Ուսուցումը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում նախագծային է։ Նախագիծը տվյալ ուսումնական նյութի մշակված, հստակեցված տարբերակն է, որը ունի նպատակ, հատուկ նշված ժամանակահատված, որի ընթացքում էլ պետք հասնել արդյունքին։ Նախագծում նշվում են նաև խնդիրները, քայլերը՝ արդյունքին հասնելու համար։ Այն ունի նաև նկարագրության բաժին, որտեղ մանրամասն գրվում է նախագծի ընթացքը՝ ինչպես ենք պատրաստվում իրականացնել։ Կարևոր պայման է, որ վերջնարդյունքը տեսանելի լինի։ Նախագծային ուսուցումը կազմակերպվում է ստուգատեսների, ծեսերի, ուսումնական ճամփորդությունների, ուսումնահետազոտական ճամբարների միջոցով՝ կրթահամալիրի ուսումնական օրացույցի հիման վրա: Յուրաքանչյուր դասարան ունի իր դասարանական օրացույցը, որտեղ ամեն ամիս հրապարակվում են նախագծերը։ Առաջին դասարանի սովորղները «Մուտքից» սկսած արդեն ծանոթանում են նախագծերին, սկսում են աշխատել նախագծային ուսուցմամբ։ Ընթացքում ամեն ամիս սովորողների հետ խոսում ենք, քննարկում նախագիծը և սկսում աշխատել։ Այսպես սկսկում ենք «Կոմիտասյան օերեր», «Ես» ուսումնական նախագծերից և ամբողջ տարին շարունակում ենք ամենատարբեր նախագծերի անդրադառնալ։ Ամեն անգամ ուսումնական նախագիծ իրականացնելիս մանրամասն քննարկում ենք սովորողների հետ՝ ինչու է այն այդպես անվանվում, ինչու ենք իրականացնում հենց այս ժամանակահատվածում, ինչ պետք է անենք, ինչ ենք սովորելու, որն է մեր հիմնական նպատակը։ Այսպես՝ սովորողներն առաջին դասարանում ծանոթանում են նախագծային ուսուցմանը, մասնակցում են իրականացմանը և դառնում են կրողն ու տարածողը։
Երկրորդ ուսումնական տարում ՝ երկրորդ դասարանում, սովորողներն ավելի մեդիահմուտ են, կարողանում են արդեն օգտվել դասարանական բլոգից։ Արդեն նախագծերն ուղարկում ենք սովորողներին, իրենք էլ են կարդում, ծանոթանում ոչ միայն բովանդակությանը, այլև՝ նախագծի կաղապարին՝ կետերին, ինչ է ներառում նախագիծը։ Երրորդ դասարանում բլոգավար սովորողներն իրենց բլոգներում հրապարակում են նախագծերը։ Հատկապես ճամփորդելիս կետ առ կետ կարդում են նախագիծը, ծանոթանում ընթացքին, նախապատրաստական փուլին։ Իրենք մինչև ճամփորդելն արդեն գիտեն՝ ուր են գնում, ինչ նպատակով, երբ են վերադառնալու։ Երրորդ դասարանում մենք ավելի մեծ հնարավորություններ ենք ունենում, քանի որ սովորողները մեդիահմուտ բլոգավարներ են, իրենց անծանոթ չէ նախագծային ուսուցումը։ Նաև ընտանեկան նախագծեր ունենք, որոնք իրականացնում են տանը՝ ընտանեկան դպրոցում, ծնողների, ընտանիքի անդամների հետ։ Միասին կարդում են նախագիծը և աշխատում։ Այսպես նաև ծնողական համայնք է ծանոթանում նախագծային ուսուցմանը։ Տեսնելով սովորողների աշխատանքը, նախագծից օգտվելու կարողությունը՝ որոշեցինք հունվարյան ճամբարին սովորողներին հնարավորություն տալ գրելու իրենց անհատական նախագծերը։ Շատ լավ հնարավորություն էր ծանոթանալու և բացահայտելու սովորողների նախասիրությունները, նախագծային ուսուցման ընթացքում նրանց ձեռք բերած կարողությունները։ Ընդ որում՝ սովորողներին առաջարկեցի նախագիծ գրել․ յուրաքանչյուրը պետք է գրեր իր նախագիծը, ինքը որոշեր այն իրականացնելու ժամանակահատվածը, պայմանները, տեղը։ Բոլորը մեծ ոգևորությամբ ընդունեցին առաջարկը, իրենց գրավեց այն միտքը, որ իրենք նոր նախագիծ պետք է գրեին և ազատ էին գրելու և իրականացնելու հարցում։ Սկսելուց առաջ որոշեցի քննարկել սովորողների հետ՝ համոզվելու համար, որ իրենք հասկացել են՝ ինչ պետք է անեն, ինչպես պետք է գրեն։ Բոլորն սկսեցին թվարկել՝ ինչպես են սկսելու, ինչ կետեր պետք է ունենա իրենց նախագիծը։ Յուրաքանչյուրն ինչպես ընկալել էր, հասկացել նախագծի կաղապարը, այդպես էլ նկարագրում էր։ Հետաքրքիր էր՝ շատերը նախագծում նշվող խնդիրները անվանում էին «քայլեր», բացատրում այսպես՝ «Ինչ պետք է անենք , որ հասնենք մեր նպատակին, ինչ դժվարություններ պետք է հաղթահարենք, որ իրականացնենք նախագիծը»։ Այսպիսի բացատրությունից ու քննարկումից ոգևորված՝ սկսեցի անհամբեր սպասել իրենց աշխատանքներին։ Իմ ոգևորությունն ավելի մեծացավ և սկսեցի ընթացք տալ նախագծին, հատկապես, երբ տեսա սովորողների ցանկությունը։ Մին այդ մտավախություն կար, որ կդժվարանան, գուցե չկարողանան այս տարիքում նախագիծ գրել, դժվարությունը կբերի դժգոհություն և հիասթափություն։ Բայց առաջարկն այնքա՜ն բուռն ընդունվեց, բոլորն սկսեցին արձագանքել։ Սովորողներին բացատրեցի, որ այս նախագծի նպատակն է իրենց նախագիծ գրել սովորեցնել և իրենց նախընտրած ժամանակահատվածում աշխատել ու զբաղվել այն ամենով, ինչն իրենց ամենաշատն է դուր գալիս։ Սկսեցին պատմել իրենց նախասիրությունների մասին․ մեկը կենդանի էր պահում, շատ մանրամասներ գիտեր խնամքի, կերակրելու մասին, մյուսը շատ էր սիրում հայրկի հետ արշավել և լուսանկարել բնությունը, սովորողներից մեկը սիրում էր մայրիկի հետ խոհանոցում աշխատել։ Այսպես՝ սկսեցին մեկը մյուսին մտքեր տալ, ուղղորդել, և ամեն մեկն սկսեց թվարկել իր նախասիրությունները։ Հենց այսպես էլ ընտրեցին իրենց թեմաները։ Երբ արդեն թեման ընտրված էր, մնում էր բերել նախագծի տեսքի։ Իրենց դասարանական բլոգում շատ նախագծերի օրինակներ կային, իմ խորհրդով օգտվեցին այդ նախագծերից, մեկ անգամ էլ ուսումնասիրեցինք նախագիծ գրելու կաղապարը, առանձնացրինք կարևոր կետերը, և սկսեցին գրել։ Միասին խմբագրեցինք, վերնագրեցինք (եթե կային սովորողներ, ովքեր թեման ընտրել էին, բայց դժվարանում էին վերնագրել). միասին քննարկում էինք տարբերակներ, իրենք ընտրում էին։ Ես հետևում էի և հիանում։ Դասաժամ էինք ընտրել, որի ընթացքում սովորողները աշխատում էին և խմբագրում իրենց նախագծերը։ Նախ մինչև նախագծի նպատակին հասնելը սովորողները պետք է անդրադառնային իրենց առանձնացրած խնդիրներին։ Պետք է աշխատեին բլոգում, համացանցից գտնեին համապատասխան տեղեկատվական նյութը, կարդային, խմբագրեին, հրապարկեին։ Քայլ առ քայլ հասնեին իրականացմանը։ Մենք ամեն շաբաթ կարդում էինք նախագծերը, աշխատում, հրապարակում, քննարկում ընթացքը։ Շատերն այնպիսի նախագծեր էին գրել, որոնց իրականացմանը պետք է մասնակցեին նաև ընտանեկան դպրոցի անդամները։ Այս ընթացքում սովորողները տանը ներկայացրել էին իրենց աշխատանքը, քննարկել, բացատրել՝ ինչպես պետք է սկսեն և ավարտեն։ Ծնողները հաճախ էին դիմում՝ ինչպես պետք է անեն, ինչ նախագծի մասին է խոսքը։ Այնքան հաճելի էր ծնողներին պատասխանել․ «Սովոորղների անհատական նախագծերն են, իրենք են հեղինակը, իրենք են գրել, ըստ իրենց նախագծի՝ որոշել ժամանակահատվածը։ Ինչպես կասեն, այդպես էլ պետք է իրականացնել և հետևել ժամանակացույցին»։ Այնքան էին ոգևորվել սովորողները, այնքան մեծ պատասխանատվությամբ էին մոտենում նախագծերին, որ կարիք չկար անընդհատ հիշեցնել դրանց մասին՝ մանավանդ այնդեպքերում, երբ ամփոփումը պետք է իրականացվեր ընտանեկան դպրոցում։ Մենք մի շրջան ապրում էինք իրենց նախագծերով, ամեն մեկը կիսվում էր իր աշխատանքով, պատմում էին՝ որ փուլում են, ինչ են արել, ինչ են որոշել անել հայրիկի կամ մայրիկի հետ, որ ավելի հետաքրքիր լինի արդյունքը։ Ծնողներն էլ էին ակտիվ մասնակցում իրենց երեխաների նախագծերի իրականացմանը՝ նույնքան պատասխանատվությամբ և ոգևորությամբ։ Սովորողների հետ սովորեցինք նաև նախագիծը ճիշտ ամփոփել, վերջում հղումներով հավաքել արդյունքները։ Սա ևս նոր հմտություն էր, որ սովոորղները սովոորեցին այս ընթացքում։ Ինձ համար դժվար կլիներ հետևել սովորողների աշխատանքին, համակարգել, եթե սովորողները ոչ միայն չկարողանային ինքնուրույն աշխատել, այլև ցանկություն չունենային, պարտադրված անեին։ Եվ, ամենակարևորը, իրենք այս աշխատանքին չէին վերբերվում որպես առաջադրանքի։ Իրենց սիրելի զբաղմուքն ու աշխատանքն էր դարձել։ Այնքան սիրով էին աշխատում, խոսում իրենց նախագծերի մասին։ Ամեն անգամ գալիս էին ու պատմում․ «Տեսե՞լ եք՝ ես նոր նյութ եմ գտել համացանցից, մայրիկիս հետ որոշել ենք այսպես իրականացնել այն» և այլն։ Ոչ ոք չէր լարվում, չէր անհանգստանում, սիրով, համբերատար աշխատում էին՝ կարծես այդպես էլ պետք է լիներ, կարծես իրենք առաջին անգամ չէին նախագիծ գրում և իրականացնում։
Հիանալի էր արդյունքը։ Սովորողները գրեցին, մշակեցին ամենատարբեր և հետաքրքիր նախագծեր, կարողացան նաև ճամբարին ներգրավել իրենց ծնողներին, ինչպես նաև նախագիծն իրականացնել ծնողների մասնակցությամբ։ Շատ ոգևորող շրջան էր բոլորիս՝ սովորողների, ծնողների, ինձ համար։ Բոլորը «մեծ սեբաստացների» համար աշխատում էին, խմբագրում նախագծերը, ավելացնում արդյունքները։ Միասին դիտարկում էինք, քննարկում, հետևում էին մեկը մյուսի նախագծի արդյունքներին, ոգևորում իրար։
Սովորողների անհատական նախագծերը՝
- Էլանա Շահվերդյան- «Իմ Էջմիածին»
- Նարեկ Քեշիշյան-«Իմ քաղաքի պատմությունը»
- Ինեսա Թորոսյան-«Իմ ընտանի կենդանին»
- Էմիլի Շահվերդյան-«Ազգային խոհանոց»
Մեր նախագիծը շարունակական էր։ Քանի որ վստահում էի սովոորղներին, իրենք էլ մեդիահմուտ բլոգավարներ լինելուց բացի արդեն նաև նախագիծ ստեղծող, մշակող, իրականացնող և տարածող սովորողներ էին, 2022-2023 ուսումնական տարում շարունակեցին համագործակցել՝ արդեն որպես 4-րդ դասարանի սովորողներ։ Այնքան էր իրենց դուր եկել նախագիծ գրելը, որ հունվարյան ճամբարին, երբ առաջարկեցի շարունակել աշխատանքը, մեծ ոգևորությամբ նախագիծ գրեցին և մասնակցեցին։ Այս անգամ էլ «Սովորող-սովորեցնող» նախագծի շրջանակում գրեցին նախագծեր առաջին դասարանի սովորողների համար։ Նրանց հետ իրականացրին նախագիծը։ Այս անգամ էլ գրավել էր այն միտքը, որ իրենց նախագիծը պետք է իրականացնեն առաջին դասարանի սովորողների հետ։ Իրենց հեղինակային նախագծի կրողը պետք է լինեն կրտսեր սեբաստացիները։
Թո՛ւյլ տվեք թևեր ունեցող երեխաներին ճախրել, արթնացրե՛ք իրենց մեջ ստեղծական, երևակայան ոգին և կտեսնեք ՝ ինչ ճախրանքներ են կատարում այդ փխրուն թևերը․ «Կրթությունը արթնացնում է թևեր ունեցող երեխային, բացահայտում է նրա էությունը, սովորեցնում է թռչել մտքի արագությամբ՝ բարձր, հեռու»:
Շ. Ամոնաշվիլի
Նախագիծ գրելու դժվարությունների, տպավորությունների մասին են գրում սովորողները․
Խմբագիր՝ Արևիկ Ներսիսյան