«Ուսուցումը պետք է լինի ուրախ և հետաքրքիր գործընթաց»: Սելեստին Ֆրենե
Համագործակցային ուսուցումը ուսումնական գործունեության ստեղծական մասն է: Այն հետաքրքիր է և՛սովորողի համար, և՛դասավանդողի: Համագործակցային ուսուցման ընթացքում սովորողների մոտ ձևավորում են համագործակցելու, միմյանց նկատմամբ հոգատար լինելու կարողություններ, իսկ դասավանդողներին հնարավորություն է տրվում ճանաչել միմյանց, բացահայտել գործընկերների կարողությունները և հմտությունները, ստեղծագործել: Համագործակցային աշխատանքի ընթացքում դրսևորվում են նաև դիմացինին լսելու, հարգելու կարողությունները: Սա խմբային աշխատանքի ամենակարևոր, արդյունավետ և բաղկացուցիչ մասն է: Այն ընձեռում է հնարավորություններ բազմաբնույթ կրթական նպատակներին հասնելու համար, նպաստում է միջանձնային հմտությունների զարգացմանը և այլն:
Մեր համագործակցությունը սկսվել է դեռ երկու տարի առաջ: Ամեն անգամ, իրականացնելով ուսումնական նախագիծ կամ որևէ գործունեություն, նախապես երկուսով քննարկել ենք մեր հետագա անելիքները: Որպես մեջբերում նշենք, որ նախագծային ուսուցման շնորհիվ և՛ դասվանդողին, և՛ սովորողին հնարավորություն է տրվում ազատ արտահայտվել, ստեղծագործել, երևակայել, զարգացնել քննադատական մտածողությունը: Այս շրջանում շատ կարևոր է իրար լսելու, իրար հարգելու կարողությունների ամրապնդումը: Մեզնից յուրաքանչյուրը հանդես է գալիս իր նախաձեռնությամբ, իր առաջարկներով, որոնք հետո բերվում են ընդհանուր հայտարարի: Մեր երկուսի անելիքներն ուղղված են սովորողի մոտ պատմելու, ստեղծաբար աշխատելու կարողությունների զարգացմանը: Միասին աշխատելու ընթացքում կրթահամալիրի երկու դպրոցների տարատարիք խմբերը ծանոթանում են, շփվում իրար հետ․ չէ՞ որ կրթահամալիրը մի մեծ ընտանիք է, և ընտանիքի բոլոր անդամները պետք է իրար ճանաչեն, շփվեն, արարեն միասին :
Այս ամենի մասին են խոսում ստորև ներկայացրած մեր ընդհանուր, հետաքրքիր, տարբերվող ուսումնական նախագծերը։ Նախագծերն իրականացրել ենք ըստ ուսումնական օրացույցի, ինչպես նաև աշնանային, մայիսյան հավաքներին, ձմեռային ճամբարին և ոչ միայն։ Նախագծերում ներառել ենք տարբեր գործունեության ձևեր՝ բնագիտական, մարզական, տեխնոլոգիական, խոհանոցային, թատրոն, մեդիագրագիտություն և այլն։
Մեր առաջին հանդիպումը եղել է 2022 թվականին՝ Մայիսյան հավաքի շրջանակում, Արևելյան դպրոց-պարտեզում։ Իրականացրել ենք հետաքրքիր բնագիտական փորձեր՝ «Բնագիտական փորձեր» համագործակցային նախագիծ։ Մինչ հանդիպումը սովորողների հետ խոսել ենք հանդիպման մասին, իրականացրել նախապատրաստական աշխատանք՝ ինչ է անհրաժեշտ փորձի համար, ինչպես ենք անելու փորձերը: Սովորողները միմյանց հետ ծանոթանալուց հետո կատարեցին երկու հետաքրքիր փորձ, քննարկեցին, դիտարկեցին, թե ինչ տեղի ունեցավ փորձերի ընթացքում: Վերադառնալով դպրոց՝ սովորողները բլոգներում ներկայացրեցին իրենց տպավորությունները։
Սովորողների տպավորությունները՝ Բնագիտական փորձեր Արևելյան դպրոց-պարտեզում, օրվա մասին պատմող տեսանյութը՝ Բնագիտական փորձեր Արևելքում։
Հանդիպումը քայլքով
Մեր դպրոցները գտնվում են Հարավ-արևմտյան թաղամասի տարբեր կողմերում: Հարավային դպրոցը գտնվում է Ծովակալ Իսակովի 52/6 հասցեում, իսկ Արևելյան դպրոցը գտնվում է Բաբաջանյան 25 հասցեում: Հարավային դպրոցից Արևելյան դպրոց 2,5 կիլոմետր է, ոտքով՝ 30 րոպե: Մինչ հանդիպումը սովորողների հետ ճշտում ենք երկու դպրոցների հեռավորությունը՝ 3 -րդ դասարանցիները ճշտում են google.com/maps-ի միջոցով, գրանցում, թե որքան ժամանակում կհասնեն։ Ոտքով գալիս ենք և անցնում մեկ անցում, իսկ հետո Մայր դպրոցի տարածքով բարձրանում ենք Արևելյան դպրոց, նույնն էլ հակառակը: Քայլում ենք երգելով, բանաստեղծություններ արտասանելով, ճանապարհին կարդում ենք ցուցանակների վրա գրվածները, սովորողները հեռախոսով կարճ հարցազրույցներ են իրարից վերցնում, նկարում են ճանապարհը: Օրինակ՝ սովորողները պարզել են, որ արագ քայլքի ընթացքում հասնում են 25 րոպեում, իսկ դանդաղ քայլքի դեպքում՝ 40 րոպեում:
Ներկայացնենք մեր հանդիպումները․
Ընկերական մարզական հանդիպումը կայացավ հունվարյան ճամբարի ընթացքում: Ամենամյա 8-րդ մարմնամարզական ստուգատես նախագծով Մայր դպրոցի մարզադահլիճում հանդիպեցին Հարավային դպրոց-պարտեզի 1.1 և Արևելյան դպրոցի-պարտեզի 3.5 դասարանի ճամբարականները: Համագործակցային նախագծի շրջանակում իրականացրինք ուրախ մարզատոն: Մարզական ստուգատեսի ընթացքում ճամբարականները ցուցադրեցին իրենց մարզական հմտություններն ու կարողությունները: Սովորողներն ակտիվորեն մասնակցեցին, աջակցեցին միմյանց և սովորեցին արժևորել առողջ մրցակցությունը: Մարզական հանդիպումից ընկերացած, ոգևորված, մեկ շաբաթ հետո կրկին հանդիպեցինք՝ այս անգամ «Բնագիտատեխնիկական ստուգատեսի» շրջանակում, ձմեռային ճամբարն էլ ավելի հետաքրքիր դարձնելով՝ իրականացրինք մի քանի փորձեր։ Փորձերի կատարման ընթացքում ճամբարականներն ապրեցին իմացումի հրճվանք՝ դիտարկեցին, բացահայտեցին․ հավես օր ունեցանք։ Չէ՞ որ յուրաքանչյուր նոր փորձ, որ ստանում է սովորողը, փոքր հեղափոխություն է նրա մտածողության մեջ։
Բնագիտական ուրախ փորձեր
«Արտադրությամբ ուսուցում» նախագծի շրջանակում իրականացրինք խոհանոցային գործունեություն՝ ճամբարականներն իրենց բերած մթերքներով պատրաստեցին հետաքրքիր, կերպարային բրդուճներ՝ «Համեղ նախաճաշ», և հյուրասիրեցին միմյանց: Զրուցեցինք օգտակար, առողջ սննդի մասին։
Համագործակցային նախագիծ, արտադրությամբ ուսուցում․ «Համեղ նախաճաշ», ամփոփում։
Մայիսյան հավաք
Մայիսյան ամենամյա ստեղծագործական 18-րդ հավաքի շրջանակում 3․5 դասարանի սովորողներն այս անգամ փոխանցեցին իրենց մեդիահմտությունները։ 1.1 դասարանի սովորողներին սովորեցրին էլեկտրոնային փոստով նկար ուղարկել, այն նախապես Paint նկարչական ծրագրով նկարել, պահպանել, կցել և ուղարկել։ Արդեն հմուտ և փորձառու երրորդ դասարանցիրերը «Սովորող- սովորեցնող» նախագծով փոխանցեցին իրենց ՏՀՏ հմտությունները և կարողությունները: «Սովորող- սովորեցնող» նախագծի ամփոփում
Նոր ուսումնական տարի
1․1 դասարանի սովորողները մեկ տարով մեծացան, արդեն՝ 2․1 դասարան, իսկ Ավագյան Անահիտը նոր դասարանի՝ 1․2 դասարանի դասվարը դարձավ։
Փոփոխությունը պարտավորեցնող էր, 2․1 դասարանի սովորողները պետք է օրինակ լինեն իրենց կրտսեր՝ 1․2 դասարանի սովորողներ համար։ Չէ՞ որ սկզբում երրորդցիներն էին սովորեցնում իրենց, հիմա իրենք պետք է սովորեցնեին իրենց կրտսեր ընկերներին։
Խնկոյանական օրերը սկսեցինք մեծ ոգևորությամբ․ նոր հետաքրքիր, երևակայական մտքերով հանդես եկանք՝ իրականացնելով տեխնոլոգիական աշխատանք՝ տիկնիկագործություն։ Այստեղ անդրադառնանք Ջոն Դյուիին՝ «Թատրոնը հնարավորություն է տալիս երեխաներին բացահայտելու իրենց ստեղծագործական կարողությունները և զարգացնելու հմտություններ, որոնք կիրառվում են կյանքի տարբեր ոլորտներում»։
«Պոչիկը կորցրած նապաստակը» ներկայացումը վերածվեց ստեղծական տոնի:
Սովորողները գունավոր կտորաթղթից՝ ֆետրից, փայտե գդալներով, փլավքամիչներով, կոճակներով, թելերով և ժապավեններով պատրաստեցին ամենաանսովոր տիկնիկները: Նրանք բաժանվեցին խմբերի: Տարատարիք խմբում անմիջապես ձևավորվեց միմյանց օգնելու, աջակցելու միջավայր, ինչպես նաև միասին երևակայելու, իրար բացատրելու ստեղծական և ուրախ մթնոլորտ: 2-րդ և 3 -րդ դասարանցիները միասին ստեղծեցին անսովոր տիկնիկներ տրված նյութերից: Նրանք միասին կտրեցին, ձևավորեցին, ընտրեցին ժապավեններ: Հատկանշական էր, որ սովորողներն առանց մեր միջամտության էին աշխատում, և այդ աշխատանքի ընթացքում յուրաքանչյուր սովորողի մոտ ձևավորվում էր դիմացինին հասկանալու, լսելու, հարգելու կարողություններ: Այդ կարողությունները փոքր տարիքից սովորողի մոտ ձևավորում են հասարակության համար ատեղծական, դիմացինին հարգելու և միասին աշխատելու անհատ: Պատրաստած տիկնիկները յուրահատուկ էին, և այստեղ է այն կարևոր գործոնը երևում, երբ սովորողը ստեղծագործում է ազատ անկաշկանդ մթնոլորտում, չի ընկճվում, նրան չեն թելադրում, պայմաններ չեն դնում նրա առջև: Տիկնիկները պատրաստելու նախագիծը ինքնաբերաբար վերածվեց թատրոնի․ պատրաստած տիկնիկները «կենդանացան» և դարձան ներկայացման «դերակատարներ»: Այնուհետ 2-րդ դասարանցիները հորինեցին հետաքրքիր հեքիաթ, որի դերակատարները դարձան իրենց իսկ պատրաստած տիկնիկները:
Հեքիաթի կամ պատումի հորինումը սովորողի մոտ զարգացնում է բանավոր խոսքը, երևակայելու կարողությունը: Երբ սովորողը տիկնիկին հերոս է դարձնում, տիկնիկի խոսքերն է հորինում և շարադրում, հեքիաթի դեպքերի հաջորդականությունն է մտածում, նրա մոտ ձևավորում են լեզվամտածողության, ստեղծագործական, հաղորդակցական և համագործակցային կարողություններ:
Այս շրջանում հատկանշականն այն է, որ ստեղծական գործունեությունը աստիճանաբար սովորողների միջոցով վերածվեց մեկ այլ գործունեության՝ տիկնիկային ներկայացման: Սովորողները հորինեցին նոր ամանորյա հեքիաթ՝ «Նապաստակի կորցրած նամակը», հորինեցին հերոսների խոսքերը՝ զարգացնելով թատրոն «ստեղծելու», հերոսներին «ընտրելու» կարողությունները: Այս ամենի վառ օրինակն է ՝ «Կախարդական ձեռքեր. խաղալիքներից մինչև հեքիաթային թատրոն» նախագիծը, որն արժանացավ «Ձմեռ պապ» մրցանակին:
Աշնանային հավաք
Արևելյան դպրոց-պարտեզում սովորողներն իրար դիմավորեցին մարզական, բարձր տրամադրությամբ։
Միասնական ուրախ մարզատոն
Մեծ ոգևորությամբ խաղացին մարզական, էստաֆետային խաղեր:
Մանկավարժական աշնանային ճամբար
Մանկավարժական ճամբարին մասնակցեցինք դասվարների մասնագիտական զարգացման սեմինարին, որտեղ Կարինե Մացակայանի հետ նոր տեխնոլոգիական հնար սովորեցինք՝ բնական բույսերով թղթի կամ կտորի վրա դաջվածք։ Մենք նորարարությունը կիրառեցինք՝ բերելով դասարան։ Համագործակցային ՝ «Ծաղիկների դաջվածքներ» նախագիծը կազմեցինք և սկսեցինք պատրաստվել ցուցահանդես-վաճառքին։ Սովորողներն աշնանային գույնզգույն ծաղիկներ և տերևներ հավաքեցին, կտորի վրա դրեցին, մուրճի օգնությամբ դաջեցին։ Սովորողներն իրենց թաշկինակները պատրաստելուց հետո թաշկինակներին տվեցին անուններ և բացատրեցին թաշկինակի «անվան ծագումը»՝ «Ծաղիկների դաջվածքներ»։
Ձմեռային ճամբար
Հանրակրթական դիջիթեք 2024-ի և Բնագիտատեխնիկական ստուգատեսի շրջանակում «Աշխատասեր մեղուներ» և «Զարզընգը» ջոկատների ճամբարականներն օրը միասին անցկացրին։ Համագործակցային նախագիծ «Ճամբարային մեկ օր միասին»
Տարբեր իրերից ինքնուրույն պատրաստեցին համակարգիչներ, հեռախոսներ, հեռակառավարման վահանակներ, ականջակալներ և այլն: Նրանց կողմից պատրաստված ամեն մի ինքնաշեն սարք, իր, խաղալիք անչափ հետաքրքիր էր և բազմազան, ինչը նաև յուրաքանչյուր սովորողի վառ երևակայության արդյունքն է: Պատրաստելուց հետո յուրաքանչյուր ճամբարական ներկայացրեց, թե ինչ է պատրաստել։ Միասին նախաճաշելուց հետո բաժանվեցին խմբերի, և մի քանիսը խաղացին զարգացնող խաղերով, մյուսները լեգոներով հավաքեցին ինչ կարող էին, այնուհետև տեղերով փոխվեցին։ Վերջում շրջանով նստեցին, ամփոփեցին օրը և պայմանավորվեցին հաջորդ հանդիպման ու անելիքների մասին։ Ամփոփում՝ Միասին պատրաստում ենք, միասին ստեղծում
Մայիսյան հավաք
Մայիսյան ստեղծագործական 19-րդ հավաքի շրջանակում որոշեցինք իրականացնել երկու նախագծի՝ Համագործակցային մարզատոն, ազգային խաղեր և «Թռչող ծաղիկ թիթեռնիկները» ։Դե իսկ թռչող ծաղիկ-թիթեռնիկների մասին իմանալուց հետո, պատմեցին թիթեռի մասին, այնուհետ գունավոր թղթերով պատրաստեցին թիթեռ:
Ազգային խաղերը շատ ոգևորող և հետաքրքիր էին սովորողների համար, նրանք խաղացինք «Խաշիլ փափա», «Պուտ-պուտ», «Չարխափանը չքացնի» ազգային խաղերը:
Բարձունքի հաղթահարում
Կրթահամալիրի բոլոր տարիքի սովորողների համար հետաքրքիր և սպասված նախագծերից է «Բարձունքի հաղթահարում» նախագիծը։
Ըստ կրթահամալիրի ուսումնական օրացույցի «Բարձունքի հաղթահարում» ուսումնական նախագիծն իրականացվում է տարվա մեջ երկու անգամ՝ սեպտեմբերի 20-22-ը՝ «Անկախության տոն. Բարձունքի հաղթահարում» և մայիսի 25-30-ը՝ «Հանրապետության օրեր. Բարձունքի նվաճում» նախագծերով:
Նախատեսված է «Անկախության տոն. Բարձունքի հաղթահարում» և «Հանրապետության օրեր. Բարձունքի նվաճում» ուսումնահայրենագիտական ամենամյա նախագծերն իրականացնել կրտսեր դպրոցի 1-3-րդ դասարաններում: Այս անգամ մեր համագործակցային ուղղությունը միասին ճամփորդելն էր։
Միասնական քայլք-ճամփորդություն
Մենք նախապես քննարկեցինք մեր՝ խմբային աշխատանքի կազմակերպումը, առանձնացրեցինք տարատարիք դասարաններում քննարկվող հարցերը ճամփորդության վերաբերյալ ՝ յուրաքանչյուրն ինչ տեղեկություններ հավաքի կամ ինչ ներկայացնի Աշտարակ քաղաքի, տվյալ բարձունքի, նրա վրա գտնվող Կարմրավոր պատմամշակութային կոթողի մասին: Միասին ընտրեցինք երգացանկը, որը սովորողները պետք է կատարեին հանդիպման ժամանակ։
Միասնական ուսումնական ճամփորդությունը հնարավորություն տվեց սովորողի մոտ ձևավորել և ամրապնդել սովորողի կապը շրջապատող միջավայրի հետ, նպաստել սովորողների միջանձնային հարաբերությունների ձևավորմանը, հնարավորություն ստեղծել հետազոտական աշխատանքի միջոցով նորանոր տեղեկատվական գիտելիքներ ստանալ, ներգրավել ծնողներին ուսումնական հետազոտական աշխատանքներում: Այնուհետ ուրախ, աշխույժ տրամադրությամբ մեր երթուղիները շարժվեցին դեպի Աշտարակ: Քայլքի ընթացքում սովորողները երգեցին, միասնական պարեցին, տեսանելի դարձան իրենց սովորած պարերը, երգերը, սովորողին տրվեց ինքնարտահայտվելու, մյուսներից սովորելու, խմբում հաստատվելու հնարավորություն :
Երբ երկու դասավանդող համագործակցում է, ապա ստեղծվում է իրարից սովորելու, ուսումնական գործունեության տարբեր թեմաներ քննարկելու հնարավորություն․ քննարկվում են այն հարցերը, որոնք չէիր նախատեսել:
Որպես վերջաբան
Մեր իրականացրած նախագծերը մեր սովորողների համար ոչ միայն սովորական գործունեություն էին, այլև իրական կյանքի հմտությունների ձեռքբերում։ Մենք ուրախ ենք, որ կարողացանք ստեղծել այնպիսի յուրահատուկ կրթական միջավայր, որտեղ սովորելու և համագործակցելու «Իմացումի հրճվանքը» դառնում է յուրաքանչյուր սովորողի կյանքի անբաժանելի մասը:
Համագործակցային ուսուցումը, որը մենք ակտիվորեն ներդնում ենք մեր կրթահամալիրում, ապացուցել է իր արդյունավետությունն ու նշանակությունը։ Համատեղ նախագծերը ոչ միայն հարստացնում են սովորողների գիտելիքներն ու հմտությունները, այլև նպաստում են նրանց համակողմանի զարգացմանը: Միասին աշխատելով` սովորողները սովորում են գնահատել գործընթացի յուրաքանչյուր մասնակցին, ցուցաբերել նախաձեռնություն և ստեղծագործական ունակություններ, ինչպես նաև միշտ լինել ուրախ և բարձր տրամադրությամբ:
Մեր գործունեությունը ցույց է տալիս, որ կրթությունը ոչ միայն նախապատրաստություն է ապագա կյանքի համար, այլև լուսավոր, իրադարձություններով լի ուղի, որով սովորողներն արդեն անցնում են հիմա: Տարբեր ուսումնական նախագծերի իրականացման միջոցով՝ գիտափորձերից մինչև ստեղծագործական և թատերական ներկայացումներ, մենք տեսնում ենք, թե ինչպես են մեր երեխաները աճում, զարգանում և դառնում անկախ, ստեղծագործ անհատներ:
Մենք շարունակում ենք առաջ շարժվել՝ ստեղծելով նոր նախագծեր, որոնք միավորում են «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի դպրոց-պարտեզները և դարձնում ուսումնական գործընթացն էլ ավելի ուրախ և հետաքրքիր։ Վստահ ենք, որ մեր միասնական գործունեությունը կնպաստի ստեղծագործ, ինքնավստահ և համագործակցող դասվարների կրթությանը, որոնք պատրաստ են ցանկացած մարտահրավերների և հնարավորությունների: