Անհատական ​​հետազոտական աշխատանքը ավագ դպրոցի սովորողի համար

Ներածություն

Էյնշտեյնը մի անգամ գովել է երիտասարդ գիտնականի աշխատանքը «շատ նոր ու հետաքրքիր բաներ» արտահայտությամբ, բայց մի վայրկյան հետո ավելացրել է. «Ճիշտ է՝ նորը հետաքրքիր չէ, իսկ հետաքրքիրը նոր չէ»:
Նորը հետաքրքիր չէ, երբ չկա հետազոտություն, ինչը նշանակում է, որ չկա նաև նորություն։
Հետազոտական աշխատանքի հիմնական նպատակը ավագ դպրոցում սովորողի ճանաչողական հետաքրքրությունը զարգացնելն է, իսկ անհատական ​​ աշխատանքի նպատակն է՝

  • հետազոտական ​​գործունեության մեջ ներգրավված սովորողների բացահայտում և աջակցություն,
  • սովորողների ինտելեկտուալ, ստեղծագործական կարողությունների զարգացում,
  • անընդհատ փոփոխվող սոցիալ-մշակութային պայմաններում ինքնադրսևորվելու, ինքնահաստատվելու ունակ անհատականության զարգացում,
  • սովորողների հետազոտական ​​հմտությունների ձևավորում և զարգացում,
  • հետազոտական ​​գործունեության նկատմամբ հետաքրքրություն ունեցող սովորողների կարողությունների զարգացում:

Այս հոդվածով փորձեմ ներկայացնել աշխատանքային գործընթացի, մեթոդների, հաջողված աշխատանքների, վրիպումների, խնդիրների մասին։
Հասարակական զարգացման նորարարական փուլում, որը բնութագրվում է գիտության, տեղեկատվական միջավայրի և տեխնոլոգիաների արագ զարգացմամբ, մարդը ստիպված է լինել մշտական ​​մրցակցության պայմաններում։ Միևնույն ժամանակ, նրա հաջողությունը պայմանավորված է մի շարք մասնագիտական ​​և անձնային հատկանիշներով, որոնցից գլխավորն են բարձր որակավորումների առկայությունը, ստեղծագործ լինելու կարողությունը, տեղեկատվությունը ընկալելու և վերլուծելու պատրաստակամությունը, ինչպես նաև ինքնակազմակերպման հմտությունները:
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում հետազոտական աշխատանքը ուսումնական բաղադրիչ է եղել, բայց նման ծավալուն, բացահայտումներով, ուսումնասիրություններով, թարգմանություններով մեծ աշխատանք սովորողները պետք է կատարեին առաջին անգամ։ Մեզ՝ դասավանդողներիս համար էլ դեռևս կային դժվարություններ, որոնց մասին կխոսեմ եզրակացությունում։

Ինչպես սկսեցի

Փորձել եմ նախագծային տեսքի բերել իմ կողմից առաջադրված թեմաների ընտրությունը, կազմակերպումը, իրականացումը:
Սկզբնական փուլում գրեցի թեմաներ, մի քանի անգամ վերանայելով, փոփոխություններ անելով՝ առաջարկեցի ավագ դպրոցի 10-12- դաս. սովորողներին:
Խոստովանեմ, որ թեմաները գրելիս առաջնորդվել եմ իմ տեսակետով, նախասիրությամբ, մտածելով, որ հետազոտական ​​աշխատանքները բազմակողմանի են և բազմազան, և սովորողը կարող է իր հետաքրքրությունների շրջանակում ընտրել աշխատանքի թեման, լինի դա երաժշտություն, թե սպորտ, լեզվաբանություն, թե ֆինանսներ, համակարգչային խաղեր կամ նորաձևություն: Իսկ հետազոտական ​​աշխատանք գրելու փորձը օգտակար կլինի ապագայում, քանի որ ուսանողական թեզի հիմքում նույն կառուցվածքն է։ Սովորողն անում է այն, ինչ իրեն հետաքրքրում է, ձեռք բերում արժեքավոր փորձ, իսկ լավագույն դեպքում աշխատանքը օգտակար կլինի գիտությանը։
Ուրեմն, հարկավոր է առաջարկել ոչ միայն հայոց լեզվին ու գրականությանն առնչվող թեմաներ, այլ ամենատարբեր ոլորտներն ևս:

Այս հղումով կարող եք ծանոթանալ առաջարկված թեմաներին, ինչպես նաև՝ հետազոտական աշխատանքներին ներկայացվող պահանջներին, որոնք մշակել է կրթահամալիրի դասավանդող Աշոտ Տիգրանյանը:
Սովորողներին պահանջները ներկայացնելիս բացատրել եմ, թե ինչ փոփոխություններ կարող են անել, որոնք, ըստ իս, չեն կարող անճշտություն համարվել և թույլատրելի են: Պարզաբանելու համար օրինակ բերեմ. տառատեսակը կարող է լինել այլ՝ “ոչ թե “Arial”, այլ “Sylfaen”, որը պարզ ու ընթեռնելի կլինի հայալեզու կայքերի համար և այլն:
Հաջորդ քայլը. սովորողներն ընտրեցին թեմաներ, առանձին-առանձին քննարկեցի թեմաները սովորողների հետ և նկատեցի, որ շատերի մոտ նույն թեման էր: Լսեցի նրանց հիմնավորումները, ուղղություն տվեցի, պլանավորեցինք հանդիպումների գրաֆիկ:
Հետազոտական աշխատանքի մանրամասները քննարկեցինք միասին, կարգավորեցինք այսպես․

  • հետազոտական թեմայի ընտրության հիմնավորում
  • աշխատանքի նպատակ
  • խնդրի շարադրում
  • հետազոտության օբյեկտի և առարկայի բաշխում (սահմանում)
  • ուսումնական պլանավորում
  • գործնական մաս՝ տվյալների հավաքագրման արդյունքներ, դրանց վերլուծություն և արդյունքների ներկայացում, հետազոտության արդյունքների հիման վրա եզրակացություններ և առաջարկություններ:

Մեթոդական մաս՝  հետազոտական ​​մոտեցում, տվյալների հավաքագրում, ուսումնասիրում, վերլուծություններ, ձայնագրություններ, տեսագրություններ, պրեզենտացիա և հանրային պաշտպանություն:
Սկզբում սովորողները փոքր-ինչ անհանգստացած էին, սակայն անհանգստությունը փարատվեց, երբ սկսեցին աշխատել, իսկ արդեն առաջին հանրային պաշտպանություններին մասնակցելիս (իրենց ընկերների) ավելի վստահ դարձան:

Ուսուցչի դերը

Ինչպես ասացի՝ հետազոտական աշխատանքի հիմնական նպատակը ավագ դպրոցում սովորողի ճանաչողական հետաքրքրությունը զարգացնելն է։

Ուսուցչի դերը՝ օգնել, ուղղորդել սովորողին աշխատանքում, գործընթացը հետաքրքիր դարձնել, խթանել, խրախուսել նրա հետաքրքրասիրությունը:

Ղեկավար-ուսուցիչը պետք է օգնի սովորողին ընտրել թեմա, ձևակերպի խնդիր, որը պետք է լուծի սովորողը, օգնի նյութերի հավաքման գործընթացում, յուրաքանչյուր փուլում ուղղորդի։
Յուրաքանչյուր սովորողի հետ իր նախընտրած թեման քննարկելիս բացատրել եմ հետևյալ դրույթները․

  • հետազոտության թեման չպետք է լինի՝ ա) չափազանց ընդհանուր, բ) արդեն բավականաչափ ուսումնասիրված. քանի որ ստեղծագործության նորամուծությունն է նրա հաջողության գրավականը,
  • ի՞նչ կարող եք անել ձեր հետաքրքրության ոլորտում համապատասխան բան գտնելու և անհատական հետազոտություն ստանալու համար:

Աշխատանքները կարդալիս նկատեցի, որ բոլորն էլ հիմնավորել են թեմայի ընտրությունը, ուսումնասիրություններ են կատարել, դիմել են համապատասխան մասնագետների,  թարգմանություններ են կատարել, իրենց առաջարկություններն են գրել, ինչը գովելի է, հարցազրույցներ են վարել և՛ ընկերների, և՛ դասավանդողների հետ։

Նախապատրաստում պաշտպանությանը

Այս փուլում ղեկավարը սովորողին նախապատրաստում է պաշտպանության ելույթի, պրեզենտացիայի միջոցով։ Ուսուցիչը սովորողների  մեջ փորձում է ձևավորել իրենց հետազոտության մասին գրագետ զեկուցելու, լսարանի առջև հստակ հարցերին պատասխանելու, իրենց տեսակետն ապացուցելու կարողություն՝ հիմնվելով իրենց խնդրի վերաբերյալ նյութի իմացության վրա: Այս փուլը ոչ միայն թույլ է տալիս սովորողներին փորձ ձեռք բերել հրապարակային ելույթ ունենալու, այլ նաև խրախուսում է մյուս սովորողներին։ Պաշտպանությունից հետո  սովորողների հետ քննարկում ենք, լինում են առաջարկություններ, հարցեր։ Կարևոր եմ համարում, որ հետազոտական աշխատանքների ​ արդյունքները օգտագործում են ուսումնական գործընթացում։

Աշխատանքների մասին
Իմ առաջարկած թեմաներից սովորողներից երեքը ընտրել էին նորաձևությանը վերաբերող թեմաներ։

Որպեսզի աշխատանքները գրավիչ, հետաքրքիր լինեին,  նորույթ ունենային, որոշեցինք աշխատանքների հետազոտությունը դասավորել ըստ ժամանակաշրջանների՝ ռետրոյից մինչև 21-րդ դար։ Աշխատանքի ընթացքում նրանք լավագույնս  կատարեցին իրենց առջև դրված խնդիրը․ վազվզում էին նորաձևության կենտրոններ, հանդիպումներ ունենում դիզայներների հետ, իրենք կարում էին, ստեղծում նոր ոճ։
Հարկ եմ համարում մեջբերել սովորողների հետազոտական աշխատանքներից․

  • «Այս թեման ընտրեցի, որովհետև բոլոր ժամանակներում խնդրահարույց է եղել։ Այսօր էլ կրթությանը առնչվող բազմաթիվ խնդիրներ, վիճելի հարցեր կան, որոնք մեզ՝ պատանիներիս ևս հուզում են»։
    Լիլի Ավագյան 12-րդ դաս․ Թեմա՝«Հայկական կրթության ավանդույթները երեկ և այսօր»։
  • «Միշտ հետաքրքրվել եմ նորաձևությունով, փորձել եմ հետևել, համընթաց քայլել, փորձել եմ դիտել, մասնակցել բոլոր մրցույթներին, ցուցադրություններին։ Թեմայի ընտրությունը ինձ կտա ուսումնասիրելու, կարդալու, նոր բացահայտումներ անելու հնարավորություն։ Առանձնացրի ռետրո ոճը, քանի որ  «նորաձևությունը» շատ լայն հասկացություն է, և հետազոտական մեկ աշխատանքով հնարավոր չէ շատ բաների մասին գրել»։
    «Այս թեման ինձ համար (կարծում եմ՝ նաև շատերի համար) բացահայտեց նորաձևության մի այլ՝ գողտրիկ ու տարբերվող անկյուն։ Դժվարություններ ունեցել եմ,  բայց երբ աշխատանքը անում ես սիրով, հաճույքով և այդ ամենի մեջ հոգի դնելով՝ դժվարությունները հաղթահարվում են»։

Սամվել Մանուկյան 10-րդ դաս․ «Նորաձևության գաղտնիքները․ Ռետրո»

  • «Աշխատելով այս հետազոտության վրա՝ ինքս ինձ համար շատ բացահայտումներ արեցի։ Նման աշխատանք կատարում էի առաջին անգամ։ Իհարկե, անհանգստություն կար, սակայն սկսելով՝ համոզվեցի, որ նման աշխատանքը չափազանց հետաքրքիր փորձ է ինձ համար։ Ընկերներիս հետ շրջում էի Երևանի փողոցներով, որպեսզի գտնեի, լուսանկարեի գրաֆիտիներ։ Ինչպես նաև ստանում էի մոտիվացիա իմ ընտանիքից։ Ծնողներս, մեկնելով արտերկիր, ինձ գրաֆիտիների լուսանկարներ էին ուղարկում՝ «Հետազոտական աշխատանքիդ մեջ կներառես»։ Շատ ինֆորմատիվ զրույցներ եմ ունեցել արվեստագետների հետ այս թեմայի շուրջ։ Զրուցել եմ, լսել շատ տարբեր կարծիքներ այս թեմայի շուրջ՝ ինչպես մեծահասակներից, այնպես էլ պատանիներից։ Կարդացի, ուսումնասիրեցի, սովորեցի, հարստացրի իմ և ընկերներիս գիտելիքների պաշարը»։

Թեմա՝ Գրաֆիտի․ արվեստ, թե՞ վանդալիզմ
Արինա Ալեքսանյան 10-րդ դաս․

«Ի՞նչ տվեց ինձ աշխատանքը

  • Նոր տեղեկություններ հավաքագրեցի
  • Շատ կարդացի
  • Լեզվական աշխատանքներ կատարեցի
  • Հարցազրույցներ վարեցի տարբեր մարդկանց հետ
  • Հարստացրի բառապաշարս
  • Հաղթահարեցի մի շարք դժվարություններ։

Կարծում եմ՝ կհաղթահարեմ նաև հանրության առջև ներկայանալու բարդույթը»։

Սոնա Մխիթարյան 10-րդ դաս․
Թեմա՝ Բուրգերի գաղտնիքներն ու առեղծվածը

«Ի՞նչ պետք է անել, որպեսզի կաղապարված թատերարվեստը դուրս բերվի մշակութային քաղաքականության ուշադրության կենտրոն: Բոլորս հաճախ տեսնում ենք նոր ստեղծված ինքնատիպ թատերական խմբեր ողջունելի են բոլոր թատերական նախաձեռնությունները, սակայն նման խմբերը դադարում են գործել, կամ դառնում են ստանդարտ ինչ-որ կազմակերպություն։ Նորարական ինքնատիպ թատերական խումբ ստեղծելը խնդիր է։
Խնդիր` ունենալ համակարգ, որը կխրախուսի ինքնատիպ, ինքնավար թատերախմբերի հետաքրքիր, պայծառ նախաձեռնությունները, ոչ կրկնօրինակումները խրախուսվեն, հանրայնացվեն»։

Արթուր Պետրոսյան  11-րդ դաս․ Թեմա՝ Այլընտրանքային թատրոն

Աշխատանքները շատ են, ուստի, չեմ շարունակի մեջբերումները։
Ինձ համար ևս ուրախալի է, որ սովորողները կարողանում են այսպես անկաշկանդ ներկայացնել իրենց մտքերը, առաջարկները, խնդիրների լուծումները։
Սովորողները շարունակում են հետազոտական աշխատանքները, հունիսյան ճամբարը ևս լավ հարթակ է նրանց համար, ովքեր չեն հասցրել պաշտպանել։

Մի քանի դիտարկումներ

1․ Հետազոտական աշխատանքները կատարելիս սովորողներից շատերը թարգմանություններ են կատարել այլալեզու կայքերից, գրականությունից․ ողջունելի է, սակայն գրանցեցի նաև, որ ոմանք, կամ չէին կարողացել ինքնուրույն թարգմանություն անել, կամ զլացել էին։ Նրանք Google-ի օգնությամբ թարգմանել էին և առանց խմբագրման, սրբագրման տեղադրել աշխատանքում։ Նման դեպքում ինձնից պահանջվում էր բավականին շատ ժամանակ՝ սովորողի հետ վերանայելու, բացատրելու, շտկումներ անելու համար։

2․ Իմ առաջարկած թեմաներից ընտրել էր 34 սովորող։ Որոշ սովորողներ փոխեցին իրենց նախընտրածը։ Ես պետք է աշխատեի 19 սովորողի հետ։ Այս թիվը փոքր չէ, հաշվի առնելով, որ կրթահամալիրում հեղինակային մանկավարժություն իրականացնող յուրաքանչյուր դասավանդող բազմազբաղ է, առաջ է գալիս ժամանակի խնդիրը։ Կարծում եմ՝ հաջորդ տարիների համար կլրամշակենք նաև այս բացը՝ քանի՞ սովորողի հետ կարող է աշխատել ղեկավարը։ Սա ենթադրում է որակյալ, այլ ոչ հապճեպ արված հետազոտական աշխատանք։
Բոլոր դասավանդողներն աշխատեցին բարեխղճորեն, և այս  փորձը կարելի է քննարկել մանկավարժական խորհրդում, բարեփոխումներ անել, հստակեցնել աշխատանքային գործընթացը։

3․ Թեմաներն առաջարկելիս կարծում էի, որ սովորողներին կարող եմ օգտակար լինել՝ իմ գիտելիքներով ուղղորդելով նրանց։ Հենց սկզբից հասկացա, որ չունեմ բավարար պաշար, քանի որ առաջարկածս թեմաները գրավիչ են, բայց ինքս բավարար չափով չեմ տիրապետում դրանց։

Ի՞նչ արեցի․ սկսեցի կարդալ, ուսումնասիրել, ստացվեց այնպես, որ ես սովորում էի, որպեսզի կարողանամ սովորեցնել, ուղղորդել։

Ամփոփեմ

Հետազոտական աշխատանքը հետաքրքիր է, ուսուցանող, ստեղծագործական՝ և՛ սովորողի, և՛ դասավանդողի համար։ Այն ուսումական կարևոր գործընթաց է։ Նպատակ դնելը հետազոտության պլանավորման ամենակարևոր մասն է: Աշխատանքի որակը կախված կլինի նրանից, թե ինչպես է սովորողը ձևակերպում իր աշխատանքի նպատակը: Գրեթե միշտ ուսումնասիրության նպատակը ձևակերպվում է հարցի տեսքով, որոշ դեպքերում կարող են առաջարկվել այլ տարբերակներ, օրինակ՝ հաստատող նախադասությամբ վարկածը ձևակերպելու համար։ Հիմնական հարցը պետք է կենտրոնանա ընտրված թեմայի կոնկրետ կողմերի վրա: Ուշադրություն պետք է դարձնել սովորական սխալի վրա. եթե թեման կենտրոնացված չէ, ապա, ամենայն հավանականությամբ, անհնար է տալ հիմնական հարցը:

Ի՞նչ է տալիս հետազոտական աշխատանքը սովորողին

  • սովորելու հնարավորություն,
  • հետազոտական ​​հմտությունների ձևավորում,
  • աջակցություն ավագ դպրոցի սովորողին՝ մասնագիտական ​​ինքնորոշման հարցում,
  • Հետագա կրթության հաջորդականության մշակում,
  • Նպաստում է մայրենի լեզվի գրավոր և բանավոր խոսքի կատարելագործմանը, հաղորդակցման հմտությունների զարգացմանը, հռետորական որոշ գործիքների կիրառմանն ու բացահայտմանը
  • Նոր տեխնոլոգիաների կիրառում ցուցադրությունների ժամանակ, որոնք սովորել են հենց հետազոտականի աշխատանքի պաշտպանության համար
    Ինչպես սովորողնեն են իրենց պատումներում գրում՝ «հետազոտական աշխատանքը այս ուսումնական տարվա ձեռքբերումներից մեկն էր»

Շնորհակալություն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով