20-րդ դարի իտալացի մանկագիր Ջաննի Ռոդարիի «Ստեղծագործական երևակայության քերականություն» ձեռնարկը շատ մեծ օգնություն է մանկավարժներին։ Այն օգնում է ավելի ստեղծագործ ու հետաքրքիր հնարքներով իրականացնել ուսումնական գործընթացը։ Ռոդարիական նախագծեր իրականացնելիս օգտակար է նաև Մարիետ Սիմոնյանի «Շարադրանք ըստ Ջանի Ռոդարիի «Ստեղծագործական երևակայության քերականություն» մշակումը։
Ռոդարիական խաղերը, հնարները երեխաների մոտ զարգացնում են ստեղծագործելու, արագ կողմորոշվելու կարողությունները, ինչպես նաև խոսքային հմտությունները։ Երբեմն մեկ բառը կարող է մի մեծ պատմություն դառնալ, օրինակ՝ ինքնաթիռը դառնա ձմեռային հագուստի պահեստ, անձրևից փախչի, հասնի Արկտիկա, ու ինքնաթիռի մեջ թաքնված տատիկներն ու պապիկները սկսեն ձնագնդիկ խաղալ, ահա այսպես մի բառից այսպիսի զարմանալի պատմություններ են հորինում երեխաները։
Կամ մեկ այլ խաղ՝ հարցերով ու պատասխաններով։
Տալիս եմ հարցեր․
-Ո՞վ էր։
-Որտե՞ղ էր:
-Ի՞նչ էր անում:
-Ո՞ւր գնաց։
-Ի՞նչ ասաց:
-Ի՞նչ  պատասխանեց:
-Վերջում ի՞նչ եղավ:
Յուրաքանչյուր հարցից հետո երեխաներից մեկն ականջիս ասում է հարցի պատասխանը։ Ես թղթի վրա գրում եմ հարցը և պատասխանը, վերջում ուրախ, զվարճալի, երբեմն էլ անհեթեթ պատմություն է ստացվում։

Օրինակ`
-Ո՞վ էր։
-Վարորդը։
-Որտե՞ղ էր:
-Խաղահրապարակում։
-Ի՞նչ էր անում:
-Թխվածք էր թխում։
-Ո՞ւր գնաց։
-Թռավ լուսին։
-Ի՞նչ ասաց:
-Ջա՜ն, ամառն եկավ
-Ի՞նչ  պատասխանեց:
-Ես էլ եմ սոված։
-Վերջում ի՞նչ եղավ:
-Գնացի քնելու։

«Շարունակի՛ր միտքը» խաղն էլ են երեխաները մեծ ոգևորությամբ խաղում։ Սկզբում ընտրում են մեկ բառ, առաջին մասնակիցը բառի հետ կապված միտք է ասում, հետո յուրաքանչյուրը մեկ միտք է ավելացնում, վերջում հետաքրքիր պատմություն, հեքիաթ է ստացվում։ Օրինակ`երեխաներն  ընտրեցին «ծաղիկ» բառը, թվեցին  իրենց ծանոթ ծաղիկների անուններն ու որոշեցին պատմություն հորինել արևածաղկի մասին։ Մեկն ասաց, որ արևածաղիկը ճանապարհի եզրին էր աճել, մյուսն էլ` շատ են ջրել, ու արևին է հասել, վերջինն էլ ասաց, որ արևի չափ մեծ արևածաղիկը ժպտում է մարդկանց։
Խաղի ամենազվարճալի պահն այն է, երբ փորձում են միմյանց հուշել ու իրարից նեղանալ.
-Դու ի՞նչ գիտես, ես ի՞նչ եմ մտածում, որ հուշում ես…
Արևածաղիկի պատմությունը։

https://youtu.be/5P2xmKeCxMA

Երեխաները շատ են սիրում նաև Ռոդարիի հեքիաթները, միասին ընտրում ենք, կարդում, պատմում, դարձնում հեքիաթների շիլաշփոթ։ Երկու հեքիաթ ընտրեցինք` Ղ. Աղայանի «Արևի ճառագսյթները» և Ջ. Ռոդարիի «Ոչ մի բանից մարդուկը»։ Երեխաները ծանոթ էին հեքիաթներին, բայց որոշեցինք հեքիաթները խառնել, նոր հերոսներ ավելացնել։ Սկզբում, արևի ճառագայթներն արթնացրին այն կենդանիներին, որոնց մասին ոտանավորներ գիտեինք (շուն, փիսիկ, աքաղաղ, մեղու…)

Վերջին ճառագայթն էլ պտտվեց, պտտվեց ու արթնացրեց ոչ մի բանից մարդուկին։ Ու սկսվեց… է՛լ ոչ մի բանից գնդակ, է՛լ պանրի անցքեր, է՛լ կապույտ ձմերուկ, է՛լ մանուշակագույն խնձոր, վերջում էլ մարդուկը ծորակից ջուր խմեց ու դարձավ իսկական մարդուկ։

Մեկ ուրիշ անգամ էլ երեխաներն իրենց պատկերացրին մարդուկի դերում ու մտածեցին, թե ինչեր կանեին։
-Ծաղիկներն անտեսանելի լինեին, որ ոչ ոք չտեսներ, չպոկեր, չվնասեր…
-Աղբն անտեսանելի լիներ, որ աղբանոցը մաքուր լիներ…

Զվարճալի է, երբ մարզական ու բակային խաղերը դառնում են ռոդարիական, երբ շրջապատող իրերը դառնում են խաղալիք կամ մարզագույք։ Ամառային շոգ ու արևոտ օրերը դժվար է պատկերացնել առանց ջրի ու ջրային խաղերի։ Երեխաների սիրելի «չինգաչունգ» խաղը փորձեցինք դարձնել հետաքրքիր ու ջրառատ։ Պարտվողը գլուխն ընկղմում էր ջրով լի ափսեի մեջ։ Շատ ուրախ խաղ ստացվեց` թաց ու ծիծաղկոտ դեմքեր, իսկ ափսեների մեջ՝ ջրային բլթբլթոցներ, ուրախ ու բարձր ճիչեր։

-Դե՛, հիմա ասե՛ք, ինչի՞ համար է սեղանը կամ մատիտը։
-Մատիտով նկարում են,- բարձր ու ուրախ ասում են երեխաները։-Սեղանին ճաշում ենք։ Սեղանի մոտ նստում ու նկարում ենք։
-Դե եկեք չարաճճիություն անենք ու սեղանով, մատիտներով խաղ խաղանք։
Անցանք գործի։ Սեղանը շրջեցինք, մի կողմը դրեցինք աթոռների վրա, որպեսզի թեք հարթակ ստանանք ու սկսեցինք մատիտներ որսալ։
Շատ ուրախ ու հավես խաղ ստացվեց, որը երեխայի մոտ զարգացնում է կենտրոնացումը, շուտ կողմնորոշվելու կարողությունը։
-Էս խաղը ոնց որ պտպտիկ լինի, մատիտները պտպտում են, պտպտալով ընկնում են դույլի մեջ,- բացահայտում է Էդգարն ու որոշում ենք խաղի անունը «Պտպտիկ» դնել։

Բոլոր երեխաները ցանկանում են շատ շուտ մեծանալ, ձգտում են նմանվել մայրիկին, հայրիկին, երբեմն հագնում են նրանց հագուստը, կոշիկները, կրկնօրինակում նրանց շարժումները։ Այսօր պարտեզում մայրիկ֊հայրիկների «պահարանի օր» էր։ Նախօրոք մայրիկների հետ պայմանավորվել էինք, որ երեխաները չեն իմանալու, թե մայրիկներն ինչ հագուստ քոլեջ բերելու։

***
-Մամ, ա՛յ մամ, կտա՞ս էն կանաչ շորդ հագնեմ։
-Մի քիչ էլ մեծացիր, որ տամ հագնես։

***
-Ես էլ եմ ուզում քո պայուսակից։
-Դե, աղջիկս, պիտի մեծանաս, որ այսպիսի պայուսակ ունենաս։

***

-Պապ, կտա՞ս գոտիդ կապեմ։
-Սա քեզ շատ մեծ կլինի, քո համար մանկականը կառնենք…

Դե, երեխաներն սպասել չեն սիրում, մենք էլ չենք սպասեցնում։ Հանկարծ բացվում են պահարանի դռները, և իրարանցում է սկսվում։ Բոլորը միանգամից մեծանում են, բոլոր հագուստներն ու աքսեսուարները հասանելի են դառնում։ Սկսում են ընտրել հագուստը, հագնել, հանել, փորձել, համեմատել։ Աղջիկները սեթևեթում են մայրիկների հագուստի մեջ, տղաները հագում են հայրիկների շապիկները, կապում գոտիները, հանում֊դնում են տարբեր գլխարկներ ու դառնում աշխարհի ամենաուժեղները։ Կարծում եմ՝ մեծիկների օրը ստացվեց, հետաքրքիր էր, ուրախ ու սպասված։

Մի օր էլ որոշեցինք խմբասենյակը խանութի վերածել։ Դասավորեցինք մրգերը, թխվածքաբլիթները, կոնֆետները, գունավոր թղթերից թղթադրամներ պատրաստեցինք, ամեն ինչ պատրաստ էր։ Խանութպանը Գոռն էր, հաճախորդներն էլ հերթ էին կանգնել, սպասում էին իրենց հերթին։
-Խանութն էսօր չեմ բացելու,-հայտարարեց Գոռը։
-Ինչո՞ւ, Գոռ ջան,,- հարցնում եմ։
-Էդ սուտի փողերով ինձ ուզում եք խաբել, իսկական փող բերեք,  որ առևտուր անեմ…
«Ռոդարիական առօրյա» թեման ամփոփելիս մեկ անգամ ևս համոզվեցի, որ Ռոդարին մեր նախագծերի մշտական ուղեկիցն է։ Նրա ստեղծագործությունները, մանկավարժությունը տալիս են հնարավորություն ստեղծագործելու, երևակայելու և հայտնվելու մեր ստեղծած հորինած խաղ- իրավիճակներում։ Կուզենք երկնքից կոնֆետի անձրև կգա, կուզենք շոկոլադե ճանապարհ կլինի, պաղպաղակե դղյակ կստեղծենք, միանգամից կմեծանանք կամ կդառնանք այգեպան ու խանութպան։ Դուք էլ ստեղծեք ձեր ռոդարիական աշխարհը և պատմեք մեզ։ Կմիացնենք մեր աշխարհները և կսավառնենք…

Խմբագիր՝ Մարինե Ամիրջանյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով