ՅՈՒՆԵՍԿՕ-ի հռչակած կրթության չորս հիմնասյուները, որոնք ամբողջ աշխարհում համարվում են կրթության վերափոխման հիմնարար սկզբունքներ, այսօր առավել քան արդիական են: Դրանք են`
- սովորել իմանալու համար
- սովորել իրականացնելու համար
- սովորել լինելու համար
- սովորել միասին ապրելու համար
Ասել է թե՝ արդյունավետ կրթություն ունենալու համար հարկավոր է՝
- ճանաչել տալ աշխարհը, գործել և ակտիվ լինել
- հասարակության մեջ դրսևորվել, միասին ապրել և աշխատել
Փորձենք հասկանալ՝ որքանով է հեղինակային կրթական ծրագիրը իրականացնում այս հիմնարար սկզբունքները։ Սխալված չեմ լինի․ եթե ասեմ՝ հեղինակային կրթական ծրագրերի անկյունաքարը ինքնակրթությունն է։ Խնդրեմ․ «Ինքնակրթություն, ինքնուրույն կրթություն, գիտության, տեխնիկայի, մշակույթի և այլ բնագավառում կանոնավոր գիտելիքների ինքնուրույն ձեռք բերում։ Նպաստում է ներքին կազմակերպվածության, նպատակասլացության, աշխատասիրության և բարոյական այլ հատկությունների մշակմանը։ Ինքնակրթության հիմնական ձևերն են՝ գիտական, գիտա-հանրամատչելի, ուսումնական, գեղարվեստական և այլն, գրականության, մամուլի ուսումնասիրում, օժանդակ միջոցներ են՝ դասախոսությունների, զեկուցումների, համերգների, ձայնագրությունների ունկնդրում, ներկայացումների, կինոֆիլմերի, հեռուստատեսային հաղորդումների դիտում, թանգարանների, ցուցահանդեսների, պատկերասրահների այցելում և այլն»։
Կրթահամալիրյան ծանոթ միջավայր է, այդպես չէ՞։
Ինքնակրթությունը՝ ուսուցման մեթոդ
Ինքնակրթությունը, ըստ էության, առանց ուսուցիչների անմիջական մասնակցության (կարող է լինել ընդամենը խորհրդատվություն) նոր գիտելիքներ ստանալու միջոց է: Ուսուցման այս մեթոդը նպաստում է անհատի մտածողության լիարժեք զարգացմանը։ Ինքնակրթությունը անփոխարինելի ազդեցություն ունի սովորողի ինքնակատարելագործման և ինքնավստահության վրա։ Կարևոր է, որ սովորողը նոր գիտելիքներ ձեռք բերելով՝ կանգ չառնի:
Իսկ հեռավար կրթության դեպքում ինքնակրթությունը կարող է մասամբ, եթե չասենք՝ ամբողջությամբ փոխարինել դպրոցում գիտելիքներ ստանալու գործընթացին: Սա առաջին հերթին հարմար է այն սովորողների համար, ովքեր այս կամ այն պատճառով չեն կարող հաճախել ուսումնական հաստատություններ։
Ինքնակրթության ճանապարհային կանգառներ
- ամենասովորական վարժանք
- խոսքի մշակման կոնկրետ աշխատանք
- արդյունավետ գործունեության իրականացում, այն է` նախագծային աշխատանք
Ինքնակրթության կազմակերպումը
Ներկայացնում եմ Ավագ դպրոցում տարիներ շարունակ փորձարկում անցած ինքնակրթության կազմակերպման ձևը, այն է՝ ուսուցման կազմակերպումը առանց տնային պարտադիր աշխատանքի: Տնային ամենօրյա աշխատանքի փոխարեն սովորողն իր ցանկությամբ և առաջարկով կարող է իրականացնել ինքնակրթություն։ Աշխատանքը կարող է ընդգրկել մեկ ամսից մինչև մեկ կիսամյակ։ Սովորողի ցանկության դեպքում՝ այն կարող է շարունակվել կամ ընդհատվել։ Որոշում կայացնողը սովորողն է։ Ուսուցիչը հանդես է գալիս որպես խորհրդատու։ Սովորողի և ուսուցչի համատեղ համաձայնությամբ, իրականացվում է ինքնակրթության որևէ նախագիծ, ուսումնասիրություն կամ էլ հետազոտական բնույթի աշխատանք։
Ուսուցման այս ձևը նպատակահարմար է մի շարք առումներով՝
- հստակ են սովորողի աշխատանքի կատարման ժամկետները, նշված է վերջնաժակետը.
- դասավանդողի և ծնողի կողմից տեսանելի է սովորողի աշխատանքի կատարման տիրույթը.
- գործատուի համար տեսանելի է դասավանդողի աշխատանքի կատարման տիրույթը։
Աշխատանքը սկսելուց առաջ ուսուցիչը սովորողին անպայման ծանոթացնում է ինքնակրթության արդյունք համարվող աշխատանքին ներկայացվող պահանջներին և գործունեության գնահատման համակարգին:
Ինքնակրթությունը ամենից առաջ և ամեն ինչից հետո ենթադրում է շարունակականություն։ Ինքնակրթություն իրականացնող սովորողը, ժամանակացույցի համաձայն, գործնական քերականության և գրական ընթերցանության նվազագույն պարտադիր մասը կատարելուց բացի` պարբերաբար պետք է ներկայացնի նաև խոսքի մշակման իր նախընտրած աշխատանքը, այն է՝
- ստեղծագործական բլոգավարություն
- ինքնակամ ընթերցանություն, վերլուծություն
- օտարալեզու տեքստերի թարգմանություն
- ձայնանյութերի և տեսանյութերի ստեղծում
Ինքնակրթության նախագծերին ներկայացվող ընդհանուր պահանջներ
- ինքնուրույն աշխատանք, ինքնակրթության որոշակի տարրերի առկայություն
- ստեղծագործական-ստեղծական մտածողության առկայություն
Ինքնակրթություն իրականացնող սովորողի աշխատանքին ուղղված պահանջներ
- ուսումնասիրություն (անհրաժեշտ նյութերի որոնում, ընտրություն)
- վերլուծելու, համադրելու, եզրահանգումներ անելու կարողություն (խոսքի հիմնավորում)
- օգտագործած գրականության, թարգմանությունների և թարգմանական աղբյուրների ներկայացում (հղումներ)։
- մասնագիտական բառարանների, գիտահանրամատչելի, հանրագիտարանային գրականության, Վիքիդարանի և հանրագիտարանային հայալեզու, ինչպես նաև օտարալեզու կայքերի գործածում
Ինքնակրթության գնահատումը
Աշխատանքը ավարտելուց հետո սովորողը ինքնուրույն կամ դասավանդողի օգնությամբ կատարում է աշխատանքի գնահատում։ Ըստ գործունեության գնահատման համակարգի` ինքնակրթություն իրականացնող սովորողը ապահովում է ամենաբարձր՝ երրորդ մակարդակ, ուստի տրվում է առավելագույն՝ 9 կամ 10 միավոր։
Երրորդ մակարդակ-Ինքնակրթություն. 9-10 միավոր
Գործնական քերականության, գրական ընթերցանության նվազագույն պարտադիր մասը և խոսքի մշակման աշխատանք կատարելուց բացի ապահովում է նաև`
- նախագծային աշխատանքի արդյունավետ մասնակցություն. նախագծի ղեկավարում
- արդյունավետ բլոգավարություն. ստեղծագործական բլոգի ղեկավարում
- ուսումնասիրություն, հետազոտական աշխատանք
Ինքնակրթություն․ առավելություններ
Եթե սովորողը կարողանում է իրականացնել որոշակի տեսանելի ինքնուրույն գործունեություն, այն է` ի վիճակի է դրսևորելու գիտելիքի իր ըմբռնումը, գործնականում կարողանում է կիրառել իր սովորածն ու տարատեսակ հմտությունները և, որ ամենակարևորն է՝ ժամանակի ընթացքում ցույց է տալիս շոշափելի արդյունք և դիտարկելի գործունեություն, ապա առանց դույզն-ինչ վարանելու կարող ենք փաստել` մենք գործ ունենք ուղիղ ճանապարհով Ինքնակրթության արահետը բռնած անհատի հետ: Ինքնակրթության ամենամեծ առավելությունը, ըստ էության, ոչ այլ ինչ է, եթե ոչ
- ինքնազարգացման և ինքնակատարելագործման կազմակերպումն ու խրախուսումը
- դիտարկելի-շոշափելի գործունեությունն ու ինքնակազմակերպվածությունը
- ինքնագնահատումն ու սեփական արդյունքների վերանայումը
Իմ կարծիքով, հենց այսպիսի որակներն են ապահովում այսօրվա սովորողի, վաղվա քաղաքացու, ընդհանրապես՝ մարդու զարգացումն ու կատարելագործումը: