«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր մուտք գործելու միտքը շատ անգամներ է գլխումս պտտվել։ Ի վերջո որոշեցի դիմել՝ վաղուց ինձ հարազատ դարձած կրթահամալիրում աշխատանքի անցնելու համար։ Ընդգծում եմ կրթահամալիրի հարազատ լինելը, քանի որ ինքս կրթահամալիրի սան եմ, ինչպես նաև սովորողի ծնող։ Լինելով կրթահամալիրի շրջանավարտ՝ շատ լավ ծանոթ եմ դասավանդման մեթոդին, սովորողների խոսքի և լսված լինելու ազատությանը, երևակայության զարգացման հնարավորությանը: Ողջունելի է նաև կրթահամալիրի կողմից սովորողին տրվող մարզական դաստիարակությունը։ Սովորելու տարիներին խաղացել եմ կրթահամալիրի բասկետբոլի հավաքական թիմում, հաճախել եմ նաև վոլեյբոլի, և այս ամենն իմ կյանքի կարևոր ձեռքբերումներից մեկն եմ համարում։
Անցան տարիներ, և որոշեցի, որ իմ բալիկները նույնպես պետք է քայլեն իմ հետքերով։ Նրանք սեբաստացու իրենց ճանապարհն արդեն սկսեցին կրթահամալիրի մանկապարտեզից։
Աղջիկս հաճախել է Հարավային դպրոց-պարտեզի 2-4 տարեկանների խումբ։ Հիմա նա 9 տարեկան է և սովորում է կրթահամալիրի նույն դպրոցի երրորդ դասարանում։ Միայն պետք է նրան տեսնեք՝ երբ որևէ երեխա հանկարծ ասում է, թե իր դպրոցն ավելի լավն է։ Բարկանում է, մռայլվում ու անմիջապես հակադարձում, որ հենց իր դպրոցն է ամենից լավը։ Գիտե՞ք, երբ որպես ծնող մտնում եմ դպրոց՝ այնքա՜ն սեր եմ զգում։ Միայն այն, որ սովորողներն ուրախ-ուրախ դասի են գնում, ոչ թե առիթ ման գալիս դասից բացակայելու համար, արդեն անփոխարինելի է։ Միայն այն, որ մտնում ես դպրոց և տեսնում, թե ինչպես են սաները վազում և գրկում ուսուցիչներին և փոխադարձ ջերմություն ստանում, կարծում եմ, ամեն բան ասում է։ Ծնողին էլ ի՞նչ է պետք։
Տղաս նույնպես կրթահամալիրի սան է և 2-4 տարեկանների խումբ է հաճախում։ Նրան կրթահամալիրի պարտեզ տանելը նաև նպաստեց, որ ավելի շատ հակվեմ կրթահամալիրի մանկապարտեզում աշխատելու մտքին։ Ի տարբերություն այլ պարտեզների՝ այստեղ երեխաներն իրական ազատություն, վազելու և խաղալու հնարավորություն ունեն․․․Այսպես կարող եմ անվերջ թվարկել։ Կրթահամալիրում ինձ ամենից շատ դուր է գալիս, որ երեխաներին հնարավորություն է տրվում երևակայելու, իրենց միտքն արտահայտելու, այստեղ ամեն բան նոր է և տարբերվող։
Կրթահամալիր դիմել եմ, որպեսզի աշխատեմ հենց փոքրերի հետ։ Կարծում եմ, որ իմ մեջ ունեմ այնպիսի հատկանիշներ, որոնք կարևոր են փոքրերի հետ աշխատող անձանց համար։ Գիտե՞ք, ես գտնում եմ, որ ամեն մարդ չէ, որ կարող է երեխաների հետ աշխատել, ամեն մարդ չէ, որ կարող է երեխաներին սեր և հոգատարություն տալ։ Այս ամենը երեխաների հետ աշխատանքում շատ եմ կարևորում, քանի որ հենց մանուկ հասակում է ձևավորվում երեխայի հոգեբանությունը, երեխայի ներաշխարհը, և ամեն սխալ քայլ կարող է բացասաբար ազդել երեխայի վրա։
Կրթահամալիրում աշխատանքի դիմելուց անմիջապես հետո անցա քառօրյա վերապատրաստում։ Վերապատրաստման ընթացքում շատ հետաքրքիր էր բլոգի ստեղծման և հետագայում բլոգավարման հմտություններ ձեռք բերելը։ Ծանոթացա կրթահամալիրում դասավանդման մի առանձնահատուկ մեթոդի, որն իր մեջ ունի հոգեբանական խորը հիմնավորում։ Ինձ համար շատ հետաքրքիր և ողջունելի է այն մոտեցումը, որ այստեղ սխալվելը խնդիր չէ, և որ համակարգչով դաս անելիս վրիպելու դեպքում, առանց որևէ մեկի իմացության, սովորողները կարող են շատ հեշտ ջնջել սխալը և ճիշտը գրել։ Իրականում հրաշալի մոտեցում է, քանի որ ես էլ, դեռ փոքր ժամանակից, շատ դժվարությամբ եմ հաշտվել թույլ տված ցանկացած սխալի հետ, իսկ այս հոգեբանությամբ մեծացած երեխաները, վստահ եմ, որ շատ ավելի դյուրին կերպով կուղղեն իրենց սխալները և ավելի մեծ արդյունքներ կունենան իրենց կյանքի ընթացքում։
Քառօրյա վերապատրաստման ընթացքում այցելեցինք տեխնոպարկ՝ կրթահամալիրի ինժեներական ստեղծագործության լաբորատորիան։ Այն շատ հետաքրքիր և բազմաֆունկցիոնալ սարքավորումներով հագեցած վայր էր։ Այստեղ ծանոթացանք տարբեր հաստոցների, գործիքների և դրանք օգտագործելու տեխնիկային։ Կարծում եմ, որ այս ամենը մեծ հնարավորություն է կրթահամալիրի սովորողների համար՝ ստանալ մասնագիտություն դեռ դպրոցական տարիքում։ Կրթահամալիրի հրաշքներից եմ համարում նաև սովորողների՝ կավագործությամբ զբաղվելու հնարավորությունը։ Շուրջս կան շատ խեցեգործ սեբաստացիներր, որոնց սերը դեպի կավագործությունը ձևավորվել է դեռ դպրոցական տարքից՝ կավագործության դասերին հաճախելով։ Քառօրյա վերապատրաստման ընթացքում այցելեցինք նաև Ուսումնական ագարակ։ Այստեղ ստեղծված էր ամեն նախապայման փոքրիկների, և, ինչու ոչ, ուսուցիչների համար,օրը դարձնելու տարբերվող և օգտակար։ Ուսումնական ագարակը համարում եմ կրթահամալիրի հրաշք վայրերից մեկը։ Հիշում եմ, թե ինչ անհամբերությամբ էր իմ աղջիկը սպասում այն օրերին, երբ պետք է Ուսումնական ագարակ այցելեր, և թե որքան մեծ բավականություն էր ստանում կենդանիներին տեսնելիս, նրանց սիրելիս ու խնամելիս։
Քառօրյա վերապատրաստման ամփոփում
Քառօրյա վերապատրաստման ավարտից հետո սկսվեց ինձ համար շատ հետաքրքիր ևս մեկ փուլ՝ կամավորական աշխատանք։ Կամավորական աշխատանքն սկսվեց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Հարավային դպրոց-պարտեզում։ Սովորողների հետ իրականացրի «Կոճակախաղ» նախագիծը։ Ծանոթացան կոճակների գույներին, ձևերին, կոճակների և թելերի միջոցով պատրաստեցինք վզնոցներ և նրանց երևակայության արդյունքում նաև ստացանք զվարճալի «կախարդական գլխարկ»։ Սովորողները նախագծին մասնակցեցին մեծ ակտիվությմաբ ու զվարթությամբ։ Հարավային դպրոց-պարտեզի 2-4 տարեկանների խմբում մի լուսավոր, հետաքրքիր տղա կար։ Նա ինձ իր ընկերն էր համարում և նունիսկ ճաշի ժամին, մինչ ինձ չհյուրասիրեր, ինքը չէր ուտում։ Բոլորին ասում էր․
-Իմ ընկերոջը ճաշիկ չեք տվել, իրեն էլ տվեք։
Մեկ շաբաթ աշխատելով Հարավում՝ հասկացա, որ, այո՛, երեխաների հետ աշխատանքն այն է, ինչը հոգուս հարազատ է։
Հաջորդիվ իմ կամավորական աշխատանքը շարունակեցի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Արևելյան դպրոցի 2-4 տարեկանների խմբում։ Այստեղ կամավորական աշխատանքը տարբերվող էր, քանի որ աշխատանքի անցնելուն պես նոր սովորողների ընդունելություն եղավ խմբում։ Հետաքրքիր էր սովորողների՝ կրթական միջավայրին ընտելանալու շրջանը։ Սկզբում՝ նրանք ոչ թե ինքնուրույն, այլ մայրիկների գրկում էին խումբ մտնում, քանի որ դժվար էին բաժանվում։ Բայց մի քանի օր անց այդ դժվարությունը ևս հաղթահարում էին։ Առաջին օրերին յուրաքանչյուր արտասվող բալիկի հետ ինքս արտասվում էի, չէի կարողանում հույզերս զսպել։ Շատ էի ուրախանում, երբ նոր հաճախող երեխաները մայրիկներից բաժանվելիս այլևս լաց չէին լինում։ Կրթահամալիրի Արևելյան դպրոցում աշխատանքն ավելի երկար տևեց, քանի որ հենց այստեղ անցա հիմնական աշխատանքիս։
Հաջորդ փուլը, որ անցա, Մուտք կրթահամալիր» ճամբարն էր։ Ճամբարի շրջանակում շատ հետաքրքիր պահեր եղան արդեն ինձ համար շատ հարազատ մարդկանց հետ։ Գիտե՞ք, ամենից շատ միշտ սիրել եմ «Սեբաստացի Մեծերի» հասարակ լինելը, սիրել եմ այն, որ իրենց հետ շփվելիս հանգստություն, մտերմություն ես զգում։ Այս մի քանի օրվա ընթացքում անմոռանալի շատ պահեր եղան, ձեռք բերեցի մի շարք հմտություններ և ,ինչու ոչ՝ կյանքի համար փորձ։ «Մուտք կրթահամալիր» ճամբարի ընթացքում հնարավորություն ունեցանք հանդիպելու կրթահամալիրի հիմնադիր տնօրեն Աշոտ Բլեյանի հետ։ Խոսեցինք հեղինակային, այլընտրանքային ուսուցման մասին։ Աշոտ Բլեյանին ուղղեցինք մեզ հետաքրքրող հարցերը և ստանալ սպառիչ պատասխաններ։ Այնքան հետաքրքիր էր շփվել արդեն ոչ որպես սովորող կամ ծնող, այլ որպես դասավանդող։ Այդ մի քանի օրվա ընթացքում Մարիետա Սիմոնյանի հետ բազմաթիվ հետաքրքիր վերլուծություններ կատարեցինք։ Կարդում ու վերլուծում էինք այնպիսի ստեղծագործություններ, ինչպիսիք են՝ Ջոն Թեյլոր Գատոյի «Միջնակարգ դպրոցի մղձավանջը», Օշոյի «Պայքար առանց կատաղության»-ը, Աղասի Այվազյանի «Փառահամարը» և այլն։ Ինձ համար ամենից հետաքրքիրը և անսպասելի ավարտ ունեցողը Օշոյի «Պայքար առանց կատաղության» ստեղծագերծությունն էր։ Այստեղ ներկայացված է մարդու մի այնպիսի տեսակ, ինչպիսին լինելը, կարծում եմ, շատ դժվար է, և շատ հազվադեպ են նման մարդիկ հանդիպում։ Պետք է շատ ուժեղ և միևնույն ժամանակ բարի մարդ լինել, որպեսզի մեկին թշնամի համարելով՝ միևնույն ժամանակ նրա նկատմամբ թշնամանք, ատելություն չզգաս։ Հենց այդպիսին էր ստեղծագործության գլխավոր հերոսը՝ այդքան մեծ ու այդքան վեհ, որը կարողանում է իր «Ես»-ը մի կողմ դնել։ Այսօր, կարծում եմ, բոլորիս համար մեծ խնդիր է զայրույթը՝ երբեմն անգամ առանց պատճառի, երբեմն չհասկանալով անգամ, թե ինչը մեզ դրդեց զայրանալու։ Քառօրյա վերապատրաստման ընթացքում գրագետ աշխատանք վարելու համար անհրաժեշտ մի շարք հմտություններ փոխանցեց Լուսինե Փաշայանը։ Ծանոթացանք աշխատանքային օրացույցի վարման կարգին։ Անկեղծ կլինեմ՝ մինչ այս չէի պատկերացնում աշխատանքային օրացույցի կարևորությունը։ Բայց Լուսինե Փաշայանի՝ օրացույցի վարման կարգը ներկայացնելուց հետո հասկացա, որ առանց օրացույցի անհնար է գրագետ աշխատել։
«Մուտք կրթահամալիր» ճամբարի վերջին՝ հինգերորդ օրը, ամբողջովին այլ էր։ Այն սկսվեց ուսումնական ժամերգությամբ՝ Սուրբ Երրորդություն եկեղեցում։ Իրականում սա ինձ համար շատ մեծ քայլ է։ Որպես ծնող՝ միշտ հպարտացել եմ, որ մեր դպրոցը կապ է ստեղծում երեխաների և եկեղեցու միջև՝ անկախ ընտանիքում ստեղծվածից։ Միշտ հպարտացել եմ կրթահամալիրի հենց այս մոտեցմամբ։ Ժամերգությունը ավարտելուց հետո ուղևորվեցինք Արայի լեռ՝ Ծաղկեվանք։ Թեև շատ անգամներ եմ եղել Ծաղկեվանքում, այս այցելությունը ամբողջովին տարբերվեց նախորդներից։ Մեզ էին միացել կրթահամալիրի դասավանդողներ, որոնց թվում էր նաև Գևորգ Հակոբյանը, որը մեր օրն ավելի հագեցած դարձրեց։ Մենք սիրով հաղթահարեցինք բարձունքը, թեև սկզբում շատ բարդ՝ նույնիկ անհնարին էր թվում։ Զգացողությունները ողջ օրվա ընթացքում պարզապես աննկարագրելի էին։ Հույս ունեմ, որ սա վերջին քայլարշավը չի լինի իմ կյանքում, և նման հետաքրքիր օրեր դեռ շատ կլինեն։ Գիտե՞ք, մեր ունեցած տարբերվող 5 օրերից հետո, սկսեցի իմ ուժերին ավելի հավատալ, և «Մխիթար Սեբաստացու» անվան կրթահամալիրի նկատմամբ ունեցած սերն ու հարգանքը էլ ավելի մեծացան ու ամրացան։
Մուտք կրթահամալիր ճամբար․ ամփոփում
Մուտք կրթահամալիր ճամբարի ժամանակ՝ Արևելյան դպրոց-պարտեզում աշխատելու ընթացքում, ամեն անգամ խումբ վերադառնալիս, այնպիսի հրճվանք և սեր էի ստանում երեխաներից, որ ոչինչի հետ այդ ամենը փոխել չեմ ցանկանա։ Երբ սաները, «ընկեր Տաթև» կանչելով դեպի ինձ էին վազում, միայն հասցնում էի նրանց գրկել և զգալ, թե որքան սեր կա նրանց մեջ, և որ դա հենց իմ տված սիրո պատասխանն է։ Գիտե՞ք, հիմա, երբ զգում եմ փոքրիկների փոխադարձ սերն ու կապվածությունը, հասկանում եմ, որ չեմ սխալվել աշխատանքիս ընտրության հարցում։ Սաների և դաստիարակների կամ ուսուցիչների միջև ունեցած սերը ամենից կարևորն է, և առանց սիրո հնարավոր չէ որևէ աշխատանք լավ կատարել։
Խմբագիր՝ Արևիկ Ներսիսյան