«Մխիթար Սեբաստացի 2022» անվանական մրցանակը ստանալուց հետո մեծ սիրով և ոգևորությամբ գրեցի այս հետազոտական հոդվածը:
Յուրա Գանջալյան
Օտար լեզվի ուսուցման երկու իրարամերժ մոտեցումներ կան: Մեկն այն է, որ ընդհանրապես մերժում է մայրենիի գործածումը ուսուցման ընթացքում, իսկ մյուսը չափազանց մեծ տեղ է տալիս թարգմանական կարողությունների ձևավորմանը՝ անտեսելով հաղորդակցական մոտեցումը:
Օտար լեզու դասավանդելիս գործածե՞լ մայրենի լեզուն, թե՞ չգործածել, այս է խնդիրը (նորից համլետյան հարցի ոգով): Սա մի հարց է, որն անհանգստացնում է գրեթե բոլոր օտար լեզու դասավանդողներին: Որոշ դասավանդողներ հպարտանում են, որ երբեք չեն գործածում այն, և նրանց սովորողներին պակասում է բառագիտական ճշգրտությունը և շարահյուսական ճկունությունը: Մյուսները ոչ անհրաժեշտաբար շատ են օգտագործում այն` մոռանալով, որ իրենք օտար լեզվի ուսուցիչներ են, և նրանց սովորողները բոլորովին չեն կարողանում հաղորդակցվել այդ օտար լեզվով: Այսպիսով, գործածե՞լ մայրենի լեզուն, թե ո՛չ: Կարծում եմ, որ դա նման է հաց ուտելուն: Եթե մենք բոլորովին հաց չուտենք, չենք ստանա որոշ էական սննդային տարրեր, իսկ մյուս կողմից` եթե չափազանց շատ թարմ ու տաք հաց ուտենք, կթունավորվենք: Որոշ էական սննդային տարրեր չստանալու էությունն այն է, որ սովորողները պարզապես չեն հասկանա ու չեն ստանա օտար լեզվի բառակազմական, ձևաբանական և շարահյուսական երևույթների ճանաչողական և իմացական կարողություններ: Օրինակ՝ ի՞նչ կհասկանա 7-րդ դասարանցի հայ սովորողը, եթե անգլերենի ուսուցիչը այսպես բացատրի «The Present perfect» բայական ժամանակաձևը. « The Present Perfect tense of a verb denotes an action which happened before the time of speaking or writing but is related to the present situation»: Կանոնի այս ձևակերպման հայերեն թարգմանությունն էլ որևէ բան չի ասի սովորողին. « Բայի Present Perfect ժամանակաձևը ցույց է տալիս մի գործողություն, որը տեղի է ունեցել նախքան խոսելու կամ գրելու պահը, բայց առնչվում է ներկա իրավիճակին»: Հայերենը որպես մայրենի լեզու գործածող սովորողի համար ամեն ինչ պարզ կլինի, եթե հայերեն թարգմանություններով համեմատենք «I opened the window (Simple Past) – Ես բացեցի պատուհանը» և «I have opened the window (Present Perfect) –Ես բացել եմ պատուհանը» նախադասությունները: Նույն կերպ էլ կարելի է գորդյան հանգույցը քանդել, երբ հարկ է լինում բացատրել տարբեր հոմանիշների նուրբ տարբերությունները: Այսինքն՝ բառը պետք է թարգմանել, եթե նրա օտար լեզվով բացատրությունն անհասանելի բարդություն է առաջացնում ու նոր տարակուսանքների տեղիք է տալիս: Օրինակ՝ եթե «persistent» և «stubborn» բառերն անգլերեն բացատրություններով ներկայացնենք՝ «continuing firmly or obstinately in an opinion or course of action in spite of difficulty or opposition» և « having or showing dogged determination not to change one’s attitude or position on something, especially in spite of good arguments or reasons to do so», սովորողները տարակուսանքի մեջ կընկնեն: Այս դեպքում կարծում եմ, որ մեթոդապես ճիշտ կլինի բառերը ներկայացնել իրենց թարգմանություններով՝ «persistent – համառ» և «stubborn – կամակոր», որից հետո միայն տալ անգլերեն բացատրությունները՝ պահանջելով սովորողներից ընտրել տվյալ բառին համապատասխան բացատրությունը: Հիմա արդեն անգլերեն բացատրությունները ճիշտ կհասկացվեն, իմաստ կստանան ու մատչելի կլինեն: Մի քանի հարցադրումներից հետո արդեն սովորողներն իրենք կարող են տալ նշված բառերի անգլերեն բացատրությունները:
Իսկ ի՞նչ պատասխան կտա այս հարցին այլոց փորձի ուսումնասիրությունը:
Հետաքրքիր է, որ Միացյալ թագավորությունում և ԱՄՆ-ում հրատարակվող դասագրքերը, որոնք օտարերկրացիներին անգլերեն են սովորեցնում, սովորողների որևէ թարգմանական գործունեություն չեն նախատեսում: Այս մոտեցումը տրամաբանական է, քանի որ դասագրքերը նախատեսված չեն որևէ կոնկրետ ազգության սովորողների համար: Այդ երկրներում ներգաղթյալների համար գործող անգլերենի դասընթացներին միաժամանակ մասնակցում են տարբեր ազգերի ներկայացուցիչներ, իսկ ուսուցիչներն էլ բնիկ անգլերեն խոսողներ են: Տասնյակ հազարավոր սովորողների մտքում առաջացած միլիոնավոր հարցեր այդպես էլ չեն բարձրաձայնվում, ու այդ հարցերին պատասխաններ չեն տրվում: Միակ ուժեղ կողմն ու առավելությունը անգլերեն բնիկ խոսողի արտասանությունն անընդհատ լսելն է, մի գործընթաց, որը շարունակվում է փողոցում, քաղաքային տրանսպորտում, հեռուստատեսային և ռադիո հաղորդումներում՝ ամենուր: Փաստորեն այդ անգլիախոս երկրներում անգլերենի դասն իր բազմաթիվ ձևափոխումներով շարունակվում է օրական մոտ 15, իսկ շաբաթական 105 ժամ: Հայաստանի նման ազգային-մայրենի լեզվով խոսող երկրներում անգլերենի դասաժամերն ըստ ուսումնական պլանի են, իսկ առավելությունն այն է, որ յուրաքանչյուր հարց բարձրաձայնվում է և ունենում է իր պատասխանը: Թարգմանաբար տրվող կարճ մեկնաբանություններն ու բառերի բացատրությունները մեծ քանակի ժամանակ են խնայում, որպեսզի ուսումնական պլանով նախատեսված այդ սահմանափակ ժամաքանակը որքան հնարավոր է հաղորդակցական մոտեցումով ծախսվի:
Իսպանացի անգլերենի մասնագետ Անա Ֆերնանդես Գուերեն հետազոտական աշխատանք է կատարել՝ «The Usefulness of Translation in Foreign Language Learning: Students’ Attitudes – Թարգմանության օգտակարությունը օտար լեզվի ուսումնառության մեջ. սովորողների վերաբերմունքը», որտեղ գրում է. «Որոշ գիտնականներ պնդում են, որ թարգմանությունը օգտակար գործիք չէ օտար լեզու սովորելու համար, քանի որ այն ապահովում է մայրենիի և օտար լեզվի պարզեցված հարաբերություններ, որը կարող է արհեստական վարժություններով խանգարող միջամտություն առաջացնել, ինչը կապ չունի լեզվի ուսուցման հաղորդակցական մոտեցման հետ: Վերջին ուսումնասիրությունները, սակայն, ցույց են տալիս, որ թարգմանությունը կարող է մեծ օգնություն լինել օտար լեզուների ուսումնառության ընթացքում: Սույն հոդվածի նպատակը երկուսն է. (1) ամփոփել և գնահատել այն փաստարկները, որոնք խրախուսում են թարգմանության օգտագործումը օտար լեզվի դասարանում՝ աջակցելով թարգմանության մի քանի ձևերի ինտեգրմանը, և (2) ներկայացնել սովորողների հարցման արդյունքները, որոնք բացահայտում են թարգմանչական առաջադրանքների նկատմամբ սովորողների ընկալումներն ու արձագանքները՝ դրանց արդյունավետությունը օտար լեզվի ուսումնառության մեջ: Արդյունքները ցույց են տալիս, որ սովորողների վերաբերմունքը զարմանալիորեն դրական է մի քանի պատճառներով. թարգմանությունը նրանց նախընտրած լեզվի ուսուցման խնդիրներից մեկն է, այն մոտիվացնող է, հեշտացնում է սկզբնաղբյուր լեզվի տեքստի ձևի և բովանդակության ավելի խոր ըմբռնումը, բարձրացնում է սովորողների իրազեկությունը՝ զգալու երկու լեզվական համակարգերի միջև եղած տարբերությունները: Թարգմանությունը թույլ է տալիս սովորողներին ավելի արագ և հեշտ վերարտահայտել իրենց մտքերն օտար լեզվով և օգնում է նրանց լեզվական ու մշակութային գիտելիքներ ձեռք բերել»:
Երբ օտար լեզվի մի լավ ուսուցչի բաց դասի ենք ներկա լինում, ուսուցիչը սովորաբար ցուցադրական դաս է ներկայացնում, որով ցույց է տալիս իր ուսուցման արդյունքը, սովորողների ձեռք բերած լեզվական կարողությունները: Սովորաբար նման դասերի ընթացքում մայրենին չի օգտագործվում, և դա բնական է ու տրամաբանական: Ուսուցիչն ուզում է իր ուսուցման վերջնարդյունքը երևա: Միտքս ավելի պատկերավոր արտահայտելու համար տեղին եմ համարում անել այս համեմատությունը. բաց դասը մարդու արտաքինն է իր մաքուր և արդուկված վերնաշապիկով, կոստյումով ու փայլեցված կոշիկներով, իսկ մայրենիի օգտագործումը փոխհասկացվածությունն է, որը չի երևում, բայց դրա աննկատ օգտագործման անհրաժեշտությունը միշտ էլ եղել է ամբողջ դասընթացի ընթացքում:
Օտար լեզվի ուսուցման ընթացքում մայրենիի չափավոր ու տեղին օգտագործման մասին տեղեկատվություն գտնելու համար իմ համացանցային որոնումները մի հետաքրքիր արդյունքի հանգեցրին: Անգլերենը որպես օտար լեզու դասավանդող ուսուցիչների համատեղ մասնագիտական բլոգ-կայք եմ հայտնաբերել, որը կոչվում է eltlearningjourneys.com ՝ անգլիացի ուսուցիչների, այսինքն՝ բնիկ անգլերեն խոսող ուսուցիչների մասնագիտական բլոգ է: Հետաքրքիրն այն է, որ այդ կայքում մի հոդված գտա, որի վերնագիրն իր բովանդակությամբ գրավեց ինձ՝ «To Translate or Not to Translate: That’s the Question— Թարգմանե՞լ, թե՞ չթարգմանել. այս է խնդիրը»: Դա հենց այն էր, ինչ փնտրում էի: Հոդվածի հեղինակը՝ անգլիացի Կարեն ՄքԳին, այն եզակի անգլիացի բնիկ անգլերեն խոսող անգլերենի ուսուցիչներից է, որը իսպաներեն է սովորել, որպեսզի կարողանա անգլերեն դասավանդել Իսպանիայի Սան Սեբաստիան քաղաքի «Լոնդոնի դպրոցում» սովորող իսպանախոս երեխաներին: Նրա հոդվածի հիմնական շեշտադրումը իսպաներենի՝ սովորողների մայրենի լեզվի մոտիվացնող օգտագործումն է անգլերենի դասաժամերին:
Իր հոդվածի սկզբում նա երեք հարց է ուղղում անգլերենը որպես օտար լեզու դասավանդողներին.
- որքա՞ն հաճախ եք օգտագործում մայրենի լեզուն ձեր դասաժամերին,
- արդյո՞ք ուսումնական հաստատությունը, որտեղ աշխատում եք, դրականորեն է վերաբերվում մայրենիի օգտագործմանը,
- դուք անկեղծ կպատասխանեի՞ք, եթե որևէ մեկը հարցներ ձեզ, թե արդյոք դուք մայրենին օգտագործում եք ձեր դասաժամերին:
Լինելով վերապատրաստող ուսուցիչ՝ Կարեն ՄքԳին դեմ է արտահայտվում վերապատրաստող ուսուցիչների վաղուց արմատավորված այն տեսակետին, որ պետք է ամբողջովին խուսափել մայրենի լեզվի օգտագործումից օտար լեզվի դասաժամերին: Նա այն կարծիքն է արտահայտում, որ մերժելով մայրենի լեզվի օգտագործումը՝ արդյո՞ք մենք չենք զրկում մեր ապագա ուսուցիչներին օտար լեզու ուսուցանելու իրենց ամենահզոր ու բնական գործիքից: Իր մայրենի լեզվով մտածող սովորողի համար բնական է օտար լեզվով ասված նոր բառը համեմատել մայրենի լեզվի համապատասխան բառի հետ: Հետո նա այսպես է զարգացնում իր միտքը. «Անկախ նրանից՝ համաձայն եք թարգմանությանը օտար լեզվի ուսուցման գործընթացում, թե ոչ, կան մի քանի բաներ, որոնց շուրջ, կարծում եմ, մենք բոլորս կարող ենք համաձայնել. դուք չեք կարող խանգարել սովորողներին իրենց մտքում թարգմանել օտար լեզվով ասվածը և չեք կարող ստիպել նրանց մտածել օտար լեզվով: Զինված այս գիտելիքներով և թարգմանության հնարավոր թերություններով՝ թվում է, որ լավագույն եզրակացությունը, որ կարող ենք անել, այն է, որ եթե մենք պատրաստվում ենք այն արդյունավետ օգտագործել մեր դասարաններում, ապա իսկապես պետք է ուշադիր մտածենք, թե ինչպես ենք այն օգտագործում»:
Այստեղ ես ուզում եմ պարզաբանել, թե ինչպես տարբերել մայրենիի չափավոր, արդյունավետ ու տեղին օգտագործումը օտար լեզվի ուսուցման թարգմանական արատավոր մեթոդից: Այս հոդվածի սկզբում ես արդեն բերել եմ մայրենիի չափավոր, արդյունավետ ու տեղին օգտագործման երկու օրինակ: Այդուհանդերձ, ես ինքս էլ կտրականապես դեմ եմ, երբ անգլերենի դասաժամին սովորողները անգլերենից հայերեն են թարգմանում ինչ-որ մի տեքստ և այդ ձևով սպանում են անգլերենին հատկացված դասաժամը: Արդյունքում նրանց խոսածն ու գրածը հայերեն է, դասարանական մի գործունեություն, որը շատ ավելի լավ կարող է վերահսկել մայրենիի ուսուցիչը:
Կարեն ՄքԳին իր հոդվածում կրտսեր դպրոցի սովորողների հետ աշխատելու լեզվական խաղեր է առաջարկում, որտեղ գործածվում է սովորողների մայրենին՝ իսպաներենը: Առաջարկված խաղերից ներկայացնում եմ երկուսը:
Խաղ առաջին (այս խաղը կարող է կիրառելի լինել մեր կրտսեր դպրոցների առաջին և երկրորդ դասարաններում)
Սովորողները շրջան են կազմում, և մեկ սովորողի գնդակ է տրվում: Ուսուցիչը խնդրում է այդ սովորողին անգլերեն մի բառ ասել, և գնդակն արագ նետել մի որևէ այլ սովորողին, ով գնդակը բռնելով՝ պետք է արագ թարգմանի այդ ասված բառը իսպաներեն: Հետո նա մեկ այլ անգլերեն բառ է ասում և գնդակը փոխանցում մեկ ուրիշին: Խաղից դուրս են մնում նրանք, ովքեր չեն կարողանում ասված բառը թարգմանել, կամ էլ՝ գնդակը փոխանցելուց առաջ մեկ այլ անգլերեն բառ առաջարկել:
Խաղ երկրորդ (Կարող է կիրառելի լինել մեր 3-րդ, 4-րդ և 5-րդ դասարաններում)
Դասարանը բաժանվում է երեքական սովորողներով խմբերի: Յուրաքանչյուր խմբի սովորող Ա-ն իրենց սովորած ծանոթ որևէ թեմայով մի անգլերեն նախադասություն է մուտքագրում և ուղարկում սովորող Բ-ին, ով պետք է այդ նախադասությունը թարգմանի մայրենի լեզվով և իր թարգմանությունն ուղարկի սովորող Գ-ին: Սովորող Գ-ն անգլերեն է թարգմանում իրեն ուղարկված նախադասությունը և ուղարկում այն սովորող Ա-ին: Հետո խմբի երեք անդամները համեմատում են առաջին բնագիր նախադասությունը վերաթարգմանվածի հետ: Նրանք ուրախանում են, եթե վերաթարգմանվածը համընկնում է առաջին նախադասության հետ, իսկ եթե չի համընկնում, ստուգում և պարզում են, թե որտեղ և ով է սխալվել:
Օտար լեզվի դասաժամերին մայրենիի օգտագործման մասին մեծածավալ ուսումնասիրություն են արել Ճապոնիայի Հիրոսիմայի համալսարանի անգլերենի դասախոսներ Էլեանոր Կարսոնը և Հիդենորի Կաշիհարան: Նրանց ուսումնասիրությունը հիմնված է ուսանողների հետ իրականացված հարցումների վրա: Թարգմանաբար ներկայացնում եմ մի հատված նրանց ուսումնասիրությունից. «Ուսանողների մեծ մասը սկսնակներ են, ովքեր նախընտրում են, որ իրենց ուսուցիչը իմանա իրենց մայրենի լեզուն՝ ճապոներենը, մինչդեռ անգլերենի իմացության բարձր մակարդակ ունեցողները, ովքեր քիչ թիվ են կազմում, նախընտրում են, որ իրենց անգլերենի ուսուցիչը ընդհանրապես ճապոներեն չիմանա: …Հարցման պատասխաններում ուսանողները հայտնեցին, որ մայրենիի օգտագործումն իրենց օգնեց հասկանալ դասարանում հնչող խոսքի բովանդակությունը և բացատրությունները: Նրանք կարողացել էին հարցեր տալ մայրենի լեզվով և ուսուցիչն էլ կարողացել էր բացատրել նրանց սխալները: Լավ էր եղել ուսուցչի հետ փոխհարաբերությունները, և զգացել էին, որ դասը սահուն է ընթանում: Թերությունն այն էր եղել, որ հնարավորություն չէր տրվել զարգացնելու լսելով ընկալելու կարողությունը»։
Պետք է ասեմ, որ գրեթե նույն պատկերն է նաև մեր կրթահամալիրի Ավագ դպրոցում: Ստույգ թիվը դժվար է ասել, բայց հնարավոր է, որ սովորողների մոտավորապես 20-25%-ն ունի անգլերենի իմացության B2 մակարդակ՝ ըստ օտար լեզուների իմացության համաեվրոպական սանդղակների: Դա ավելին է, քան պահանջվում է Հայաստանի համալսարանների ընդունելության միասնական քննությունը բարձր միավորներով հանձնելու համար, սակայն այդ սովորողները բոլորովին էլ մտադրություն չունեն իրենց կրթությունը շարունակել մեր երկրի համալսարաններում: Նրանց նպատակներն այլ են: Նրանց բոլորովին էլ պետք չեն բառակազմական, ձևաբանական և շարահյուսական երևույթների հայերեն բացատրությունները: Իրենք այդ ամենը վաղուց են հաղթահարել: Սովորողների մնացած 70%-ին անհրաժեշտ են լեզվական նշված երևույթների չափավոր և տեղին բացատրությունները մայրենի լեզվով: Նման ուսումնառությունը հատկապես անհրաժեշտ է ապագա թարգմանիչների, անգլերեն դասավանդողների և բոլոր նրանց համար, ովքեր իրենց ապագա զբաղվածությունը տեսնում են բարձր տեխնոլոգիաներով աշխատանքներում:
Օտար լեզվի ուսուցման-ուսումնառության ընթացքում մայրենիի ինտերֆերենցիայի (խանգարող միջամտության) հաղթահարումը մայրենիի օգտագործման հիմնավոր դրդապատճառներից մեկն է:
Համացանցում բազմաթիվ են այս կարևոր թեմայով անգլերեն գրված հոդվածները, բայց դրանցից օգտվելն այնքան էլ իմաստ չունի և երբեմն էլ անհնար է, քանի որ բերված օրինակները արաբերեն, ճապոներեն, պարսկերեն, թուրքերեն, հունարեն և այլ լեզուներով են, այդ լեզուների հնչյունաբանական, բառակազմական, ձևաբանական և շարահյուսական ինտերֆերենցիայի երևույթների մասին են: Երբ Google-ի որոնողական համակարգում հայերեն գրեցի «Մայրենիի ինտերֆերենցիան անգլերենի ուսուցման-ուսումնառության ընթացքում» որոնման պահանջը, միանգամից հայտնվեց «Դպիր» ամսագրում հրապարակված իմ հոդվածը՝ «Մայրենիի ինտերֆերենցիայի երևույթն անգլերենի ուսուցման-ուսումնառության ընթացքում»: Փաստորեն հայ սովորողներին անգլերեն ուսուցանելու համար այս կարևոր լեզվական երևույթի ուսումնասիրությունը երբևէ լրջորեն չի հետաքրքրել մեր համալսարաններում և այլ ուսումնական հաստատություններում աշխատող անգլերենի մասնագետներին:
Վերջաբանի փոխարեն ուզում եմ հանրայնացնել վերջերս մեր կրթահամալիրի գործընկերը դարձած անգլերենի երկար տարիների փորձառու ուսուցիչ գերմանացի Հանս Քրիստոֆի կարծիքն այս խնդրո առարկա հարցի վերաբերյալ, մի կարծիք, որն ամփոփում է իմ այս հոդվածի բոլոր կարևոր եզրահանգումները. « Դա, իհարկե, շատ վիճելի թեմա է։ Ես հաստատ այն կարծիքին չեմ, որ բնիկ անգլերեն խոսող և գերմաներեն չիմացող անգլիացի ուսուցիչը կարող է ավելի լավ անգլերեն սովորեցնել, քանի որ մայրենի լեզվի իմացությունը, սովորողների մայրենի լեզվի քերականության իմացությունը և մայրենի լեզվի ինտերֆերենցիայի հնարավոր միջամտությունների հաղթահարման կարողությունը մեծ օգնություն է ուսուցչին։ Սովորողների մայրենի լեզվի իմացությունը կարող է նաև որոշել կամ գոնե ազդել անգլերենի քերականության յուրացման առաջընթացի վրա: Այս ամենը շատ կարևոր է դասավանդման գործընթացում՝ այն պայմանով, որ գերմանացի ուսուցչի անգլերենի իմացությունը բավականաչափ բարձր է:
Ես, սակայն, չեմ կարծում, որ սովորողների մայրենի լեզվի օգտագործումն անխուսափելի է քերականությունը հասկանալու համար: Այն կարելի է և պետք է հասցվի նվազագույնի: Որոշ դեպքերում մայրենի լեզվով բացատրություններ պետք է տրվեն, բայց դրանք չպետք է ընդհատեն դասի ընթացքը։ Քերականության ներդրումը լեզվի դասարանում միշտ պետք է լինի ինդուկտիվ: Գործնական քերականության ձեռնարկը նույնպես կարող է մեծ օգնություն լինել օտար լեզվի հիմքը դնելու համար: Ես այդ սկզբունքները շատ օգտակար և արդյունավետ եմ համարել իմ կարիերայի ընթացքում»:
Օգտագործված աղբյուրներ
The role of translation in foreign language teaching
The usefulness of translation in foreign language learning
Translation in teaching and learning a foreign language: A methodological approach
To translate or not to translate : the added value of translation in second language teaching
To Translate or Not to Translate: That is the Question
Using the L1 in the L2 Classroom
L1 (Arabic) Interference in Learning L2 (English)
Խմբագիր՝ Տաթև Աբրահամյան