21-րդ դարի գիտատեխնիկական զարգացումներին զուգահեռ կարևոր է իմանալ և տարբերել «սպորտ» և «ֆիզկուլտուրա» հասկացությունները։ Ֆիզկուլտուրան նպատակ ունի ամրապնդել մարդկանց առողջությունը, իսկ սպորտը՝ հասնել առավելագույն արդյունքների և սպորտային պարգևների։
Տեխնոլոգիական զարգացման պայմաններում մեր կյանք են ներխուժել համակարգիչը, համակարգչային խաղերը, որոնք մեծ տարածում ունեն սովորողների և մեծահասակների շրջանում, դարձել են կյանքի և առօրյայի անբաժանելի մասը։ Եվ բնական է, որ երկրորդ պլան են մղվում բակային խաղերը և ֆիզիկական շփումը։ Կրտսեր, միջին և ավագ տարիքի սովորողները նախընտրում են ամեն ինչ անել համակարգչով կամ հեռախոսով, արդեն ճամփորդում են հեռավար, բակ դուրս չեն գալիս, ընկերների հետ շփվում են հեռավար, ոչ թե ֆիզիկական միջավայրում: Երկարատև ստատիկ դիրքը, սխալ նստելաձևը, մկանային շարժունակության անկումը, հոգեկան և մտավոր գերծանրաբեռվածությունը առաջ են բերում մտավոր և ֆիզիկական աշխատունակության անկում։
Այն, ինչ անում է ֆիզկուլտուրան մեր առողջության և առօրյայի կազմակերպման հարցում, չի կարող անել ոչինչ և ոչ ոք: Բազմիցս ապացուցվել է, որ ֆիզկուլտուրան նպաստում է ոչ միայն ֆիզիկական, այլև մտավոր զարգացմանը, ուստի որքան վաղ տարիքից սկսեն երեխային սովորեցնել մարզվել, այնքան արագ և ճկուն կդառնա երեխայի միտքը և մարմինը։
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ֆիզկուլտուրան միշտ անցկացվել և անցկացվում է ֆիզիկական միջավայրում: Կրթահամալիրի մարզական կառույցների պայմանները թույլ են տալիս գործունեություն ծավալել՝ կատարելագործելով և զարգացնելով սովորողների մարզական ընդունակությունները: Սա այն առարկան է, որը կրթահամալիրում սովորողն օգտագործում է որպես պատուհան: Նա շաբաթական երկու կամ մեկ անգամ մեկական ժամով կամ մի քիչ ավելի, մի կողմ դնելով համակարգիչը, հեռախոսը, ականջակալը, շփվում է ընկերների հետ՝ սկսած հանդերձարանից, մարզվում է, ստանում է գիտելիքներ այս կամ այն մարզաձևից, մասնակցում է ուսումնական խաղի, ծանոթանում է նոր մարզաձևի հետ և այլն:
«Ֆիզիկական կուլտուրա» առարկայի ուսումնական նյութը բաժանվում է երկու մասի՝ բազային և ընտրովի։
Բազային ուսումնական նյութը, որպես կանոն, պարտադիր անցնում են բոլոր հանրակրթական դպրոցներում։
Իսկ ընտրովի նյութը կամ մարզաձը անցնում են այն դպրոցներում, որտեղ կան համապատասխան պայմաններ և գույք։
Ես՝ որպես կրթահամալիրի մարզիչ, կանդրադառնամ կրթահամալիրում գործող ընտրությամբ մարզաձևերին, որոնք իրենց քանակով քիչ չեն։
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ուսումնական կարգերում ներառված է «Ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն» բնագավառի կազմակերպման կարգը: Մեջբերում եմ․
«4-5-րդ դասարանում ֆիզկուլտուրան ներառում է մարմնամարզություն, վազք, հեծանիվ, լող, շարժուն խաղեր (գնդակախաղեր, օղակախաղեր, պարանախաղեր, ազգային—բակային շարժուն խաղեր, ձմեռային խաղեր): Լողալ և հեծանիվ վարել կարողանալը 4-րդ դասարանն ավարտողի պարտադիր կարողություններ են: Ծրագիրը ներառում է ընդհանուր ֆիզպատրաստություն։ Սովորողը անվտանգ գործունեության կարողություններ գործնական եղանակով ձեռք է բերում քայլարշավների, բարձունքներ հաղթահարելու, վրանային ճամբարների ժամանակ: Որպես լրացուցիչ կրթություն՝ 4-5-րդ դասարանի սովորողը կարող է ընտրել լող, մարզական ակումբային պարապմունքներ:
6-12-րդ դասարաններում, քոլեջում ֆիզկուլտուրան սովորողի ընտրած մարզաձևի թիմային պարապմունքներն են, մրցումները: Սովորողին առաջարկվող մարզաձևեր են նետաձգություն, սուսերամարտ, մարմնամարզություն, սեղանի թենիս, հրաձգություն, խաղային մարզաձև (ֆուտբոլ, բասկետբոլ, վոլեյբոլ, ձեռքի գնդակ): Որպես լրացուցիչ կրթության մարզական ակումբ՝ սովորողը կարող է ընտրել լող, ձիավարություն, սուսերամարտ, նետաձգություն, հրաձգություն, սեղանի թենիս, հեծանվավարություն, վոլեյբոլ, բասկետբոլ, ձեռքի գնդակ, ֆուտբոլ: Յուրաքանչյուր սովորող, իր ընտրությամբ, դառնում է առաջարկված ակումբներից մեկի անդամ, հաստատված դասացուցակով մասնակցում է այդ ընտրությամբ, այլ նաև այդ մարզաձևին նրա պատրաստությամբ (անհրաժեշտ միջոց ունենալը), մարզաձևի, մարզասրահի, մարզագույքի առանձնահատկություններով։
Սովորողի մասնակցությունը թիմային պարապմունքին էլեկտրոնային հաշվառում է դասավանդողը: Սովորողը պարապմունքին ներկայանում է մարզահագուստով՝ այդ թվում՝ մարզակոշիկներով: Մարզահագուստ չունեցող սովորողը համարվում է բացակայող: Մարզասրահում չի կարող առանց մարզահագուստի մարդ մարզվել: Պատասխանատուն դասավանդող—մարզիչն է:
Բոլոր մարզաձևերի պարապմունքները սկսվում են նախավարժանքով: Տվյալ մարզաձևի մասնագիտական վարժությունների ժամանակ պահպանվում են անհրաժեշտ անվտանգության, վարվելաձևի, փոխհարաբերությունների և մարզաձևի կանոնները: Այդ կանոնների խախտման համար դասավանդող—մարզիչը կարող է տույժի ենթարկել սովորողին (լրացուցիչ ուժային վարժությունների կատարում, դասի մասնակցության ժամանակավորպես ընդհատում, դպրոցի ղեկավարին միջնորդել սովորողին տույժի ենթարկելու համար):
Կիսամյակի վերջում սովորողները հանձնում են մարզաձևի սահմանված նորմատիվներ:
Գործունեությունը կազմակերպվում է 12-22 հոգիանոց խմբերով: Ավելի փոքրաքանակ խմբեր կարող են կազմակերպվել կրթահամալիրի տնօրենի թույլտվությամբ: Սովորողների մասնակցությունն ընտրությամբ գործունեության պարապմունքներին գրանցվում է սահմանված կարգով։
Սովորողի ընտրությամբ գործունեությունը կազմակերպվում է հաստատված ծրագրով, գործունեության ուսումնական պարապմունքները կազմակերպվում են որպես ուսումնական նախագծեր։ Սովորողի գործունեության արդյունքները գնահատվում են կիսամյակի վերջում։
Սովորողը կարող է փոխել ընտրած գործունեությունը միայն կիսամյակի սկզբում»:
Կրթահամալիրում սովորողն ունի մեծ հնարավորություններ․ այս ուստարվանից սկսած՝ արդեն 5-րդ դասարանից սովորողը կարող է «Ֆիզկուլտուրա» առարկան ընտրել մարզական ակումբի ձևով, այսինքն ամենաքիչը մեկ ուսումնական շրջանում զբաղվել այն մարզաձևով, որն իրեն հոգեհարազատ է և սիրելի։ Մարզական կենտրոնն առաջարկում է 10 մարզական ակումբ` հարմարեցված մարզադահլիճ-միջավայրով, համապատասխան գույքով և մասնագետ մարզիչներով: Սա բացառիկ երևույթ է, և մարզիչ-դասավանդողներից յուրաքանչյուրը պարտավոր է միշտ առաջ նայել՝ ունեցածը զարգացնելու, նոր հարթակներ տեղափոխելու համար:
Մարզական ակումբները և մարզիչները՝
Վոլեյբոլի ակումբ ․մարզիչ՝ Անդրանիկ Մանուչարյան
Բասկետբոլի ակումբ․ մարզիչ՝ Ալինա Թումասյան
Հանդբոլի ակումբ․ մարզիչ՝ Նաիրա Հարությունյան
Հրաձգության ակումբ․ մարզիչ՝ Հովսեփ Աղաբեկյան
Նետաձգության ակումբ․ մարզիչ՝ Սամվել Խաչատրյան
Սուսերամարտի ակումբ․ մարզիչներ՝ Միքայել Ղազարյան, Ռոբերտ Խաչատրյան
Մարմնամարզության ակումբ․ մարզիչներ՝ Ռոզա Գսպոյան, Արման Մատինյան
Սեղանի թենիսի ակումբ․ մարզիչներ՝ Հասմիկ Սիմոնյան, Նաիրա Հարությունյան
Ձյուդոյի ակումբ․ մարզիչ՝ Նարեկ Կարապետյան
Ֆուտբոլի ակումբ․ մարզիչներ՝ Ռուբեն Բաղդասարյան, Դանիել Հակոբյան։
Ներկայացված մարզական ակումբները գործում եմ շատ վաղուց, և սովորողը ուսումնական տարվա սկզբից ֆիզկուլտուրայի դասացուցակային դասին ներկայանում է մարզաձև ընտրած: Սակայն այստեղ էլ կան դժվարություններ․ սովորողը մարզաձևով զբաղվում է մեկ կիսամյակ և ըստ կարգի հաջորդ կիսամյակ կարող է փոխել իր նախասիրությունը։ Եթե փոխող սովորողի համար որոշակի չափով լավ է՝ նա մեծացնում է իր հետաքրքրությունների շրջանը և սկսում է նոր մարզաձև ուսումնասիրել, դժվարանում է գործը երկու կիսամյակ ընտրած սովորողի համար, որը ստիպված է լինում իր գործունեությունը շարունակել նոր ընտրած մարզիկի հետ, որը դեռ պետք է ծանոթանա մարզաձևի կանոների, տեխնիկա – տակտիկական գործողությունների հետ: Այստեղ մեծանում է մարզչի աշխատանքի ծանրաբեռնվածությունը, նա պետք է այնպես դասավորի իր մարզական պարապմունքը, որպեսզի արդեն մարզված և նոր մարզվող սովորողները չտուժեն, ցուցաբերի անհատական մոտեցում, որպեսզի տարվա վերջում բոլոր մարզիկները հաղթահարած լինեն ծրագրին համապատասխան նյութը: Իհարկե, լավ կլիներ, որ ընտրությունը կատարվեր մեկ ուսումնական տարվա համար, բայց այստեղ էլ կան դժվարություններ․ եթե սովորղը ընտրել է մարզաձևը, բայց ինչ-ինչ հանգանմանքներից ելնելով հիասթափվում է, հասկանում է, որ սխալ ընտրություն է կատարել և ըստ կարգի չի կարող փոխել մարզաձևը, նա էլ սիրով չի մասնակցում դասին, հաճախ խանգարում է և սպասում է՝ երբ պետք է տարին ավարտվի, որ կարողանա, կոպիտ ասած, գլուխը ազատել դասերից;
Կա ևս մի հանգամանք՝ մարզչի ուղղորդումը․
Ցանկալի է, որպեսզի դասավանդող -մարզիչը ֆիզիկական դաստիարակության գործընթացում մշտապես հաշվի առնի սովորողների մարզական նախընտրությունները: Այդ դեպքում ուսուցիչը հնարավորություն ունի մարզման ձևն ու ժամաբաշխումն իրականացնել ըստ անհրաժեշտության՝ ապահովելով վերջնարդյունքները:
Միանգամայն բնական է, որ բոլոր սովորողները չունեն միևնույն ֆիզիկական պատրաստվածությունը։ Այդ իմաստով ստույգ երաշխավորություն տալ տարբեր պատրաստություն ունեցող սովորողների վարժությունների ծավալի ճշգրտման վերաբերյալ, գրեթե անհնար է։ Եթե մարզիչը նկատում է, որ տվյալ սովորողը ընտրել է մարզաձև, բայց նրա ֆիզիկական տվյալները չեն համապատասխանում այդ մարզաձևին, կարող է սովորողին ուղղորդել ընտրել այլ մարզաձև, որն ավելի համապատասխան է սովորողին, և որտեղ նա կարող է գրանցել որոշակի հաջողություններ:
Ներկայացնում եմ 2023թ-ի սեպտեմբերին՝ Առաջին ուսումնական շրջանում, կրթահամալիրի ավագ դպրոցում մարզաձև ընտրած սովորողների քանակը և խմբերը, որոնք փոփոխվել են Երրորդ ուսումնական շրջանում:
Ավագ դպրոցի ընտրությամբ մարզական խմբեր՝
- Ֆուտբոլ — 51 սովորող
- Բասկետբոլ — 55 սովորող
- Վոլեյբոլ — 90 սովորող
- Հրաձգություն – 68 սովորող
- Նետաձգություն – 48 սովորող
- Ձյուդո – 20 սովորող
- Սուսերամարտ – 59 սովորող
- Սեղանի թենիս – 81 սովորող
- Մարմնամարզություն – 52 սովորող
Այստեղ ներառված չեն այն սովորողները, ովքեր կրթահամալիրում սովորում են հեռավար կամ ազատված են ֆիզկուլտուրայի դասերից: Դասերից ազատված են այն սովորողները, ովքեր կրթահամալիրից դուրս պարապում են որևէ մարզական ակումբում և համապատասխանաբար ունեն և ներկայացրել են փաստաթուղթ իրենց մարզումների օրերի ու ժամերի մասին: Այս սովորողները կարգով ազատվում են կրթահամալիրի մարզական պարապմունքներից: Այս հանգամանքն էլ բացառապես կրթահամալիրի ձեռքբերումն է, որը չի խոչընդոտում սովորողներին այցելել կրթահամալիրից դուրս որևէ մարզական ակումբային պարապմունքի:
Այստեղ կավելացնեմ ևս մեկ ձեռքբերում, որը կրթահամալիրում իր կիրառությունը սկսեց 2024 թ-ի փետրվար ամսից՝ Երրորդ ուսումնական շրջանից: Խոսքը վերաբերում է 5-րդ դասարանցիների մարզական գործունեությանը: Այս ուսումնական շրջանում կրտսեր դպրոցների սովորողները իրավունք ստացան ընտրել մարզաձև՝ իրենց դպրոցներում անցկացվող ֆիզկուլտուրայի դասերի փոխարեն: Ամեն սովորող ընտրեց իրեն հետաքրքրող մարզաձևերից մեկը, և կազմակերպիչների ուղեկցությամբ արդեն դասացուցակային դաս դարձած մարզական պարապմունքը սկսեց անցկացնել Մայր դպրոցի որևէ մարզադահլիճում՝ մասնագետ մարզչի հետ: Այս փոփոխության համար կրտսեր դպրոցներում դասացուցակ փոխվեց, ընտրվեցին ուղեկցող մարզիչները, ովքեր նույնպես պետք է մասնակցեին մարզական պարապմունքին։ Հաղթահարեցինք մի շարք դժվարություններ, բայց, ինչպես ասում են, արժեր: Կարևորեցի այս փոփոխությունը, որովհետև կրտսեր դպրոցի մարզիչները չունեն համապատասխան մարզական կրթություն, սովորողը գալիս է և մասնակցում էիր սիրելի մարզաձևին, ինչու չէ՝ ծանոթանում է նոր մարզաձևի հետ, մտնում է համապատասխան գույքով կահավորված մարզադահլիճ: Այս փաստը որոշ առումով թևթևացրեց 6-րդ դասարանում նրա՝ մարզաձևի ընտրության հարցը․ սովորողը գալիս է արդեն կողմնորոշված։ Կարծում եմ այստեղ շահեց միայն սովորողը:
Այս փոփոխության արդյունքում մարզիչները մարզական միջդասարանական փոքրիկ մրցաշարեր, սպորտլանդիաներ անցկացրեցին կրտսեր դպրոցների սովորողների հետ՝ էլ ավելի ոգևորելու և մոտիվացնելու համար։
Հանդբոլի ընկերական հանդիպում Մայիսյան 19-րդ հավաքի շրջանակներում,
Մարզատոն կրթահամալիրում,
Բակային ֆուտբոլային հանդիպում 2․ Հյուսիս,
Թենիսի մրցաշար, ֆուտբոլային խաղեր։
Եվ այսպես՝
- կարծում եմ, որ մեր հեղինակային կրթական ծրագիրը նպաստում է և հնարավորություն է տալիս սովորողներին ստանալ մասնագիտական կողմնորոշում կրտսեր տարիքից սկսած,
- ֆիզիկական դաստիարակության գործընթացում հաշվի են առնվում սովորողների հետաքրքրությունները, որոնք հիմք են հանդիսանում մարզական ուղղվածության (սպորտայնացման), ֆիզիկական դաստիարակության նոր կազմակերպման ձևերի որոնման համար:
Ինչպես նաև՝
- Առարկայի ծրագրով առաջարկվող նյութը պետք է համապատասխանի սովորողների անհատական առանձնահատկություններին, լինի հետաքրքիր ու իրատեսական:
- Վարժությունների ընտրությունը պետք է կատարել այնպես, որ դրանք նպաստեն սովորողների վազելու, ցատկելու, նետելու կարողության ամրապնդմանը, արագաշարժության, տարածության մեջ կողմնորոշման և կոորդինացիոն ընդունակությունների մշակմանն ու կատարելագործմանը:
- Սպորտայնացված ֆիզիկական դաստիարակության ժամանակ պարտադիր է մարզական տեխնոլոգիաների և առողջարարական մարզումների կազմակերպումը: Ֆիզիկական կուլտուրայի դասերի սպորտայնացման գործընթացում տեղի է ունենում սովորողների թիմավորում ուսումնամարզական խմբերում` միևնույն հետաքրքրություններով, պահանջմունքներով, հավակնություններով, ֆիզիկական պատրաստականությամբ, միևնույն տարիքի:
Օգտագործված գրականություն և կայքեր
- Հանրակրթության պետական առարկայական չափորոշիչ և օրինակելի ծրագիր /Ֆիզիկական կուլտուրա/,
- Հանրակրթության պետական չափորոշիչ և օրինակելի ծրագիր,
- «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ուսումնական պլանով որոշված կարգեր և ուսումնական պլաններ,
- «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հեղինակային ծրագիր, մարմնամարզություն: