2022-2023 ուսումնական տարվա ընթացքում Ավագ դպրոցի ուսումնական կյանքն ավելի հետաքրքիր ու բովանդակալից է դարձել` շնորհիվ հետազոտական աշխատանքներ գրելու և պաշտպանելու աննախադեպ գործընթացի: Ամեն ինչ նոր էր սովորողների և դասավանդողների համար՝ հետազոտական աշխատանքի թեմայի ընտրությունը, ներածական մասի նպատակային ձևակերպումը, հիմնական մասի ներկայացումը իր ենթակետերով, աղբյուրների հետ ճիշտ աշխատանքը, եզրակացությունը, գրախոսությունը, և այս ամենից հետո՝ Ավագ դպրոցի ուսումնական օրացույցով որոշված հետազոտական աշխատանքի հանրային պաշտպանությունը: Այս հսկայածավալ աշխատանքի ընթացքում եղել են և՛թերություններ, և՛ ձեռքբերումներ, որոնք նշված են գրախոսություններում, ինչպես նաև՝ բոլոր պաշտպանությունների ընդդիմախոս Աշոտ Տիգրանյանի դիտարկումներում:

Ինչպե՞ս օգնել սովորողներին և դասավանդողներին՝ որքան հնարավոր է բարձրացնել ու պատշաճ մակարդակի հասցնել հետազոտական աշխատանքների որակը: Այս խնդրի լուծմանն է նպատակաուղղված այս հոդվածը:

Հետազոտական աշխատանքի թեմայի ընտրությունը 

Թեմայի ընտրությունը աշխատանքի հաջողությանը նպաստող առաջին կարևոր քայլն է: Գիտության և տեխնիկայի, մշակույթի, արվեստի, գործարար աշխարհի, հանրային կյանքի, հասարակագիտության, պատմության, առողջապահության, կրթության, գրականության և  բարձր տեխնոլոգիաների ձեռքբերումների, ինչպես նաև՝ չլուծված խնդիրների բացահայտումներ ակնկալող բազմաթիվ թեմաներ կան, որոնցով կարելի է հետազոտական աշխատանքներ գրել: Կարևորն այն է, որ սովորողը ընտրի այն բնագավառը, որով ինքը հետաքրքրվում է, որի հետ կցանկանար առնչվել իր հետագա գործունեության ընթացքում: Այլ կերպ ասած՝ սովորողը պատճառաբանված ու մեծ հետաքրքրությամբ է ուսումնասիրում աղբյուրները, բացահայտում մի որևէ խնդրի մասին տարբեր կարծիքների դրական և բացասական կողմերը, եզրահանգումներ անում: Միայն այս դեպքում է հնարավոր հետաքրքրել հետազոտական աշխատանքը կարդացողին, միայն այս ձևով է հնարավոր հասնել հետազոտական աշխատանքի ներածական մասում ձևակերպված նպատակին:

Եթե Google-ի որոնման համակարգում գրենք «Topics on research papers for high school students – Հետազոտական աշխատանքի թեմաներ ավագ դպրոցի սովորողների համար», ապա կառաջարկվեն տարբեր բնագավառներին վերաբերող հետազոտական աշխատանքի հարյուրավոր թեմաներ ավագ դպրոցի սովորողների համար: Իմ որոնման արդյունքում մոտ հարյուր թեմա ընտրեցի, որոնք ներկայացնում եմ փոխադրաբար և որոշակի տեղայնացմամբ: Ամենևին էլ պարտադիր չէ սևեռվել հենց միայն նշված թեմաների վրա: Դրանք կարող են նաև հուշել և նոր թեմաների գաղափարներ արթնացնել:  

Կրթություն

  • Կրթական ծրագրերի բազմազանության առավելությունները և թերությունները (հանրակրթական դպրոցներ, այլընտրանքային դպրոցներ և հեղինակային կրթական ծրագրերով դպրոցներ),
  • Արդյո՞ք մասնավոր դպրոցներն օգտակար են ազգային կրթական համակարգի համար,
  • Ինչպե՞ս է ժամանակակից տեխնոլոգիան փոխել ուսուցումը,
  • Համահարթեցված թեստավորման միջոցով քննությունների դրական և բացասական կողմերը,
  • Դպրոցների ֆինանսավորման ո՞ր հատկացումներն են առավելագույն օգուտ տալիս սովորողների ուսումնառությանը,
  • Կրկնուսույցների գործառույթը աշխարհի տարբեր երկրներում և Հայաստանում:

Երաժշտություն

  • Երաժշտական կրթությունը հանրակրթական դպրոցներում,
  • Որևէ հայտնի երաժշտի ազդեցությունը փոփ երաժշտության վրա,
  • Ջազմենների և ռեփերների իմպրովիզացիոն գործունեությունը,
  • Ինչպե՞ս է ձայնային էֆեկտների տեխնոլոգիան փոխել երաժշտական արդյունաբերությունը:

Կառավարման համակարգ

  • Կառավարման միապետական, նախագահական, կիսանախագահական և խորհրդարանական համակարգեր,
  • Կարո՞ղ է կապիտալիստական համակարգը արդյունավետորեն կրճատել անհավասարությունը,
  • Արդյո՞ք արդյունավետ է կառավարման երեք ճյուղանի համակարգը՝ գործադիր, օրենսդիր և դատաիրավական,
  • Ի՞նչն է առաջացնում բևեռայնություն այսօրվա քաղաքականության մեջ:

Պատմություն

  • Հայտնի պատմական առաջնորդներ, ովքեր կորցրեցին իշխանությունը. ի՞նչը հանգեցրեց նրանց վերջնական անկմանը,
  • Հայ ժողովրդի բազմադարյան պատմության ընթացքում գործված պատմական սխալները, որոնք առաջ են բերել գոյապահպանման պայքար մղելու անհրաժեշտություն,
  • Ինչպե՞ս է զարգացել Հայաստանը անցած հարյուրամյակի ընթացքում,
  • Ո՞ր պատմական իրադարձությունն է ամենամեծ ազդեցությունն ունեցել Հայաստանի վրա անկախացումից ի վեր,
  • Պատմական և քաղաքական ապատեղեկատվություն։

Գրականություն

  • Երբ գեղարվեստական գրականությունը օգտագործվում է քարոզչության համար,
  • Շեքսպիրի «Տիմոն Աթենացին» և Ավ. Իսահակյանի «Աբու Լալա Մահարին»,
  • Վերածննդի դարաշրջանի գրականությունը Իտալիայում, Ֆրանսիայում, Իսպանիայում և Անգլիայում,
  • Հայ գրողների պատմավեպերը և իրական պատմությունը։

 Հասարակական կյանք

  • Ազգային փոքրամասնությունները մեծ երկրներում,
  • Սոցիալական պետության մեջ ապրելու առավելությունները,
  • Ավելի կարևոր է հետևել սոցիալական նորմերի՞ն, թե՞ կրոնին:

Հոգևոր կյանք

  • Աշխարհի կրոնները և դրանց հիմնական ուսմունքները։

Մեդիա

  • Անկախ լրատվամիջոցներն իրենց լրագրողներով և քաղաքական պատվերներ կատարողները,
  • Անաչառ տեղեկատվությու՞ն, թե՞ քաղաքագետների փորձագիտական վերլուծություններ,
  • Ապատեղեկատվությունը մեդիայում։

Համացանց

  • Արդյո՞ք սովորողներն ավելի խելացի են դարձել համացանցի հայտնվելուց հետո,
  • Ի՞նչ շեղումներ է կատարել համացանցը իր սկզբնական դիզայնից,
  • Թվային ներբեռնումն օգնե՞լ է երաժշտական արդյունաբերությանը,
  • Համացանցի ավելի խիստ գրաքննության առավելություններն ու ծախսերը,
  • Ի՞նչ կլիներ, եթե համացանցն անջատվեր:

Բարձր տեխնոլոգիաներ

  • Արհեստական բանականությունը կփոխի մեր կյանքը,
  • Կրիպտոարժույթի դրական և բացասական կողմերը,
  • Սոցիալական  ցանցերի ազդեցությունը մարդկանց՝ միմյանց հետ փոխհարաբերությունների վրա,
  • Ի՞նչն է ավելի արդիական այսօրվա աշխարհում՝ բջջային հավելվածնե՞րը, թե՞ կայքերը,
  • Տեքստային հաղորդագրությունների ազդեցությունը դեռահասների գրագիտության վրա:

Գիտություն և տեխնիկա

  • Աշխարհահռչակ հայ գյուտարարները,
  • Տիեզերքի սև խոռոչները,
  • Արդյո՞ք երկրաբնակները տիեզերքի միակ բանական արարածներն են,
  • Հակաքաղցկեղային պատվաստանյութի հայտնագործման հնարավորությունը,
  • Կարո՞ղ է գիտությունը օգնել փրկելու բուսական և կենդանական վտանգված տեսակները:

Շրջական միջավայր 

  • Մեծածավալ անտառահատումների հետևանքները,
  • Արդյո՞ք գլոբալ տաքացումը անշրջելի է,
  • Covid 19-ի ազդեցությունը գլոբալ տաքացման և կլիմայի փոփոխության վրա,
  • Պլաստիկ թափոնների վնասակար ազդեցությունը շրջակա միջավայրի վրա։

Գործարարություն  

  • Արդյո՞ք ձեռներեցությունը այն հատկանաշին է, որով մարդիկ ծնվում են, թե սովորելով են ձեռք բերում այն,
  • Հնարավո՞ր է բիզնես սկսել առանց փողի,
  • Գործարար կյանքը Հայաստանում,
  • Աշխարհահռչակ գործարարների հաջողության հասնելու սկզբունքները։

Թեմայի ընտրությունից հետո երկրորդ քայլը ներածական մասի ձևակերպումն է:

Ներածական մասը 

Ներածական մասը գրելու համար պետք է նախ ընդհանուր պատկերացում կազմել հետազոտական աշխատանքի թեմայի հիմնական խնդիրների մասին՝ պարզել, թե ինչ խնդիրների լուծման հետ ենք առնչվելու, այսինքն՝ ի՞նչն է լինելու հետազոտական աշխատանքը կատարելու նպատակը: Հետազոտական աշխատանքի խնդիրները պարզելու և նպատակը ձևակերպելու համար պետք է թեմայի վերնագիրը թարգմանել անգլերեն, ռուսերեն, կամ ձեր իմացած որևէ այլ օտար լեզվով, և հայերեն ու անգլերեն  գրել այդ վերնագրերը Google-ի, YouTube-ի և միայն անգլերեն՝ TED որոնողական համակարգերում, որից հետո ընտրել համակարգչի էկրանին երևացող տարբեր հոդվածներից ու տեսաֆիլմերից այն ամենը, ինչն առնչվում կամ համապատասխանում է թեմայի բովանդակությանը:

Ենթադրենք գտել ենք երկու հայերեն, 2-3 ռուսերեն և 7-8 անգլերեն հոդված: Առաջարկված հոդվածների ընտրության ժամանակ պետք է հատուկ ուշադրություն դարձնել PDF ձևաչափով ներկայացվածներին: Որպես կանոն դրանք ամենաամբողջական ձևով են ներկայացնում իրենց մեջ արծարծվող թեմաները: Մեր հաջորդ քայլը լինելու է որքան հնարավոր է հստակ տեսակավորել այդ հոդվածները՝ ըստ իրենց բարձրացրած խնդիրների: Դրա համար անհրաժեշտ է ընտրած թեմայի վերնագրով մի Word Office ֆայլ բացել, որտեղ հերթականությամբ մուտքագրել համացանցում գտած հոդվածների վերնագրերն իրենց հղումներով:

Մեր հաջորդ քայլը այդ հոդվածները կարդալն է և դրանց տակ կարևոր նշումներ, այսինքն՝ բարձրացված խնդիրների մասին հակիրճ գրառումներ անելն է: Երբ վերջացնենք այս տևական ժամանակ (հնարավոր է մոտ երկու շաբաթ) պահանջող աշխատանքը, մենք կտեսնենք, որ երկու-երեք հիմնական գաղափարներ կրկնվում են մի շարք հոդվածներում: Հենց այդ կրկնվող գաղափարներով ձևակերպվող խնդիրներն էլ կլինեն մեր ներածական մասի հիմնական խնդիրները, որոնց բացահայտումը կլինի մեր հետազոտական աշխատանքի նպատակը: Ներածական մասում կարևոր է նաև հիմնավորել հետազոտական աշխատանքի արդիականությունը և գործնական նշանակությունը:

Հետազոտական աշխատանքի հիմնական մասի տեխնիկական կողմը

Տեխնիկական կողմն այն է, որ պետք է զերծ մնալ գրագողությունից:

Ինչպե՞ս ազատվել գրագողություն՝ «copy and paste – արտատպում» անելու գայթակղությունից և իրավամբ համարվել հետազոտական աշխատանքի հեղինակ, երբ աշխատում ենք հետազոտական աշխատանքի հիմնական մասի վրա:  

Անգլերեն գրված հետազոտական աշխատանքներում գրագողությունը շատ հեշտ է բացահայտվում Plagiator Detector գործիքով: Երբ մեր սովորողների անգլերեն գրած հետազոտական աշխատանքները հրապարակվում են իրենց բլոգներում, դրանք մեխանիկորեն մտնում են համացանց: Պատկերացնու՞մ եք անգլերեն բնագիր հոդվածի հեղինակի վրդովմունքը, երբ համացանցում պատահաբար կարդա իր հոդվածի ամբողջական էջերը նույնությամբ արտատպված՝ որպես մեկ այլ մարդու հետազոտական աշխատանք:   

Պետք է կարողանալ մի որևէ էջում գրված տեքստի բովանդակությունը որոշ կրճատումներով և հոմանիշ արտահայտություններով այնպես վերարտադրել այն, որ ընդհանուր միտքը չշեղվի: Լեզվական այս աշխատանքը կոչվում է փոխադրություն: Կարելի է նույնիսկ ընդարձակել հակիրճ գրված բնագիր տեքստը՝ օգտագործելով հոմանիշներ և տալով ավելի հասկանալի սեփական բացատրություններ: Աշխատանքի այս ձևը կարող է ձեզ զերծ պահել գրագողությունից:

Գրագողությունից խուսափելը ավելի հեշտ է, երբ սովորողը անգլերեն է գրում հետազոտական աշխատանքը: Գոյություն ունի «Paraphrasing Tool – տեքստի փոխադրող գործիք», որը վայրկյանների ընթացքում փոխադրում է անգլերեն գրված տեքստը: Օրինակ՝ անգլերեն գրեցի այս նախադասությունը «I can’t anticipate anything extraordinary from you․ –Ես չեմ կարող որևէ արտակարգ բան ակնկալել քեզնից» պահանջվող տեղում, սեղմեցի «Paraphrase», և աջ սյունակում գրվեց փոխադրված նախադասությունը՝ «Nothing unusual can be expected from you. – Ոչ մի անսովոր բան հնարավոր չէ սպասել քեզնից»:

Գրագողությունից խուսափելու երկրորդ՝ ավելի ընդունված և օրինական միջոցն այն է, որ պետք է հետազոտական աշխատանքում նշել հոդվածի հեղինակի անունը՝ ներկայացնելով նրա միտքը կամ ուղղակի մեջբերումով կամ փոխադրաբար: Ավելի լավ է փոխադրաբար անել՝ տալով սեփական ավելի մատչելի ու պարզ բացատրություններ՝ օրինակներով: Դա կլինի իսկական հեղինակային հետազոտական աշխատանք:            

Հետազոտական աշխատանքի հիմնական մասի բովանդակայինը

Ներածական մասում նշված ընդհանուր խնդիրները կարող են տրոհվել ավելի նեղ խնդիրների, որոնց հնարավոր է բացահայտել ու ձևակերպել՝ ընտրված հոդվածների առանձնակի հետաքրքրություն ներկայացնող հատվածների վերընթերցումներով: Ներածական մասի ընդհանուր և վերընթերցումներով բացահայտված նեղ խնդիրների ձևակերպումներով էլ կազմվում է հիմնական մասի բովանդակությունը՝ ենթավերնագրերով:

Հետազոտական աշխատանքը հետաքրքիր է լինում, երբ բացահայտվում է, որ միևնույն խնդրի վերաբերյալ տարբեր հեղինակներ ունենում են միմյանցից տարբերվող տեսակետ: Այս դեպքերում նպատակահարմար է օգտագործել շարադրվող մտքերի այսպիսի անցումներ՝ «Ընդունված է, որ …, Հայտնի փաստ է, որ …, Այս (գաղափարի) տեսակետի աջակիցները պնդում են, որ …, Կան հեղինակներ, ովքեր ունեն հակառակ տեսակետը …, Այնուամենայնիվ, արժե նշել, որ …Այս տեսակետի գլխավոր առավելությունն այն է, որ … Այս տեսակետի գլխավոր թերությունն այն է, որ …»:

Հետազոտական աշխատանքը լիարժեք և արդիական կդառնա ու կունենա գործնական նշանակություն, եթե հիմնական մասի բովանդակության մեջ ներառվեն նաև տվյալ թեմային վերաբերող հայաստանյան խնդիրները:

Եզրակացությունը

Եզրակացության հիմնական բովանդակությունը պետք է լինի ամբողջ հետազոտական աշխատանքի հակիրճ ամփոփումը՝ հիմնավորելով այն, որ հեղինակը հասել է ներածական մասում ձևակերպված նպատակին:

Եզրակացության մեջ սովորաբար օգտագործվում են այս լեզվական անցումները՝ «Ամփոփելով այս ամենը` կարող ենք եզրակացնել, որ…, Ես համոզված եմ, որ …, Հաշվի առնելով բոլոր վերը նշված փաստերը՝ …, Իմ կարծիքով …., Դեռ ավելին՝ …, Այլ կերպ ասած …, Այս գաղափարի զարգացման միտում կա… , Այսպիսով, հաշվի առնելով …, Կարելի վստահաբար պնդել, որ …»:

Վերջում պահանջվող կառուցվածքի մեջ ենք ամփոփում մեր հետազոտական աշխատանքը՝

  • Տիտղոսաթերթ,
  • Բովանդակություն,
  • Ներածական մաս,
  • Հիմնական մաս՝ իր ենթավերնագրերով,
  • Եզրակացություն,
  • Օգտագործված աղբյուրներ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով