Բովանդակություն

  • Հոգևոր կրթություն
  • Հոգևոր-մշակութային նախագծերը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում
  • «Ուսումնական ժամերգություն» նախագիծ
  • «Ուսումնական ժամերգություն» նախագծի կազմակերպումը
  • Հոգևոր երգերի ուսուցումը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում
  • Նախագծի զարգացման շարունակականություն

Հոգևոր կրթություն

Երեխաների հոգևոր կրթության և դաստիարակության հարցն  այսօր հասարակության և պետության առջև ծառացած առանցքային խնդիրներից է։  Հասարակության հոգևոր և բարոյական վիճակն իրավամբ համարվում է նրա զարգացման և բարեկեցության հիմնական ցուցիչներից մեկը:
Եթե ժամանակին հոգևոր կրթություն ասելով նկատի ունեին միայն աստվածաշնչյան  սերտողություններ, հոգևոր զրույցներ ու եկեղեցու հայրերի գրվածքների մասին ուսումնասիրություններ, ապա այսօր այդ հոգևոր կրթության  սահմաններն ավելի են ընդլայնվել: Անձը պետք է ինտեգրվի ոչ միայն եկեղեցական համայնքին,  այլև հասարակության մեջ իր տեղն ու դերը ունենա: Ելնելով այս սկզբունքներից՝ հանրակրթական դպրոցներն ունեն շատ մեծ դեր և նշանակություն սովորողների շրջանում հոգևոր մշակույթի յուրացման, փոխանցման, տարածման հարցում:  
Վերջին տասնամյակների ընթացքում սոցիալ-տնտեսական և հասարակական-քաղաքական կյանքում իսկապես արագ փոփոխություններ են տեղի ունեցել ոչ միայն Հայաստանում, այլև համաշխարհային հանրության մեջ: Սոցիալ-մշակութային խնդիրների գլոբալացման, համընդհանուր տեխնոլոգիաների, բնապահպանական աղետների, կրոնական ծայրահեղականության, միջազգային ահաբեկչության, պատերազմների համատեքստում աշխարհը բախվել է «ժամանակակից մարդու» հոգևոր արժեհամակարգի անկման: Նա շատ բան գիտի աշխարհի մասին, բայց քիչ բան է հասկանում այս աշխարհի հետ իր հարաբերությունների մասին:
Այսօր ընտանիքի դերը կրթության մեջ չափազանց փոքր է: Ընտանիքի ինստիտուտը քայքայվում է։ Երեխան շրջապատված է անհավանական մեծ ծավալով ինֆորմացիայով, որը կարող է ունենալ և՛ դրական, և՛ բացասական ազդեցություն: Արժեքային կողմնորոշումների ձևավորման վրա լուրջ ներգործություն ունեն լրատվամիջոցները, հատկապես համացանցը, հեռուստատեսությունը: Արդյունքում մատաղ սերնդի բարոյական և հոգևոր արժեհամակարգի  ուղենիշները քայքայվում են։ 
Այս համատեքստում մեծանում է դպրոցի՝ որպես երեխայի կրթության հիմնական կազմակերպչի դերը  հոգևոր դաստիարակության, մշակույթի փոխանցման հարցում:
Ինչպես նշված է կրթության մասին ՀՀ օրենքում. «Հանրակրթության գլխավոր նպատակը երեխաների, սովորողների մտավոր, հոգևոր, ֆիզիկական և սոցիալական ունակությունների համակողմանի ու ներդաշնակ զարգացումն է, նրանց պատշաճ վարքի և վարվելակերպի ձևավորում»:

Հոգևորմշակութային նախագծերը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում  հոգևոր կրթությունը իրականացվում է  հեղինակային կրթական ծրագրերի հիմքի վրա՝ առարկայական ծրագրի առանձին բաղկացուցիչներով, ինչպես նաև ինտեգրված առարկաների և հոգևոր-մշակութային բազմաթիվ նախագծերի միջոցով: Հոգևոր կրթության բաղկացուցիչներ ներառված են կրթահամալիրի ուսումնական օրացույցում, որը հեղինակային կրթական ծրագրի կազմակերպման մեջ էական, կարգավորող դեր ունի։
Հոգևոր-մշակութային նախագծերը կարող են լինել ուսումնահայրենագիտական ճամփորդությունների մի մաս, կարող են դառնալ հայոց լեզվի, գրականության, մայրենի լեզվի և երաժշտության, հայ ժողովրդի պատմության և հայրենագիտական նախագծերի բովանդակային բաղկացուցիչ:
Կրթահամալիրի մայրենի լեզվի դասավանդող Նունե Մովսիսյանն իր «Հոգևոր-մշակութային նախագծերը՝ հեղինակային կրթական ծրագրի բաղկացուցիչ» և «Քրիստոնեական-մշակութային բաղադրիչով նախագծերը կրթահամալիրում» հոդվածներում մանրամասն անդրադարձել է կրթահամալիրային հոգևոր-մշակութային բովանդակություն ունեցող նախագծերին և հատկապես շեշտադրումներ է կատարել մայրենի լեզվի հետ առնչվողներին, ներկայացրել է հայեցակարգ:
Չցանկանալով կրկնել Ն. Մովսիսյանին՝ նորից եմ ուզում հոգևոր կրթության ընդգրկուն նախագծերից կարևորել «Հոգևոր Հայաստան» նախագիծը և իրենից բխող ենթանախագծերը՝   «Հակաբացիլ Կոմիտաս», «Գեղարվեստը կրթահամալիրում», «Մոնոներկայացումներ», «Գրական ակումբ», «Հոգևոր զրույցներ», «Ուսումնական պատարագ, առավոտյան ժամերգություն», «Գրաբարի օրեր. Թարգմանչաց տոն», «Երգ Երգոց», «Սուրբ Զատիկ», «Սուրբ Ծնունդ», «Ծիսական տոնացույց» և այլն: 

«Ուսումնական ժամերգություն»  նախագիծ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հեղինակային մանկավարժական ծրագրով հոգևոր կրթության և ժառանգության յուրացման, փոխանցման և տարածման առանցքային նախագծերից է «Ուսումնական ժամերգությունը»:
Այն կրթահամալիրի կողմից մշակված փոքրիկ հոգևոր, միասնական և ներառող հանրակրթական ծես է, որը իրականացվում է ամեն ուրբաթ՝ ժամը 9.00-9.15, Երևանի Սուրբ Երրորդություն եկեղեցում: Նախագիծը երկարաժամկետ է և իրականացվում է  2018 թվականի փետրվարից մինչ այսօր:
«Ուսումնական ժամերգության» ընթացքում կատարվում են նախօրոք ընտրված և ուսուցանված հոգևոր երգեր, շարականներ, հատվածներ  Սուրբ պատարագից, ինչպես երգչախմբային, այնպես էլ մեներգային տարբերակներով, ընթերցում են աղոթքներ, հատվածներ Աստվածաշնչից, գրաբարյան տեքստեր: «Ուսումնական ժամերգությանը»  մասնակցում են 4-12-րդ դասարանների սովորողներ, Քոլեջի ուսանողներ, դասավանդողներ,  ծնողներ, հյուրեր, եկեղեցու հավատացյալներ, գործընկերներ, երբեմն միանում են հոգևորականներ, եկեղեցու այլ սպասավորներ: Բոլոր «Ուսումնական ժամերգությունների» ծրագրերը հրապարակվում են կազմակերպիչների աշխատանքային բլոգներում, ծրագիրը ուղարկվում է սովորողների էլեկտրոնային հասցեներին, իսկ արդյունքները լուսաբանվում են և տարածվում մեդիադաշտում, սոցիալական ցանցերում:
«Ուսումնական ժամերգություն» նախագծի նպատակներն են ազգային հոգևոր մշակույթի յուրացումը, հոգևոր երգերի կատարումը և տարածումը:
Նախագծի շրջանակում սովորողներն ուսումնասիրում և ծանոթանում են  հոգևոր ծիսական արարողակարգերի հետ, սովորում են համապատասխան հոգևոր երգեր,  շարականներ, կատարում են դրանք առավոտյան ընդհանուր պարապմունքների, մեդիաուրբաթների, ուսումնական ճամփորդությունների, կրթամշակութային ծրագրերի փոխանակման և այլնի ընթացքում:

«Ուսումնական ժամերգություն» նախագծի կազմակերպումը

Ամեն ուսումնական տարվա սկզբում երաժշտության մասնագիտական խմբի կողմից ներկայացվում է «Ուսումնական ժամերգություն» նախագծի իրականացման  կատարողականը՝ օրացույց, իրականացման ժամանակացույց, կատարվող միասնական երգեր, ընթերցումներ, կազմակերպման կարգ, զարգացման նախագծեր:

Օրացույց։ «Ուսումնական ժամերգություն» նախագիծն իրականացվում է կրթահամալիրի ուսումնական օրացույցի, եկեղեցական տոների հիման վրա, նախապես հրապարակված ժամանակացույցով:
Մեզանում ծեսերի, տոների կազմակերպումը, ուսուցման ծիսականացումը ներառված են կրթահամալիրի, դպրոցի, ուսումնական խմբի ուսումնական օրացույցում, որը հեղինակային կրթական ծրագրի կազմակերպման մեջ էական, կարգավորող դեր ունի:

Ժամանակացույց։ Այն ցույց է տալիս,  թե կրթահամալիրի որ դպրոցը, երգեցիկ խումբը, համույթը երբ է ժամերգության պատասխանատուն: Նշված խումբը նախապատրաստվում է ուսումնական ժամերգությանը՝ հաշվի առնելով կրթահամալիրի ուսումնական և եկեղեցական օրացույցը:

Ուսումնական ժամերգությունների կազմակերպման կարգ։ Կրթահամալիրում ուսումնական ժամերգության մասնակից խմբերը շատ են: Որպեսզի կանոնակարգվի խմբերի մասնակցությունը, կրթահամալիրի մանկավարժության լաբորատորիայի հետ երաժշտության լաբորատորիան մշակել է  ուսումնական ժամերգությունների կազմակերպման կարգ: Այստեղ մանրամասն նկարագրված է, թե ինչպես պետք է ժամերգություններին մասնակցի սովորողը, դասավանդողը, ինչ բովանդակություն պետք է ներառվի ժամերգության ծրագրում, ինչպիսի աղբյուրներից կարող են օգտվել ծրագրի կազմակերպիչները և այլն:

Կատարվող միասնական երգեր, ընթերցումներ։ Երաժշտության դասավանդողները նախօրոք ընտրում են միասնական կատարման համար շարականներ, պատարագից հատվածներ՝ ըստ  տարիքային խմբերի բարդության: Ընտրված հոգևոր երգերի և ընթերցանությունների հիման վրա ստեղծվում է «Ուսումնական ժամերգություն» թերթոնը, որը բաժանվում է մասնակից խմբերին գրաբարյան տեքստերը ավելի հեշտ յուրացնելու համար: Դրանք են՝ «Տերունական աղոթք», Կոմիտաս՝ «Մանուկների հայր մեր», Ն. Շնորհալի՝ «Առավոտ լուսոյ», Հովհաննես Երզնկացի (Պլուզ)՝ «Այսօր ձայնն հայրական», հատվածներ Սուրբ Պատարագից՝ «Սուրբ Աստված», «Հիշեա Տեր», «Քրիստոս ի մէջ», «Յամենայնի օրհնեալ ես, Տէր», Կոմիտաս՝ «Տեր ողորմեա», Կոմիտաս՝ «Հայրապետական մաղթերգ»:

«Ուսումնական ժամերգություն» թերթոնը 2018 թվականից մինչ այսօր վերախմբագրվել է մի քանի անգամ:

 Հոգևոր երգերի ուսուցումը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում

Կոմիտասը համոզված էր, որ հայ ժողովրդական և հոգևոր երաժշտությունը «քույր-եղբայր են», նույն արմատն ու կազմությունն ունեն, և քննադատում էր նրանց, ովքեր մակերեսային և սխալ պատկերացումների հիման վրա հայ երաժշտության այդ երկու տեսակները լրիվ տարբեր էին համարում:
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում հեղինակային մանկավարժական երաժշտության ծրագրի և ուսուցման հիմքում ընկած են Կոմիտասի մանկավարժական հիմունքները և մոտեցումները:
Ինչպես  նշում է կոմիտասագետ Արթուր Շահնազարյանը`  «Երաժշտության խնդիրները քննելիս անպայման պետք է հիմնվենք մինչև այսօր արվածի, այսինքն՝ փորձի վրա: Ելակետ պետք է ունենալ ազգային դպրոցը, որովհետև չենք կարող արհամարհել այն, ինչը հարազատ է ժողովրդին, և չենք կարող հիմնական տեղը տալ կասկածելի նորամուծություններին: Նորամուծություն կատարվում է, երբ յուրացվում է ավանդականը»:

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում երաժշտության հեղինակային մանկավարժական ծրագրով իրականացվում է հոգևոր երգերի ուսուցում` առաջին և երկրորդ դասարաններում ունկնդրման միջոցով, երրորդ, չորրորդ դասարաններից սկսած՝ պարզագույն շարականների ուսուցումով, հիգերորդից բարձր դասարաններում հանդիպում են միջին բարդության շարականներ: Մեկ տարվա ընթացքում սովորողներն անցնում են 3-4 շարական, որը իրականում շատ քիչ է հոգևոր մշակույթի բավարար յուրացման համար:
Հոգևոր երգերը ուսուցանվում են Արթուր Շահնազարյանի կազմած «Կաքավիկ», Լեյլա Կարապետյանի կազմած «Երգարան» և Հայ Առաքելական երեկղեցու կողմից թողարկված «Պատարագի միաձայն երգեցողության» գրքերից: Ավելի բարձր դասարանների համար՝ երաժշտության դասավանդողներն օգտվում են Հայ Առաքելական եկեղեցու կողմից թողարկված՝ «Շարակնոց», «Խորան լուսոյ», «Պատարագամատույց» և շատ այլ գրքերից:

Հոգևոր երգերը ուսումնական նյութերի, փաթեթների տեսքով հրապարակվում են կրթահամալիրի գլխավոր, «Ձայնադարան» երաժշտական կայքերում, դասավանդողների բլոգներում:

Նախագծի զարգացման շարունակականություն

Իմ՝ «Հոգևոր երգերի ներառումը երաժշտական հանրակրթության մեջ» հոդվածում մանրամասն ներկայացրել եմ, թե ինչպես, ինչ մոտեցումներով, մեթոդներով և քայլերով պետք է ուսուցանել հոգևոր երգերը հանրակրթական դպրոցներում, որոնք են ուսուցման ընթացքում հանդիպող հիմնական բարդությունները, լուծվող և անլուծելի խնդիրները, ակնկալվող արդյունքները:
Այսօր արդեն կարող եմ վերոնշված հոդվածին հավելել այն, որ տարիների ընթացքում ավելացել է «Ուսումնական ժամերգություն» նախագծի մասնակիցների կազմը, ընդլայնվել են հոգևոր երգերի կատարման երգացանկերը, շատացել են ուսումնական ժամերգությանն առնչվող ենթանախագծերը, մեծացել է նախագծի տարածման աշխարհագրությունը: Օրինակ՝ «Սուրբ Ծննդյան» տոնին շրջանակում խմբերը սովորել են Հ. Պլուզի «Այսօր ձայնն հայրական», «Քրիստոս ծնավ» շարականները, «Սուրբ Հարության» տոնին՝  «Քրիստոս Հարյավ», «Նոր Ծաղիկ» շարականները: Անհատ կատարողները ներկայացրել են Սուրբ պատարագից «Սուրբ, սուրբ», «Միայն Սուրբ», «Ամեն, եղիցի», «Տեր ողորմենա», «Լցաք» և շատ այլ  հատվածներ, ինչպես նաև Նարեկացու, Մաշտոցի, Շնորհալու, Խորենացու, Կոմիտասի բազմաթիվ  տաղեր, շարականներ:

Երգեցիկ խմբերը  հանդես են եկել շարականների բազմաձայն երգեցողությամբ՝ կատարելով  Կոմիտաս, Շնորհալի, Նարեկացի, Մեծափորեցի, Եկմալյան, Մաշտոց:
«Ուսումնական ժամերգություն» նախագծի շրջանակում իրականացվել են նաև «Ուսումնական պատարագ», «Սեբաստացու շարականների ուսուցում», «Ն. Շնորհալու շարականների ուսուցում», «Հարսանեկան շարականների ուսուցում» նախագծերը:
«Ուսումնական պատարագ» նախագծի շրջանակում հանրակրթական երգեցիկ և ստեղծագործական խմբերը, անհատ կատարողները   ներկայացրել են պատարագի հետևյալ հատվածները՝ «Տերունական աղոթք», «Խորհուրդ խորին», «Բարեխօսութեամբ»«Հավատով խոստովանիմ», «Սուրբ աստուած», «Հիշեա Տէր», «Մարմին տէրունական», «Հազարաց հրեշտակապետք», «Քրիստոս ի մեջ», «Սուրբ-Սուրբ», «Ամէն Հայր երկնաւոր», «Յամենայնի», «Առաջի Քո, Տէր», «Հոգի Աստուծոյ», «Ամէն եւ ընդ հոգւոյդ քում», «Հայր մեր», «Ամեն հայր Սուրբ», «Տէր, ողորմեա», «Օրհնեալ է Աստուած», «Օրհնեցէք զՏէր յերկինս», «Լցաք», «Գոհանամք ըզ Քէն», «Ամէն եղիցի», «Օրհնեցից զՏէր», «Հայրապետական մաղթերգ»:

«Սեբաստացու շարականները՝ սեբաստացու օրերին» նախագծով երգեցիկ խմբերը կատարել են Մ. Սեբաստացու «Աղաչեմ զքեզ», «Գովեալ դասուց» , «Անճառին խորան», «Երանուհի», «Ըզքեզ Սուրբ Հայր» շարականները:

«Հարսանեկան շարականների կատարում» նախագծով երգեցիկ խմբերը կատարել են Եկմալյանի «Ուրախ լեր», «Թագ պարծանաց» հարսանեկան շարականները:

«Ն. Շնորհալու շարականների ուսուցում» նախագծով երգեցիկ խմբերը այս տարի Շնորհալու մահվան 850 ամյա տարելիցի շրջանակում կատարել են «Առավոտ լուսոյ», «Նոր ծաղիկ», «Նայեաց սիրով», «Զարթիր Տէր», «Քրիստոս ի մեջ», «Հիշեսցուք ի գիշերի», «Հրաշափառ Աստված», «Ճանապարհ բարի Քրիստոս եւ ճշմարտութիւն», «Նորահրաշ պսակավոր», «Հայրապետ սուրբ և անբիծ», Յորդորակ.«Անեղանելիդ Աստուած», «Արեգակն արդարութեան», «Ուղևորաց ճանապարհի», «Նայեաց սիրով», «Գովեա, Երուսաղեմ», «Սիովնի որդիք», «Քեզ, Քրիստոսի կաթողիկէ», «Աշխարհ ամենայն» շարականները:

Նույն նախագծի շրջանակում կրթահամալիրի ձայնագրման ստուդիայում նաև ձայնագրվել են վերոնշված շարականները:

«Ուսումնական ժամերգությունների» համերգային ամփոփումներին անդրադարձել են.

Դժվար է ասել, թե մի քանի տարի հետո «Ուսումնական ժամերգություն» նախագիծը զարգացման ինչ ուղով կընթանա: Ուսումնական գործընթացի կազմակերպման այս փուլում տվյալ նախագիծը իր մեջ միավորում է հոգևոր-մշակութային դաստիարակության ինտեգրված այն բաղադրիչները, որոնք անհրաժեշտ են երեխայի հոգևոր, բարոյական կրթության և արժեհամակարգային խնդիրները մասնակի լուծելու համար:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով