Բոլորս էլ սիրում ենք պարծենալ մեր ինքնուրույնությամբ, համարում ենք մեզ անկախ հասարակական կարծիքից։ Ծուռ ենք նայում նրանց, ովքեր իրենց վարքով աշխատում են հաճոյանալ ուրիշներին և տառապում են, եթե չի հաջողվում բոլորին սիրաշահել։
Բայց մի՞թե հնարավոր է հասարակության մեջ ապրել՝ առանց նրա օրենքներին ենթարկվելու։ Եվ մի՞թե ինքնիշխան ու ինքնաբավ մարդիկ իրոք այդքան անտարբեր են հանրության վերաբերմունքի նկատմամբ։
Փիլիսոփաներն ու հոգեբանները (Բիբեր, Ֆրանկլ, Լական, Բոդրիար) պնդում են, որ առանց «ուրիշի» կողմից այսպես թե այնպես ընկալվելու մարդը գոյություն չունի։ Նա իր տեղը, կարգավիճակը գտնում-ճշտում է հենց ուրիշների տեսանկյունին հետևելով, հաջող կամ անհաջող կենսակերպը չափում է նույն «ուրիշների» գնահատականով։ Գոնե կյանքի առաջին շրջանում սա, կասկած չկա, անխուսափելի է։ Այստեղից էլ՝ գնահատման անհրաժեշտությունը։
Սակայն ինչի՞ց է, որ դպրոցական գործընթացների շարքում գնահատումը չմարսվածներից է։
«Գնահատում» ասածը, եթե փորձենք սահմանել, պիտի ասենք, որ ձեռքբերումների ու ձախողումների հանրագումարն է ու դրա նկատմամբ վերաբերմունքի դրսևորումը։ Հետևաբար՝ ի՞նչ վերաբերմունք ենք դրսևորում երեխայի նկատմամբ, եթե նա չի բավարարում կամ հազիվ է բավարարում սահմանված չափորոշչին, կամ համարձակվել է սեփական ընտրությամբ ժամանակ տրամադրել իր հետաքրքրություններին և չի կատարել մեր հանձնարարությունը։ Մենք միանշանակ նկատում ու շեշտում ենք չարածը, պախարակում ենք, ցածր գնահատական նշանակում և դրանով ավարտված ենք համարում մեր մանկավարժական առաքելությունը, մանավանդ որ խիստ պահանջները վերևներից հենց այդ են թելադրում։ «Սուր անկյուններով» եզերված գնահատանիշը, որ չոր ու կոպիտ, նույնքան էլ անվերապահ է (չքննարկենք, թե որքանով է իրականում դա արդարացի), ոչ մի կերպ չի տեղավորվում մանկավարժության նպատակների մեջ. այն ավելի շուտ համեմատություն է տարբեր սովորողների մեջ՝ ով ինչքան է կարողանում և մանավանդ, ինչքան չի կարողանում մտապահել հանձնարարվածից, այն էլ՝ գնահատողի տեսանկյունից։
Չնայած սրան, հանրությունը սովորողի մակարդակն ընկալում է ըստ այս գնահատականների և իր ու երեխայի հարաբերություններում զգալի տեղ է տալիս դրանց։ Հենց դրանից է բխում նաև երեխայի վերաբերմունքը գնահատանիշին։ Չէ՞ որ զգացմունքային ու նյութական կախվածություն ունենալով մեծերից՝ բնականաբար, նա պիտի ձգտի սիրաշահել այդ մեծերին, արժանանալ նրանց գովեստին։ Դաժան է, որ մեծերս հաճախ ժլատ ենք լինում գովելիս։ Ամենադաժանն այն է, որ երեխան համարվում է այդ գնահատման առաջին, հաճախ միակ պատասխանատուն։ Այս պարագայում, եթե սովորողը պաշտպանական հակազդեցություն չի դրսևորում, իջնում է նրա ինքնագնահատականը, մեղքի զգացում է ունենում, ինչն էլ ազդում է նրա կենսակերպի ու վարքի վրա։
Չխեղելու համար սովորողի հոգեբանությունը` աշխարհի մանկավարժները թվանշանին այլընտրանք են առաջարկել և կիրառում են։ Բավական տարածված են անաչառ գնահատման համար կազմվող սանդղակները, ընդհանրապես ուսումնական գործունեությունը գնահատելու միավորային համակարգը. սովորողը նախապես տեղեկացվում է, թե ինչի համար քանի միավոր է ստանալու։ Որոշ դպրոցներ, հրաժարվելով գնահատանիշից, ծնողին ներկայացնում են սովորողի գործունեության բավականին ծավալուն նկարագրություն։
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ընդունված է գնահատումն ըստ սովորողի բլոգում հրապարակված նյութերի։ Մեզանում ընդունված է նաև սովորողի ինքնագնահատման մեթոդը՝ սովորողը արձանագրում է իր կատարածն ու սովորածը. դրանից ելներով ինքը գնահատում իր ուսումնական գործունեությունը, ինչը դասավանդողին օգնում է գնահատելիս։ Բայց գնահատման այս բոլոր ձևերը մի թերություն ունեն. որոշակի ժամանակահատվածի համար ընդունում են որոշակի պարտադիր ծավալ, որն էլ այսպես թե այնպես բաժանում են երկու՝ կատարած ու չկատարած մասերի։ Այսպիսով, եթե իր գնահատականից սովորողը դժգոհ է, նա պիտի բևեռվի չկատարածի վրա, իր համար պարզի՝ ինչու չի կատարել, ընտրություն անի իր անճարակ և առաջադրանքի անիմաստ լինելու միջև։ Մի՞թե կրթության նպատակը սա է։ Չարածը գնահատելը չարածի վրա կենտրոնանալն է, որ հանգեցնում է թերարժեքության, ընդվզման կամ ապատիայի։
Բայց մեզանում կա գնահատման ևս մի ձև, որ կիրառվում է հիմնականում շրջանավարտների համար։ Ամեն տարի շրջանավարտներն իրենց նախաձեռնությամբ, ուսուցիչների խորհրդով ու օգնությամբ իրենց անհատական կամ խմբային ցուցահանդեսն են բացում, համերգ կամ ներկայացում են տալիս, իրենց տաղանդի կամ կուտակած հմտության ցուցադրումն անում հնարավոր որևէ ձևով։ Շրջանավարտն օրն իրենն է համարում։ Հրավիրում է իր հարազատներին, ընկերներին, բարեկամներին՝ իր համար կարևոր մարդկանց, որոնք տեսնում ու գնահատում են իր ձեռքբերումը։ Սովորողն իրեն գնահատված է համարում, բավականության զգացում է ունենում, ուրախություն է ապրում՝ իր խմբի, իր հանրության ուշադրության կենտրոնում լինելով։ Եթե սովորողը գիտի, որ ներկայացնելու է իր ձեռքբերումը, նա պատրաստվում է դրան, ձեռք է բերում անհրաժեշտ հմտություններ, որոշում է ներկայացման ձևաչափը, խորհրդակցում է ուսուցիչների, ընկերների հետ, լրացնում է և՛ նյութին, և՛ ներկայացման կազմակերպմանն առնչվող անհրաժեշտ գիտելիքները, տարբեր մարդկանց հրավիրելու տարբեր ձևեր է մտածում, մշակում է իր խոսքը, պատրաստում անհրաժեշտ հագուկապը ու նման շատ բաներ։
Մեթոդը սովորողին ինքնավստահության, գնահատվածության զգացում է տալիս, իսկ մինչ ներկայանը լավ մոտիվացիա է ստեղծական աշխատանք անելու։ Ու եթե այդպես է, ինչո՞ւ սա կիրառենք միայն շրջանավարտների ուսումնառությունը գնահատելու համար։ Չփորձե՞նք այսպես գնահատել բոլոր նրանց կրթական առաջադիմությունը, ովքեր պատրաստ կլինեն ներկայանալու։
Անցյալ ուսումնական տարում փորձեցի որոշ սովորողների նման ներկայացման դրդել։ Առաջարկեցի ընտրել ամենաակնառու ձեռքբերումը ցանկացած բնագավառից և ներկայացնել։ Եղան սովորողներ, որ համաձանեցին։ 10-րդ դասարանցի Լիլիթն, օրինակ, ներկայացրեց տարվա ընթացքում իր հավաքած ձայնադարանը՝ բաղկացած սեփական ձայնանյութերից։ Իսկ Շուշանը մինի սեմինար անցկացրեց հոգեբանության շուրջ՝ օգտվելով հոգեբանի հետ հանդիպումների իր փորձից։
Մայիսյան հավաքի մաս կազմած այս ցուցադրությունները ընկալվեցին հավաքի տրամաբանությամբ՝ չունեցան նախատեսված հնչեղությունը անհատի համար, բայց առաջին քայլ եղան գնահատման նշված եղանակի համար։ Ահա՝ այս տարի առաջին շրջանի ամփոփմամբ հունվարյան ճամբարի ժամանակ արդեն ավելի շատ սովորողներ են մտադիր ներկայանալ սեփական ձեռքբերումներով։ Ուրեմն՝ առաջին քայլը արդյունավետ է եղել։ Բայց զարգացումն ապահովելու համար հարկավոր է երկրորդ քայլն էլ անել. հարկավոր է հետաքրքրվածություն ցուցաբերել, հարցեր տալ, ուրախանալ պատասխաններով, սովորողի անհատական տոնը դարձնել այդ օրը, նվեր (բայց ոչ մրցանակ) նախատեսել, եթե իրենք չեն համարձակվում, դպրոցից պաշտոնապես հրավերներ ուղարկել ծնողներին՝ շեշտելով, որ կարող են իրենք էլ հրավիրել՝ ում կամենան։ Մի խոսքով՝ հիշարժան օր ստեղծել երեխայի համար նկարներով, տեսանյութերով, լուսաբանումներով կայքում ու ենթակայքերում։ Իհարկե, ոչ բոլորն են հակված հրապարակային ներկայացման։ Դա մեծապես կախված է նաև սովորողի խառնվածքից։ Այստեղ պիտի մանկավարժի ուշադիր աչքը նկատի սովորողի աճը և ձև գտնի ամենաֆլեգմատիկին էլ ներկայացնելու (օրինակ՝ կազմել տա նրա գրառումների ժողովածուն, նրա ընկերներից մեկին առաջարկի ներկայացնել, օր նշանակել, փորձել նրան հակել իր սովորածը արժևորելուն)։
Երբ մարդ կենտրոնանում է իր ձեռքբերման, ոչ թե չարածի վրա, հասկանում է, որ ինքը ունակ է։ Երբ սովորողին գնահատում ես հատակապես իր առանձնահատուկ ձեռքբերման համար, նա հասկանում է, որ ինքը յուրահատուկ է, ուրիշների հետ համեմատվելու անհրաժեշտություն չունի։ Երբ ուրախանում ես սովորողիդ ձեռքբերումով, նա հասկանում է, որ սիրված է ու շրջապատված բարությամբ, սիրաշահելու համար ջանք թափելու, զիջումներ անելու անհրաժեշտություն չունի։
Հույս ունեմ, որ գնահատման այս մեթոդը դեռահասների մեջ որոշակի արժեքների նկատմամբ հարգանք կծնի։ Չեմ բացառում, իհարկե, որ շատ սովորողներ էլ անտարբեր կմնան՝ իրենց կրթության, առաջադիմության ու հաջողությունների պատասխանատվությունը թողնելով մեծերին՝ ծնողներին ու դասավանդողներին։ Բայց այս երևույթը ուրիշ քննարկման նյութ է։