Արևելյան դպրոց-պարտեզ
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրն իրականացնում է այլընտրանքային-հեղինակային կրթություն, որն իրականացվում է ըստ նախօրոք կազմված օրացույցի։ Ըստ օրացույցի՝ կրթական ծրագրի մի հետաքրքիր բաղկացուցիչ է առավոտյան ընդհանուր պարապմունքը․այն բազմաբովանդակ դասընթացների յուրացման այլընտրանքային մի միջոց է, որն ուղղված է հավաքական, ներառական կրթության ձևավորմանը, սովորողների արժեհամակարգի զարգացմանն ու ընդլայնմանը։ Դպրոցը՝ որպես մի մեծ դասասենյակ, հանդես է գալիս միասնաբար։ Մեծերն ու փոքրերը՝ նախակրթարանից մինչև 5-րդ դասարան, աշխատողներն ու ծնողները, այդ միասնական կրթաձևով մտերմանում են, ստեղծում միաշունչ մթնոլորտ, ձևավորում համերաշխ միջավայր։
Կրթահամալիրում սովորողների ընդունելությունն սկսվում է 8:45-ից: Մինչև բոլորը կհավաքվեն, հնչում է երաժշտություն, որն ակամայից դրական լիցքեր է հաղորդում բոլորին, կամ սրահը դառնում է պարատուն՝ իր մեջ ներառելով թե՛ սովորողին, թե՛ մյուսներին։ Անուղղակիորեն ազդելով սովորողների, նրանց ծնողների կամ ուղեկցողների ենթագիտակցության վրա` նրանց մեջ ինքնաբերաբար ձևավորում կամ զարգացնում է անբացատրելի ձգտում՝ լսելու իրական՝ մաքրամաքուր երաժշտություն, պարելու չաղավաղված պարեր, սիրելու և արժևորելու բարձր արվեստը:
Առավոտյան ընդհանուր պարապմունքն ամենօրյա նախագիծ է, որն ունի ծրագիր։ Տևողությունը 15 րոպե է: Պարապմունքին մասնակցում են բոլոր սովորողները, դասավանդողները, ծնողները: Այն ուսումնական նախագիծ է, որը, ինչպես բոլոր նախագծերը, ունի իր նպատակն ու խնդիրները։ Նախագիծը հնարավորություն է տալիս՝
- օրը միասին սկսել,
- միմյանց ողջունել,
- ժպիտով դիմավորել,
- դրական լիցք հաղորդել,
- միասին ունկնդրել,
- միասին երգել ու պարել,
- միմյանց շնորհավորել,
- միասին տխրել (ցավոք)։
Առավոտյան ընդհանուր պարապմունքի ծրագիրը կազմվում է ըստ օրացույցի: Յուրաքանչյուր ամիս էլեկտրոնային փոստով ծրագրի ղեկավարն ուղարկում է շաբաթվա պարապմունքների պատասխանատուների ցանկը, և դասավանդողը, տեղեկանալով այդ մասին, կազմում է իր անհատական ծրագիրը՝ համապատասխանեցնելով ուսումնական օրացույցին և երաժշտության դասավանդողի՝ տվյալ ամսվա համար նախապես կազմած երգացանկին, հրապարակում իր բլոգում, ենթակայքում։ Պարապմունքի ծրագրում ներառվում են կրթահամալիրի հիմնը, հոգևոր երգեր, ծիսական երգեր, պարերգեր, օտար լեզուներով երգեր, առավոտյան ընդհանուր մարմնամարզություն, միասնական բերանացի արտասանություն, շնորհավորանքներ, մրցանակներ, հաղթանակներ, տխրություններ, հայտարարություններ: Պարապմունքի ծրագրի մեջ ներառվում են նաև ազգային տոնացույցի մի շարք տոներ՝ Սուրբ Ծնունդ, Բարեկենդան, Ծառզարդար-Զատիկ, Վարդավառ և այլն: Չմոռանանք, որ կրթահամալիրն ունի նաև իր՝ կրթահամալիրյան տոնացույցը՝ Ղափամայով, Սեբաստացու օրերով, Հարիսայի ծեսով…, որը նույնպես ընդգրկվում է ընդհանուր պարապմունքներում:
Միապաղաղությունից խուսափելու և զանազանությունը պահելու համար ընդհանուր պարապմունքների անցկացման ձևերն անընդհատ թարմացվում են, մշակվում պարապմունքի անցկացման նոր, ուշագրավ և հետաքրքիր ձևեր։ 2-4 տարեկաններն իրենց խմբասենյակներում, նաև բակում են կատարում ամենօրյա այդ կարևոր ծեսը։ Հաճախ է փոխվում պարապմունքի անցկացման վայրը․նպաստավոր եղանակային պայմանների դեպքում առավոտյան ընդհանուր պարապմունքը դուրս է գալիս շենքից՝ հասնում բակ-պարտեզից մինչև համայնքային պուրակներ։ Ավանդաբար ամեն ուրբաթ համակրթահամալիրյան առավոտյան ընդհանուր պարապմունք-ժամերգություն է անցկացվում Սուրբ Երրորդություն եկեղեցում՝ ուսումնական այս յուրատեսակ ծեսի «բացիլները» տարածելով կրթահամալիրի Բանգլադեշով, վարակելով ամեն մեկին ու ամեն ինչ:
Կազմակերպվում են նաև ճամփորդական առավոտյան պարապմունքներ հենց երթուղայինում, բարձունքներ հաղթահարելիս, առցանց՝ ուղիղ եթերների միջոցով:
Ներկայացված այս ձևերը որոշակի թարմություն և աշխուժություն են հաղորդում ընդհանուր պարապմունքներին։ Պարապմունքի բովանդակության մեջ չկա չմասնակցություն․ բոլորը մասնակից են ու տարածող։ Անգամ եթե ինչ-որ մեկը չգիտի տվյալ երգը, պարը կամ ոտանավորը, հոգ չէ, միևնույնն է, ականջը լսում է և սովորում, ու գալիս է մի պահ, երբ սկսում է ակամայից երգել, պարել կամ բերանացի կարդալ։ Նշենք, որ առավոտյան պարապմունքները մշակվում, հղկվում, վերածվում են Ուրբաթ-համերգների, որոնք տեղի են ունենում կրթահամալիրի Մայր դպրոցի Մարմարյա սրահում կամ Հարավարևմտյան ֆիլհարմոնիկում։ Սա նույնպես ընդհանուր պարապմունքի մի հավաքական, ընդհանրացնող տարբերակ է, որը միավորում է արդեն ողջ կրթահամալիրի սովորողներին, դասավանդողներին ու ծնողներին։
Հաճախ պարապմունքը վերածվում է շրջիկ նախագծի, տարածվում-հասնում է տարբեր մարզեր և գյուղական համայնքներ՝ ներառելով նաև մարզային սովորողին ու ծնողին։ Սա կարծես միասնական նվիրագործման ծես է, որով անցնողը՝ որպես մշակութային հերոս, հետզհետե փոխվում է, դառնում բարձր արժեհամակարգի կրող։
Առավոտյան ընդհանուր պարապմունքին մասնակցում են հարյուրավոր սովորողներ, այսինքն՝ այդքան ընտանիք, «ուզած-չուզած», ներառվում է ուսումնական այս տեսակ գործընթացում, դառնում դրա մասնակիցն ու տարածողը:
Առավոտյան ընդհանուր պարապմունքը, ի վերջո, հաստատուն, մեկշաբաթյա նախագիծ-ծես է, որը կարևոր նշանակություն ունի թե՛ սովորողի և թե՛ դասավանդողի և թե՛ ծնողի ինքնակրթության գործում:
Առավոտյան ընդհանուր պարապմունքները մեր ուսումնական օրվա անբաժանելի մասն են, և միշտ պետք է նոր ուղիներ փնտրել՝ դրանք առավել հետաքրքիր ու բովանդակալից դարձնելու, ապա նաև տարածելու համար:
Լուսանկարը՝ tv.mskh.am-ից