2022-2023 ուստարում հետաքրքիր ու արդյունավետ նախագծեր իրականացնելու հնարավորություն շատ եմ ունեցել, նախագծեր, որոնք ամենատարբեր ուղղվածություններ են ունեցել՝ գրական-գեղարվեստական, ազգային-ծիսական, դիցաբանական-պատմական, լեզվաբանական, վերջինիս թվում՝ բարբառագիտական, բառարանային և այլն։ Բայց այս  հոդվածի  շրջանակում ուզում եմ առանձնահատուկ անդրադառնալ արդեն երկու տարի շարունակ իրականացվող իմ մի նախագծին։ Խոսքս  «Սովորողի անհատական նախագծի» մասին է։  Նախագծի գաղափարը հասունացավ դեռ անցյալ ուսումնական տարվա հունվարին՝  ձմեռային ազգագրական փառատոնի օրերին, և հենց  փերտվար ամսից որոշեցի գաղափարը նախագծի վերածել։ Մայրենիի ուսուցչի իմ գործունեության մեջ վաղուց էր հասունացել «ոչ մասնագիտական», մի քիչ անսովոր երկարաժամկետ մի նախագիծ իրականացնելու տրամադրվածությունը, նախագիծ, որի ինքնուրույն իրականցնողն այսօր դարձել է իր նախասիրություններով առաջնորդվող Քոլեջի սովորողը, ով գրում է, պատմում, հետազոտում, նկարահանում, ձայնագրություններ անում իրեն սիրելի ու հարազատ թեմաների շուրջ, խթանում է  ընդունակությունները,  հմտություններն ու կարողությունները և փորձում  առավելագույնս  բավարարել իր հետաքրքրությունները։ Նախագծի նպատակն է սովորողին հրահրել՝ ինքն իրեն ու իրեն շրջապատող աշխարհը երկխոսության մեջ ներքաշելու, մղել գործունեության նոր ձևերի, նոր բացահայտումների, արթնացնել նրա մեջ եղած կարդալու, հետազոտելու, ինքնաարտահայտվելու  ողջ պոտենցյալը։  Նախագիծը նպատակ ունի նաև այսօրվա մեդիա աշխարհի և մեր կյանք ներխուժած ու անընդգրկելի արագությամբ զարգացող թվային տեխնոլոգիաների, արհեստական բանականության գործընթացների համատեքստում  զարգացնել ու խթանել սովորողի աշխարհաճանաչողությունն ու աշխարհընկալումը։ 

Նախագիծը մշակելիս հենց սկզբից առանձնացրի հետազոտական աշխատանքի  մի քանի ուղղություններ՝ ընթերցողական, թարգմանական, ստեղծագործական, ձայնագրություններ և տեսանյութեր, հետազոտական (վերջինիս՝ «հետազոտական» եզրույթի շրջանակն այստեղ նեղացված է, ի տարբերություն վերը թվարկված մյուս տեսակների․ ի վերջո,  բոլոր ուղղություններով կատարվող աշխատանքներն էլ, լայն առումով, հետազոտական են), և այն ուղղությունը, որ սովորողն ինքը, կառաջարկի ու կիրականացնի։ Նա ազատ է նախագծային աշխատանքի ցանկացած ուղղություն ընտրելիս, ազատ է նաև իր նախագծային մեկ աշխատանքում ազատորեն կիրառելու վերը թվարկած բոլոր ուղղությունները միաժամանակ։ Ավելին՝ միաժամանակ հետազոտական, ստեղծագործական, թարգմանական տարրերի  համադրությամբ մեկ ամբողջություն ներկայացնող անհատական աշխատանքը միայն խրախուսվում է և անկասկած արժանի է գովասանքի։ Սովորողի համար պարտադիր պայման է ապահովել նախագծի պարբերականությունը՝ ամիսը մեկ աշխատանք։

Նախագիծն սկսելը բնականաբար մի քանի նախապատրաստական աշխատանքներ էր ենթադրում։ Հարկ եղավ նախ՝ Քոլեջի՝ իմ դասավանդած  բոլոր կուրսերում ընթերցել նախագիծը ու հատիկ-հատիկ հստակեցնել, բացատրել այն պահանջները, որ իմ առջև դրել էի ես, և պիտի իրականացնեին սովորողները։ Ապա՝ հարկավոր էր, որ մեր սովորողները տեղեկացված  լինեին, թե անհատական նախագծի կատարումը  ինչպես է  անդրադառնալու նրանց նախագծային գնահատման ամսական գնահատականի ձևավորման վրա։  

Նոր նախագծի իրականացման հետ կապված առաջին դժվարությունները կամաց-կամաց հստակեցնելուց ու հաղթահարելուց հետո 2022 թվականի փետրվարին  այսպիսի արդյունքներ արձանագրեցինք։ Հանպատրաստից՝ ոտքի վրա, մի փոքրիկ վիճակագրություն անցկացնելուց հետո մի տեսակ բավարարվածություն զգացի, երբ արձանագրեցի, որ այդ ուստարվա թե՛ առաջին, թե՛ երկրորդ կուրսեցիներին հավասարապես հետաքրքրել էին սովորողի անհատական նախագծի՝ իմ կարևորած բոլոր ուղղությունները։ Այսպես՝ ընթերցողական նախագիծ էին իրականացրել ինը սովորող՝ կարդալով հայ և համաշխարհային գրողների ստեղծագործություններ, իրենց նախընտրած հեղինակների ստեղծագործությունների ընթերցումներով տեսանյութեր, ձայնագրություններ ստեղծելու անհատական  նախագիծը  հետաքրքրել էր ևս  ինը սովորողի, ամենատարբեր (սպորտ, երաժշտություն, գեղանկարչություն, աշխարհագրություն, ճարտարապետություն, ՏՀՏ տեխնալոգիաներ, հայտնի մակնիշների  ավտոմեքենաներ և այլն) թեմաներով հետազոտական աշխատանք էին նախընտրել իրականացնել ութ սովորող, թարգմանական նախագիծ իրականացնողները չորսն էին։  Հետաքրքիր է, որ ստեղծագործական աշխատանք ներկայացրել էր ընդամենը մեկ հոգի։ Սա, իհարկե, խորհելու առիթ է տալիս․․․ Բայց շտապեմ ավելացնել նաև, որ մի խումբ սովորողներ այնքան ոգևորված էին, որ մեկ աշխատանքով չէին բավարարվել ու նույն փետրվար ամսին ներկայացրել էին միանգամից  երկու, կամ երեք աշխատանք։

Հետագա ամիսների ընթացքում արձանագրեցի, որ «հետազոտական» ուղղվածությամբ աշխատանք կատարողների քանակը նկատելի աճեց, սակայն պիտի խոստովանեմ, որ հետաքրքիր, անսպասելի թեմաներով, խնամքով արված  աշխատանքների  կողքին կային և այնպիսիները, որոնցում հաճախ է խախտվում  նախագծով սահմանված և  իբրև պահանջ ներկայացվող  պայմանը՝ աշխատանքի վերջում գոնե երեք աղբյուրի հղումները, սովորողի եզրահանգումը, հաճախ բացակայում է սովորողի ստեղծականությունը,  աշխատանքի նկատմամբ պատասխանատվությունը, սեփական ասելիքի կարևորումը։ Որոշ աշխատանքներ էլ պարզապես  համացանցից մեխանիկորեն արված ընդօրինակումեր են։ Թերացումներն ինձ հուշում էին, որ սովորողի անհատական նախագիծը դեռ «երկար ճանապարհ» ունի անցնելու, ու մինչ ես թերացումները կանխելու նոր լուծումներ էի մտմտում, սովորողներն իրենք «գտան ու առաջարկեցին» լուծումը։   Քանի որ Քոլեջի սովորողների մասնագիտական առարկաներն սկսվում են երկրորդ կուրսից, սովորողների մի մեծ խումբ, անհատական նախագծի՝ իր նախասիրությամբ առաջնորդվելով, հետագա ամիսներին որոշեց նախագիծն իրականացնել  մասնագիտական թեմաներով, իսկ սա ոչ միայն լրացուցիչ հնարավորություն է, որ  սովորողը ցուցադրի  մասնագիտական դասերին յուրացրած գիտելիքներն ու հմտությունները, այլև նախագծի շարունակականությունն ապահովող յուրատեսակ զարգացում է 2023-2024 ուստարվա համար։  Մյուս կողմից էլ սա այն լրացուցիչ ազդակն է, որ սովորողն աշխատելիս ավելի ազատ, ինքնուրույն  ու անկաշկանդ գործի և կարևորի ստեղծականության  տարրը իր աշխատանքում։  

Այսօր անհատական նախագծի հետաքրքիր զարգացում է նաև այն, որ այս ուսումնական տարում ավագ դպրոցների ուսումնական պլաններում պարտադիր բաղադրիչ է դարձել տարվա ընթացքում սովորողի մեկ հետազոտական աշխատանքի իրականացումը։ Նոր ուսումնական տարում կրթության և գիտության նախարարության այս որոշումը պարտադիր է դառնալու  նաև միջնակարգ մասնագիտական հաստատությունների սովորողների համար։ Կարծում եմ, որ Քոլեջում անհատական նախագծեր իրականացնելու իմ այս նախաձեռնությունը, որին այս ուսումնական տարում միացան նաև օտար լեզուների՝ ռուսերենի և անգլերենի  մեր դասավանդողները, այն բավարար հիմքն է, որը սովորողին կմղի խորանալու, հմտանալու հետազոտական աշխատանքներում, կխթանի նրա  քննադատական մտածողությունը, ու սա կարևոր փորձառություն կլինի սովորողի համար՝ ապագայում այլ ուսումնական հաստատություններում իր ուսումնառության ընթացքում։

Սովորողի անհատական նախագծերի տարեկան  ամփոփումը սովորաբար կազմակերպվում է  հեղինակային մակավարժության մայիսյան հավաքների շրջանակում կլոր սեղան-ներկայացումների տեսքով։  Այդ հավաքների ընթացքում սովորողների մի մեծ խումբ տարվա ընթացքում հանդես է գալիս հայերենով, ռուսերենով ու անգլերենով կատարած իր անհատական նախագծերի ներկայացմամբ, լինում են քննարկումներ, ապա նախանշվում են նախագծի հետագա զարգացումները։ Ահա՝ մայիսյան հավաքների կլոր սեղան-ներկայացումների ամփոփումները՝   

Իբրև ամփոփում վերն ասվածի՝ հավելեմ նաև, որ 2022-2023 ուստարում սովորողի անհատական նախագիծն արժանացել է «Ձմեռ պապ» ամենամյա մրցանակին, որի համար, իհարկե, շնորհակալ եմ։ 

Խմբագիր՝ Արևիկ Ներսիսյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով