացան սոցիալ-տնտեսական խնդիրներին, ճանաչեցին հայրենի ևս մեկ անկյուն: Ճանապարհին ծանոթացան մի շարք քաղաքների, գյուղերի: Տեսան Հրազդան գետը, Ծովինար լիճը, ավազի, ոսկու հանքերը, գործարաններ, անտառներ, հէկեր, ստորգետնյա բուժիչ ջրեր, եկեղեցիներ, արհեստական լճեր: Ծանոթացանք գյուղի մարդկանց առօրյային, հոգսերին, տեսանք՝ ինչպես են իրականացնում կարտոֆիլի բերքահավաքը, տեսանք մեղվապահների, անասնապահերի: Տպավորությունները չափազանց մեծ էին ու հետաքրքիր:
Նախագծի իրականացման արդյունքում ստեղծված նյութեր
Medialab.am-ը թողարկեց լրատվական երկու տեղեկություն` «Ուզում եմ, որ մեր հայրենիքը ուժեղ լինի» և «21 հաղթահարված բարձունք` անկախության 21 ամյակի առթիվ»:
Տեսաֆիլմ՝ Անկախության 21 ամյակի առթիվ. հաշվետվություն
Սովորող՝ Էլեն Մովսիսյանի պատումը
Սովորող՝ՎլադիկՄուսայելյանի պատումը
Այս ծրագիրն այնքան հաջողված էր, որ այն դարձավ շարունակական նախագիծ: Ըստ կրթահամալիրի տոնացույցի՝ «Բարձունքի նվաճում» ուսումնական-հայրենագիտական նախագիծը կրթահամալիրում իրականացվում է տարին երկու անգամ` սեպտեմբերի 21-ին և մայիսի 28-ին։
2012-2013 ուսումնական տարվա մայիսի 28-ին, Հայաստանի Առաջին Հանրապետության տոնակատարությունների շրջանակում պատրաստվում ենք նվաճել Ուրծ լեռը (2445, Ուրծի լեռներ, Արարատի մարզ, Սուրենավանի մոտերքում): Մեր նախագիծն արդեն ներկայացված է Դպրոց-պարտեզի ենթակայքում:
Խմբագիրներ՝ Արևիկ Ներսիսյան, Մարիետ Սիմոնյան