Կրթահամալիրում աշխատում եմ 2015 թ-ից։ Սկզբնական շրջանում աշխատել եմ որպես դաստիարակի օգնական, ապա՝ դաստիարակ, հետո՝ դասվար, իսկ այժմ աշխատում եմ որպես երկարացված օրվա կազմակերպիչ: 2022-2023 ուստարվա անելիքս հստակ էր: 5 տարեկանների ծրագրին ավելի խորացված տիրապետելու համար նախընտրեցի աշխատանքս շարունակել օրվա երկրորդ կեսին: Եթե ուզում ես ունենալ ճիշտ և գրագետ աշխատանքի արդյունք, պետք է ուսումնասիրես այն տարբեր կողմերից: Համենայն դեպս, ես այդպես եմ կարծում: Ստորև ուզում եմ խոսել 5-6 տարեկանների խմբում երկարացված օրվա կազմակերպման, դրա արդյունավետության, աշխատանքս նպատակային դարձնելու մասին։
Երկարացված օրն արդեն իսկ ենթադրում է, որ օրվա մյուս կեսը պետք է դառնա ավելի հետաքրքիր, որպեսզի սովորողը հոգնածություն չզգա, աշխատի հետաքրքրությամբ։
5-6 տարեկանների ուսումնական գործունեությունը կազմակերպում եմ նախագծային մեթոդով՝ յուրաքանչյուր նախագիծ հարմարեցնելով սովորողների առանձնահատկություններին: Նախագծերը կազմում են ըստ կրթահամալիրի օրացույցի: Ամեն շաբաթ ստեղծում եմ իմ անհատական աշխատանքային նախագիծը: Այն առավել հեշտ ու արդյունավետ է դարձնում իմ շաբաթվա գործունեությունը․ երբ գիտես անելիքդ, քեզ միայն մնում է դասավորել օրակարգդ ըստ սովորողների նախասիրությունների։ Վերևում նշեցինք, որ երկարացված օրը պետք է լինի հետաքրքիր, երբ սովորողը հոգնել է, կարող է իրեն չհետաքրքրել քո կազմած նախագիծը, դրա համար պետք է ունենալ այլընտրանք։ Կրթահամալիրը հենց դրանով էլ տարբերվում է մնացած կրթական հաստատություններից։ Կարևորում եմ այն միտքը, որ երկարացված օրը պետք է այնպես կազմակերպվի, որ չձանձրացնի սաներին: Միակ և գլխավոր պատճառը, որ կարող է դուր չգալ 5 տարեկան սանին, հանգստի ժամն է, ուստի այն պետք է կազմակերպվի սանին հաճո տարբերակով՝ երաժշտության ունկնդրմամբ, հեքիաթաթերապիայով կամ այդ 30 րոպեն պարզապես իրենց կողքին նստելով և տարբեր հետաքրքիր զրույց-քննարկումներ անցկացնելով: Սկզբնական շրջանում սաներին դուր չէր գալիս հանգստի ժամը, քանի որ իրենց թվում էր, թե պարտեզի քնի ժամն է և տևելու է բավականին երկար, բայց կարճ ժամանակ անց իրենք արդեն ինքնակամ ուզում էին հանգստանալ: Իմ պարագայում ստացվեց այնպես, որ հանգստանալ չցանկացող երեխան այժմ հաճույքով է անցկացնում հանգստի 30 րոպեն: Ի վերջո, սաները եկան այն եզրահանգման, որ եթե իրենք չեն հագնում գիշերազգեստ, ապա արդեն մեծ են։
Շատ կարևոր պայման է երեխաներին կաղապարներից դուրս մեծացնելը և դաստիարակելը: Մեր կրթահամալիրը լիովին տալիս է այդ հնարավորությունը: Սեբաստացի սաները ազատ են, անկաշկանդ, ինքնուրույն: Սաներն ամենից շատ սիրում են բակային խաղերը, զբոսանքը, ինչու չէ, նաև հարևան ընկերներին այցելելը:
Բակում հաճախ իրականացնում ենք նաև այլընտրանքային նկարչություն, չէ՞ որ այդ ընթացքում երեխան կարողանում է թղթին հանձնել այն, ինչ պատկերացնում է, բայց չի կարողանում բառերով արտահայտել: Այստեղ երևում է սանի ստեղծագործական միտքը, տեսածը թղթին հանձնելու կարողությունը, նաև կատարում ենք միջավայրի խնամք: Ամենասիրուն, ամենագունեղ միջավայրի խնամքը ստացվում է խոր աշնանը, երբ հա՛մ հավաքում ենք տերևները, հա՛մ հաշվում ենք, հա՛մ էլ շաղ տալիս մեզ վրա: Հիմա ասեք, էլ որտե՞ղ կա նման հրճվանք: Չկա…
Հեծանիվ և ինքնագլոր վարելը նույնպես մեր առօրյայի անբաժան մասն են։ Բացի առօրյա հեծանվավարությունից՝ մի քանի ամիսը մեկ սաներն ունենում են ստուգատես, որտեղ գրանցվում է սանի հեծանիվ, ինքնագլոր վարելու կարողությունը: Կարևոր եմ համարում, որ ոչ միայն ստուգատեսերից, այլ նաև առօրյա մարզական խաղերից սաները իրենց արածի հրճվանքը վայելեն։ Շատ դեպքերում «ստուգատես» բառը կարող է լարվածություն առաջացնել և՛ ուսուցչի և՛ սանի համար, սակայն դա մեր կրթահամալիրի մասին չէ ասված, քանի որ այստեղ անգամ ստուգատեսերը կազմակերպվում են հավեսի միջավայրում, և դրանց նպատակը սովորողների անհատական կարողությունների ցուցադրումն է ու ձեռքբերումների բարձրաձայնումը։
5 տարեկանները ինքնագլոր վարում են ո՛չ միայն դպրոցի հարակից բակում, այլ նաև շրջում են ամբողջ Բանգլադեշով:
Երկարացված օրվա ընթացքում շատ են նաև տեխնոլոգիական աշխատանքները: Ամեն անգամ տեխնոլոգիական աշխատանք կատարելիս առաջնորդվում ենք ըստ այդ շաբաթվա կամ ամսվա աշխատանքային նախագծի: Դուք միայն տեսնեք սաների հրճվանքն ու ոգևորությունը, երբ իմանում են, որ մոտակա մեկ ժամը զբաղված են լինելու տեխնոլոգիական աշխատանքով։ Տեխնոլոգիական աշխատանք կատարելիս սաները չեն կենտրոնանում զուտ տրված թեմայի շուրջ, նրանք ծավալվում են, անվերջ ստեղծագործում, ինչն էլ ինձ օգնում է հաջորդ տեխնոլոգիական աշխատանքի ընթացքում իրենց տալ հնարավորություն՝ ստեղծագործելու, թեմայից շեղվելու, իրենց երևակայությունը զարգացնելու։
Օրինակ` եթե այդ շաբաթ պետք է իրականացնենք թթուդրիկ, ապա տեխնոլոգիական աշխատանքը ևս փորձում ենք կապել ծեսի հետ, բայց բացի հիմնական աշխատանքից՝ վերը նշվածի նման իրենք անվերջ ստեղծագործում են․
- Թղթից գազարներ
- Գունավոր ծառեր
- Գունավոր ծիածաններ
- Տեխնոլոգիական աշխատանք. Ձնեմարդուկներ
- Տեխնոլոգիական աշխատանք. ձևավորում ենք թաղարները
- Դրսում լավ է
Սաները սիրում են խաղալ նաև ինքնաշեն խաղերով: Ես դեռ անցած տարի ավելի մանրամասն խոսել եմ ինքնաշեն խաղերի մասին: Այս տարի ևս իմ աշխատանքային նախագծերում անմասն չեն ինքնաշեն խաղերը: Մենք այս տարի սաների հետ միասին սկսել ենք պատրաստել նոր ինքնաշեն խաղեր, և առաջին խաղը եղել է մաթեմատիկական:
Սաները սիրում են նաև այցելել ջերմոց-լաբորատորիա: Ամեն անգամ տիկին Շողիկի անունը լսելիս մեծ ոգևորությամբ, աղմուկ-աղաղակով վեր են թռչում, հագնում կոշիկները, բաճկոնները և դռան մոտ սպասում մեզ: Հերթական այցից հետո որոշեցինք ստեղծել մեր փոքրիկ կանաչ անկյուն և գործի անցանք: Ընկեր Գոհարի օգնությամբ ստեղծեցինք կանաչ անկյուն: Չէ որ կանաչ միջավայրում սովորելն ու աշխատելն էլ ավելի հաճելի է դարձնում մեր աշխատանքը, հենց դա էլ նպաստում է նոր մտքերի, նախագծերի ստեղծմանն ու իրագործմանը։
Անդրադառնանք նաև դեպի երթուղիներ ճանապարհին: Քայլքը դեպի երթուղայիններ սաների սիրելի պահերից է: Ժամը 16:25-ին սաներն արդեն սկսում են պատրաստվել: Ինքնուրույն հագնում են կոշիկները, բաճկոնները, դասավորում են հողաթափերը, վերցնում պայուսակները և զույգերով սպասում մինչև վերջին ընկերը կվերջացնի հագնվելը: 16:35-16:40 միասնական, ձեռք ձեռքի բռնած՝ շտապում ենք դեպի երթուղայինների կայանատեղի: Ճանապարհին ոմանք հանդիպում են իրենց քույր-եղբայրներին, հեռվից հեռու բարևում միմյանց, փոքրերը շփվում են ավագ ընկերների հետ: Այդ ճանապարհին փորձում ենք միասին վերլուծել մեր հագեցած օրը, մտովի կազմել հաջորդ օրվա մեր անելիքների ցանկը կամ քայլում ենք՝ միասնական ընթերցելով մեր սովորած տարբեր ստեղծագործությունները:
Ես սովորողների հետ իրականացնում եմ մի նախագիծ, որը կոչվում է «Սովորում ենք խաղալով»: Փետրվար ամսից մեկնարկեցինք նախագիծը, որի հիմնական նպատակն էր նպաստել երևակայության, ուշադրության զարգացմանը, խաղի միջոցով սովորելու հետաքրքրությանը, մանր մոտորիկայի և երևակայության զարգացմանը, խմբով աշխատելու հմտությանը: Առաջին խաղը մաթեմատիկական էր: Թղթի վրա փակցրել էինք ամպիկներ, վրան գրել էինք գումարում կամ հանում, իսկ պատասխանը ստացել էինք անձրևի տեսքով:
- Ամպիկներ # 1
- Աղագրություն #2
- Գունավոր թվեր #3
- Ուրախ մաթեմատիկա #4
- Սովորում ենք խաղալով #5
- Սովորում ենք խաղալով #6
- Խաղ. Լուցկու հատիկներ # 7
- Խցանագրություն # 8
Այժմ ուզում եմ խոսել երկարացված օրվա ընթացքում մեդիահմտությունների կիրառման մասին: Հարկ է նշել, որ բոլոր սովորողներն էլ կարողանում են օգտվել համակարգչից: Ժամանակ առ ժամանակ 5-6 տարեկաններն ունենում են մեդիահմտության ստուգատես և բացի դրանից՝ աշխատում են շաբաթական 2 անգամ: Հիմնական աշխատանքից զատ ես նույնպես իրենց հետ աշխատում եմ համակարգչով:Միասին աշխատում ենք paint ծրագրով, նկարում ենք, մուտքագրում բառեր, համակարգիչը միացնում հեռուստացույցին, կազմում նոր բառեր և կարդում:
5-6 տարեկաններն աշխատում են նաև իրենց ավագ ընկերների հետ: «Սովորող-սովորեցնող» նախագիծը ևս մուտք գործեց երկարացված օր:Այն իմ ամենասիրելի նախագծերից մեկն է, քանի որ այդ ընթացքում իրականացվում են վարպետության դասեր բարձր դասարանցիների հետ, և ոչ միայն։ Երկարացված օրվա ընթացքում մեր իրականացրած «Սովորող-սովորեցնող» նախագիծը եղել է 2-րդ, 4-րդ և 5-րդ դասարանցիների հետ: Նախագիծը կարող է վերաբերել մեդիահմտությանը, տեխնոլոգիային, ազգային խաղերին և մի շարք այլ թեմաների:
Երկարացված օրվա ընթացքում շատ են ստացվում նաև համագործակցությունները տարատարիք սովորողների հետ: Օր.՝ առաջին համագործակցությունը եղավ հունվար ամսին` ազգագրական փառատոնի շրջանակում: Տարատարիք սովորողները համագործակցեցին 5-6 տարեկանների հետ և իրականացրին հոլախաղ: Հաջորդ համագործակցությունը եղավ 1-ին դասարանցիների հետ: Այս անգամ ազգային խաղերից խաղացինք «Աղջիկ փախցնոցի» և «Մուկն ու կատու»-ն: Բարեկենդան նախագծի ընթացքում համագործակցեցինք տարատարիք սովորողների հետ և պատրաստեցինք Բարեկենդանի դիմակներ: Ճամփորդությունից առաջ համագործակցություն ունեցանք նաև մեր առողջագետի՝ ընկ. Ալինայի հետ: Ընկ. Ալինան սաներին ցույց տվեց բժշկական արկղիկի մեջ եղած պարունակությունը և առաջին օգնություն ցուցաբերելու ճիշտ և արագ տարբերակները:
Սեբաստացու օրերին սաների հետ իրականացրի նաև «Իմ դպրոցը» նախագիծը: Նախագծի հիմնական նպատակն էր խոսեցնել և բացահայտել 5 տարեկաններին, լսել նրանց պատկերացումները դպրոցի մասին և զարգացնել սովորողի ինքնուրույնությունը:
- Իմ սեբաստացի ընկերը
- Մխիթար Սեբաստացին սաների աչքերով
- Ծեփում ենք մեր դպրոցը
- Դպրոցը ըստ 5 տարեկան սեբաստացիների
Համագործակցություն ենք ունեցել նաև Բարբառներ ակումբի անդամ Սյուզաննա Սարգսյանի հետ: Սաները սիրով են լսում հեքիաթները, իսկ երբ այն հնչում է ականջին անսովոր տարբերակով, դառնում է ավելի հետաքրքիր: Բարբառով հեքիաթների ընթերցման հիմնական նպատակն է սաների մեջ ձևավորել հետաքրքրություն բարբառների հանդեպ: Առաջին բարբառով հեքիաթը սաները լսեցին «Տիգրան Հայրաետյան» գրադարանում և քանի որ ոգևորությունը, հետաքրքրությունը մեծ էր, ես որոշեցի այն բերել նաև երկարացված օր: Ազգագրության փառատոնի ընթացքում անգամ հրավիրեցինք ընկ. Սյուզիին հեքիաթի ընթերցման: Հաջորդ բարբառով հեքիաթը մեզ մոտ ստացվեց սովորողների հետ: Մենք հյուրընկալեցինք Սոֆյա Մամյան և ընկերներ խմբին:Նրանք մեզ համար ընթերցեցին Գյումրու և Իջևանի բարբառներով հեքիաթներ:
5-6 տարեկանները երկարացված օրվա ընթացքում թողարկել են նաև ռադիոթողարկումներ տարբեր թեմաների մասին:Լսե՛ք մեզ…
Պետք է կարևորեմ այն միտքը, որ երկարացված օրվա պայմանները սանին տալիս են լայն հնարավորություն՝ խաղալու, կրթվելու, մարզվելու, մեդիահմտանալու:
Ամփոփելով այս մեկամյա հետաքրքիր և հագեցած ուսումնական տարին, ուզում եմ շեշտել, որ այն ինձ համար դարձավ մասնագիտական զարգացման և 5 տարեկանների ծրագրում է՛լ ավելի հմտանալու տարի:
Երեխաները ունեն տեսնելու, մտածելու և զգալու իրենց սեփական ձևը
Եվ չկա ավելի անմիտ բան, քան նրանց ցանկությունը փոխարինել մեր ցանկությամբ: (Ժ.Ժ Ռուսո)
Հպարտ եմ, որ սեբաստացի եմ…