«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրն աչքի է ընկնում ուսումնական գործընթացում բազմազան ոլորտների ներառումով։ Կրթահամալիրի ուսումնական ծրագիրն իր մեջ ներառում է լող, հեծանվավարություն, ձիավարություն, խոհանոցային գործունեություն, ծեսեր և այլն։ Նախակրթարանում նույնպես կարևորվում են այդ գործունեությունները, հատկապես ծեսերը։ Հենց այդ ոլորտներն են ապահովում սանի բնականոն զարգացումը։
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի նախակրթարանում յուրաքանչյուր ծես իր մեջ ներառում է մի ողջ փաթեթ ՝ այլընտրանքային խաղեր, նկարչություն, տեխնոլոգիական աշխատանք և, իհարկե, խոհանոցային գործունեություն։ Օրինակ ՝«Զատկի ծեսին» ընդառաջ պատրաստում ենք միջինքի գաթա,«Ամանորյա ծեսին» ընդառաջ պատրաստում ենք տարեգաթա, ասիլ-վասիլներ, «Դդմածեսին» ընդառաջ պատրաստում ենք դդմով թխվածքաբլիթներ և այլն ։
Երեխայի զարգացումը ներառում է նրա կյանքի բոլոր ոլորտները։ Հաճախ երեխաներն իրենց խաղը, խոսքը կազմակերպում են մեծերին նմանակելով։
Ցանկացած տարիքի երեխայի հետաքրքրում է խոհանոցային գործունեությունը, այստեղ նա խաղից բացի նոր ու հետաքրքիր բաներ է բացահայտում և սովորում, օրինակ՝ չափել, ավելացնել, պակասեցնել: Այդ ընթացքում դիտարկում ենք նաև բնագիտական տարբեր փորձեր, որոնք երեխային անսահման ուրախացնում են, ինչու՞ չէ նաև զարմացնում։ Օրինակ՝ մածունը սոդային խառնելու գործընթացը, երբ մածունը սկսում է բարձրանալ, սաները դա նմանեցնում են հրաբխի։
Միասին պատրաստելը սաներին օգնում է սովորել աշխատել մեծ խմբով, միմյանց զիջել, օգնել։ Սաներն իրենց պատրաստածը համտեսում են մեծ սիրով ու ոգևորությամբ, անգամ երբեմն խնդրում են տանել տուն, որպեսզի հյուրասիրեն իրենց ծնողներին, քույրերին կամ եղբայրներին և նրանցից նույնպես գովասանքի խոսքեր լսեն։
Խոհարարական գործունեության միջոցով սաները նոր բաներ են սովորում ու բացահայտում, օրինակ՝ երբ սաներին հարցնում ենք, թե ալյուրն ինչից և ինչպես են պատրաստում, շատ հետաքրքիր պատասխաններ ենք ստանում։ Տիգրանը մտածում է, որ ալյուրն անձրևի պես թափվում է երկնքից, և մարդիկ այն հավաքում են։ Վարդանը մտածում է, որ ալյուրը հավաքում են արտերից։
Պատրաստման ընթացքում սաները նոր համեր են բացահայտում և ընկերներին խորհուրդ են տալիս փորձել կամ էլ ընդհակառակը։ Օրինակ՝ թխվածքաբլիթներ պատրաստելու ընթացքում նկատեցի, որ Տիգրանը փորձեց շաքարավազի համը և բացականչեց.
-Արմա՛ն, շատ համեղ է, դու նույնպես փորձիր։
Արմանը փորձեց ու շատ հավանեց։ Հետո համտեսեց կերակրի սոդան ՝ մտածելով, որ էլի համեղ կլինի, բայց երբ փորձեց, դեմքի միմիկաները միանգամից փոխվեցին․
-Չէ՛ , երեխեք, այս մեկը լավը չէր, հանկարծ չուտեք, շատ վատ համ ունի։
Պատրաստման ընթացքում մենք սաների հետ միասին հետազոտում, ուսումնասիրում ենք, սաներն իրենց համար նոր բաներ են «հայտնագործում», ինչը լավ է, քան այս կամ այն ուտեստը պատրաստի վիճակում ստանալը։ Խոհարարական գործունեությունը զարգացման անփոխարինելի միջավայր է, այն խաղից գործունեության անցնելու ամենահեշտ և արդյունավետ միջոցն է։
Մեզանում ՝ «Մխիթար Սեբաստացի » կրթահամալիրում, կա մի շատ հետաքրքիր ու «համեղ» ծես ՝ «Թթուդրիկը» ։ Այն մեր ամենահետաքրքիր ու սիրելի խոհանոցային գործունեություններից է։ Այս գործունեության ընթացքում սաները ծանոթանում են բանջարեղենի հետ, սովորում դրանց անուններն ու գույները, օգտակար հատկությունները, իմանում են, թե որտեղ են աճում, տարվա որ եղանակին են աճում, և համտեսելուց հետո որոշում են, թե որն է իրենց ամենասիրելի բանջարեղենը։ Թթուդրիկը մի ամբողջ հետաքրքիր ու հավես գործընթաց է, որտեղ սաներն ամեն ինչ պատրաստում են իրենց ձեռքով․
- լվանում են բանջարեղենը
- կտրատում են
- դասավորում են տարաների մեջ
- պատրաստում են աղաջուրը։
Փորձում են տարբերել, հասկանալ, թե աղաջուրն ինչով է տարբերվում սովորական ջրից։ Մեր թիթիզ աղջիկներն իրենց համար բացահայտեցին, որ բազուկը ոչ միայն շատ համեղ ու օգտակար է, այլ նաև շատ գեղեցիկ ներկում է շուրթերը, և մի ամբողջ օր խմբասենյակում ման եկան բազուկով ներկված շուրթերով։ Նաև մի շատ հետաքրքիր խաղ ենք խաղացել, խաղի ընթացքում սովորել ենք բանջարեղենի անուններն, ու թե որը որտեղ է աճում՝ «Հողի տա՞կ, թե՞ հողի վրա»։ Խաղի ընթացքում լսել ենք շատ խենթ պատասխաններ. օրինակ ՝ կաղամբն աճում է հողի տակ, բազուկն աճում է ծառի վրա։
Փորձել ենք փակ աչքերով համտեսել և գուշակել, թե որ բանջարեղենն է։
Մի քիչ երևակայություն և․․․ դդումը, լոլիկը, ծաղկակաղամբը կդառնան հետաքրքիր կերպարներ՝ բեղ- մորուքով, մեծ ու փոքր աչքերով, ժպտացող, ծռված բերանով…
Սեփական փորձից ելնելով` կարող եմ ասել, որ սաները մեծ սիրով ու ոգևորությամբ են մասնակցում խոհանոցային գործունեությանը, զրուցում են և փորձում հիշել, թե տվյալ ուտեստն իրենց մայրիկն ինչպես էր պատրաստում, ապա մեզ մեծավարի խորհուրդներ են տալիս․
-Խմորեղենը պետք է գունավոր կոնֆետներով զարդարել, որովհետև մայրիկս տանն այդպես է պատրաստում։
Սաներին շատ է դուր գալիս աշխատել խմորի հետ, պատրաստել համեղ թխվածքաբլիթներ։ Երբ մի անգամ խմորն արդեն պատրաստ էր, հանկարծ Անրին բացականչեց .
— Ուռա՜, կարծես «պլաստիլին» լինի։
Ապա պոկեց մի փոքրիկ կտոր և սկսեց խաղալ, դե մենք էլ նրանց չտխրեցնելու համար պատրաստեցինք գունավոր «ծեփամածիկներ» ՝ ալյուրից, ջրից, աղից և գեղեցիկ գույներից։ Սաները շատ երկար խաղացին ու երևակայեցին՝ պատրաստելով մեծ ռոբոտ, փափլիկ փիսիկ, փոքրիկ տնակ… Իսկ Տիգրանն այսպես բնութագրեց իր պատրաստածը .
-Նոր մոլորակ եմ պատրաստել, քանի որ այս մեկն արդեն փչացել է, և մարդիկ այլևս լավը չեն, իսկ իմ պատրաստած մոլորակում կապրեն նոր մարդիկ։
«Մխիթար Սեբաստացի » կրթահամալիրում շատ մեծ կարևորություն է տրվում ծնողների ներգրավվածությանը. մենք ունենք մի շատ հետաքրքիր նախագիծ՝ « Հարթակում խոհարար ծնողն է »։ Երբ սաները պատրաստում են ծնողի հետ, դա իրենց անսահման հրճվանք է պատճառում։ Ծնողը կարողանում է շատ հեշտ ընկերանալ սաների հետ, պատրաստելու ընթացքում լսում է նրանց «մեծավարի» խորհուրդները։ Սաները ծնողի հետ իրենց շատ անկաշկանդ են զգում, խաղում են ու սովորում, թաթախվում են ալյուրի մեջ, փորձում են շաքարավազի համը, պոկում մի կտոր խմոր և սկսում պատրաստել իրենց պատկերացրած ամենահամեղ թխվածքաբլիթը։
Խոհանոցն այն միջավայրն է, որտեղ կարելի է անվերջ երևակայել, փորձարկումներ անել և միշտ լավ արդյունք ստանալ։ Սաները չեն սիրում իրենց գործողություններում սահմանափակումներ դնել, և սա հենց այդ միջավայրն է, որտեղ նրանք հասնում են ցանկալի արդյունքի։ Իսկ մեզ՝ մեծիկներիս, մնում է միայն նրանց քաջալերել ու ոգևորել ։