Փորձենք սահմանել թե ինչ է ակումբը: Ակումբային կառույցներ (անգլ՝ clob կամ club, .գերմ․՝ club), կրթամշակութային կառույցներ տարբեր երկրներում. ծառայում են բնակչության գաղափարական-քաղաքական դաստիարակությանը և ընդհանուր կրթական մակարդակի բարձրացմանը։
Ակումբները ըստ գործունեության բաժանվում են տարբեր տեսակների։ Ակումբային կառույցներ են կուլտուրայի պալատներն ու տները, ձեռնարկությունների, գիտական և ստեղծագործական միավորումների, սպորտային և այլ կազմակերպությունների ակումբները, ընթերցարանները և այլն։ Ակումբային հիմնարկներում կազմակերպում են կինոֆիլմերի ցուցադրում, երեկույթներ, համերգներ, մրցույթներ, դասախոսություններ՝ քաղաքացիական, բնագիտական, տեխնիկական, գրական և այլ թեմաներով։ Ակումբի անդամ կարող են դառնալ բոլորը, և անդամ դառնալու գործընթացն անվճար է։ Կան ակումբներ, որոնց անդամ դառնալու համար պետք է պատկանել որոշակի հասարակական և սոցիալական խմբի։ Այդ ակումբները փակ են, և դրանց կարելի է անդամակցել կամ պետության կամ հատուկ մարդկանց երաշխավորմամբ։
Ըստ բովանդակության ակումբները լինում են․
- սպորտային
- մեքենասերների
- կրթամշակութային
- հանգստի
- գիշերային
- հոբբիների
- սոցիալական
- քաղաքական
- գործնական
- ֆան-ակումբներ։
Ակումբ գաղափարը որոշ իմաստով ձևափոխվել է 21-րդ դարում՝ ասոցացվելով ժամանցի վայրի, շահույթ հետապնդող կառույցների և այլն։
Բոլոր թվարկված տեսակներում և դրսևորումներում առկա են որոշ նմանություններ․
- ակումբը հասարակական որևէ խումբ է
- ակումբն ունի սեփական կառույցը, հավաքատեղին կամ համախմբող վայրը
- ակումբում համախմբվում են նույն հետաքրքրություններ ունեցող հասարակական խմբի անդամներ
- ակումբի անդամներն ունեն պատկանելիության զգացողություն
- ակումբներն ունեն հստակ ուղղություններ և տեսակներ
- ակումբի անդամներն իրականացնում են որևէ նպատակային գործունեություն։
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում գործում են ուսումնական ակումբներ, որոնց շարքում է նաև «Ազատ խոսքի» ակումբը։ Կրթահամալիրային ակումբների գործունեությունը միտված է զարգացնելու սովորողների նախասիրությունները և ձևավորելու ազատ, ստեղծագործ միջավայր։
Կրթահամալիրում գործող ակումբները գործում են հստակ սահմանված կարգով։ Սովորողի նախասիրությունների զարգացման պատանեկան ակումբները նպատակ ունեն զարգացնելու և գործունեության միջոցով բավարարելու սովորողի նախասիրությունները, նպաստելու հետագա մասնագիտության ընտրությանը, օգնելու հիմնական դպրոցի շրջանավարտին ընտրություն կատարելու, ապահովելու սոցիալական շփում հասակակիցների հետ: «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի կազմում գործող ակումբները` որպես ուսուցման կազմակերպման խմբեր, նախատեսված են կրթահամալիրի կանոնադրությամբ, հեղինակային կրթական ծրագրերի ուսումնական պլաններով:
Ակումբների ղեկավարները կազմում են ակումբների խորհուրդը, որը ակումբների ստեղծագործական հավաքներ և համատեղ նախագծեր, ակումբների զարգացման ծրագրեր է մշակում, համակարգում ակումբների աշխատանքը, քննարկում ընթացիկ խնդիրները: Ակումբների խորհուրդը քննարկումները կազմակերպում է mskh.am սոցիալական ցանցում, խորհրդի նիստում:
Ակումբի հիմնական կազմը կրթահամալիրի ավագ, միջին դպրոցների, քոլեջի սովորողները, ուսանողները և կրթահամալիրի դասավանդողներն են: Ակումբային աշխատանքը գրանցվում է նրանց անհատական ուսումնական պլանում:
Կրթահամալիրի ակումբները բաց են ՀՀ բոլոր դպրոցների և սովորողների համար: Երևանի և Հայաստանի մարզերի դպրոցների սովորողների համար պարբերաբար կազմակերպվում են շաբաթօրյա պարապմունքներ, նրանք, ինչպես նաև արտերկրի սովորողները, ակումբային աշխատանքներին կարող են մասնակցել առցանց: Կրթահամալիրում ակումբային պարապմունքին մասնակցելու համար գիշերակացի անհրաժեշտության դեպքում կարող են օգտվել կրթական փոխանակումների կենտրոնի կացարանից։
Ակումբի աշխատակարգը, դրանում փոփոխությունները, գործունեության ծրագիրը և ժամանակացույցը հաստատում է կրթահամալիրի տնօրենը: Ակումբն ունի իր բլոգը:
Ակումբն իր ոլորտում լուսավորչական աշխատանքի, ստուգատեսի, առաջնության կազմակերպիչ է:
Ակումբի գործունեությունը կազմակերպվում է որպես ակումբային պարապմունք, որը ուսումնական ստեղծագործական-հետազոտական խմբային աշխատանք է, ուսումնական նախագծերի մշակում և իրականացում: Այն կրթահամալիրում սահմանված կարգով էլեկտրոնային գրանցում է ստանում, լուսաբանվում ակումբի բլոգում, mskh.am-ում, mskh.am-ի էլեկտրոնային ամսագրերում, այլ ԶԼՄ-ներում:
Ակումբում սովորողների սահմանված թիվը գերազանցելու դեպքում ձևավորվում է նոր ակումբ, որը կարող է գործունեության նոր ծրագիր ներկայացնել:
Ակումբն ամառային արձակուրդին կազմակերպում է արշավախմբային-դաշտային 5-10-օրյա հավաք։
Ակումբի գործունեության հաշվետվության ձևերն են ստուգատեսները, առաջնությունները, ցուցադրությունները, ճամփորդությունները, ֆիլմերը: Ակումբի գործունեության ցուցանիշերն են.
- ակումբային պարապմունքների թիվը և սովորողների մասնակցությունը
- ակումբի մասնակիցների թիվը ըստ հաստատությունների (կրթահամալիրի դպրոցներ, քաղաքի դպրոց, քաղաքամերձ բնակավայրի … դպրոց)
- իրականացված-ավարտված նախագծերը
- իրականացված շարունակելի նախագծերը
- առցանց, հեռավար պարապմունքները
- ստեղծված ուսումնական նյութերը
- համագործակցությունը այլ ակումբների հետ
- համագործակցությունը ոլորտի կազմակերպությունների, մասնագետների հետ։
2022-23 թթ․ կրթահամալիրում գործում են մի շարք ստեղծագործական խմբեր և ակումբներ՝
- Հարություն Թոփիկյանի սեբաստացիներ ուսուցչական երգչախումբ
- «Սեբաստացիներ» պատանեկան երգչախումբ
- «Սեբաստացիներ» մանկական երգչախումբ
- «Սեբաստացիներ» վոկալ համույթ
- «Ակներ» ազգային երգ ու պարի համույթ
- Ֆոլկ բենդ
- «Նռանե» պարային համույթ
- Պարատուն
- Մանկավարժական ակումբ
- Գրական ակումբ
- Քանդակի մանկավարժական ակումբ
- Ֆիլմադարան ակումբ
- Դասավանդողների մարզական ակումբներ
- Սովորողների մարզական ակումբներ
Մանկավարժական ակումբի մասին
Մանկավարժական ակումբը մանկավարժական գործունեությամբ զբաղվող, կրթական հարցերով հետաքրքրված մարդկանց հավաքանի է, որը քննարկում է տարբեր մանկավարժական հարցեր, խնդիրներ, առաջարկում լուծումներ, ձեռքբերումների փոխանցման ճանապարհով նպաստում ակումբի մյուս անդամների զարգացմանը։ Ակումբը բաց է մանկավարժությամբ հետաքրքրված յուրաքանչյուրի համար։
Գրական ակումբի մասին
Գրական ակումբը տարատարիք մարդկանց խումբ է, ով սիրում է ընթերցել, քննարկել իր ընթերցածը, լսել այլոց կարծիքները տվյալ ստեղծագործության մասին, բանավիճել, լինել համարձակ իր կարծիքներում, փորձել դուրս գալ մտավոր կաղապարներից, ազատ, անկաշկանդ շարադրել մտքերը: Մարդիկ են, ովքեր ցանկանում են լինել միասին՝ հեծանվի վրա, լողավազանում, մի խոսքով՝ ապրել և խոսել գրականությունից:
Գրական ակումբը ենթադրում է քննարկումներ, բանավեճեր, սիրած հեղինակների, ստեղծագործությունների ներկայացումներ, հանդիպում ժամանակակից գրականության ներկայացուցիչների հետ, ինչպես նաև բացօթյա քննարկումներ կազմակերպելու նպատակով հեծանվաերթեր, ճամփորդություններ, արշավներ և այլն:
Գրական ակումբի անդամ կարող է դառնալ ինչպես կրթահամալիրում սովորող, աշխատող, այնպես էլ կրթահամալիրի սահմաններից դուրս գտնվող այն ընթերցասեր անձը, ով առկա կամ հեռակա մասնակցում է ակումբի աշխատանքներին, քննարկումներին, բանավեճերին հանդես է գալիս ամենատարբեր նախաձեռնություններով, առաջարկություններով, առաջարկում է նախագծեր և իրականացնում է դրանք, իր գրառումներն անում է ակումբի բլոգում և ֆեյսբուքյան տարածքում:
Ֆիլմադարան ակումբի մասին
Ֆիլմադարան ակումբը տարատարիք սովորողների, ուսուցիչների խումբ է, ովքեր սիրում են ֆիլմեր դիտել, քննարկել, վերլուծել, լսել այլ դիտորդների կարծիքները քննարկվող ֆիլմի, դերասանական կազմի, սցենարի վերաբերյալ։ Ինչո՞ւ չէ, նաև բանավիճել, համարձակ լինել կարծիք արտահայտելու, ազատ, անկաշկանդ շարադրելու մտքերը:
Ակումբն իրականացնում է քննարկումներ, բանավեճեր սիրած ֆիլմերի, ռեժիսորների քննարկում-դիտումներ, հանդիպում փառատոներում, ճամփորդություններ և այլն: Այստեղ դուք կգտնեք վաղուց մոռացված, հետաքրքիր, տարբեր ժանրերի ֆիլմեր, մուլտֆիլմեր։
Մարզական ակումբների մասին
Կրթահամալիրում գործում են մարզական ակումբներ, որոնց նպատակն է ապահովվել մանկավարժական աշխատողների ֆիզիկական ակտիվությունը, առողջության պահպանումը և զարգացնելու ֆիզիկական կարողություններն ու հմտությունները: Գործում են հետևյալ ակումբները՝
- վոլեյբոլի
- բասկետբոլի
- հրաձգության
- նետաձգության
- սուսերամարտի
- մարմնամարզության
- սեղանի թենիսի
- ձյուդոյի
- ֆուտբոլի
- հեծանվավարության։
Այս ակումբներից բացի՝ տարբեր ժամանակահատվածներում կրթահամալիրում գործել են այլ ակումբներ, որոնք կամ հիմա շարունակում են գործել, կամ դադարեցրել են իրենց գործունեությունը։
«Ազատ խոսք»-ի ակումբը ստեղծվել է տարատարիք մասնակիցների (սովորողներ, ուսուցիչներ և այլն) համար։ Այն ներկայացնում է․
- բանավեճի համար արդիական թեմաների, դրանց վերաբերյալ նյութերի և փաստերի որոնում
- թեմաների կազմում և տեղեկությունների հավաքագրում
- ընթերցված նյութի քննարկում և այլոց կարծիքների հետ ծանոթացում։
Մենք վստահ էինք, որ ստացված գիտելիքները կօգնեին՝
- համարձակ լինել
- դուրս գալ մտավոր կաղապարներից, ազատ, անկաշկանդ շարադրել մտքերը
- կարողանալ ընդունել դիմացինի կարծիքը և բանավեճը թողնել ակումբում։
Ակումբը պետք է ապահովեր քննարկումներ, բանավեճեր, պարապմունքներ, ազատ լսումներ, հանդիպում ժամանակակից հասարակական գործիչների, մշակույթի և գրականության ներկայացուցիչների և այլ հետաքրքիր անձանց հետ: Բացօթյա քննարկումներ կազմակերպելու նպատակով՝ ճամփորդություններ, արշավներ և այլն:
Ակումբի ստեղծման անհրաժեշտությունն առաջացավ, երբ մի շարք սովորողներ ուսումնական դասապրոցեսի ընթացքում հետաքրքրվում էին ոչ ծրագրային թեմաներով, որոնք շատ հաճախ դուրս էին ուսումնական ծրագրից։ Մենք սկսեցինք այս թեմաներով քննարկումները։ Այս թեմաների շուրջ զրույցները բավականին մեծ ժամանակ էին ուզում՝ հաճախ առաջացնելով վեճեր և թեժ քննարկումներ։ Մենք նաև նկատեցինք, որ շատ սովորողներ հետաքրքրություն են ներկայացնում ճարտասանության նկատմամբ։ Կրթահամալիրում այս հետաքրքրություններով սովորողներին կարող էր համախմբել նոր ակումբի ստեղծումը։ Մենք նաև գտանք այն գործիքները, որոնց միջոցով սովորողները կարող էին իրենց դրևորել․ դրանք էին քննարկումները և բանավեճերը։ Խնդիր կար նաև համախմբել նույն հետաքրքրություններն ունեցող սովորողներին կրթահամալիրի բոլոր օղակներից՝ հնարավորության դեպքում ներառելով այլ ուսումնական հաստատությունների սովորողներին ևս։ Այս ձևով սահմանեցինք ակումբի անդամակցության կարգը․
ակումբի անդամ կարող է դառնալ ինչպես կրթահամալիրում սովորող, աշխատող, այնպես էլ կրթահամալիրի սահմաններից դուրս գտնվող այն հետաքրքրասեր անձը, ով առկա կամ հեռակա մասնակցում է ակումբի աշխատանքներին, քննարկումներին, բանավեճերին հանդես է գալիս ամենատարբեր նախաձեռնություններով, առաջարկություններով, առաջարկում է նախագծեր և իրականացնում է դրանք, իր գրառումներն է անում ակումբի բլոգում:
Ակումբի գործունեության ծրագրում մենք սահմանեցինք․
- հնարավորություն ստեղծել համաշխարհային և ներազգային կարևորություն ներկայացնող թեմաների քննարկման համար
- հաղորդակցվել համամարդկային արժեքների հետ՝ առարկայացնելով և անձնական խոհի միջոցով խորացնելով սեփական աշխարհընկալումն ու լայնացնելով աշխարհայացքը
- արմատավորել բանավեճի մշակույթը
- ձեռք բերել հռետորական հմտություններ
- զարգացնել ինքնուրույն մտածողություն, տեսակետները անկաշկանդ արտահայտելու կարողություն
- կազմակերպել հանդիպումներ արդի հասարակական գործիչների, մշակույթի, գիտության ներկայացուցիչների հետ։
Սահմանվեցին նաև ակումբի խնդիրները․
- բանավիճելու ցանկությունը դարձնել ներքին պահանջմունք
- ստեղծել, աջակցել, հետաքրքրասեր անձանց ներառել խմբում
- ընտրել առավել վիճահարույց և քննարկման առարկա հանդիսացող հասարակական, գրական, գիտական և մշակութային թեմաներ
- ընտրել այնպիսի թեմաներ, որոնք հասանելի կլինեն ակումբի մասնակցի համար և կբավարարեն հոգևոր պահանջները
- բանավեճի արդյունքում միասնական ընդունելի կարծիքների և դրույթների առարկայական իրագործման ճանապարհներ ստեղծել։
- հասկանալի դարձնել խնդրո առարկա թեմայի բովանդակությունը, ընդհանուր խորությունը և լուծման, կամ կոմպրոմիսային ուղիները
- որպես թեմայի ուսումնասիրության նյութ օգտագործել նաև համացանցային ռեսուրսները։
Մենք նաև որոշեցինք այս ամենը կազմակերպումը․
- շաբաթական մեկ օր ակումբի անդամների հետ սեմինար-պարապմունքներ անցկացնել ուսումնական բանավեճի կարևորագույն տարրերի մասին՝ ուսումնասիրել ուսումնական բանավեճի տարբեր մեթոդներ և ձևեր, դարձնել դրանք կիրառելի։ Նաև առցանց հանդիպումներ կկազմակերպվեն այն մասնակիցների համար, ովքեր ընտրել են ուսուցման ինքնակրթության ձևը։
- ակումբի անդամների համար կազմակերպել հռետորական արվեստի ուսումնական բանավեճի մաս կազմող պարապմունքներ
- ակումբի անդամների հետ հանդիպումների ընթացքում, քննարկումների արդյունքում ընտրել բանավեճի նյութ հանդիսացող որևէ թեմա, ձևակերպել դեմ և կողմ տեսակետների ասելիքները
- մինչ բուն բանավեճը որոշակի ժամանակահատվածում հնարավորություն տալ կողմերին պատրաստվելու բանավեճին
- բուն բանավեճի օրը վիճակահանությամբ մասնակիցներին բաժանել երկու խմբի`դեմ և կողմ թևերի
- բանավեճը կազմակերպել կոնկրետ ֆորմատով՝ կանոնադրության համաձայն
- մրցավարների կազմը հրապարակել բանավեճի օրվանից մեկ շաբաթ առաջ․ մրցավարների 4 հոգանոց կազմի միջոցով որոշել կողմերից (թիմերից) որևէ մեկի գերազանցությունը բանավեճի ընթացքում և որոշել հաղթող կողմին
- բանավեճին հաջորդող պարապմունքների ժամանակ քննարկել արդյունքները, հետագա անելիքները։
Արդյունքում ի՞նչ պետք է տար «Ազատ խոսք»-ի ակումբը սովորողին․
- բանավեճը կսովորեցնի սովորողին միևնույն հարցի շուրջ ունենալ երկկողմանի տեսակետ, մտածողության և դատողությունների առումով կդարձնի առավել ճկուն
- սովորողն ավելի խորը և բովանդակային կարող է վերլուծել յուրաքանչյուր խնդիր/թեմա: Կկարողանա ոչ միայն այդ խնդրի շուրջ ունենալ սեփական տեսակետը, այլև լսել դիմացինին
- բանավեճը կսովորեցնի խնդիրները լուծել թիմային աշխատանքի միջոցով
- կսովորեցնի՝ ինչպես հաղթել բանավեճում և ընդունել պարտությունը՝ ապագայում հաղթանակ դարձնելով։
Ի՞նչ պետք է ստանային մենք․
- կլոր սեղան-հաշվետվություններ, ամսական արդյունքներ
- քաղաքացիական հասարակության ձևավորման համար կարևորագույն քայլեր
- ակումբի բլոգ, գործունեության հանրայնացում և տարածում
- ներդպրոցական և արտադպրոցական մրցույթներ
- բաց հարթակ՝ քննարկումների և բանավեճերի համար։
Մեզ համար գործունեության շատ մեծ դաշտ բացվեց, երբ 2021 մայիսի 4-ից սկսվեց համագործակցությունը Ջինիշյան հիշատակի հիմնադրամի հետ։ Ջինիշյան հիշատակի հիմնադրամը (ՋՀՀ մասին) իրականացնում էր «Բանիմաց և ակտիվ երիտասարդներ հանուն ժողովրդավար Հայաստանի՝ այսօր և վաղը» ծրագիրը։ Ծրագրի շրջանակում հիմնադրամի կողմից մասնակցության հրավեր է եղավ, որը սիրով ընդունվեց մեր կողմից։ Ծրագրի շրջանակում ՀՀ տարբեր մարզերում ստեղծվում էին բանավեճի ակումբներ, իսկ Ջինիշյան հիմնադրամը ստեղծում էր դրանց միչև կապը և ապահովում ակումբների գործունեությունը։
Ներկայացնում ենք «Բանիմաց և ակտիվ երիտասարդներ հանուն ժողովրդավար Հայաստանի՝ այսօր և վաղը» ծրագրի առանձնահատկությունները․
Շահառուների նկարագրությունը․ առաջարկվող գործողության առաջին թիրախային խումբը 3760 երիտասարդ է (13-17 տարեկան) դպրոցներում, գործողության երկրորդ թիրախային խումբը բաղկացած է 18-ից 29 տարեկան 160 երիտասարդներից:
Ծրագրի իրականացման վայրը՝ Հայաստանի մարզերը՝ Երևան, Շիրակ, Լոռի, Գեղարքունիք, Արագածոտն (70 դպրոցներ)։
Ծրագրի նպատակը․ երիտասարդներին հնարավորություն ընձեռել ներգրավվել հանրային երկխոսության մեջ, որի նպատակն է թիրախավորված համայնքների երիտասարդությանը (13-29 տարեկան) դառնալ հասարակական ակտիվություն ունեցող քաղաքացիներ և ակտիվորեն ներգրավվել հասարակական գործերում՝ քաղաքականություն մշակողների հետ երկխոսության միջոցով և երիտասարդության հետ կապված քաղաքականության քարոզչությամբ:
Ծրագրի խնդիրները.
- բարելավել երիտասարդության ազգային քաղաքականությունը վերջիններիս հզորացման և որոշումների կայացման գործընթացներում նրանց ներգրավվման, ինչպես նաև պետական մարմինների հետ հանրային երկխոսության միջոցով
- խրախուսել երիտասարդական ՔՀԿ-ներին ՝ լինել ակտիվ քաղաքացիներ և ներգրավված լինել իրենց համայնքներում իրականացվող գործընթացներում։
Մենք այս համագործակցության արդյունքում ձեռք բերեցինք մեծ թվով գործընկեր ակումբներ։
Ամփոփ կներկայացնենք ակումբի գործունեության ընթացքում իրականացված նախագծերը․
2020 թ․ դեկտեմբեր՝
- «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն․ քննարկում Արատեսում ․ ամփոփում»
- «Ազատ խոսքի ակումբի մասնակիցների վերլուծությունները Ժիրայր Լիպարիտյանի հոդվածների շուրջ»
- «Ֆեյբուքը, որպես քաղաքական հարթակ․ քննարկում»․ ամփոփում
2021 թ․ հունվար
- «Քաղաքական սերունդ»․ ամփոփում
- «Բանավեճային կամուրջ․ սովորող-սովորեցնող»․
- «Հայ-ադրբեջանական համակեցություն»
2021 թ․ փետրվար
- «Հռետորություն դասընթացներ՝ Աշոտ Տիգրանյանի կողմից» ամփոփում
- «Դպրոցական խտրականություն․ ֆիլմի դիտում-քննարկում»
2021 թ․ մարտ
2021թ․ սեպտեմբեր
2021թ․ հոկտեմբեր
2021թ․ նոյեմբեր
2021թ․ դեկտեմբեր
2022թ․ հոկտեմբեր
Խմբագիր՝ Մարինե Ամիրջանյան