Կրթությունը համագործակցության դաշտ է, որտեղ գլխավորը ծնողի նախաձեռնողականությունն ու ներառվածությունն են ուսումնական գործին։ Ահա այս համատեղ աշխատանքի շնորհիվ միավորվում և ամրապնդվում է ծնողական համայնք և կրթական հաստատություն ստեղծական ու համերաշխ կապը։ Ծնողը կրթահամալիրում իրականացվող հեղինակային մանկավարժության կրողն ու տարածողն է։ Եթե կրթական հաստատությունն ու ընտանիքը չհամագործակցեն, նույն արժեքների կրողը չլինեն, դրանից ոչ միայն սովորողի զարգացումը թերի կլինի, այլև հասարակական առաջընթացը:
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում այդ համագործակցային աշխատանքն իրականացվում է որպես ուսումնական ծրագրի բաղկացուցիչ, երբ ծնողական համայնքի ներկայացուցիչները հանդես են գալիս որպես ուսումնական գործի կազմակերպիչներ, ներկայացնում և փոխանցում են իրենց մասնագիտական հմտություններն ու կարողությունները, հաղորդում կարևոր տեղեկություններ և փաստեր, կախված մասնագիտությունից ՝ պատասխանում սովորողներին հետաքրքրող հարցերին։ Սա շատ լավ հնարավորություն է համատեղ նախագծերի իրականացման, ինչպես նաև միասին աշխատելու, ծնողին ուսումնական գործընթացին ներառելու, մասնակից դարձնելու համար։ Դեռևս 2021-22 ուս․ տարվա սկզբից Արևելյան դպրոցի 1․3 դասարանում սկսեցինք իրականացնել «Հարթակում ծնողն է» շուրջտարյա նախագիծը, որի ընթացքում հյուրընկալեցինք ծնողական համայնքի ներկայացուցիչներին, ունեցանք մեկը մեկից հետաքրքիր, բազմաբովանդակ հանդիպում- քննարկումներ։ Հանդիպումների ընթացքում նկատելի էր և՛ սովորողների, և՛ ծնողների ոգևորվածությունը, ու լավ է, որ ծնողին ընձեռվում է նման հնարավորություն՝ միաժամանակ լինել կարողությունների կրողն ու փոխանցողը, և ավելի լավ է, երբ սովորողը կրթական միջավայրում տեսնում է ընտանիքի անդամին՝ արդեն որպես ուսուցիչ։
Վարպետության դաս-հանդիպումներն իրականացնում ենք նախապես հրապարակված նախագծով, որին կարող են մասնակից դառնալ տարատարիք սեբաստացիներ։ Աշնանային ամենամյա բաց հավաքի ընթացքում սեբաստացի ծնողներն սկսեցին ներկայանալ իրենց մասնագիտական հմտություններով և որպես սովորեցնողներ՝ այն փոխանցել կրտսեր սովորողներին։
Հյուրընկալեցինք մասնագիտությամբ նկարիչ-մանկավարժ, սեբաստացի ծնող Հերմինե Մադանյանին, ով մեր դասընկեր Խաչատրյան Դավիթ Վահագի մայրիկն է։ Վարպետության դասի ընթացքում սովորողները ծանոթացել են ապակենկարչության առանձնահատկություններին և հետո փորձել ինքնուրույն նկարել։ Հերմինեի հետ, բացի այս հանդիպումից, ունեցել ենք ևս մի քանի հանդիպում․ միասին Ամանորյա «Ասիլ-Վասիլներ» ենք պատրաստել, համագործակցել նաև«Ձոն» տեխնոլոգիական ստուգատեսի շրջանակում։
Մասնագիտությամբ քիմիկ-կենսաբան, ծնող Գոհար Ծատուրյանի հետ էլ իրականացրել ենք բնագիտական փորձեր, որոնք նպաստել են Բնագիտատեխնիկական ստուգատեսի ընթացքում ընտանեկան դպրոցներում հետազոտական և ուսումնական տարբեր լաբորատոր փորձերի կատարմանը։ Գոհարը, բացի մասնագիտական կարողությունները փոխանցելուց, մեզ հետ կիսվել է նաև խոհանոցային համեղ բաղադրատոմսերով, դե իսկ կրթահամալիրյան ծեսերի և ուսումնական ճամփորդությունների ժամանակ մեզ հետ անպայման ունենում ենք Գոհարի անուշաբույր ու համեղ թխուկները։
Կարևոր էր նաև մասնագիտությամբ բուժքույր Հասմիկ Խոջիկյանի հետ հանդիպումը, որի ընթացքում նախ խոսել ենք անձնական հիգիենայի, վիրուսներից պաշտպանվելու, առողջ ապրելակերպի մասին, որից հետո սովորողները ծանոթացել են առաջին բուժօգնության համար անհրաժեշտ պարագաներին ու կանոններին:
Արդյունավետ ու բազմաբովանդակ զրույց ենք ունեցել «Մեդիամաքս» մեդիաընկերության լրագրող, մեր դասընկեր Լեոյի մայրիկի՝ Լուսին Մկրտչյանի հետ, որն էլ, վստահ եմ, կնպաստի մեր դասարանական ռադիոթողարկումներն էլ ավելի հետաքրքիր դարձնելուն։
Ծնողական համայքնի հետ կապն անընդհատ է թե՛ ֆիզիկական միջավայրում, թե՛ առցանց։ Առաջին դասարանում էլեկտրոնային փոստին, դասարանական բլոգին հետևելն ու գործածելը դեռևս ծնողի աշխատանքն է, դա արդյունավետ միջոց է, որը նույնպես նպաստում է ծնողի՝ ուսումնական գործընթացին ակտիվ հետևելուն և մասնակից դառնալուն։
Մեր կրթական, բաց ու համերաշխ միջավայրում ծնող և ուսուցիչ կապը շուրջտարյա է։ Ծնողական համայնքի ներկայացուցիչները, բացի վարպետության դասեր անցկացնելուց, մշտապես առնչվում են կրթական գործի կազմակերպմանը, քանի որ ընտանիք են մտնում նաև կրթահամալիրի օրացույցով նախատեսված ծեսերն ու ստուգատեսները, ամենամսյա ֆլեշմոբներն ու ընտանեկան նախագծերը։
Ծեսը, մտնելով ընտանիք, ձեռք է բերում տվյալ ընտանիքին բնորոշ առանձնահատկություններ։ Հատկապես այն դեպքում, երբ ընտանիքի անդամները որևէ տարածաշրջանից են, այն սկսում է կրել ոչ միայն ընտանեկան, այլև տարածաշրջանային բնույթ՝ երգ ու պարից սկսած մինչ խոհանոցային հարթակ։
Թթուդրիկի ծեսին ակտիվ մասնակցեցին և թթվային բաղադրատոմսերով կիսվեցին սեբաստացի շատ ընտանիքներ։ Օրինակ՝ Տիգրանն ու Գոհար մայրիկը պատմում են տավուշյան խառը թթվի մասին՝ տեղում իրականացնելով գործունեությունը։ «Դդմածես» նախագծի ընթացքում Բաբաջանյանների ընտանիքը պատրաստել է դդմով կրեմ-ապուր՝ կրկին համեմված տավուշյան բույրերով։ «Ամանորյա ծես» ուսումնական նախագծի ընթացքում Դավիթը մայրիկի օգնությամբ պատրաստել է տոնական թխվածքաբլիթներ ։ Նման գործունեությունների ընթացքում ծեսը դառնում է բազմաբովանդակ և տարաբնույթ, իսկ ընտանիքն էլ դառնում է կրող ու տարածող։
Ուսումնական նախագծերը կազմելիս մանկավարժական աշխատողն ուղղորդվում է կրթահամալիրի ուսումնական օրացույցով՝ դառնալով այդ նախագծերի և՛ հեղինակը, և՛ իրականացնողը: Նախագծերը տարատեսակ ու տարաբնույթ են, և դրանք իրականացնելիս առաջին պլան են մղվում ընտանեկան նախագծերը։ Ընտանեկան նախագծերն իրականացնելու ընթացքում նկատելի է դառնում յուրաքանչյուր սովորողի անհատական աշխատանքը, ընտանիքի ներառվածությունն ուսումնական նախագծին՝ անհրաժեշտության դեպքում ունենալով ուսուցչի օգնությունն ու աջակցությունը։
Սեբաստացի ծնողները, միմյանց փոխլրացնելով, մասնակցում են լողուսուցման պարապմունքներին և ուսումնական ճամփորդություններին՝ հանդես գալով որպես դասվարի օգնականներ։ Կարևոր նշանակություն ունի ուսուցման շղթայակապ, փոխհամաձայնեցված կազմակերպումը, որի միջոցով ուսուցումը սովորողների համար դառնում է կենսակերպ, հետազոտական հաճելի գործընթաց: