Ես ուզում եմ շարունակել իմ ընկերների սկսած թեման` ընտանեկան դպրոց: Եվ ուզում եմ կենտրոնանալ ընտանեկան դպրոցում մանկավարժական աջակցության վրա։
Ընտանեկան դպրոցի մասին նախ ուզում եմ ասել, որ դա բոլոր ժամանակներում գործող դպրոցն է, որ կա՝ անկախ ամեն ինչից։ Երեխան ծնվում է ընտանիքում, և ընտանիքը նրա առաջին կրթիչն է. ուղղակի դպրոցն իր վրա վերցնում է ավելի մեծ բեռ, քան կարող է տանել։ Լավ է, որ այսօր նորից առաջին պլան է եկել ընտանեկան դպրոցը։ Իսկ մենք՝ գործող հանրակրթական դպրոցը, ուսուցիչներս, խոստացել ենք, որ ընտանիքին մենակ չենք թողնի այս փուլում, երբ ֆորմալ կրթությունը այդքան կարևորված է, և ընտանիքը մնացել է առանց դրա։
Ընտանեկան կրթությանը կազմակերպական և բովանդակային աջակցության մասին։
Հեղինակային կրթական ծրագրով սովորողի կրթությունը կազմակերպվում է անհատական պլանով։ Դպրոցն էլի կարող է ապահովել այդ անհատական պլանի ձևավորումը, բայց դա կլինի ուրիշ անհատական պլան այլ բովանդակությամբ և այլ կազմակերպմամբ. արդեն առաջ կգա սովորողի, ընտանիքի նախասիրությունները, նախընտրությունները, մասնագիտական կողմնորոշումը, մասնագիտական հնարավորությունը, այսինքն՝ ի՞նչ է անում մայրիկը, հայրիկը, տատիկը, պապիկը, և այդ աշխատանքը կմտնի սովորողի անհատական պլան։
Երկրորդը ուսումնական բլոգների ամբողջական գործարկումն է, այդ անհատական պլանի արտացոլումն ուսումնական բլոգում։ Ինչպե՞ս է սովորողը տանը աշխատում. դա պետք է երևա նրա անհատական բլոգում, որպեսզի դպրոցը կարողանա հետևել և նաև աջակցել։
Երրորդը ծնողի, սովորողի հետ այդ ընտանեկան կրթության բովանդակությունն ու կազմակերպումը քննարկելն է։
Մյուս աջակցությունը կլինի արված աշխատանքները խրախուսելը, այսինքն՝ լավ, գտնված օրինակները բերել դպրոցի ենթակայք, կայք, տարածելը սոցիալական ցանցով. դա մեծ աջակցություն կլինի ընտանիքին և լավ օրինակ ունեցող ընտանիքին և այն ընտանիքին, որ դեռ չի կողմնորոշվել, թե ինչ պետք է անի։
Սովորողները տարբեր են. մի սովորող կարող է ամբողջությամբ ինքնուրույն լինել, ինքը խորանալ իր հետաքրքրությունների մեջ, ինքն ուսումնասիրել, ստեղծագործել, անել ինչ-որ ուսումնական աշխատանք, զբաղվել դրանով ինքնուրույն։ Այդ սովորողներին պետք է չխանգարել, չշեղել, ընդամենը պետք է հարցնել, թե ինչ է անում, ընդամենը պետք է միջավայր ստեղծել, որտեղ նա կուզենա պատմել։
Կան երեխաներ, որ կպած են իրենց ծնողներից, հետաքրքրված են նրանց գործունեությամբ։ Ընտանիքը, հայրիկը, մայրիկը, որպես մասնագետ, պետք է թույլ տան երեխային, որ նայի կողքից, որ օգնի իրենց, ինչ-որ առաջադրանք տան։ Երեխայի համար շատ ուսումնական զբաղմունք կարող է լինել ուղղակի հետևելը, թե ինչ է անում մայրիկը, որպես հեռավար աշխատանք, իր մասնագիտական գործունեությունն ինչպես է իրականացնում։ Հաստատ կարող է օգտակար լինել ինքը ծնողին, այդ մասնագիտական գործունեության մեջ՝ փոքր առաջադրանքներ կատարելով, անպայման օգտակար ծնողներին։
Եվ վերջապես, կարող է երեխան չհետաքրքրվել ծնողի գործունեությամբ, բայց հետաքրքրվել այն նախագծերով, որ առաջարկել է ուսուցիչը։ Այստեղ օգնության կգա հուշումը՝ մանկավարժական, ուսուցչի՝ որպես նախագիծ։ Ուսուցիչը կարող է առաջարկել որպես նախագիծ և՛ աշխարհի անցուդարձը (այսօր աշխարհում ի՞նչ է կատարվում, տարբեր երկրներ ինչպե՞ս են արձագանքում կատարվողին, ի՞նչ է փոխում էդ կորոնավիրուս-թագավարակը աշխարհում, հարաբերություններում՝ պետությունների, մարդկանց. կարող են լինել սովորողներ, որոնց դա հետաքրքիր է), և՛ ուսումնասիրություններ՝ ըստ այլ նախասիրությունների, կարող են լինել ֆիլմի դիտումներ, ընդ որում ոչ միայն գեղարվեստական ֆիլմերի, այլ նաև գիտահանրամատչելի… Առաջարկները կարող են ընդհանուր-մշակութային լինել՝ վիրտուալ թանգարաններ, արվեստագետների կայքեր, գիտնականներ, գիտնականների կայքեր, գրողներ․․․ Այսինքն՝ այնքան շատ նյութ կա համացանցում հիմա, որ սովորղը կարող է գտնել իրեն հետաքրքիրը և խորանալ իրեն հետաքրքրող բնագավառում։
Այս ամենը կօգնի, որ սովորողը բացահայտվի, այսինքն՝ հստակեցնի վերջապես իր մասնագիտական կողմնորոշումը, ինքն էլ գնահատի, թե որն է իրեն հետաքրքիր։ Դրա ժամանակը հիմա նա ունի. կարող է առկա դպրոցը ինչ-որ առումով իրեն խանգարել է, որ խորանա իր սեփական հետաքրքրությունների մեջ։ Եվ դա պետք է համարել բավարար ուսումնական աշխատանք։ Մնում է, որ սովորողը իր աշխատանքը ներկայացնի։
Ուսուցիչն էլ, դպրոցն էլ իրենց գործը պետք է դարձնեն հետևելը այդ աշխատանքին, հետևելը և՛ սովորողին օգնելու համար, և՛ իրենց առարկայական ծրագրում, իրենց գործունեության մեջ, կրթական ծրագրում փոփոխություններ նախագծելու համար։ Երբ սովորողները իրար չեն ծածկում կամ իրարով չեն թաքնվում, ինչպես ֆիզիկական միջավայրում է, դպրոցի ղեկավարը, կազմակերպիչը, դասվարը, ուսուցիչը ուսումնասիրելու լավ հնարավորություն ունեն՝ ինչն են սովորողները կամավոր ստանձնում՝ որպես իրենց գործ, ինչն է ի վերջո, հարկադրվում, ով ինչ նախասիրություն ունի՝ ինչն է առաջինը, սրտանց անում, ինչը՝ մի կերպ, կամ չի անում։ Ինչը ոչ մեկը չի անում, ինչու։ Այդ ուսումնասիրությունները կրթական ծրագրի զարգացման հիմնավորումներ կարող են լինել։ Պետք է սովորողների գործողությունների մեջ «մեսիջները» գտնել։ Այս հեռավար դպրոցը, ընտանեկան կրթությունը պետք է օգնեն ֆորմալ, առկա դպրոցին, որպեսզի նա զարգանա, կրթական ծրագրում փոփոխություն անի, կազմակերպման մեջ փոփոխություն անի, այդ թվում՝ նաև կազմակերպման առկայի և հեռավարի չափաբաժանի մեջ ճշգրտումներ անի, նաև ուսումնական պլանով։