Օրը 2-4 տարեկան սաների ողջույնով, ծիծաղով, հարցերով ու զրույցով սկսելուց ավելի մեծ հաճույք չկա։ Ողջույնին անմիջապես մի շատ կարևոր հարց է հաջորդում՝ ի՞նչ ենք անելու այսօր։ Ինչ էլ նախատեսած լինենք, մեծամասամբ սաներին գոհացնում է։ Բայց երբ խաղ է նախատեսված լինում, դա մի այլ տրամադրություն և հրճվանք է պատճառում։
Խաղը մանկության ամենահետաքրքիր գործունեություններից մեկն է։ Կարծում եմ, որ խաղը երեխայի ներաշխարհ թափանցելու յուրատեսակ միջոց է:
Առավոտյան ամենաշուտը Դավիթն է մտնում խմբասենյակ և կարգը չխախտելով՝ հնչեցնում է․ «ի՞նչ ենք անելու»-ն։ Այդ օրը մենք խոհանոցային գործունեություն էինք նախատեսել․ պետք է թխվածքաբլիթներ պատրաստեինք։ Իմ պատասխանից հետո Դավիթը մի պահ լռեց ու ասաց․
-Ընկե՛ր Աղավնի, ես թխվածքաբլիթ շատ եմ սիրում, բայց մայրիկներին ասեք՝ թող տանը պատրաստեն, իսկ մենք այստեղ կխաղանք։ Ես շատ հավես խաղ եմ մտածել։
Եվ սկսեց նկարագրել, թե ինչ խաղ է մտածել։
-Դավի՛թ, իսկ դու տանը չես խաղո՞ւմ,- հարցրի ես։
-Խաղում եմ, բայց ինձ ոչ ոք չի՛ ծափահարում, չի՛ ասում՝ կեցցե՜ս, և հետո ես տանը այսքան ընկերներ չունեմ։
Մինչ սաները կհավաքվեին, Դավիթը նախապատրաստական աշխատանքներ էր տանում․ սեբաստացուն վայել ստեղծագործական մտքով, արդեն ձևավորված համարձակությամբ դասավորում էր օղակները, գնդակները և սպունգներ՝ գլուխկոնծիի համար։ Նա գտնվում էր մի միջավայրում, որտեղ իրեն գնահատում էին, խրախուսում, թույլ էին տալիս ինքնուրույն ինչ-որ բան անել։
Երբ սաները հավաքվեցին, մինչ նախաճաշը, մենք խաղացինք Դավթի որոշած խաղը, որովհետև չէինք կարող անտեսել նրա ոգևորությունը։
Տուն գնալիս Դավիթը մայրիկին պատմում էր․
-Ես այսօր խաղ եմ հորինել, և բոլորը իմ հորինած խաղն են խաղացել։
Օրեր շարունակ Դավիթը պատմում էր իր ստեղծագործության մասին, որից ինքը շատ գոհ էր։ Մենք էլ էինք շատ գոհ, որովհետև նրան հորինելու, ստեղծագործելու և երջանկանալու հնարավորություն էինք տվել։
Խաղի ժամանակ անհրաժեշտ է, որ մենք`դաստիարակներս, կատարենք խաղընկերոջ դերը:
Երբ սանը նոր է ընդունվում նախակրթարան, դաստիարակի համար առաջնային խնդիր է դառնում նրա ներառումը։ Այդ շրջանում ես երկու փուլ եմ առանձնացնում․
Փուլ 1-ին
Երբ սանը խմբասենյակ է մտնում, պետք է սեր և ջերմություն ստանա դաստիարակից, որը շատ արագ վերածվում է ամուր և գեղեցիկ հարաբերությունների։ Բայց այդ հարաբերությունները կարող են սանին շատ կարճ ընթացք գոհացնել։ Այդ կարճ ընթացքին հաջորդում է փոխհարաբերությունների ստեղծման մեկ այլ փուլ։
Փուլ 2-րդ
Այս փուլում պետք է ձևավորել ընկերական հարաբերություններ մյուս սաների հետ։ Իսկ այդ հարաբերությունների ստեղծման լավագույն միջոցը խաղն է։ Ինձ համար «Դաստիարակի օրագրի» մեջ առանձնացրել եմ այդ գեղեցիկ ընկերության դերսևորումներից մի քանի հատված։
Մեր խաղացանկը կազմված է կանոններով խաղերից և ստեղծագործական-ռոդարիական խաղերից։
Ստեղծագործական խաղերը արտացոլում են սաների տպավորություններն ու պատկերացումներն արտաքին աշխարհի մասին, դրսևորում են նախասիրություններ և հետաքրքրություններ, ինչպես նաև զարգացնում են երևակայությունը։ Իսկ կանոններով խաղի բովանդակությունը մշակվում է մեր կողմից և բացատրվում է սաներին։
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի նախակրթարանում խաղում ենք ամենատարբեր՝ խենթություններով, զվարճանքներով լի խաղեր՝ երբեմն մասնակից դարձնելով ծնողներին։
Ստեղծագործական խաղերի հիմքում հիմնականում ընկած են ռոդարիական սկզբունքները։ Մեր նախակրթարանում Ռոդարին ամենուր է։ Ռոդարին օգնում է ստեղծագործել, հորինել, երևակայել, անհնարինը դարձնել հնարավոր։ Այս խաղերը տալիս են զգացողությունների արտահայտման անսահման ազատություն։
Սա խաղ-զվարճանքների մի մասն է։
«Կարելի՞ է ձեռք տալ», «չե՞մ կեղտոտի հագուստս», «մայրիկս կբարկանա», «ինձ տանը թույլ չեն տալիս» արտահայտությունների շարքը կարելի է անվերջ թվել։ Մենք հաճախ ենք բախվում այս խնդրին։ Եվ երբեմն հենց սաներն են միմյանց օգնում հաղթահարել այս բարդույթները։ Երբ պատրաստում էինք գունավոր պղպջակներ, երկու սան առանձնացել և տխուր դեմքով քչփչում էին․
-Ես չեմ կարող խաղալ, հագուստս կգունավորվի և կթրջվի, մայրիկս էլ կբարկանա։
-Իմ մայրիկն էլ կբարկանա, բայց ինքը ինձ տանը թույլ չի տալիս՝ պղպջակներ պատրաստեմ,-ասաց մյուս սանը։
Երկար մտածելուց հետո որոշեցին մոտենալ ինձ․
-Ընկե՛ր Աղավնի, եթե հագուստս կեղտոտվի, կկարողանա՞ք մաքրել,-ասաց սաներից մեկը՝ ամոթխած դեմքով։
Ես խոստացա, որ մենք միասին կմաքրենք նրանց հագուստը, մինչև վերջին բիծը։ Բայց փոխարենը նրանցից խաղը լիարժեք խաղալու խոստում պոկեցի։ Ես ստացա այն, ինչ ուզում էի․ նրանք, առանց որևէ բանի մասին մտածելու, ինքնամոռաց խաղացին։ Սա այն հարթակն է, որտեղ սաները լիովին ազատ են իրենց զգացմունքների, ցանկությունների, երևակայության, չարաճճիությունների արտահայտման համար։ Մենք սանին ազատ գործելու հնարավորություն ենք տալիս և զգուշավորության որևէ կանոն չենք պարտադրում ( խոսքը անվտանգության մասին չէ)։ Առաջին հայացքից ուղղակի զվարճանք թվացող այս խաղերը աննկատելիորեն շատ կարևոր դաստիարակչական խնդիրներ են լուծում։ Ջանի Ռոդարին ասել է․«Որոշ միամիտ մարդիկ կարծում են, թե «ուրախն» ու «անլուրջը» նույն բանն են․ հենց հումորն ու հետաքրքրաշարժությունն են երբեմն ամենալուրջ պրոբլեմի և երեխայի գիտակցության միջև ամենակարճ ուղին»։
Հաճախ է լինում, երբ սաները իրենք են որևէ խաղի նախաձեռնող լինում։ Օրինակ բերեմ։
Սկզբում լաբիրինթը կազմված էր մի քանի աթոռից, իսկ հետո, երբ խաղն իրենց դուր եկավ, ընդլայնեցին լաբիրինթը՝ ներառելով խմբասենյակի ողջ աթոռները։ Արդյունքում շատ զվարճալի խաղ ստացվեց, և շատ գոհացրեց հենց իրենց։ Այս խաղի ընթացքում սաները կարողացան համագործակցել և համաձայնության գալով, իրար զիջելով և օգնելով՝ ստեղծեցին հետաքրքիր խաղ։
Խաղ կարելի է ստեղծել ամեն ինչից։
Խաղի մեջ կարելի է օգտագործել ամենաանհավանական իրերը և ստանալ մարզական խառնաշփոթ։
Խաղերի ընթացքում, սաների հարբերություններում առաջանում են որշակի խնդիրներ.
. Բարդույթներ․ երբ վախենում են խաղալ չկարողանալուց։
Այս դեպքում չենք կարող պարտադրել սանին, որ ներգրավվի, այստեղ անհատական ուշադրություն է պետք։ Օրինակ․ «Կարո՞ղ ես օգնել թուղթը կծկեմ, ես մենակ չեմ կարողանում»։ Երբ սկսում է կծկել, նրան ասում ենք ոգևորող խոսքեր՝ «ի՞նչ արագ ես անում, ես քեզ նման չեմ կարող», «իսկ ո՞ւմ հետ կուզենաս մրցել, վստահ եմ, որ դու կհաղթես»։ Այսպես կարողանում ենք ներգրավվել սանին, որովհետև նա սկսում է վստահել իր կարողություններին։
. Երբեմն չի լինում խմբային մտածողություն։ Լինում են սաներ, ովքեր չեն կարողանում կիսել խաղի համար նախատեսված պարագաները և թույլ չեն տալիս ընկերներին խաղալ։ Նման սաների հետ մենք հաճախ ենք տարատեսակ խաղեր կազմակերպում։ Օրինակ՝ խաղում ենք լեգոներով, սանը վերցրել է մի քանի հատ լեգո և չի տալիս։ Ես կառուցում եմ տնակ և ցույց եմ տալիս, որ առանց իր ձեռքի լեգոների տնակը չի ստացվում։ Քանի որ միասին էինք կառուցում, ինքն էլ էր ուզում, որ տնակը ստացվի, իր ձեռքի լեգոները ավելացնում է տնակի վրա։ Տնակը շատ գեղեցիկ ստացվեց, և ես անընդհատ նշում էի, որ առանց իր տված լեգոների տնակը չէր ստացվի։ Սա ուղղակի մի օրինակ է։ նմանատիպ խաղեր հաճախ ենք կազմակերպում՝ նպատակ ունենալով զարգացնել նաև թիմային մտածողությունը։
Սա այն խաղերի շարքն է, որը համարվում է կանոններով։ Այս խաղերի ընթացքում սաները ոչ միայն խաղում են, զվարճանում, այլ նաև սովորում են իրենց ազատությունը դրսևորել որոշակի կանոններով՝ միաժամանակ չկորցնելով իրենց հանճարեղ և ստեղծագործ միտքը։ Խաղերը զարգացնում են ոչ միայն ֆիզիկական, այլ նաև տրամաբանական, արագ կողմնորոշվելու կարողությունները։ Երբեմն այս խաղերի ընթացքում կարղ ենք հանդիպել շատ հետաքրքիր լուծումների։ Օրինակ, երբ սանը պետք է գլուխկոնծի տա, իսկ դա այնքան էլ լավ չի ստացվում, և որոշում է գլորվելով անցնել։ Այստեղ կարևոր է այն փաստը, որ նա ոչ թե շրջանցում է գործողությունը, այլ փոխարինում է մեկ այլ գործողությամբ։ Սա խոսում է մտքի ճկունության և դժվար իրավիճակներում արագ կողմնորոշվելու մասին։
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի նախակրթարանի խաղացանկը ներառում է նաև ազգային խաղեր։ Սերնդեսերունդ մեզ փոխանցված գեղեցիկ խաղերի շարքից որոշ խաղեր փորձում ենք փոխանցել ամենայն պատասխանատվությամբ։ Մեր սաները ունեն ազգային խաղերի շատ սիրելի շարք։
Մի անգամ, երբ ազգային խաղ էինք խաղում սաներից մեկ պատմեց, որ իր տատիկն իրեն պատմել է «աղջիկ փախցնոցի», «թաշկինակ» խաղերի մասին։ Պատմել է, թե ինչպես են փոքր ժամանակ իրենք խաղացել այդ խաղերը։ Մենք մի քիչ զրուցեցինք այդ խաղերի մասին։ Սաները խոստացան հարցնել իրենց տատիկ-պապիկներից , թե էլ ինչ խաղեր գիտեն, որ խմբում խաղանք։
Կարծում եմ՝ այն հետաքրքրությունը,որ առաջացավ, բավական է, որ ընտանիքում էլ նման հարցեր բարձրացնեն և հետաքրքիր պատասխաններ ստանան։ Եվ այդ բազմազան կարծիքները, որ սաները խմբասենյակ կբերեն, նոր խաղերի հիմք կդառնան։
Վերը նշված բոլոր խաղերի տեսակները նպաստում են սանի բազմակողմանի զարգացմանը։ Եվ քանի որ մենք գործ ունենք 2-4 տարեկան սաների հետ , մենք պետք է գիտակցենք, որ նրանց սովորեցնելու և դաստիարակելու հետ կապված շատ խնդիրներ կլուծենք հենց խաղի միջոցով։