«Իմացումի հրճվանք» կրթական ծրագրի հիմնական նպատակը ստեղծող, կրթվող և ինքնակրթվող, ինքնուրույն անհատի ձևավորումն է: Կրտսեր դպրոցում ուսումնական գործունեությունը կազմակերպվում է և′ ֆիզիկական միջավայրում, և′ մեդիամիջավայրում: Մեդիամիջավայրը ձևավորվում է մանր մոտորիկայի՝ մատների մարզանքի «շնորհիվ», իսկ ֆիզիկական միջավայրը՝ տարբեր նախագծերի ու ստուգատեսների։
Մարզական օրն սկսվում է երթուղայինների միասնական կանգառից, երբ կրթահամալիրի կրտսեր սովորողները քայլքով շարժվում են Բանգլադեշի չորս կողմեր՝ Հյուսիս, Հարավ, Արևելք, Արևմուտք։ Առավոտյան քայլքն օգնում է ձեռք բերել նախնական մարզավիճակ` հերթական ուսումնական օրը նույն տեմպով շարունակելու համար։ Օրվա հաջորդ մարզաբաժինը առավոտյան ընդհանուր պարապմունքներինն է, որոնք տասնհինգրոպեանոց ամենօրյա ուսումնական գործունեություններ են՝ խաղերգեր, պարերգեր, ընթերցումներ։ Ապա ուսուցումը շարունակվում է դասասենյակներում առարկայական դասընթացներով և նախագծային աշխատանքներով։
Կրտսեր դպրոցի ամենափոքրերը հինգ տարեկանների զարգացման խմբերում սովորողներն են։ Նրանց խմբերում պարբերաբար իրականացվում են ստուգատեսներ, որոնցում մարզական բաղադրիչն անբաժան մաս է կազմում։ Կրտսերիկների ամենշաբաթյա ստուգատեսների ընթացքում անընդհատ տեսնում ենք սովորող-մարզիկին․ չէ՞ որ նա անընդհատ շարժման մեջ է՝ քայլք-վազք-լող-երգ-պար․․․
Իրականացվող նախագծերի մեջ կան նաև մանր մոտորիկան զարգացնող մարզանք-խաղեր՝ մատնանկարչություն, աղագրություն(տեսաֆիլմերը՝ Տաթև Սահակյանի), ազգային խաղերի(տեսաֆիլմը՝ Անահիտ Գրիգորյանի) ստուգատեսներ, մարզախաղեր (տեսանյութը՝ Մարինե Մկրտչյանի) և այլն։
Սովորողները՝ հինգ տարեկան, թե առաջինից երրորդ դասարանցի, ուսումնական գործունեության ընթացքում ակամայից մարզում են մատները և միտքը, կտրում, չափում, շարում, կապում, քաշում, ձգում և այլն։
Կրտսեր դպրոցում մարզագործիք կարող է դառնալ ցանկացած առարկա՝ շիշ, խցան, խնձոր, անձեռոցիկ և այլն, իսկ «մարզադաշտ»՝ դասարանը, խմբասենյակը, խոհանոցը, բակը, ինչպես նաև դպրոցի վազքուղին, հեծանվաուղին, որտեղ կազմակերպվում են ստուգատեսներ և գրանցվում սովորողի քայլքի, վազքի, լողի անհատական ցուցանիշները։ Մարզական ուղղվածություն ունեցող բազմապիսի նախագծերով կարևորվում է մարմնամարզական զանազան կարողությունների ու հմտությունների զարգացումը, արագ կողմնորոշվելու ունակությունը․ սովորողը խաղում, մարմինն էլ կրթվում է, ու այսկերպ մարմնակրթությունը վերածվում է մտածողության ու կենսաձևի:
Յուրատեսակ այլընտրանքային մարզումներ են առավոտյան ընդհանուր պարապմունքները․ դրանք ինքնին մարմնամարզություն են, մարզական-կոփող-զարգացնող ուսումնական գործունեություն, որը ձևավորում է մարմինը, միտքը, խոսքը։ Ինչպե՞ս հատուկ չընդգծել կրտսեր դպրոցականների մարզական հրճվանքը՝ հեծանիվ, քայլք, լող, մարզախաղեր․․․Տեսապատումները շատ խոսուն են, ներկայացնում են մարզական մի անասելի ցնծություն, որ «թափվում» է յուրաքանչյուր սովորողի աչքերից, փոխանցում հավեսի մարզական տրամադրությունը։
Հատկանշական է, որ նույնիսկ ազգային տոներն ու ծեսերն են հագեցած մարզական էլեմենտներով։ Զատկամարզական, ամանորյա տեսապատումները վկայում են այդ մասին։
Շախմատը տրամաբանության զարգացում է, նույնպես մարզանք մտքի, խելքի, որը հնարավորություն է տալիս սովորողին վերլուծել, գտնել լուծումներ, զարգացնել ստեղծագործ մտածողություն և ձևավորել յուրահատուկ մտածելակերպ։
Շրջակա միջավայրի խնամքը ինքնին հուշում է մարզական տարրի առկայության մասին։ Միջավայրը խնամելիս սովորողը անընդհատ շարժման մեջ է՝ մաքրելիս, փոցխելիս, փորելիս, ջրելիս, տնկելիս, մշակելիս, կռանալիս և այլն։
Այսպիսով՝ կարելի է «Իմացումի հրճվանք» ծրագրի յուրաքանչյուր գործունեության մեջ ավելացնել մարզական բաղադրիչ, նախագծերը վերաձևավորել, հագեցնել մարզատարրերով, ինչը կապահովի վերջինիս ակտիվությունն ու կենսունակությունը։ Կրթական այս ծրագիրը լայն հնարավորություններ է տալիս ընդարձակվելու, ստեղծագործելու, ամեն տեղ ներդնելու շարժում՝ այսպիսով պահելով նրան գերազանց «մարզավիճակում», ապահովելով շարունակական զարգացում, լրացնելով նորանոր նախագծերով։