«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ստեղծագործական կարողության ձևավորման և զարգացման գործունեությունը սկսում է վաղ տարիքից: 2-4 տարեկաններն ունեն նոր տպավորությունների մեծ պահանջ: Երբեմն չափից ավելի տեղեկատվությունը և շրջապատի ընկալման փուլում արտահայտվելու անհրաժեշտ միջոցների պակասի պատճառով՝ երեխայի հոգեկանի մակարդակում ծագում է բախում: Այդ պատճառով շատ եմ կարևորում տարիքային առանձնահատկության դերը և ստեղծագործական կարողության ձևավորման գործընթացը: Լինելով կրթահամալիրի սան՝ լավ հիշում եմ, գրականության սիրելի ուսուցիչները ցանկացած ստեղծագործությունից հետո ուղղորդում էին` հետևություն արա, նախաբան, վերջաբան գրիր, հետո էլ շարունակիր ստեղծագործությունը, նկարագրիր, բնութագրիր, այլ ստեղծագործության հետ կապիր և այդպես շարունակ: Մտածում ես, տրամաբանում, ստեղծագործում՝ այդ ժամանակ չհասկանալով, թե ինչ պարգև է լավ դպրոցում սովորելը, սիրելի ուսուցիչներ ունենալը: Հիշում եմ՝ մի անգամ Ջ. Ռոդարի հնարքներից «Լճակի մեջ նետված քար», այսպես գրեցի՝
Ա
Ն
Ն
Ա
Հետո յուրաքանչյուր տառի մոտ բառեր գրեցի՝
Ա- անտառ
Ն — նուռ
Ն – նկար
Ա- ավազ
Հետո գրեցի.
-Անտառում ավազով նուռ նկարեցի, հետո նռան փոխարեն նավ գրեցի ու նորից շարունակեցի: Անտառում նավ նկարեցի ավազով և այդպես շարունակ:
Շատ էի սիրում այս հնարքը, ցանկացած բառ վերցնում էի և սկսում էի խաղալ:
Հիմա աշխատելով 2-5 տարեկանների խմբում, սաների հետ ցանկացած իրավիճակ հորինելով՝ խաղի եմ վերածում: 4 տարեկան Մարկը մռութները կիտել էր ու նստել էր սեղանի մոտ:
-Մարկ ջան, ի՞նչ է պատահել։
-Ես Գրիգից նեղացել եմ:
Մոտեցա Մարկին, շոյեցի գլուխը և խաղալով, բեմադրելով ասացի.
-Ուզում ես նեղացիր, ուզում ես լայնացիր, գնա, մտիր ծովում չոփչոփա, թրջվիր, մրսիր, ավազին պառկիր, տաքացիր, հաշտվիր:
Երանելի բերկրանք… Մարկի աչքերը պսպղացին, սկսեց ժպտալ ու ծիծաղել.
-Ի~, ընկեր Աննա, այստեղ ծով չկա:
— Մարկ ջան, ուզու՞մ ես Գրիգին էլ տանես ծով:
Ավելի բարձր ծիծաղեց ու վազեց Գրիգի մոտ:
Հաջորդ օրը նորից նստել էր և թաքուն աչքերով նորից սպասում էր, որ մոտենամ: Ես էլ ձայն չեմ հանում, մեկ էլ մոտեցավ և ասաց.
-Ես քեզանից նեղացել եմ,- ժպտում է:
-Մարկ, ուզում ես նեղացիր, ուզում ես լայնացիր…
Մեկ էլ տեսնեմ Մարկը շարունակում է.
-Ընկեր Աննա, արի գնանք ծով, լողանք, թրջվենք, մրսենք, ավազի վրա պառկենք, տաքանանք ու հաշտվենք: Հասկացա, որ մեր հորինած խաղը շատ է դուր գալիս Մարկին: Մարկը և Գրիգը լավ ընկերներ են: Գրիգը, եթե ինչ-որ բանից նեղվում է, սկսում է լաց լինել: Դե ինչ, որպեսզի Գրիգը չնեղվի և չլացի, հնարքներ է պետք կիրառել: Սկսեցինք իր սիրած թեմաներից խոսել: Օրինակ՝ ռոբոտից, փոշեկուլից, պտուտակներից, լվացքի մեքենաներից կամ հատակի փայտից: Այո, չզարմանաք, 4 տարեկան Գրիգն ամեն ինչի մեծն է սիրում: Երբ առաջին անգամ Գրիգի հետ ծանոթացա, մոտեցավ ինձ, ժպտալով ասաց.
-Ընկե´ր Աննա, ես մեծ եմ, ինձ մեծ հաց տուր, մեծ գդալ տուր:
Մի անգամ էլ նայելով աչքերիս մեջ` ասաց.
-Ընկե´ր Աննա, դու տանն ի՞նչ ունես:
Ժպտացի, Գրիգը շարունակեց հարցեր տալ.
-Ռոբոտ «պիլասոս » ունե՞ս:
Ծիծաղս զսպելով ասացի.
-Փոշեկուլ ունեմ, բայց ռոբոտ չէ:
-Ռոբոտ փոշեկուլը քայլելով մաքրում է, աղբաման ունի: Եթե ռոբոտ չէ, լավ չի մաքրի,-ասաց Գրիգը:
Որպես խմբի դաստիարակ՝ շատ եմ կարևորում սաների բանավոր խոսքի զարգացումը: Սաներն ասելու, պատմելու, երևակայելու, հորինելու, լսելու անդադար հնարավորություն պետք է ունենան: Դաստիարակն անգիր պետք է իմանա և խաղա ազգային խաղերը, մանկական ժողովրդական ճվիկներ, թռնոցիներ, ծափիկներ:
Ազգային խաղերը սերնդեսերունդ փոխանցվող խաղերն են, որոնք խաղում են մեծերով և փոքրերով: 2-5 տարեկանների ամենաուրախ, զվարճալի ու հավես խաղերից են: Օր օրի սաներն ավելի կազմակերպված են խաղում: «Հե~յ, խմբեր», «Ճոպան, ճոպան», «Սագեր, սագեր», «Գոմշակռիվ» ազգային խաղերը սաների սիրած խաղերից են, իրենց ցանկությամբ շատ ենք խաղում խմբում, իսկ հենց տուն են գնում, ընտանիքի անդամներին են ներգրավում խաղի մեջ ու խաղում: Խմբով աշխատելու կարողություն, խոսքի զարգացում, շփում, ընկերասիրություն:
-«Գոմշակռիվը» կատակ խաղ է,- ասաց Վահանը:
Ալեքն էլ ավելացրեց.
-Երբ ուզենք կատակով կռվենք, «Ցուլակռիվ» կխաղանք:
Ծնողական սեմինար-պարապմունքին, որն իրականացնում եմ ամիսը մեկ անգամ, հաճախ եմ ծնողերի և սաների հետ խաղում ազգային խաղեր: Նպատակս մեկն է, որ ծնողներն էլ շատ զբաղվեն երեխաների հետ և հավես խաղեր և ճվիկներ խաղան տանը:
Մի անգամ ծնողական սեմինար-պարապմունքին ծնողների առաջարկով քննարկեցինք, թե ինչ չի կարելի ասել երեխային։
Քրիստաֆորի մայրիկն ասաց․
— Ամոթ բառը չեմ ասում, ամոթ չկա, կա սխալ և ճիշտ, ամեն անձի համար այն տարբեր է:
Կատրինի մայրիկն էլ ասաց, որ իրենց ընտանիքում չի կարելի բարկանալ երեխայի վրա, կարելի է չափի մեջ թույլատրել ամեն ինչ, անգամ չարաճճիություն, միայն իրեն վնաս չտա:
Մարկի մայրիկն ասաց, որ փոքրուց Մարկը ուտել չի սիրել, և ինքը չի էլ ստիպել, հենց «չի կարելիներից » մեկն է՝ կեր վերջացրու, նոր գնա խաղա:
Իգիթի և Օֆելյայի մայրիկն ասաց, որ հենց իրենք են օրինակ ծառայում իրենց բալիկների համար:
Դանիի մայրիկն ասաց, որ երբեք երեխային չեն վիրավորում, ինչքան էլ Դանին չարաճճի է, հանգիստ պատասխանում են, որպեսզի Դանին էլ հանգստանա:
Գևորգի մայրիկն էլ ասաց, որ «չի կարելի չկա», Գևորգը միայն հայրիկին է լսում:
Նաև խոսեցինք ստեղծագործելու, հորինելու, տրամաբանելու կարողությունների մասին: Ցանկալի է, որ մայրիկները երեկոյան իրենց երեխաների համար հեքիաթ պատմեն, ծանոթանան Ռոդարու հնարքներին: Որպես խմբի դաստիարակ՝ ես ամեն օր քնի ժամին հեքիաթ եմ կարդում, հետո միացնում եմ օրորոցային երաժշտություն:
Ջ.Ռոդարիի «Ստեղծագործական երևակայության քերականություն» ձեռնարկը դաստիարակի համար մեթոդապես ամենալավ ուղեցույցն է:
Տարատարիք խմբում հենց միջավայրն է ստեղծագործելու, խաղալու, տրամաբանելու լայն հնարավորություն տալիս, օրինակ՝ ակողնում քնե՞լ, թե՞ ներքնակին։ Ասեմ որ Գրիգը երկու ներքնակ է դնում, որպեսզի պառկի, ուզում է, որ իր անկողինը բարձր լինի: Շատ լավ է, երբ սաներն ազատ են իրենց գործունեության և խոսքի մեջ: Չկա վախ, որովհետև խմբում մեկս մյուսիս լսում ենք, փորձում հասկանալ: Իհարկե, սկզբնական շրջանում երբեմն զվարճալի է ստացվում՝ եթե մեկը ջուր է ուզում խմել, խմբի մեծամասնությունը գնում է ջուր խմելու, կամ այլ գործունեություն եթե մեկն անում է, մյուսներն էլ են անում: Թվում է, թե սաները կրկնօրինակում են: Սովորաբար ամեն խմբում լինում են խելացի, ակտիվ, աշխույժ սաներ-առաջնորդներ, այո՛, այդպես ծնվում են ու իրենց շուրջն են հավաքում բոլորին: 3 տարեկան Գևորգը, եթե որոշել է հեծանիվ քշել, ուրեմն պետք է քշի՝ իր հետևից տանելով ողջ խումբը: Ազատության արդյունքում է ծնվում երևակայելու, հորինելու, մտածելու կարողություն: Այո, ինքնուրույնություն, ինքնասպասարկում, ինքնավստահություն, շոշափում, բացահայտում, տրամաբանում, ոգևորում, գովք, մտքի թռիչք:
Նախակրթարանի ծրագրով մարտ–ապրիլ ամիսները Աղայան-Ռոդարի ստուգատես է:
Ղ. Աղայանի «Սագ», «Կատու» և «Արևի հրամանը» ստեղծագործությունները խաղացել ենք ազգային խաղով` ռոդարիական հնարքներով բեմադրելով: Հավես եռուզեռ, սաներն այնքան են ներգրավում խաղի մեջ, որ ավելի արագ են յուրացնում ստեղծագործությունը: 2-4 տարեկանների հետ ցանկացած գործունեություն 10-15 րոպե է տևում, այդ պատճառով շատ եմ կարևորում միջավայրի փոփոխությունը․ խմբասենյակ, բակ, մարզադահլիճ, զբոսանք, որտեղ ուզում ես արտասանի կամ զրուցի:
Ջ.Ռոդարիի շատ ստեղծագործություններ պարտեզում սաները լսել են, բայց 2-4 տարեկանները ողջ ստեղծագործությունից մի բառ կամ բառակապակցություն են վերցնում և ավելի զարգացնում: Հեքիաթը տպավորվում է և մտածելու, զարգացնելու ճանապարհ է տալիս: Սա է Ջ.Ռոդարիի հանճարեղությունը: Օրինակ՝ Ջ. Ռոդարիի «Ալիսա Գլորիկը» ստեղծագործությունը շատ սիրեցին և ամենաշատը գլորիկ բառն էր դուր եկել և ամեն մեկն իր անունը տալով գլորվում էր՝ Դանի գլորիկ:
Սաներին լսելով Ջ.Ռոդարիի «Շոկոլադե ճանապարհը»՝ որոշեցին խմբասենյակը վերածել շոկոլադե տնակի: Այո, մի´ զարմացեք, երբ բակից խումբ էինք գնում, Դանին ասաց.
-Տուն ենք գնում:
Նախապես պատրաստված շոկոլադով սաները սկսեցին նկարել, մեկի ճանապարհը երկար էր՝ ավտոմեքենաներով լի, մյուսինը կարճ, ազատ, ոչ մի մեքենա չկար: Զարմացա, որ սաները հավեսով նկարում էին, և ոչ մեկը չէր ուզում ուտել, բայց երկար նկարելուց հետո սկսեցին մատիկներով ուտել, հետո էլ շոկոլադե թաթիկներով պատուհաններին նկարել: Հավես, խենթ, շոկոլադե պատերով խմբասենյակ, որտեղ միայն մտածում են և ստեղծագործում:
Ջ.Ռոդարիի «Թափանցիկ Ջակոմոն» ստեղծագործությունը ընթերցելուց հետո Դանին շատ էր ազդվել, որ Ջակոման սուտ է խոսել, ու ինչպես ինքն է ասում. «Ջակոմոյի գլխին կրակ եղավ, որ նա սուտ խոսեց»: Սաների հետ սկսեցինք ստի մասին խոսել: Բոլորն ասում էին, որ սուտ չեն խոսում: Գևորգը ծիծաղելով ասաց.
— Ես սուտ չեմ խոսում, բայց սուտ հորինում եմ:
Սաներն ուրախացած սկսեցին սուտ պատմություններ հորինել, երևակայել, մտածել, հարցերին պատասխանել․
-Եթե Ջակոմոն թափանցիկ չլիներ, էլ ինչի՞ց կարող էր լինել։
-Սառույցից,-ասաց Միքայելը:
-Շոկոլադից,-ասաց Նարեկը:
Գնացինք բակ մոմլաթի վրա նկարեցինք «Թափանցիկ Ջակոմոն» հեքիաթը:
Ի՞նչ կլինի, եթե․․․
Առավոտյան անձրև էր գալիս: Երբ մտա խումբ, Լոլան ծիծաղելով ասաց, որ ընկել է ցեխի մեջ: Հետո հավաքվեցինք և սկսեցինք անձրևի մասին զրուցել, պատմություններ հորինել, ուրախանալ, խաղալ, մարզվել:
Ս.Ն. Բերդյաևը գտնում է. «Մարդը ստեղծված է հանճարեղ ստեղծողի կողմից, և հանճարեղությունը պետք է բացահայտվի իր ստեղծագործական ակտիվությամբ»։
Հոդվածս ուզում եմ ավարտել դաստիարակի օրագրով, քանի որ իմ դիտարկման արդյունքում եմ բացահայտում սաների ստեղծագործական աշխարհը և նոր ճանապարհի մեկնարկ է տրվում: Եթե խմբում լինի հորինելու, ստեղծագործելու հմտությունը, ամեն ինչ հավես կլինի: Ցանկացած դժվարություն հաղթահարիր քո երևակայությամբ, լավատես եղիր և ամեն ինչ քո ուզածով կլինի:
Դաստիարակի օրագիր
Մա´մ, բա ու՞ր է Նոր տարին, դուռը բացիր` դիմավորենք
Դեկտեմբերի 31, ժամը 23:55, 2022, ընտանեկան եռուզեռ: Համոզված եմ, որ այդ ժամին բոլորը հավաքվում են սեղանի շուրջ և սպասում են, որ Նոր տարին դիմավորեն, միմյանց շնորհավորեն:
-Ոռա~, Նոր տարին եկավ, շնորհավո~ր,- ասում է Նարեկի մայրիկը:
3 տարեկան Նարեկն ուրախացած վազում է պատուհանի մոտ, դուրս է նայում, հետո վազում է դեպի դուռը և ասում.
-Մա´մ, բա ու՞ր է Նոր տարին, դուռը բացիր, դիմավորենք:
Ռուս Բորիսը
Մոսկվայից ժամանած Բորիս Ռիսևը 3,5 տարեկան է: Բորիսը հայրիկի հետ եկավ խումբ: Ի՜նչ, լավ է, մեր խումբ ռուս տղա է եկել: 2-4 տարեկաններն սկսեցին Բորիսի հետ ռուսերեն խոսել: Ռուստամը խաղալիք տվեց Բորիսին և ռուսերեն ասաց.
-Վերցրու (возьми):
Հաջորդ օրը Բորիսը հայրիկի հետ խումբ եկավ.
-Բարի լույս ( доброе утро),-ասաց Բորիսի հայրիկը:
Պարզվեց, որ մեր խումբ է ընդունվել ռուս Բորիսը: Հայրը Բորիսին թողեց խմբում և գնաց: Բորիսը սկսեց լաց լինել, հետո մոտեցավ ինձ, ամուր փաթաթվեց, լռեց: Երկու օր ինձ փաթաթվելով, իրեն ապահով զգալով՝ սկսեց լաց չլինել: Բոլոր սաներին մի լավ դիտարկեց, բոլորին ուշադիր նայեց և ասաց.
-Ես այստեղ ի՞նչ եմ անում:
Բորիսի մասին դեռ շատ կգրեմ, քանի որ հետաքրքիր է սաների շփումը, ծանոթացումը ռուս երեխայի հետ: Բորիսը դեռ սաների հետ չի խաղում, շատ է սիրում նստել պատուհանի մոտ ու նայել պատուհանից: Ուշադիր նայում է բակի շներին, բնությանը: Հենց ամաչում է, մտնում է սեղանի տակ: Բորիսն արդեն ընկերացել է Մարկի հետ: Միասին հավեսով խաղում են ու հաց ուտելու ժամին նստում սեղանի շուրջ:
****
Առավոտյան Արշակի եղբայրը խումբ մտավ և ասաց.
-Բարև Ձեզ, ընկեր Աննա, Արշակը ջերմություն ունի, չի գալու:
— Բա՞րձր է ջերմությունը,-հարցրի ես:
-Չէ, գոլ:
Ստեղծագործական մտածողությունը պրպտուն մտածողություն է: Պրպտի՛ր, գտի՛ր, հորինի՛ր, ստեղծագործի՛ր, երևակայի՛ր, քանդի՛ր, հավաքի՛ր, բացահայտի՛ր, համոզվի՛ր: Բոլոր մարդկանց բնորոշ է հրաշալիի նկատմամբ հետաքրքրասիրությունը: Յուրաքանչյուր մարդու մեջ ապրում է ինչ-որ անսովորի, խորհրդավորի, երևակայությունը ցնցող երևույթի մասին երազանք:
Ռոդարիական հնարքներով գտեք ձեր երազանքը, թեթև ապրեք:
Խմբագիր՝ Մարինե Ամիրջանյան