Հինգ տարեկանների ուսումնական գործունեությունը կազմակերպվում է նախագծային մեթոդով:Հինգ տարեկանների գործունեության մեջ կարևոր է բազմազանությունը, հետաքրքրությունը, գործունեության տևողությունը։ Նախագծային ուսուցման հիմքում դրված էին մի շարք կարողությունների և հմտությունների ձևավորման, զարգացման խնդիրներ: Ուսումնական գործունեության նպատակն էր զարգացնել ինքնուրույնության, հաղորդակցման հմտությունները, խթանել սաների բանավոր խոսքի, երևակայության, ստեղծականության զարգացմանը, կազմակերպել տրամաբանելու, արագ կողմնորոշվելու, հաշվելու, համեմատելու, չափումներ անելու հմտությունների զարգացում և այլն: Տարվա ընթացքում իրականցված ուսումնական նախագծերը, ինչպես նաև, յուրաքանչյուր հինգշաբթի անցկացվող ամսիկները նպաստեցին, որպեսզի բացահայտենք յուրաքանչյուր սանի, ընկալենք յուրաքանչյուրի անհատական առանձնահատկությունը, նպաստենք ամեն մեկի ինքնուրույն և կազմակերպված լինելուն։

Պետք է նշեմ, որ որևէ նախագիծ իրականացնելիս հաշվի ենք առնում խմբի առանձնահատկությունը, հետաքրքրվածությունը, փորձում ենք մասնակից դարձնել յուրաքանչյուրին, իսկ կրթահամալիրում միջավայրն այնպիսին է, հնարավորությունները այնքան շատ ու բազազան, որ ուսուցման գործիք կարող է դառնալ ամեն ինչ:

Այստեղ ուզում եմ անդրադարձ կատարել տարվա ընթացքում իրականացված նախագծերին, դրանց նպատակներին, սովորողների կարողությունների և հմտությունների զարգացման խնդիրներին։

Ուսումնական ճամփորդություններ

Ուսումնական գործունեության անփոխարինելի բաղկացուցիչներից մեկը ուսումնական ճամփորդություններն են: Ընդ որում, դրանք  ոչ միայն հայրենաճանաչողության նպատակ ունեն, այլև լուծում են երեխաների բազմակողմանի զարգացման, սոցիալական-խմբային, ինքնակազմակերպման խնդիրներ։ Դու հնարավորություն ունես ազատ, կենդանի միջավայրում լուծել տարբեր մանկավարժական խնդիրներ, որոնք , իհարկե խմբում մի շարք դժվարություններ են առաջացնում: Սաները հնարավորություն են ստանում միմյանց, ինչո՞ւ չէ, նաև մեզ ճանաչելու, բացահայտելու, միմյանց օգնելու, ընկերանալու, ճանապարհ անցնելու, խոչընդոտներ հաղթահարելու հնարավորություն են ստանում։ Ամսվա նախագծերը կազմելիս անպայման 1 կամ 2 ուսումնական ճամփորդություն եմ ներառում, որովհետև երեխաները սպասում են, սիրում և ոգևորված մասնակցում։ Շաբաթվա մեջ մի քանի անգամ հարցնում են, թե ե՞րբ ենք ճամփորդելու․․․Պետք է նշեմ, որ մինչև ճամփորդելը երեխաները նախապատրաստվում են։ Ծանոթանում են ճամփորդական կանոններին, յուրացնում ենք ճամփորդ լինելու կարևոր տարրերը՝ սկսած հագուստից, սննունդից, վերջացրած՝ օրվա եղանակից։ Շատ կարևոր է ուսապարկի տարողությունը, որ հարմար լինի 5 տարեկան ճամփորդի համար։Ուսումնական ճամփորդության ժամանակ մի քանի գործունեության տեսակները միատեղվում են՝ մաթեմատիկական, լեզվական, ստեղծագործական, երևակայական։ Վերջին ճամփորդության ժամանակ, երբ երեխաները պետք է ճամփորդեին լուսանկարելով, միայն առավոտյան հրճվանքը պետք է տեսնեիք, երբ միմյանց լուսանկարչական տեխնիկան էին ցույց տալիս, ո՜նց էին ուրախանում իրենց իսկ նկարած նկարներով․

Յուրաքանչյուր ճամփորդության հաջորդ օրը տեսանյութը դիտում ենք խմբում, քննարկում, սիրելի պահեր առանձնացնում, ռադիոնյութ ենք պատրաստում,որտեղ սաները պատմում են իրենց տեսածի և լսածի մասին։
Ահա տարվա ընթացքում իրականացված ուսումնական ճամփորդությունները, որոնք կարող են լինել ուղեցույց յուրաքանչյուր դասվարի համար,ով կաշխատի 5 տարեկանների հետ․

Մարզական գործունեություն

5 տարեկանների ծրագրում իրականացվող գործունեության տեսակները փոխկապակցված են և լրացնում են մեկը մյուսին։ Մի գործունեության մեջ ձեռք բերած հմտությունը կարող է կիրառել մի ուրիշ գործունեության մեջ՝ այդպիսով փորձում ենք ապահովել երեխաների ներդաշնակ զարգացումը։ Մարզական գործունեության բաղադիրչները տարբեր են և տարատեսակ՝ լող, հեծանվավարություն, ինքնագլորներ, մարզական տարբեր խաղեր, որոնց համար որպես գործիք կարող են լինել գրեթե ամեն ինչ։ Մտածում ես, եթե սանը չբարձրանա, չթռչի աստիճաններով, չքայլի բազմոցի թիկնակի վրայով, չմտնի-չսողա սեղան-աթոռների տակուվրայով, ինչպե՞ս կարող է ճարպիկ-ճկուն-մարզված լինել, պաշտպանված-անվտանգ լինել: Սեղան-աթոռներն էլ այնքան գրավիչ չեն սաների համար, անշարժությունը չի նպաստում զարգացմանը, մենք դրանք օգտագործում ենք այլ նպատակով՝ սողում ենք, աթոռների վրայով քայլում ենք, նստարանների տակով անցնում ենք, աթոռների մեջտեղում օղակներ ենք դնում ու անցնում, մի խոսքով ինչ մտքներիս գալիս է, անում ենք։ Նստարանի կողքին սովորած մաթեմատիկան անգույն ու անհետաքրքիր է: Բայց երբ հաշվում, չափում-չափչփում է այն ամենն, ինչ իրեն հետաքրքիր է, ինչով իրեն հետաքրքիր է, որտեղ հետքրքիր է, գործողությունը խաղ է դառնում, մնացածը՝ ինքն իրեն է լինում:

Լողուսուցման գնալիս արդեն երեխաներն այնքան հմուտ և ինքնուրույն են անցնում ճանապարհը, որ միայն հիանում ես արդյունքից։ Զույգերով, շարքով, երգով, ընթերցումով Արևելյան դպրոցից հասնում ենք Արևմտյան դպրոց։ Սաներն արդեն ինքնուրույն զգեստափոխվում են, հագուստները  ծալում և դնում  զամբյուղներում, հագնում  լողազգեստները, լողաթափերը, ռետինե գլխարկներն ու ցնցուղ ընդունում։ Այնուհետև ողջունում ենք մեր լողի մարզիչին, ով պատրաստ սպասում է մեզ, միասին  կատարում  մկանները տաքացնող նախավարժանք, որից հետո մտնում  ջուրը։

Մարզական գործունեության տարվա արդյունքները՝

Կանաչ անկյուն

Սաների հետ հենց տարվա սկզբում որոշեցինք ստեղծել խմբասենյակի կանաչ անկյունը։ Նախագծի սկիզբը եղավ այցելություն Ջերմոց-լաբորատորիա, որտեղ Գոհարի Հովհաննիսյանի հետ տարբեր բույսերից կտրոններ առանձնացրեցին, որոնք հետո դրեցինք արմատակալելու ինքնաշեն թաղարների մեջ: Արմատակալած բույսերը հետո տեղափոխեցին իրենց ձեռքով պատրաստած թաղարների մեջ:

Նախագծի վերջին փուլում առանձնացված բույսերի արմատակալած կտրոնները վերատնկվեցին սովորողների ձեռքով պատրաստված ինքնաշեն թաղարների մեջ և նվիրեցինք մայրիկներին։

Շատ հետաքրքիր արդյունք ունեցանք «Դդմածես» նախագիծի ընթացքում, երբ դդումները ուսումնասիրելուց հետո իրականացրեցիք կորիզացան, կորիզները ծլելուց հետո տեղափոխեցինք թափանցիկ պարկերի մեջ, որպեսզի սովորողները կարողանան տեսնեն նաև ծլած դդումների արմատները: Պետք է նշեմ, որ ամեն առավոտ սովոողները մեծ հոգատարությամբ խնամում էին իրենց դդումները, համեմատում են, թե ո՞ւմն է ավելի երկար, ումը՝ կարճ: Երբ դդմի թաղարները արմատակալեցին, տեղափոխեցինք հողի մեջ…

Մեդիագրագիտություն

Հինգ տարեկանների խմբում համակարգիչները սկսեցինք օգտագործել հոկտեմբեր ամսից։ Աստիճանաբար սովորեցինք օգտվել գործիքի հնարավոր մատչելի, ընկալելի ծրագրերից: Սովորեցինք paint ծրագրով նկարել, սկզբում նկարում էինք երկրաչափական պատկերներ, որից հետո փորձեցինք ավելի շատ գործիքներ կիրառել: Այսպես՝ Paint-ը դարձավ ստեղծագործությունները, մեր մտահղացումներն ավելի գեղեցիկ ներկայացնելու գործիք, դարձավ միջոց ստեղծելու մեդիաբացիկներընթերցարաններ, ստեղծելու նաև մեր բառուսուցման մեդիաէջերը՝

Վերջում ուզում եմ անդրադառնալ յուրաքանչյուր հինգշաբթի իրականցվող ստուգատեսերին, որոնց մեջ ամփոփված են գործունեության բոլոր տեսակները, որոնց ընթացքում ցույց է տրվում յուրաքանչյուր սովորողի հմտությունների, կարողությունների աճը, և ստուգատեսներից հետո լրացվում են յուրաքանչյուր ամսվա  դիտարկման թերթիկը: Ճիշտ է՝ ամեն շաբաթ գրվում է նախագիծ, բայց երբ ծանոթանում ես սովորողների հետ, ուսումնասիրում ես նրանց հետաքրքրություններն ու առանձնահատկությունները, փորձում ես արդեն ստեղծված նախագծի իրականացման մեջ անել փոփոխություններ, որպեսզի ապահովես երեխաների ամենաշատ մասնակցությունը: Միջավայրը, որտեղ խաղում է երեխան, պետք է դարձնել ուսումնական՝ չկտրելով երեխային խաղից, իր սիրելի աշխարհից, չարհեստականացնել ուսուցումը, ստեղծել զարգացման ավելի պարզ, արդյունավետ պայմաններ: Իհարկե, պետք է նշեմ, որ եղել է ամսիկ, որի իրականացման ժամանակ ես հասկացել, որ պետք էր այլ ձևով իրականացնել ամսիկը, որպեսզի երեխաներին ավելի շատ հետաքրքրեր, մասնակցությունն էլ՝ լիներ ավելի իրական։Յուրաքանչյուր հինգշաբթից հետո 5 տարեկանների հետ անցնում ենք զարգացման հետաքրքիր, ստեղծական ճանապարհ, որը  հնարավորություն է տալիս բացահայտելու ոչ միայն սովորողներին, այլև՝ ինքս ինձ, տեսնելու ինձ տարբեր իրավիճակներում, արագ կողմնորոշվելու, ելքեր գտնելու, գտնելու ուսուցման առավել ժամանակակից մոտեցումներ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով