Երբ 2010 թվականին գործուղվեցի Ավստրիայի Գրաց քաղաքը՝ Ժամանակակից եվրոպական լեզուների կենտրոն, ուր սեպտեմբերի 7-9-ը կայանալու էր «կրտսեր դպրոցի սովորողների գրավոր խոսքի գնահատումը» թեմայով աշխատանքային սեմինար, ամենակարևոր նյութերը, որ ինձ հետ պետք է տանեյի, մեր կրթահամալիրի կրտսեր դպրոցի սովորողների ինքնուրույն գրած անգլերեն շարադրություններն էին: Այսպիսով այդ աշխատանքային սեմինարի ուսումնասիրության առարկան դարձավ եվրոպական 30 երկրներից բերված 4-6-րդ դասարանցիների գրավոր շարադրանքների փաթեթը: Բոլոր շարադրությունները պետք է լինեին հենց այն վիճակում, ինչպես ի սկզբանե եղել էին՝ իրենց ուղղագրական, ձևաբանական, շարահյուսական սխալներով: Ուսումնասիրելով 30 երկրների միևնույն տարիքի երեխաների գրավոր աշխատանքները, մենք պետք է սահմանեինք դրանց լեզվի իմացության մակարդակը և տայինք կրտսեր դպրոցում «անգլերենը որպես օտար լեզու» ուսումնական առարկայի գրավոր խոսքի չափորոշիչների առաջին ձևակերպումները: Կարծում եմ, որ ճիշտ էին մտածել աշխատանքային սեմինարի կազմակերպիչները. գրելու կարողությունների գնահատումը և գրավոր խոսքի չափորոշիչները պետք է սահմանել՝ հաշվի առնելով երեխաների չխմբագրված տեքստերը: Սովորողների ստեղծած էլեկտրոնային տեքստերը անարժեք են համարվում, երբ դասավանդողն ուղղում է դրանց ձևաբանական և շարահյուսական սխալները: Սովորողների չխմբագրված տեքստերը նման են հարուստ հանքաքարի մեջ հանդիպող ոսկու բնակտորների: Դրանք շատ ավելի թանկ արժեն, քան հղկված, փայլեցված զարդանախշերով պատված ոսկե մատանին: Բլոգային ուսուցումը այդ «ոսկե» բնակտորներով «հարստացվող» կրթությունն է, որն ունի մի շարք առավելություններ:
- Հանրակրթական հաստատությունների փակ համակարգից անցում դեպի բաց համակարգ
Այս առումով ավելի դիպուկ հնարավոր չէ գրել, քան տիար Աշոտ Բլեյանն է արել իր նոյեմբերի 25-ի օրագրում.
Ավանդական դպրոցում՝ խորհրդային թե այսօրվա, պետական կրթական ծրագրով հանրակրթական դպրոցում, որևէ դասարանում սովորողի տետրը՝ տեքստերով-առաջադրանքներով-լուծումներով հասանելի են միայն սովորողին, ուսուցչին, տնօրենին, տեսուչին, սովորողի ծնողին… Սրանց եմ ես անվանում փակ կալվածքներ: Ինչպես և ուսուցչի գործունեությունը՝ դպրոցի ներսում` միայն տնօրեն-ուսմասվար-մեթոդ-միավորման նախագահին տեսանելի, դրսից՝ տեսուչ մեթոդիստին… Այսպիսով, «սովորող-ուսուցիչ-դպրոց-դասարան» գործունեությունը՝ իր տեքստերով անգամ, հասանելի է մարդկանց նեղ շրջանակի: Վստահ կարելի է ասել, որ սովորողի-ուսուցչի իրական հեղինակային տեքստեր մեզ այդպես էլ բախտ չի վիճակվում տեսնել, չենք կարդում. ինչ և ինչպես են գրում սովորողը, ուսուցիչը` մենք չգիտենք… Սովորող-ուսուցչի բլոգով ուսուցումը գլխիվայր շուռ տվեց դարերով գոյություն ունեցող այս փակ-մեկուսի վիճակը… Բլոգային ուսուցումը՝ ուսուցչի-դաստիարակի՝ բլոգով ուսուցումը, սովորողի՝ երրորդ դասարանից սկսած՝ մինչև ավարտական, բլոգների պարտադիր գործածումը, նախագծային ուսուցումը՝ խմբային, նախագծերի իրագործման շուրջ ազատ հավաքված տարատարիք սովորողների-ուսուցիչների բլոգերը… նոր վիճակ ստեղծեցին կրթության մեջ… Բնական-անմիջական հեղինակային տեքստը հայտնվեց համացանցում, դարձավ մատչելի յուրաքանչյուրին… Մենք գիտենք՝ ինչ ու ինչպես է գրում, զգում, անհատական վերաբերմունք դրսևորում ամեն մի սովորող-ուսուցիչ… Եկել է ժամանակը, որ մեր հեղինակային կրթական ծրագրով ստեղծված այս ֆենոմենը՝ բլոգով ուսուցումը, դառնա հանրակրթության սեփականությունը, ներկայացվի-յուրացվի այլոց կողմից…
- Բլոգի արխիվային նյութերի ուսումնասիրմամբ տեսանելի է դառնում տարբեր ուսումնական առարկաներից սովորողի գիտելիքների և կարողությունների զարգացումը ուսումնառության տարիների ընթացքում:
Որպես օրինակ առաջարկում եմ համեմատել Ավագ դպրոցի 10-րդ դասարանի սովորող Մերի Երանոսյանի 2014 և 2016 թվականների հրապարակումները իր անգլերեն էջում: Այս համեմատությամբ երևում է Մերիի ոչ միայն լեզվական կարողությունների, այլ նաև աշխարհայացքի առաջընթացը որպես անհատականություն:
- Հնարավո՞ր է փորձի փոխանակման ավելի արդյունավետ ձև գտնել, քան դասավանդողների կողմից միմյանց բլոգային հրապարակումների ընթերցումներն են:
Երբ սովորողն է բացում իր դասավանդողի բլոգը, նա այնտեղ գտնում է առաջադրանքներ, որոնք ինքը պետք է կատարի, ընթերցանության նյութեր, որոնք պետք է կարդա, մի որևէ երևույթի մատչելի բացատրություն, որը դասագրքային խրթին տեքստերի այլընտրանքն է: Երբ դասավանդողն է բացում նույն առարկան դասավանդող իր գործընկերոջ բլոգը, նրան այդտեղ հետաքրքրում է, թե ինչ առաջադրանքներ են կազմվել իրեն հետաքրքրող թեմայի վերաբերյալ, տվյալ գրողի, բանաստեղծի ո՞ր գործերը, տվյալ թեմայով ի՞նչ նյութեր են ընտրվել ընթերցանության համար, մեթոդական ի՞նչ հնարքներով է մեկնաբանվել ուսումնասիրվող թեմայի այս կամ այն երևույթը: Չէ՞ որ շատ հաճախ, գործընկերների գործնական մոտեցումներն ավելին են տալիս, քան դպրոցից կտրված մանկավարժական գիտահետազոտական ինստիտուտների «մեթոդիստ-գիտնականների» մտացածին տեսական մշակումները: Օրինակ, «Հայոց լեզու և գրականություն» դասավանդողները առարկայի դասավանդման առաջադեմ փորձ ձեռք կբերեն՝ ընթերցելով Նունե Մովսիսյանի, Հասմիկ Ղազարյանի, Թամար Ղահրամանյանի և Ելենա Սարգսյանի ուսումնական բլոգները: Էկոլոգիա և աշխարհագրություն դասավանդողների համար օգտակար կլինի Էմանուել Ագջոյանի բլոգը, իսկ մաթեմատիկան էլ մի քիչ ավելի հետաքրքիր է դառնում, երբ բացում ենք Հերմինե Անտոնյանի բլոգը: Քրիստինե Սահակյանցի առողջագիտական բլոգը երևի եզակի է մեր իրականության մեջ: Երաժշտություն դասավանդողների համար արժեք է Մարինե Մկրտչյանի բլոգը իր ազգային երգ ու պարով, ծեսերով ու ծես-խաղիկներով: Դասվարների համար ուսանելի փորձի փոխանակում կլինի Անահիտ Հարությունյանի բլոգի բաժիններն ուսումնասիրելը: Այս ցանկը կարելի է անընդհատ շարունակել….
- Ուսումնական բլոգի օգնությամբ իրական ու շոշափելի է դառնում անհատականացված ուսուցումը:
«Հայոց լեզու, գրականություն» դասավանդողը կարող է անհատականացված ուսուցմանը վերաբերող գործնականապես հիմնավորված աշխատանքային փորձի շարադրանքը կարդալ Մարիետ Սիմոնյանի «Անհատականացված ուսուցում» հոդվածում: Սա ուսումնական բլոգի վրա հիմնված աշխատանքային փորձ է: Ահա մի փոքրիկ հատված այդ հոդվածից.
Ես ինքս դասավանդողի իմ բլոգում հրապարակում եմ օրվա համար առաջարկվող աշխատանքը՝ լեզվական, գրական-գեղարվեստական, գրաբար առաջադրանքներ, ինչպես նաև նախագծերի ցանկ, որոնցից կարող է ընտրել սովորողը… Եթե սովորողին հետաքրքում է առաջադրանքը, նա կարող է նաև դա անել ուսումնական պարապմունքի ժամանակ կամ տանը: Կան սովորողներ, որ համատեղում են իրենց նախագծերն ու իմ առաջարկած ուսումնական աշխատանքները: Իմ ուսումնական առաջադրանքներին, առաջարկվող նախագծերին կարող եք ծանոթանալ իմ բլոգում` 2016-2017 ուստարվա «Ուսումնական աշխատանք» բաժնում:
- Դպրոցական կայքը և ուսումնական բլոգները թե դասավանդողին և թե սովորողին հնարավորություն են տալիս բովանդակության սպառողից դառնալ բովանդակության ստեղծող:
Սովորողներն իրենց ուսումնական բլոգները բացում են երրորդ դասարանում, և այդ ժամանակվանից սկսած` ուսումնական գործընթացը դառնում է ստեղծական, և միևնույն ժամանակ` արդյունքները հասանելի ոչ միայն իրենց ուսուցիչներին ու ծնողներին, այլև՝ ընկերներին ու ամբողջ հանրությանը: Օրինակ, Աննա Գանջալյանը Արևմտյան դպրոցի 2-րդ դասարանցիների հորինած հեքիաթները դարձրել է 5-րդ դասարանցիների թարգմանչական նախագիծ, և արդյունքում ստեղծվել է «Անգլերեն և հայերեն պատկերազարդ փոքրիկ հեքիաթ-պատմությունների մեդիագիրք»:
Էմանուել Ագջոյանն իր ուսումնական բլոգի «Ուսումնական նյութեր» բաժնում 7-8-9-րդ դասարանների աշխարհագրության և 10-11-րդ դասարանների էկոլոգիայի անընդհատ բարեփոխվող և կատարելագործվող էլեկտրոնային դասագրքեր է ստեղծել, իսկ Աշոտ Տիգրանյանն ու Վահրամ Թոքմաջյանը իրենց սովորողների հետ էլեկտրոնային այլընտրանքային պատմության դասագրքերն են ստեղծում:
- Ուսումնական բլոգը առցանց ուսուցման արդյունավետ գործիք է:
2016 թվականի ամբողջ հունվար ամսին գրիպի համաճարակի պատճառով հանրապետության հանրակրթական բոլոր դպրոցները չէին գործում, իսկ մեր կրթահամալիրի դպրոցներում կրթական գործընթացը չընդհատվեց շնորհիվ mskh.am կայքի և դասավանդողների ու սովորողների ուսումնական բլոգների: Առաջին անգամ հաջողությամբ կազմակերպվեց մի ամբողջ ամսվա առցանց-հեռավար ուսուցում կրթահամալիրի բոլոր դպրոցներում:
- Ուսումնական բլոգը մանկավարժական ֆորումների, առցանց քննարկումների արդյունավետ հարթակ է:
Նոյեմբերի 30-ի մանկավարժական աշխատողների շուրջտարյա դպրոցի հերթական սեմինար-պարապմունքը կազմակերպվեց հեռավար: Կրթահամալիրի բոլոր մասնախմբերի դասավանդողները իրենց բլոգների հրապարակումներով մասնակցեցին հեռավար սեմինարին, քննարկման դրեցին իրենց ձմեռային ուսումնական նախագծերը:
- Ուսումնական բլոգը սովորող-դասավանդող-դպրոց-ծնող կապն ապահովող հարթակ է:
Անհերքելի փաստ է, որ կրտսեր դպրոցի սովորողների ծնողները չխամրող ուշադրությամբ են հետևում իրենց երեխաների ուսումնական գործընթացին: Այդ գործընթացին հետևելը դառնում է հարմար ու դյուրին, եթե ուսուցումը բլոգային է: Ծնողը բացում է իր երեխայի դասվարի, առարկայական դասավանդողի ուսումնական բլոգը և տեղեկանում է այդ օրվա դասերի թեմաների, տնային առաջադրանքների, գալիք ուսումնական ճամփորդությունների և ուսմանը վերաբերող այլ բաների մասին: Սովորողների ուսումնական բլոգները նաև հնարավորություն են տալիս իրենց ծնողներին և ընտանիքի այլ անդամներին ընդգրկվելու ընտանեկան ուսումնական նախագծերում: Ընտանեկան ուսումնական նախագծերի մասին տեղեկություններ կարելի է ստանալ Մարինե Մարտիրոսյանի, Կարինե Մամիկոնյանի, Աննա Գանջալյանի, Մարգարիտ Թամազյանի, Սրբուհի Ներսիսյանի և կրթահամալիրի կրտսեր դպրոցների այլ դասավանդողների ուսումնական բլոգներում: