‹‹Մխիթար Սեբաստացի›› կրթահամալիրում ուսումնական գործընթացն արդեն որերոդ տարին է կազմակերպվում է ուսումնական օրացույցով: Ուսումնական օրացույցն իր մեջ ներառում է ազգային տոներ, ծեսեր, ստուգատեսներ, հայտնի մարդկանց ծննդյան օրեր, կրթահամալիրի պատմության ընթացքում նշանավոր դարձած օրեր: Օրացույցն իր մեջ ներառում է նաև կրթահամալիրի ամենօրյա գործունեության աշխատակարգը` ամենշաբաթյա սեմինար-պարապմունքներ, ամառային, ձմեռային, աշնանային և գարնանային դպրոցներ, ֆլեշմոբեր, մեդիաուրբաթներ…
Ուսումնական օրացույցի գործառույթներն են.
- Ուսուցման կազմակերպում
- Ուղղորդում դասավանդողին
- Ուսուցման գործընթացին սովորողի ինքնուրույն նախապատրաստում
- Ճանաչողական նշանակություն
- Հայրենագիտական նշանակություն
Ուսումնական օրացույցի նախագծերը պարտադիր չեն բոլորի համար: Քանի որ կրթահամալիրում իրականացվում է հեղինակային կրթական ծրագիր, և յուրաքանչյուր դասավանդող ինքն է իր ծրագրի հեղինակն ու կազմողը, հետևաբար` կարող է օրացույցից ընտրել այն նախագծերը, որոնք համապատասխանում են իր սովորողների տարիքային խմբին: Ուսումնական օրացույցը քարացած և անփոփոխ չէ. յուրաքանչյուր տարի այն քննարկվում է դասավանդողների, սովորողների և ծնողների հետ: Անհրաժեշտության դեպքում օրացույցում կատարվում են փոփոխություններ` դուրս են գալիս որոշ նախագծեր, ավելանում են նորերը…
Յուրաքանչյուր տարվա սկզբին կազմում եմ իմ ուսումնական օրացույցը, որի հիման վրա գրում եմ ուսումնական նախագծեր:
Ուսումնական նախագիծը ուսումնաճանաչողական, ստեղծագործական, խաղային համատեղ գործունեության մի ձև է նախագիծն իրականացնողների միջև, որոնք ունեն ընդհանուր նպատակ և խնդիրներ:
Նախագծային ուսուցումը սովորողի համար լավագույն միջոցն է ներկայանալու՝ ինչպես խմբային աշխատանքներում, այնպես էլ՝ անհատական: Այն հնարավորություն է տալիս սովորողին ինքնաարտահայտվելու, իր կարողություններն ամբողջ ուժով ներկայացնելու, ստեղծելու: Խմբային աշխատանքը նախագծերի իրականացման լավագույն ձևն է, այն առաջարկում է մի շարք խնդիրների լուծումներ, զարգացնում է սովորողների թիմային, համագործակցային հմտությունները:
Յուրաքանչյուր նախագիծ ունի իր արդյունքների բաժինը, որտեղ երևում է, թե սովորողը նախագծի ընթացքում ինչ է սովորել, ինչ հմտություններ է ձեռք բերել: Յուրաքանչյուր նախագիծ ներառում է «Իմացումի հրճվանք» ուսումնական փաթեթի բոլոր բաղադրիչները: Անդրադառնամ դրանցից մեկին:
Երկրորդ դասարանի սկզբին, երբ արդեն գրավոր խոսքը քիչ թե շատ յուրացվել էր, առաջ եկավ անհրաժեշտություն աշխատել նաև բանավոր խոսքի կատարելագործման ուղղությամբ: Նախագծերը մշակելիս կարևորեցի բանավոր խոսքը զարգացնող առաջադրանքների փաթեթի կազմումը: Նախագծերի համար ընտրեցի ընթերցանության փաթեթներ՝ Հ. Թումանյանի հեքիաթներն ու բանաստեղծությունները, Աղայանի, Խնկոյանի առակները, Ռոդարի, Բիսեթ, Աստրիդ Լինդգրեն… Սովորողներն ընթերցում էին հանձնարարված փաթեթները, անծանոթ բառերը դուրս գրում, զրուցում, պատմում, նոր սկիզբ և ավարտ հորինում, իրենք էին ստեղծագործում, խաղում, վերլուծում, նկարում դրանք: Նյութերը յուրացնելուց հետո անպայման ձայնագրում էինք դրանք և միասին լսում: Սովորողները, լսելով իրենց խոսքը, շտկումներ էին անում, փորձում ավելի լավ աշխատել:
Այս նախագծերը նաև դարձան ընտանեկան: Շատ դրական արձագանքեցին ծնողները. պատմում էին երեխաների ոգևորվածության, մտածելու կարողության, ներկայանալու ձևեր փնտրելու, առաջարկելու, շատ ընթերցելու մասին: Ընտանեկան նախագծերի օրինակներ.
«Շունն ու կատուն», դերերում՝ Աստղիկ և Կորյուն Գաբոյաններ
Կարդում է նրանց մայրիկը՝ Վերոնիկա Բուռնուչյանը
«Չարի վերջը» կարդում են Արեն Համբարձումյանը, մայրիկը և մայրիկի ընկերուհին
«Կիկոսի մահը» կարդում և խաղում է Անի Հարությունյանը
Մյուս նյութերը` իմ բլոգում:
Սովորողները բերանացի գիտեն բոլոր այն ստեղծագործությունները, որոնք ընթերցում ենք նախագծերի ընթացքում: Դա նրանց ինքնավստահություն է հաղորդում, նրանք առանց կաշկանդվելու կարողանում են ներկայացնել իրենց իմացածը:
Այս ուսումնական տարվա մեր ձեռքբերումներն եմ համարում.
- Սովորողները ազատ ընթերցում են տարբեր բնույթի տեքստեր (տեղեկատվական, հեքիաթ, առակ և այլն)
- Հասկանում են ընթերցածը
- Կարողանում են վերլուծել, իմաստը հասկանալ
- Զարգացել է նրանց ստեղծագործական երևակայությունը
- Ավելի հստակ են իրենց միտքը ձևակերպում
- Խոսքն ավելի հստակ է դարձել (տեսեք նաև սա)
- Սիրում են ընթերցել, իրենք են առաջարկում ընթերցանության նյութեր
Նախագծային ուսուցման ընթացքում յուրացվում են «Իմացումի հրճվանք» ծրագրի բոլոր բաղադրիչներըը, որոնք համապատասխանում են պետական չափորոշիչներին: Փորձեցի հակիրճ ներկայացնել իմ ուսումնական օրացույցի և նախագծային ուսուցման առավելությունները մեկ բաղադրիչի օրինակով, բայց նույն կերպ է կազմակերպվում նաև մնացած բոլոր բաղադրիչների ուսուցումը. ահա դրանք` մաթեմատիկական գործունեություն, տեխնոլոգիական, մեդիա գործունեություն, մարմնակրթություն`հեծանիվ, լող, խոհանոցային գործունեություն, ինքնասպասարկում և այլն…
Արդյունքները կարող եք տեսնել նաև իմ բլոգի համապատասխան բաժիններում, Հավաքից հավաք` 2016-2017 ենթաբաժնում:
Խմբագիր՝ Արևիկ Ներսիսյան