Երեխայի ուսուցման նպատակն է նրան ընդունակ դարձնել հետագայում զարգանալու առանց ուսուցչի օգնության…

Էլբերթ Հաբարդ

Ես Լուսինե Բարխուդարյանն եմ: «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում աշխատում եմ 2017-2018 ուսումնական տարվա երրորդ ուսումնական շրջանից, սակայն որպես երկարացված օրվա կազմակերպիչ սկսել եմ աշխատել  2018-2019 ուսումնական տարվա սկզբից: Այս հոդվածում ես կխոսեմ երկարացված օրվա ճամբարականների ուսումնական գործունեության մասին: Երկարացած օրվա ճամբարականների ուսումնական գործունեությունը կազմակերպվում է նախագծային ուսուցման մեթոդով, իսկ նախագծերը կազմվում են ըստ կրթահամալիրի օրացույցի: Ամեն շաբաթ ստեղծում եմ իմ անհատական աշխատակարգը:

Երկարացված օրվա ուսուցման առանձնահատկությունները

Չնայած նրան, որ երկարացված օրը շարունակությունն է ուսումնական պարապմունքների, այնուամենայնիվ, երկարացված օրվա ուսուցումն ունի  կազմակերպման մի շարք առանձնահատկություններ: Դրանցից են՝

  • իրականացվող նախագծերը
  • կիրառվող մեթոդները
  • երկարացված օրվա ծրագիրը, որը պետք է  գրավիչ և հետաքրքիր լինի սովորողների համար
  • ազատ աշխատաժամանակը, այսինքն՝ դասացուցակ և այլ սահմանափակումներ չկան:

Երկարացված օրվա ուսուցման կազմակերպման մեթոդներն ու իրականացվող նախագծերն ընտրելիս պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ սովորողը մինչ այդ մի քանի ժամ աշխատել է, զբաղվել է ուսումնական գործունեությամբ: Սովորողի ֆիզիկական, մտավոր վիճակն արդեն այնպիսին է, որ երկարօրյա խմբում նրա գործունեությունը ճիշտ չի լինի  նույն կերպ շարունակելը՝ նույն խնդիրներով, գործունեության նույն ձևերով: Երկարացված օրվա կազմակերպիչը պետք է հասկանա, որ սովորողի գործունեությունը, լինելով կրթական ծրագրի շարունակություն, ամբողջովին այլ կազմակերպում պետք է ունենա, որը կնպաստի սովորողների լիցքաթափմանը, հանգստի կազմակերպմանը` երաժշտության ունկնդրումուսուցողական մուլտֆիլմի դիտումզրույց-քննարկումներբակային խաղեր, նրա նախասիրությունների բավարարմանը և լրացուցիչ կրթության կազմակերպմանը` կերպարվեստ, դաշնամուր, մարմնամարզություն, պար և այլն, որոնք հնարավորություն են տալիս նաև փոխել ֆիզիկական միջավայրը: Սովորողը  ստանում է այն, ինչ չի հասցրել ստանալ օրվա առաջին կեսին, ինչը  բավարարում է իր անձնական հետաքրքրությունները, որոնցով նրա օրն ավելի հետաքրքիր ու բազմազան է դառնում: Սովորողը հնարավորություն ունի իր լրացուցիչ կրթությունն իրականացնել, իր հետաքրքրությունները բավարարել կրթահամալիրում, որտեղ դրա համար կան բոլոր պայմանները…Ինքն է որոշում օրվա իր գրաֆիկը, անելիքները, միջավայրը՝ լաբորատորիա, երաժշտություն, մարզական  սրահներ, ընթերցարան, խաղադաշտ:

Երկարացված օրը լրացուցիչ կրթություն է՝ իր անհատականացմամբ: Այս դեպքում սովորողները միատեսակ կամ պասիվ գործունեությամբ չեն զբաղվում, յուրաքանչյուրն ունի իր անհատական պլանը:

Երկարացված օրվա կազմակերպման կարևոր բաղադրիչներից են մարզական խաղերը և հեծանիվը, որոնք սովորողների մոտ ձևավորում և զարգացնում են ֆիզիկական մի շարք կարողություններ ու հմտություններ:

Երկարացված օրվա ճամբարում ճամբարական սովորողների հետ իրականացրել ենք մի շարք հաջողված նախագծեր, որոնք իրենց մեջ ներառում են ծառատունկ, տեխնոլոգիական աշխատանք, նկարչություն, ռադիոնյութերի պատրաստում, ծիսական աշխատանքներ, ուսումնական ճամփորդություններ, բնագիտական փորձեր և այլն: Բոլոր նախագծային աշխատանքների  իրականացմանը սովորողները մասնակցում են մեծ ոգևորությամբ:

Ծառատունկ-խաղողատունկի աշխատանք

Երկարացված օրվա ճամբարական-սովորողների հետ միասին ծառատունկի և խաղողատունկի աշխատանքներ ենք իրականացրել Արևելյան դպրոց-պարտեզի լանջերին և Սարալանջում:  Այսպիսի նախագծերը սովորողների մոտ ձևավորում են հողի, բույսի, ծառի հետ աշխատելու կուլտուրա և երկրագործական հմտություններ՝

Տեխնոլոգիական աշխատանք

Երկարացված օրվա խմբում շատ ենք զբաղվում տեխնոլոգիական գործունեությամբ: Սովորողները սիրով և մեծ ոգևորությամբ են աշխատում, ամենակարևորը, որ չեն ստացվում միօրինակ,  ստանդարտ  աշխատանքներ: Յուրաքանչյուր  աշխատանքում երևում են երեխայի անհատականությունը, տրամադրությունը,  հոգեբանական առանձնահատկությունները՝

Նկարչություն, այլընտրանքային նկարչություն

Նկարչությունը բոլորիս կողմից հայտնի և սիրված արվեստի ճյուղ է: Նկարչությունը պատմում է երեխայի զարգացման ընթացքի, նրա հուզական, մտավոր, ֆիզիկական փորձառության մասին: Նկարելով երեխան թղթին է հանձնում այն, ինչ պատկերացնում է, բայց չի կարող արտահայտել բառերով: Նկարելու միջոցով աստիճանաբար զարգանում են սովորողի երևակայությունը, ստեղծագործական կարողություններն  ու ընդունակությունները՝

Ռադիոնյութեր

Այս ուսումնական տարվա ընթացքում կարևորելով ռադիոնյութերի դերը՝ ձեռնամուխ եղա ամենատարբեր ռադիոհաղորդումների պատրաստմանը երկարացված օրվա ճամբարականների հետ։ Թեմաներն ընտրել են սովորողները՝ կապված մեր կրթահամալիրի օրացույցային օրերի հետ և ոչ միայն։ Ուսումնական գործունեության նպատակն է՝ զարգացնել սովորողների բանավոր խոսքը, ստեղծականությունը, տրամաբանելու, հաղորդակցվելու, արագ կողմնորոշվելու և լսածը փոխանցելու կարողությունները՝

Ծեսեր

Ծեսերի իրականացումը կրթահամալիրում նպատակ ունի երեխաներին փոխանցելու մշակութային ժառանգության բազմաշերտ արժեքները՝ նպաստելով երեխաների հայեցի դաստիարակությանը և իրական արժեքների ձևավորմանը՝

Ճամփորդություն

Երկարացված օրվա ուսումնական գործունեության անփոխարինելի բաղկացուցիչներից մեկն էլ ուսումնական ճամփորդություններն են: Շուրջտարյա ճամփորդությամբ ուսուցումը սովորողի համար ոչ միայն միջավայրին ծանոթանալն է, այլ միջավայրի հանդեպ վերաբերմունք ձևավորելը՝ հոգատարություն, խնամք, ուշադրություն: Ճամփորդությամբ ուսուցումը սովորողների մոտ զարգացնում է հայրենագիտական-ճանաչողական, ճամփորդական, բնապահպանական գիտելիքներն ու կարողությունները, ինչպես նաև սովորեցնում է սիրել բնությունը՝

Բնագիտական փորձեր

Բնագիտական գործունեությունը սովորողի ուսումնական գործունեության բաղկացուցիչ մաս է կազմում, որը ձևավորում է սովորողների մոտ տարրական հմտություններ: Բացի այդ, երեխան բնագիտական գործունեություն կատարելիս դառնում է ինքնուրույն ուսումնասիրող-բացահայտող, ինքն է հայտնագործություն կատարում, ապրում է իմացումի մեծ հրճվանք և ուրախություն: Սովորողը ձեռք է բերում շրջապատում օրինաչափությունները դիտարկելու, վերլուծելու կարողություն՝

Ամենշաբաթյա սեմինարներ

Ես նաև շատ կարևորում եմ երկարացված օրվա կազմակերպիչների ամենշաբաթյա սեմինարները, որոնց  միջոցով մեր աշխատանքն ավելի համակարգված ու կազմակերպված է դառնում: Այս սեմինարները շատ արդյունավետ են դարձնում կազմակերպիչների գործունեությունը. խորհրդակցում ենք միմյանց հետ, փորձի փոխանակում անում, քննարկում ենք երկարացված օրվա ծրագրի ավելի արդյունավետ կազմակերպման ձևեր, մեթոդներ, ստեղծում  և իրականացնում ենք երկարացված օրվա նախագծեր:

Շատ հաճախ մեր սեմինարներն իրականացվում են քայլքի տեսքով՝ տիար Բլեյանի ուղեկցությամբ քայլում ենք Երևանի ամենատարբեր հատվածներում և թաղամասերում՝ Դալմայից սկսած մինչև Կոնդ: Քայլքի ընթացքում մենք ավելի լավ ենք ճանաչում Երևանը որպես յուրաքանչյուրիս բնակավայր, որը կարիք ունի ուշադրության, խնամքի և բարեկարգման:

Եվ վերջում, լինի ուսումնական պարապմունք, թե երկարացված օրվա ճամբար, ամեն դեպքում գործ ունենք երեխայի հետ, ով ուսուցչից ակնկալում է սիրալիր ու հոգատար վերաբերմունք, իսկ երեխան վերադարձնում է այն, ինչ ստանում է…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով